Ռոբերտ Սահակյանց. Ճաշակով մարդն Օպերայի դիմաց սրճարան չէր կառուցի

Ռոբերտ Սահակյանց. Ճաշակով մարդն Օպերայի դիմաց սրճարան չէր կառուցի

Երբ չկար Կիևյան փողոցը, երբ գործում էր «Զվարթնոցը», երբ ռենտգենի ժապավենը երգում էր նվագարկչի վրա… Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի (1950-2009) Երևանն ու ամենասիրած վայրերը:

Երևանն ապշեցուցիչ քաղաք է: Հիանալի Հյուսիսային պողոտա: Քաղաքը սկսում է նմանվել մայրաքաղաքի ու ոչ թե ինչ-որ էկզոտիկ վայրի: Ես էլ եմ ցավում այդ մեկ-երկուհարկանի սև տների համար, զարդանախշերով պատշգամբների համար, բայց Տերյան փողոցի կավածեփ տները հաստատ չեմ ափսոսում: Իսկ ահա Օպերայի շենքն անճոռնի կառույցով փակելը պարզապես անխելքություն է: Եվ արդարացում չէ այն, որ նոր քաղաք ես կառուցում: Այստեղ կաշառքով շինարարություն են իրականացնում մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն: Բոլոր խնդիրների լուծումն ընդհանուր մշակույթն է ու բարձր ճաշակը: Ճաշակով մարդն Օպերայի շենքի դիմաց սրճարան չէր կառուցի, որքան էլ շահավետ լիներ: Ավելի շուտ Օպերայի շենքը կգներ:
Սիրելի վայրե՞ր: Ամբողջ Երևանն եմ սիրում:

1. Հանրապետական մարզադաշտի մասին վառ հիշողություններ են պահպանվել: Ընտանիքս Երևան տեղափոխվեց 1964-ին, ու հասցրի տեսնել լավագույն հայ ֆուտբոլիստներից մեկին՝ Սարգիս Հովիվյանին: Այն ժամանակ հայերը ֆուտբոլ խաղո′ւմ էին, այլ ոչ թե աշխատում: Մինչև այսօր սիրտս լցվում է, երբ անցնում եմ մարզադաշտի կողքով:

2. Կոմիտասի պողոտայի մոտ մի փոքրիկ պուրակ կա՝ նախկին «Պրահա» հյուրանոցի կողքին: Հիմա տարածքը ծածկված է հիմար սրճարաններով: Պուրակի դիմացի շենքում ապրում էր իմ համադասարանցին, որը հետագայում դարձավ իմ կինը: Ձմեռները ձյան մեջ թրև էի գալիս այդ պուրակում՝ հույսով, որ նա կանցնի պատուհանի մոտով, բայց… Նա, իհարկե, իմ զգացմունքների մասին ոչինչ չգիտեր: Ես չէի ուզում, որ իմանար:

3. Սա ավելի շուտ երթուղի է, քան վայր: Կոմիտաս-Շահումյան, Շահումյան-Օրբելի, Օրբելի-Կոմիտաս: Երբ հարկավոր էր լինում ակնոց պատվիրել, ոտքով գնում էինք Շահումյանի օպտիկայի կենտրոն: Եթե ապակի չէր լինում, կրկին ոտքով գնում էինք Օրբելի, հետո՝ Կոմիտաս: Կիևյան փողոցն այն ժամանակ չկար:

4.Տերյան փողոցում էր գտնվում ստուդիան, որտեղ ես եկա քսանս չլրացած: Աշխատեցի ընդամենը յոթ տարի, բայց այնպիսի զգացում ունեմ, ասես կյանքիս մեծ մասն այնտեղ եմ անցկացրել: Հենց այս ստուդիայում ստեղծվեց մեր խումբը…խենթ գաղափարներ…Որքան շատ է ժամանակային պատնեշը ներկայի ու անցյալի միջև, այդքան շատ ես սկսում կարոտել այն, ինչ սիրել ես: Սիրելի է դարձել ստուդիան, որովհետև այն այլևս չկա: Այն այլևս չես վերադարձնի, ու դրանից սիրտդ մի տեսակ ճնշվում է:

5. Բժշկական ինստիտուտից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածն ինձ համար անպատմելի հարազատ է: Վայրերը, որտեղով քայլել ես 14 տարեկանից, պարզապես սիրելի չեն, այլ ինչ-որ առավել մի բան: Այս հատվածում էր «Արաքս» սրճարանը, իսկ Շահումյանի արձանի մոտ լուսանկարչատուն կար, որտեղ կարող էիր պատվիրել ցանկացած արգելված երաժշտություն: Երգերը ձայնագրում էին ռենտգենի ժապավենի վրա: Լույսի տակ ինչ-որ մեկի ոսկորներն էին, իսկ նվագարկչի վրա՝ երաժշտությունը:

6. Հին օդանավակայանը՝ մեր «Զվարթնոցը»: Նախկինում այնտեղ ժամանումի սրահն էր: Դրա հետ են կապված իմ հուշերը մոսկովյան ուղևորություններից՝ ներկերի համար: Այնտեղից էի մեկնում Բաքու, որտեղ մնացին համադասարանցիներս:

NewMag #02

Գրել կարծիք