Պերուջայի անալի հացն ու ֆուտբոլային տոնախմբությունը

Պերուջայի անալի հացն ու ֆուտբոլային տոնախմբությունը

Ճամփորդական նոթեր Պերուջայից. անցեք քաղաքով և բացահայտեք այն Հայկ Հովհաննիսյանի հետ:

Ումբրիա նահանգի ու նրա կենտրոնը համարվող Պերուջա քաղաքի պատմությունն ամենահետաքրքիրներից է Իտալիայում: Պերուջա ժամանելուն պես զբոսաշրջիկները քայլերն ուղղում են դեպի քաղաքի բարձունքում գտնվող պատմական կենտրոն: Ինչպես Երեւանի «Հաղթանակ» զբոսայգուց, այստեղից նույնպես երևում է գրեթե ամբողջ քաղաքը:

SONY DSC

Պերուջայում «էլիտար» շենքեր քիչ կհանդիպես: Ամենուր դարերի պատմություն ունեցող շինություններ են, որոնք որեւէ առնչություն չունեն ժամանակակից մտքի ու նորագույն լուծումների հետ: Անընդհատ աշխատանքներ են՝ շուրջ 4000 տարի առաջ կառուցված Էտրուսկյան կամարի պահպանման համար: Մեծ շատրվանի հարեւանությամբ Պերուջա քաղաքում Հռոմի Պապի միջնադարյան նստավայրն է, որտեղ Պապի բացակայության ժամանակ գլխատվում էին մահապատժի դատապարտվածները:

Պերուջան հայտնի է նաեւ հացի` ուրույն տեսակով: Այն պատրաստում են առանց աղի: Պատերազմների ժամանակ կայսերական գանձարանը համալրելու նպատակով սահմանվում էին աղի օգտագործման մեծ հարկեր: Պերուջայի հնարամիտ բնակիչներն էլ հրաժարվեցին հացն աղով պատրաստել եւ մինչև հիմա պահպանում են ձեւավորված ավանդույթը:

bread

Ինչպես եվրոպական շատ քաղաքներում, Պերուջայում նույնպես հանգստյան օրերին ֆուտբոլային տոնախմբություն է: Քաղաքի համանուն թիմը «C-1» սերիայում հաղթանակելուց հետո չեմպիոնական գրաֆիկով է մեկնարկել նաեւ «B» սերիայի առաջնությունում: Նոր մրցաշրջանից առաջ թիմը նաեւ աստեղային ձեռքբերում է ունեցել. «սպիտակ վիշապների» շարքերը համալրել է Բրազիլիայի հավաքականի եւ «Ռոմայի» նախկին կիսապաշտպան, բազմափորձ Ռոդրիգո Տադեյը:

Պերուջա քաղաքի ֆուտբոլային կյանքին մասնակցել են նաեւ հայերը: Տարիներ շարունակ գործել է «Իտարմ» մարզական ընկերությունը, որը զբաղվում էր պատանիների ֆուտբոլային կրթությամբ: Հայերին լավ են ճանաչում նաեւ «Պերուջայի՝ արտասահմանցիների համալսարանում». իտալական հանրաճանաչ կրթօջախի շրջանավարտների մեջ քիչ չեն նաև մեր հայրենակիցները:

Հեղինակ՝ Հայկ Հովհաննիսյան

Գրել կարծիք