Ռոլանդ. Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մարդիկ աղոթքի ժամանակ չունեն (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ռոլանդ. Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մարդիկ աղոթքի ժամանակ չունեն (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ռոլանդն իր ռեինկարնացիայի, դեպի Աֆրիկա կատարած ճամփորդության ու ռեգիի մասին:

Ռոլանդին գտա «Facebook»-ում: Պարզվեց՝ ակտիվ օգտատեր չէ, շաբաթը մեկ-երկու անգամ facebook-յան անցուդարձին է ծանոթանում, ու վերջ: Ասաց, որ հարցազրույցներ էլ վաղուց չի տալիս, ու սա բացառություն է: Ռոլանդի մասին ամենամեծ բացահայտումը, սակայն, առջևում էր:

– «Reincarnation»-ը մեր իրականության մեջ շա՞տ տարբեր ու շա՞տ տաղանդավոր խումբ է:
– Շատ տարբեր ենք ու շատ վտանգավոր:
– Վտանագավո՞ր: Ինչո՞ւ:
– Չգիտեմ: Վերջերս էդպես են ասում:
– Երևի «Երևանն» իր դերը խաղացել է:
– Չի բացառվում:

Հնդկաստանում մի շատ սիրուն տոն կա, կոչվում է Հոլի. գարնան գալուստն է ազդարարում: Տոնն իսկական գույների հրավառություն է. մարդիկ փողոց են դուրս գալիս ու միմյանց ներկերով ջրում, ինչպես, ասենք, Վարդավառի տոնին: Հոլին հնդկական մի հին լեգենդի հուշ է. հնդիկները հավատում են, որ ժամանակին աստվածներն են իրար ներկել` միմյանց սիրել սովորելու համար:

9

Հոլին ու Ռոլանդի հնդկական մոտիվները

– Ի՞նչն է Ձեզ համար բնութագրական:

– Իսկական լուսանկարի թողած հետքերն ու երաժշտությունն ավելի ճիշտ կնկարագրեն ինձ, քան, ասենք, ես ինքս ինձ ներկայացնեմ: Հնդկական մոտիվները ներկայացնում են, թե ինչպես եմ մտածում ու ապրում, իսկ դա արդեն ամեն ինչ ասում է երաժշտությամբ ու խոսքով: Նույն հաջողությամբ ինձ մոտ կարելի է տեսնել աֆրիկյան ու տիբեթյան գույներ: Դրանք բոլորն ինձ համար հոգևոր ուսմունքներ են, կյանքիս տարբեր հատվածներում շատ բաներ են սովորեցրել: Ապրում եմ նրանով, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի լեռան գագաթը: Լույսը մեկն է մարդկանց համար, իսկ մարդիկ` տարբեր:

Ձգտումը լույսին, ճանապարհ դեպի լեռան գագաթ

– Բուդդի՞զմ, մեդիտա՞ցիա, յո՞գա:

– Ամեն ինչից` մի քիչ: Հոգևոր արժեքներով լցված բոլոր մարդիկ վերջում հասկանում են, որ բոլորիս ճամփան մեկն է. լույսն է գագաթին: Բոլորս կյանքում մի ճանապարհ ենք անցնում և վերջում գալիս մի եզրակացության, որ սերը մեկն է բոլորի համար: Դրան ով ինչպես է հասնում՝ միայն Մեկը գիտի վերևում: Ես ձգտում եմ լույսին այն օրից, երբ սկսեցի մտածել կյանքի մասին, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում: Եվ ամենակարևորը՝ ուր կհասնեմ վերջում:

Ամենահայտնի հոգեբաններն ու համաշխարհային գրականության դեմքերի մեծ մասը պնդում են, որ մարդը սկսում է հոգևորը փնտրել, երբ ցանկանում է ճանաչել սեփական ես-ը: Ըստ նրանց՝ հենց այդ փնտրտուքում են ծնվում կրոնները ու փիլիսոփայության ուղղությունները: Հոգևոր ուսուցիչ ճանաչված Օշոն ասում էր, որ հոգևոր փնտրտուքը սկսվում ու ավարտվում է՝ պատասխաններ փնտրելով ու դրանք այդպես էլ չգտնելով:

– Դուք գտա՞ք հարցերի պատասխանները:

– Բոլոր հարցերի պատասխաններն ինձնից առաջ գտել են արդեն: Ինձ մնում է առաքելությունս կատարել և ապրել ճիշտ ինստրուկցիայով: Ընթացքում շատ հարցեր կգան ու կգնան: Ես գիտեմ` ով եմ, ինչու եմ եկել աշխարհ ու ինչ պիտի անեմ: Սա ինձ ամբողջ կյանքում շատ անելիքների առիթ է տալիս:

Աֆրիկայի ուսումնասիրություններով հայտնի գրող Սերգեյ Կուլիկն իր գրեթե բոլոր տեքստերում պնդում է, որ «Եթովպիան մոլորակի ամենագեղեցիկ, հետաքրքիր ու մինչև այսօր չբացահայտած մշակույթով երկրներից մեկն է: Մարդկության բնօրրանը: Միակ երկիրն աշխարհում, որտեղ մարդիկ 21-րդ դարում նույնքան մոտ են հողին, որքան մ. թ. ա. 21-րդ դարում»:

Ռոլանդի ճանապարհը դեպի Եթովպիա

– Ի՞նչ գործ ունեք Եթովպիայում:

– Արմատներն են տանում Եթովպիա: Եթե նայենք հայերի ու եթովպացիների այբուբենը, արդեն տառերից կհասկանաք, թե ինչն է տանում ինձ Եթովպիա: Հայերի ու եթովպացիների եկեղեցիներն առաքելական են. սա մեծ հոգևոր արժեք է ինձ համար:

Հրաշքի պես բան է, որ աշխարհում մինչև հիմա կա ռաստաֆարիան մշակույթը: Այն առաջացավ 1930-ականներին և մի նպատակ ուներ` սևամորթներին ստրկությունից ազատել ու երկրի վրա արդարություն հաստատել: Հետո փոխվեց ուղղությունը, ու սկսեցին ռաստաֆարիանի մեջ փնտրել հոգևոր արժեքներ ու մշակույթ: Ռաստաֆարիան մշակույթն այսօր հենց այն է, ինչ կա ռեգի երաժշտական ոճի հիմքում: Մի խոսքով, չլիներ ռաստաֆարիանը, 1960-ականներին չէր ծնվի ռեգին: Ռաստաֆարի կարող է լինել ամեն ոք՝ անկախ մաշկի գույնից: Հենց սա է ռաստաֆարիանի ունիկալությունը. այն ծնվել է որպես սևերի շարժում ու ներգրավել նաև սպիտակամորթներին:

3

Ռոլանդը, Աֆրիկան, ռաստաֆարիանը, ռեինկարնացիան

– Երբ ինձ համար հայտնաբերեցի Աֆրիկան, սկսեցի լրջորեն հետաքրքվել ռաստաֆարիան մշակույթով և ինձ գտա այդտեղ: Դա ինձ այնքա՜ն հարազատ տեղ է տանում: Կարծես հիշում եմ նախնիներիս, դարերով վերամարմնավորված հոգիս, որ շատ հին ու երկար պատմություն ունի: REINCARNATION-ից առաջ լինում է մի պրոցես, երբ ջնջվում է հիշողությունդ, բայց կարևոր ու թանկ հիշողությունները երբեք չեն մաքրվում: Դա ռաստա մշակույթի մեջ կոչվում է I & I. երբ դու ինքդ քեզ հետ ես և միշտ հիշում ես անցածդ ճանապարհը:
Ես երբեք մարդկանց չեմ առանձնացնում, ես ինքս աշխարհի մի մասնիկն եմ, պետք է լինեմ այն, ինչ ուզում եմ, որ լինեն աշխարհը և մարդիկ: Այնքան էլ հեշտ բան չէ, բայց փորձություններն էլ իրենց դերն ունեն մեր կյանքում: Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մարդիկ աղոթքի ժամանակ չունեն:

Փորձություն

– Ձեզ համար ո՞րն է եղել ամենամեծ փորձությունը:

– Ես տարբեր չեմ, ես Ձեր ու բոլորի նման եմ: Ինձ համար ամենամեծ փորձությունը միտքս կարևորելն է սրտով: Առհասարակ բոլորիս ամենամեծ պրոբլեմը դա է: Դա բերում է 100 տոկոս երջանիկ ապրելուն, իսկ դա հեշտ բան չէ: Բոլորս տարբեր ենք, բայց բոլորս` հավասար: Մեզ պետք է սիրո գաղափարը միավորի: Մարդիկ, անկախ ազգային և հոգևոր տարբերություններից, պետք է լինեն մեկ և միակ` սիրո լույսի հետ կապված:

«Reincarnation»-ի «Երևանը». բոլոր հարցերի միակ պատասխանը

– Լրատվական կայքերի մեծ մասը պնդում է, որ Ռոլանդը «քաղաքական հովերով» է տարվել, զբաղվում է կամ էլ պատրաստվում է զբաղվել քաղաքականությամբ:

– «Երևանը» երգը քաղաքականացնում են, բայց այդ երգը ինձ համար արժեք է, ցավ, որը տանջում է ցանկացած երևանցու, գլոբալ պրոբլեմ, որ կա ամբողջ աշխարհում: Իսկ քաղաքականությունը ինձ համար շատ ծանր արժեք է, որին մեկնաբանություն չեմ կարող տալ: Ամբողջ աշխարհին են տիրում նրանք: Իսկ մենք գալիս ու գնում ենք մեզնից հետո ինչ-որ բան փոխելու համար: «Երևանը» երգից հետո շատ մեդիաներ իրենց կոտորում են մի հարցազրույց ստանալու համար: Իսկ ես ասելու բան չունեմ բոլոր նրանց, ովքեր հարցեր ունեն: Երգի բառերն ու նկարած ֆիլմը, կարծում եմ, բոլոր հարցերի պատասխանները շատ ճիշտ և հստակ տալիս են. ում համար` ցավոտ, ում համար` ճիշտ, ում համար էլ` զայրացուցիչ:

– Անձնակա՞ն կյանքում ինչ «հովեր» են:

– Անձնական կյանքում ամեն ինչ լավ է, ունեմ հրաշալի ընկերուհի, որը միշտ ինձ հետ է ու շատ մեծ դեր է խաղում իմ ստեղծագործական կյանքում: Ավելի լուրջ փոփոխություններ` շուտով: Աստված առաջ:

– Իսկ որդուդ անունն ի՞նչ է լինելու:

-Որդուս անունը պետք է Լիոն դնեմ, եթե աղջիկ ծնվի`Զիոնա: Լիոն ու Զիոնա (դրախտ և առյուծ) անունները հավատքիս հետ ուղիղ կապ ունեն:

10

5

6

8

4

2

7

Հեղինակ՝ Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Ռուբեն Մարտիրոսյանի

newmag #45

Գրել կարծիք