Revolution. Լենինի եվրոպական դեգերումները

Revolution. Լենինի եվրոպական դեգերումները

Ինչպե՞ս էր հասունանում հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը: Ինչո՞ւ Լենինը տեղափոխվեց Եվրոպա, որտեղ և լույս տեսավ «Իսկրայի» առաջին համարը:

Վլադիմիր Իլյիչը որոշեց թերթը անվանել «Իսկրա»: Շունեսկոյե գյուղում նա ծայրեծայր մտածեց թերթի բոլոր համարների բովանդակությունը: Լավ էր ստացվել… Այժմ պետք էր միայն այդ ամենը հանձնել թղթին, տանել տպարան, ապահովել մեծ տպաքանակ և սպասել արդյունքներին: Սիբիրից վերադառնալով` Վլադիմիր Իլյիչը տեղավորվեց Պսկովում: Մենակ: Առանց Նադեժդա Կոնստանտինովնայի: Վատ չէր: Դե՛, Պսկով… Պսկով… Ինքներդ եք հասնակնում… Առավել ևս, որ Նադեժդան այդ ժամանակ աքսորում էր և «նստած» էր Ուֆայում: Դա էլ վատ տեղ չէր: Նադյան ու Վլադիմիրը, ճիշտ է, առանց միմյանց դժվար էին դիմանում, բայց առանց հեղափոխության ընդհանրապես չէին կարող: Հատկապես Վլադիմիր Իլյիչը: Հեղափոխական գործուներությունը նրա ամենասիրելի ժամանցն էր: Եվ անհետաձգելին: Լենինը մտաբերեց Մարքսի խոսքերը. «Փիլիսոփաները միշտ փորձել են բացատրել աշխարհը, բայց խնդիրն այն փոխելն է»: Ու ընկավ մտքերի մեջ…

-Ա՛յ քեզ՝ Մարքս,- ցածրաձայն մտորում էր Վլադիմիր Իլյիչը,- ա՛յ քեզ ՝ մատերիալիստ…Մարքսի պատմական ֆրազի հանճարեղությունն այն է, որ նա իր նախադասության առաջին մասում նշում է ենթական` փիլիսոփաները, մինչդեռ երկրորդ հատվածում անորոշ է թողնում, թե հատկապես ո՛ւմ խնդիրն է աշխարհը փոխելը… Փիլիսոփաների՞… Դե՛, իհարեկ, ո՛չ: Շահագործողների՞: Առավել ևս: Ուրեմն ո՞ւմ:

Մի չարաճճի ժպիտ հաըտնվեց նրա լուսապայծառ դեմքին: Նա արդեն գտել էր այն հանճարի անունը, ազգանունը և կեղծանունը, ում վիճակված էր աշխարհը փոխելու պատմական դերակատարությունը: Մնում էր այս ամբողջ ծավալուն տեսությունը տեղավորել քաղաքական թերթի մեկ մամուլ ծավալում: Ընդհամենը մեկ մամո՞ւլ… Քիչ է… Աններելի քիչ: Չի տեղավորվի:

-Իսկ եթե տիրաժը դարձնենք հարյուր հազա՞ր,- կրկին պայծառացավ Լենինը, բայց անմիջապես խոժոռվեց,- չէ՛, չի փրկի: Նույնսիկ 150 հազարը չի փրկի: Պետք է գնալ ուրի՛շ ճանապարհով…

«Ուրիշ ճանապարհի» առաջին քայլն աննկուն հեղափոխականի համար սկսվում էր փողից: Սկզբնական շրջանում «Իսկրայի» համար փողը տալիս էր բանվորական գիշերային դպրոցի ուսուցչուհի Ալեքսանդրա Միխայլովնա Կալմիկովնան: Նա Պետերբուրգի գրապահեստի սեփականատերն էր, սակայն համոզված մարքսիստ էր և Լենինի ամենամտերին ընկերուհիներից մեկը` դասերից հետո:

rev2

Երկար, անքուն գիշերները տևեցին չորս ամիս: Ավելի երկար անհնար էր ձգել. գրապահեստը սնանկացավ: Իսկ Լենինն արդեն նոր նվիրյալներ էր գտել: «Իսկրան» կարելի էր տպագրել միայն և միայն արտասահմանում: Գերմանիայում: Լայպցիգում: Ավելի ճիշտ, Լայպցիգից ոչ հեռու իր համար հանգիստ ապրող մի գյուղակում Պրոբստհեյդտ անունով: Այստեղ մի մասնավոր տպագրատան սեփականատեր կար, անունը` Հերման Ռաու: Նա համոզված սոցիալ-դեմոկրատ էր, ուշ երեկո միշտ գաղտնի հավաքների էր գնում, կինն էլ շատ էր նեղվում դրանից: Իլյիչի համար այս աննշան տեղեկությունն էլ բավական էր:

-Թերթը տպագրում ենք Լայպցիգում և միա՛յն Լայպցիգում: Որևէ այլ քաղաք ես չեմ հանդուրժի,- հաստատակամ հայտարարեց Վլադիմիր Իլյիչը Ժնևից Մյունխեն ճանապարհին:

-Ընկե՛ր Լենին, Լայպցիգում ռուսերեն տառաձուլվածքներ չկան,- փորձեցին տարհամոզել հեղափոխության թշնամիները:

