Հոլիվուդի առաջին կինոստուդիաներից՝ «Paramount Pictures». դարպասից այն կողմ

Հոլիվուդի առաջին կինոստուդիաներից՝ «Paramount Pictures». դարպասից այն կողմ

Լիլիթ Սեդրակյանը շրջել է Հոլիվուդի վեց լավագույն կինոստուդիաներից մեկում:

– Hi! Welcome to Paramount Pictures!
– Hi! How are you?
– Where are you from, guys?
– Oh! From Armenia? Is it in Russia? Gorbachov! Spasibo! Mmm… Kremlin!!!
– No, no, bro, I know Armenia, it’s a little country. I know Armenians. We have Little Armenia here, in Los Angeles! Bareeeev, vontses?!

«Paramount Pictures»-ի մուտքի մոտ այսպես դիմավորեցին կինոստուդիայի 2 աշխատակիցները՝ տեղալով հարցերի տարափը: Հենց Քրիս Հանթն էլ, որն այդքան լավ գիտե՝ ինչպես ողջունել հայերեն, իր «ռուսախոս» գործընկերոջը հորդորեց սպասել հաջորդ հյուրերին, իսկ ինքը սիրով ստանձնեց մեր ուղեկցորդի դերը «Paramount Pictures»-ի բարձր պարիսպներից ներս:

kino

Յուտայի նահանգի սարերից մեկն ու նրա շուրջ պտտվող աստղերը պատկերող տարբերանշանով հայտնի «Paramount Pictures»-ի անունը սերտորեն կապված է հոլիվուդյան կինոարտադրության հետ: Առաջին հոլիվուդյան կինոստուդիաններից մեկն է, մեկը՝ ամերիկյան 100-ամյա կինոյի հայրերից: Եվ այն այսօր միակն է, որ գտնվում է հենց Հոլիվուդ քաղաքում:

Hollywood-USA

Դարասկզբին երկու ընկերությունների միաձուլումից (Famous Players&Lasky) ծնված կինոստուդիան շատ արագ է նվաճել կինեմատոգրաֆիայի Օլիմպոսը՝ արդեն 1 դար համարվելով լավագույն դերասանների և ամենաեկամտաբեր ֆիլմերի կինոստուդիա:

– «Paramount Pictures»-ը հարուստ անցյալ ունի և հպարտանում է ապրած ամեն մի դրվագով: Ստուդիայի պատերի ներսում անցած դարասկզբին կառուցված ամեն ինչ դեռ տեղում է, ավելացել են միայն նոր շինություններ, այն էլ` հների ոճով,- պատմում է Քրիսը` մեզ ուղեկցելով «Paramount Pictures» մինիքաղաքի փողոցներով:

Չկան միայն այն ժամանակների դեմքերը` կինոաստղերը: Նրանց լուսանկարները, նույնիսկ կինոստուդիայի հետ ստորագրած պայմանագրերի պատճենները խնամքով տեղադրված են ցուցափեղկերում:

paramount-gateps

– ժամանակին «Paramount Pictures»-ն իր հետ պայմանագիր կնքած դերասաններին պարտադրում էր ամեն օր աշխատանքի գալ ՝ անկախ նկարահանման գրաֆիկից: Այդպիսով, ստուդիան հանգիստ էր լինում, որ իր դերասանները չեն համագործակցի այլ ընկերությունների հետ: Խեղճ դերասանները ստիպված ժամանակ էին սպանում այս պարիսպների ներսում: Նրանց զբաղեցնելու համար էլ կառուցվել են սրճարաններ, որոնք այսօր էլ գործում են,- հինավուրց բիզնես-գաղտնիքներն է բացում Քրիսը` նախապես զգուշացնելով, որ մեր շրջայցը կտևի ավելի քան 2 ժամ. դա հազիվ բավականացնի կինոստուդիայի փողոցներով անցնելուն միայն:

«Paramount Pictures»-ն այսօր համարվում է Հոլիվուդի ամենամեծ հողատերը: Դեռևս դարասկզբին Հոլիվուդի քաղաքապետարանից գրոշներով գնված տարածքն այժմ զբաղեցնում է 263.055 քմ կամ 26 հա տարածություն և գնահատվում 750 միլիոն դոլար: 50 կմ տարածություն են զբաղեցնում միայն ստորգետնյա մի քանի հարկերը: Մի խոսքով, սա մի ամբողջ քաղաք է` քաղաքի ներսում: Անցորդներ էլ կան` կինոստուդիայի բազմաթիվ հյուրերը, ամենաքիչը` օրը 400 հոգի:

paris-photo1

Կինոստուդիայի բոլոր ժամանակների տերերը նույնությամբ պահպանել են քաղաքապետարանից գնած ամբողջական փողոցի կառույցները: Նյու Յորք սթրիթի` մոտ 100 տարի առաջ կառուցված շենքերում այժմ տեղակայված են կինոստուդիայի վարչական բաժիններն ու սրճարանները: Այդ գլխավոր փողոցին ուղղահայաց կամ զուգահեռ ձգվող 6 փողոցների վրա «Paramount Pictures»-ի 39 ստուդիաներն են, որոնցում էլ «կործանվել» է Տիտանիկը, «սպանվել» Դոն Կառլեոնեն ու իր հարսնացուին «գտել» հմայիչ Շրեկը:

