Ռուբեն Ջաղինյան. Ես ավելի շուտ պրոդյուսեր եմ, քան մենեջեր

Ռուբեն Ջաղինյան. Ես ավելի շուտ պրոդյուսեր եմ, քան մենեջեր

Ռուբեն Ջաղինյանի հարցազրույցը` իր պատկերացրած հեռուստատեսության, կանանց և խոհանոցի մասին:

1991 թվականին հիմնադրել է «Շարմ» հոլդինգը, 1991-2013 թթ. եղել է հոլդինգի գլխավոր տնօրենը, մենեջերն ու կրեատիվ ղեկավարը, 2013 թ. մարտի 5-ից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է:

– Ինչո՞ւ է Ձեր հոլդինգը կոչվում «Շարմ»:

– 1991-ին, երբ ստեղծվեց մեր կազմակերպությունը, զբաղվում էինք КВН-ով, թիմը կոչվում էր “Show for Armenian men”, հապավումը գրվում էր “Sharm”, որը տարիների ընթացքում մեզ գլխացավանք էր պատճառում, որովհետև «հմայք» բառն անգլերեն գրվում է “charm”: Սակայն մեր գործընկերները ժամանակի ընթացքում սովորեցին այս անվանմանը, և լրացուցիչ բացատրության կարիք այլևս չկա:

-Ինչո՞վ է զբաղվում «Շարմը»:

– Շոու-բիզնես, գովազդ` իր բոլոր ուղղություններով, մեդիածրագրավորում և արտադրանքի պատրաստում: Հզոր մի ուղղություն էլ պրոդյուսերականն է, որը զբաղվում է մեծ համերգներով, շնորհանդեսներով, մեր հղացած ծրագրերով, որոնք ինքներս էլ իրագործում ենք:

– Այդ բազմաթիվ ծրագրերից որո՞նք եք համարում «Շարմի» համար առանցքային:

– «Մեր բակը», «Երևան-Մոսկվա տրանզիտը», «Երևան» ամսագիրը, որոնք ինքնուրույն ուղղություններ են, մեր բանակին նվիրված մեծամասշտաբ ծրագիրը: Հաջողված ծրագրերից էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կարմիր, կապույտ, նարնջագույն» նախագիծը: Սրանց հիմքում դրված է հայերին համախմբելու գաղափարը:

– Ավելի շատ պետակա՞ն պատվերներ եք կատարում, թե՞ մասնավոր:

– Մասնավոր:

-Դուք սկսել Եք КВН-ից: Ի՞նչ եղավ ձեր թիմը:

– Մենք երկու անգամ դարձել ենք ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ` ԱՊՀ: Հետո թիմը բաժանվեց 3 մասի, մի մասը մնաց Մոսկվայում, երկրորդը վերադարձավ Հայաստան, մյուս մասն էլ մեկնեց Եվրոպա և Ամերիկա: Մենք 20 տարեկան տղաներ էինք, ժամանակի ոսկե երիտասարդության ներկայացուցիչներ, քաղաքի կենտրոնում մեծացած երիտասարդներ… կռվում էինք, վիճում` Մոլիերի, Պուշկինի, Շեքսպիրի շուրջ: Բոլորս էլ տաղանդավոր էինք և նպատակ ունեինք: Հիմա մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու գործի է, բայց շարունակում ենք ընկերներ մնալ և համագործակցել:

-Դուք էլ կարող էիք դրսում մնալ և շատ ավելի լավ վաստակել:

– Ինձ համար սկզբունքային խնդիր է Հայաստանում մնալը: Ինձ թվում է` հայրենիքում առաքելություն ունեմ: Չեմ մոռանա այս դեպքը. 1991-ն էր, մեր հավաքականը ելույթ էր ունենում Տյումենում: Մի կին հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք: Պատասխանն առնելուց հետո, զարմացավ. «Ի՞նչ է, Հայաստանում գիրք է՞լ են կարդում»: Եվ ես որոշեցի, որ իմ խնդիրն է լինելու Հայաստանը դրսում արժանապատիվ ներկայացնելը: Հենց այդպիսի նպատակ ունի մեր «Երևան» հանդեսը, որը Հայաստանի համար բրենդ է: Մոսկվայի հայ գործարարների սեղաններին «Երևանի» համարներն են:

– Հայկական հեռուստատեսությունում ի՞նչն եք գնահատում, ի՞նչը` ոչ:

– Ինքս կրթվել եմ հեռուստատեսությունում: Իմ ուսուցիչներն են եղել Ալեքսանդր Մասլյակովը, ռեժիսոր Սերգեյ Նիկոլաևը և հեռուստատեսության շատ հայտնի անհատներ: Այսօր կան հեռուստաալիքներ, որտեղ կարելի է հետաքրքիր ծրագրեր գտնել` տեղեկատվական, ժամանցային… Կարծում եմ` ընդհանուր առմամբ հեռուստատեսությունն այսօր բարեփոխման և նորարարության կարիք ունի: Ինձ համար այս բնագավառում առավել պրոֆեսիոնալ են Հանրային հեռուստատեսության մոտեցումները:

– Դուք ռուսական ժամանցային հեռուստածրագրեր եք բերում Հայաստան: Շարունակելո՞ւ եք:

– Դրանք ռուսական չեն, միջազգային ֆորմատներ են. օրինակ` «100 տարբերակը» անգլիական ֆորմատ է: Իսկ մեր ծրագրերից կարող եմ նշել Ռաֆայել Հովհաննիսյանի «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը, որը խիստ համապատասխան է հանրային հեռուստատեսությանը:

– Դուք թողարկում եք բազմաթիվ մեդիա-ծրագրեր: Տպագրում եք «Երևան» հանդեսը: Վերահաղորդում Եք «Ռադիո Ջազը»: Մտադիր չե՞ք ունենալ Ձեր հեռուստաալիքը:

– Կարծում եմ` այսօր այդ մտադրությունն իրատեսական չէր լինի, քանի որ դեռ ձևավորված չէ նման պահանջարկ, թեև այսօր էլ կարող եմ պատկերացնել, թե ինչպիսի հեռուստաալիք կուզեի ունենալ, նույնն է, որ մեր ֆուտբոլը պետք է մտնի Եվրալիգա: Մի օր կգանք դրան:

big_Ruben_Jaghinyan– Հանգիստ ունենո՞ւմ եք:

– Հանգստանում եմ բարձրորակ երաժշտություն լսելով: Ազատ ժամանակս անցկացնում եմ ընկերներիս հետ:

– Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական կինը:

– Նա պետք է լինի խելացի, «քթածակով», «հարմարավետ»: Եթե այս երեք հատկանիշները կան, ապա անհնար է, որ նա գրավիչ չլինի:

– Ամենից շատ ինչի՞ն եք հավատում` զգացմունքների՞ն, ճակատագրի՞ն, թե՞ Աստծուն:

– Աստծուն և ճակատագրին: Իսկ զգացմունքներին պրոֆեսիոնալ մոտեցում եմ ցուցաբերում: Կարծում եմ` ինքն իրեն կստացվի: ճիշտ եք… վերջերս այդ միտքն ինձ ավելի է զբաղեցնում:

– Դուք ներքին հակամարտություն ունե՞ք:

– Այո’: Հաճախ «լավ» Ռուբենը քննադատում է «վատ» Ռուբենին, նկատում բացթողումները և հետո ներում նրան:

– Ձեր մասնագիտական գործառույթներից ո՞րն եք ավելի սիրով կատարում:

– «Շարմ» հոլդինգի համար ես ինձ լավ մենեջեր չեմ համարում: Կգերադասեի, որ այս պաշտոնը զբաղեցներ համապատասխան կրթությամբ, աշխատանքային փորձով ու հմտություններով մեկ այլ անձ: Ես կցանկանայի ավելի շատ զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ և իրականացնել տարեկան երկու-երեք խոշոր նախագիծ: Սա է իմ իսկական կոչումը:

– Ինչպե՞ս են հոլդինգի աշխատողներն իմանում, որ արդեն եկել եք գործի, միջանցքով տարածվող թանկ օծանելիքի բույրո՞վ, ծխախոտի հոտո՞վ, թե՞ բարձրաձայն դիտողություններով:

– Մեր հոլդինգում չեն ծխում: Դիտողություններն անում եմ ցածրաձայն: Հնարավոր է՝ օծանելիքի բույրով…

– Ի՞նչ չափանիշներով եք աշխատակիցներ ընդունում «Շարմում»:

– Միայն մասնագիտական: Սկսնակները մեզ մոտ չեն կարող աշխատել:

– Անձնական մեքենա ունե՞ք:

– Այո՛, բայց ընդհանրապես ինքս չեմ վարում:

– Խոհանոցո՞ւմ ինչն եք գերադասում:

– Ես գուրման եմ: Այս առումով մեծ նախապատվություններ չունեմ, սիրում եմ գրեթե ամեն ինչ: Սակայն շատ բծախնդիր եմ վայրն ընտրելու հարցում: Գերադասում եմ հնարավորության դեպքում սնվել տանը, համտեսել մորս պատրաստած կերակրատեսակները: Նա հրաշալի խոհարար է:

– Ի՞նչ միտք է հենց հիմա պտտվում Ձեր գլխում:

– Գովազդ ենք ուղարկել ռադիո, որտեղ սխալ է սպրդել: Մտածում եմ` շտկեցին, թե՞ ոչ:

Զրուցեց Լևոն Պարոնյանը
newmag #04

Գրել կարծիք