-Տառաձուլվածքների բացակայությունը չի կարող խոչընդոտել պատմության ընթացքին և հեղափոխության արդի կարևոր խնդիրների լուծմանը,- չէր հանգստանում առաջնորդը,- համաշխարհային հեղափոխությունը չի կարող սպասել ցարական տառերով լի մի ինչ-որ ճամպրուկի:

Մի քանի գիշեր էր պետք, որ Վլադիմիր Իլյիչը Հերման Ռաուի փոքրիկ արհեստանոցում հասունացնի «Իսկրայի» առաջին համարի տպագրությունը: Հերման Ռաուն կասկածամիտ մարդ դուրս եկավ, սկսել էր խեթ-խեթ նայել կնոջը: Ու ամենի ինչ անում էր գործն արագ գլուխ բերելու համար: Մինչդեռ նրա կինն էլ սկսել էր հետաքրքրվել ռուս հեղափոխականի անսպասելի մտքերով: Հատկապես գրավիչ էր գիշերային ծանր աշխատանքը ընկեր Լենինի հետ: Եվ Ռաուի կինը համար համարի հետևից ավելի ու ավելի էր տրվում իր գործին: Մեկ ամիս անց նա ուղղակի ապրում էր «Իսկրայի» գիշերային համարներով, որոնցից ամեն անգամ նոր բան էր սովորում: Եվ ամեն առավոտ, երբ Ռաուն հոգնած, անմխիթար, դժգոհ դեմքով Լենինին էր մեկնում «Իսկրայի» հերթական համարը, Իլյիչը կայտառ վեր էր թռչում մահճակալից և երջանիկ բացականչում էր.

-Կայծից բոց կբռնկվի…

rev3

Ռաուի կինը Մեծ առաջնորդին մեղմ ժպտում էր, հագնվում և գնում էր թեյ պատրաստելու: Իսկ Ռաուն հուսահատ սեղմում էր ատամները և անիծում բոլոր ճնշվածների սև բախտը:
Այսպես էր հասունանում համաշխարհային հեղափոխությունը: Սակայն Մյունխենի ոստիկանությունը քնած չէր: Նրանք ինչ-որ բանի «հոտ էին առել»: Գուցե դավադիր նենգությունն էր գլուխ բարձրացրել Հերման Ռաուի կոտրված սրտում: Ի~նչ արած… Գերմանիայի ոչ բոլոր սոցիալ-դեմոկրատներն են ի զորու դիմանալ գաղափարական նման դաժան փորձությունների: Եվ «Իսկրայի» համարներն էլ այդքան հետաքրքիր, գրավիչ ու թարմ չէին, որքան առաջ… Ռաուի կնոջ աչքերում արդեն վաղուց չկար նախկին էնտուզիազմը, էքսպերիմենտների մարմաջը. Իմպրովիզներով հիացումը… Փոփոխություն էր պետք:

iskra

Լենինը «Իսկրան» տեղափոխեց Լոնդոն: Բայց այնտեղ մեկ տարին մեկ դարից երկար ձգվեց Նադեժդա Կրուպսկայայի հետ: Մառախլապատ եղանակն էլ առանձնապես չէր տրամադրում: Հետո գնացին Ժնև: «Իսկրան» էլ տարան հետները: Ժնևից քիչ հեռու բանվորական ավան կար` Սեշերոն անունով: Այդտեղ էլ հանգրվանեցին: 1903 թվականն էր: Հուլիսը: ՌԱԴ(բ)Կ 2-րդ համագումարը հրավիրելու լավագույն ժամանակը: Ռուսաստանից հոծ բազմություններով Սեշերոն էին ժամանում պատվիրակներն ու պատվիրակուհիները և գնում ուղիղ Իլյիչենց երկհարկանի տունը: Այնտեղ նրանց սպասում էր հյուրընկալ խոհանոցը. Շվեյցարական տաք կաթն ու թարմ, համեղ բուլկիները դեպի իրենց էին ձգում սովյալ Ռուսաստանից գաղտնի փախած բազում նվիրյալների:

lenin

Սեշերոնի շվեյցարացի բնիկներն առաջին անգամ էրին տեսնում այդքան շատ ռուսների: Եվ զարմանում էին, թե ռուս կանայք որքան շատ են սիրում թարմ կաթ: Եվ ընդհանրապես դելեգատները ցերեկներն այնքան շատ էին կաթ խմում, որ գիշերները հավաքվում էին Լենինի տանն ու մինչև լույս երգում էին տխուր երգեր: Բարձր-բարձր… Բայց հուրախություն սեշերոնցիների, սա երկար չտևեց: Ոստիկաներն ինչ-որ բանի հոտ առան: Եվ համագումարը տեղի ունեցավ Բրյուսելում: Հավաքվեցին ալյուրի լքված պահեստում, որտեղ առնետներն էին վխտում: Պետք էր ուրիշ բան մտածել: Եվ հենց Բելգիայի մայրաքաղաքից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք տեղափոխվելիս էր, որ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատ (բանվորական) կուսակցությունը պառակտվեց բոլշևիկների և մենշևիկների: Եվ այս ամենը` մեծ Լենինի եռանդի շնորհիվ:

Տեքստ Մարիա Ապրիլեժաևա
Վերապատմություն Գնել Նալբանդյան
Մտահղացումը Վահան Ստեփանյան, Էդուարդ Քանքանյան
Լուսանկարներ Վահան Ստեփանյան

NewMag #02

Գրել կարծիք