kino01

«Paramount Pictures»-ի արտադրած հռչակավոր ֆիմերի ու անիմացիաների քանակը չափվում է 100-ներով:Դրանց դեկորները տեսա-լուսանկարահանելը խիստ արգելված է. «Paramount Pictures»-ը խանդով է վերաբերվում օտար խցիկներին՝ հեղինակային իրավունքի ոտնահարումը կանխելու բացատրությամբ: Փոխարենը լուսանկարելն արտոնված է կինոստուդիայի փողոցներում, որտեղ տեղադրված են, ավելի ճիշտ, կառուցված են դրսի նկարահանումների դեկորները: Դրանք ամբողջական փողոցներ են՝ բազմահարկ շենքերով, աստիճանավանդակներով ու համարակալած բնակարաններով: Բայց որևէ բնակարանի դռնից ներս մտնելուց հետո միայն կարող ես հասկանալ, որ ընդամենը շենքի ճակատային մասն է իրական:

para

Հորդ անձրևի տակ վազելով, հետապնդումից փախչելով կամ պարզապես տուն շտապող կինոհերոսները հենց այդ դռներից են ներս մտնում, բայց հայտնվում են ոչ թե այնտեղ, որտեղ մենք նրանց հետո տեսնում ենք, այլ հին ու անպետք իրերով լի պահեստանման տարածքում: Իսկ թե էկրանին ինչ ենք տեսնում նրանց ներս մտնելուց հետո, նկարահանվում է առանձին՝ փակ ստուդիաներում:

– Այս շենքերը 30-ականների Նյու Յորքի փողոցներին են նմանեցված և Ձեզ կարող են ծանոթ լինել, ասենք, «Կնքահայրը», «Մեծ Գեթսբին» ֆիլմերից,- չի հանգստանում Քրիսը, ինչպես մենք՝ հայերս ենք մեր օտարերկրյա հյուրերի կյանքն ուտում՝ Գառնի- Գեղարդի ամեն մի քարի վրա նրանց ուշադրությունը հրավիրելով,- Հաշվարկները ցույց են տալիս, որ կինոստուդիայի տարածքում փողոց կառուցելն առավել հեշտ ու էժան է, քան ամեն անգամ փողոց նկարահանելու համար քաղաքապետարանի համաձայնությունը ստանալն ու քաղաքի ներսում նկարահանելը: Ծախսել ենք ընդամենը մոտ 1,5 միլիոն դոլար:

(Նկատեցի՞ք, թե որքան թիվ կա արդեն մեր պատմության մեջ… ամերիկացիները պաշտում են են թվերը, հատկապես Հոլիվուդում աշխատող ամերիկացիները… Թվերի աշխարհը նրանց համար 100 տոկոսով փոխարինում է երևակայություն ու պատկերավոր մտածողություն կոչված ոչ հաշվելի բաներին:) Բացօթյա կինոտաղավարներում նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր՝ առանց անհանգստացնելու քաղաքի բնակիչներին:

paramount3

Շատ ֆիլմերի օվկիանոսի ու երկնքի տեսարանները նույնպես հաճախ նկարահանվում են ստուդիայի ներսում: Օվկիանոսի դեր է ստանձնում մեծ կապույտ ավազանը, որը մեր այցելության պահին ծառայում էր որպես ավտոկանգառ: Անհրաժեշտության դեպքում այն լցվում է ջրով, նույնիսկ ալեկոծվում է ու նկարահանող անձնակազմին ազատում օվկիանոսի ափ հասնելու պարտադրանքից: Կապույտ երկնքի ահռելի ֆոնը տեղադրված է հենց «օվկիանոսի» ափին: Հենց այստեղ է Ջիմ Քերին նկարահանվել «The Truman Show» կատակերգական կինոնկարում:

Այս նստարանին էր նստած Ֆորեսթը, որը պատահական անցորդներին պատմում է իր ամբողջ կյանքը՝ գուցե պարզունակ, բայց յուրօրինակ ու մարդկային արատներին անտեղյակ իր աշխարհընկալմամբ ու մեկնաբանությամբ: Նստարանն այժմ «Paramount Pictures»-ի հուշարձաններից մեկն է:

forrest

Անցյալի մեկ այլ «հուշարձան» էլ, որը դարձել է կինոստուդիայի խորհրդանիշը, մետաղյա երկար ոտքերի վրա կանգնած ջրի ահռելի ցիստեռնն է: Այն կանգնեցվել է կինոստուդիան հիմնելուն պես և եղել է հնարավոր հրդեհն արագ մարելու ջրի պահեստարան, բարձրության շնորհիվ առաջացած ճնշումը ջուրը մղել է ստուդիայի տարածքով մեկ:

Այժմ այդ բարձրության շնորհիվ Հոլիվուդի ընդհանուր ֆոնին կարելի է որոշել «Paramount Pictures»-ի տեղը: Ջրի ցիստեռնն այսօր չի օգտագործվում, բայց քաղաքային իշխանությունն այն հատուկ պահպանում է՝ որպես Հոլիվուդի խորհրդանշաններից մեկը: Այս մինիքաղաքը Հոլիվուդի կենսագրության անբաժան մասն է, որի խորհրդանշանին պատկերված լեռան գլխին ծագում ու մայր են մտնում ամերիկյան կինեմատոգրաֆի բոլոր ժամանակների աստղերը:

– Shshnorrrhakalutiun!,- մեզնից սովորած հայերեն նոր բառն է դժվարությամբ արտաբերում Քրիսը:

Նա «Paramount Pictures»-ում սպասում է իր աստղին, որը կլուսավորի սկսնակ
ռեժիսորի միտքն ու մի օր իրեն էլ հռչակ կբերի: Մենք արդեն ունենք այդ օրվա բանկետի հրավերը:

Հեղինակ՝ Լիլիթ Սեդրակյան, ԱՄՆ
NewMag #02

Գրել կարծիք