Հայաստան-Անտարկտիդա` 13.330կմ. Հայ օդաչուի թռիչքը դեպի սառցե մայրցամաք

Հայաստան-Անտարկտիդա` 13.330կմ. Հայ օդաչուի թռիչքը դեպի սառցե մայրցամաք

Առաջին անգամ, երբ օդանավով նստեցինք սառցադաշտի վրա, ես իջա սառույցի վրա ու նայեցի շուրջբոլորս: Համատարած լռություն էր:

Եթե տաք հագուտից բացի, ունեք գոնե 20.000 դոլար, մեծ կամք, չեք վախենում ցրտից, արագությունից, բարձրությունից և էքստրեմալ երևույթների սիրահար եք, կարող եք Հայաստանից Անտարկտիդա հասնել 17 ժամում, եթե, իհարկե, օղանավը հավաքի 900 կմ/ժ արագություն: Պինգվինների մոլորակ գնալու համար ճանապարհներից մեկն անցնում է Մոսկվայով: Այնտեղից` Քեյփթաուն (Հարավային Աֆրիկա), ապա ևս մեկ օդանավով պետք է ուղղություն վերցնել դեպի Նովոլազարևսկի, հետո էլ փոքրիկ ինքնաթիռով Ձեզ կհասցնեն Ձեր երկրի կայան: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարի Անտարկտիդայի սառցե թռիչքուղու վրա և իջնեք ոչ թե բետոնե, այլ ձյունապատ կայան, ոչ ոք անձնագիր չի պահանջի Ձեզնից, մեր մոլորակի վրա սա միակ մայրցամաքն է և միակ աշխարհամասը, որտեղ կարող եք ապրել, ու ոչ ոք չի հարցնի, թե որտեղ է քո տան վկայագիրը: Միջազգային կոնվենցիաներն Անտարկտիդան հռչակել են մոլորակի այն տարածքը, որը չի պատկանում որևէ երկրի: Այս մեծ սառցակտորի վրա կա մեկը, որը սպասված հյուր է. նրան բոլորը գիտեն. ՌԴ հերոս, օդաչու Ռուբեն Եսայանն է: Նա լավագույններից մեկն է Մոսկվայում ու սա չափազանցություն չէ:

Դռան զանգը տալուց հետո միայն նկատեցի, որ դրա անհրաժշտությունը չկար, դուռը բաց էր: Առաջացա 2 քայլ ու միանգամից չորս-հինգ քայլ հետ գնացի: Ինձ դիմավորողները երկու մեծ շներ էին, հավանաբար ստաֆեր: Ռուբեն Եսայանը տանը չէր, հյուր էր գնացել: Մայրն ու եղբայրը` բժիշկ Սամվել Ամատունին, ներս հրավիրեցին և խորհուրդ տվեցին չվախենալ, իրենց շները դաստիարակված են, համոզեցին ինձ: Մինչև ամենաանհավանական վայրէջքների հեղինակը կգար, մայրը` տիկին էլզան, միանգամից սկսեց հիշել որդու մանկությունը:

– Իմ Ռուբենին էսպես մի նայեք: Փոքր ժամանակ անընդհատ հիվանդանում էր և այսքան սիրուն երեխա չէր: Ամեն օր շորեր էի կարում, հագցնում սիրուն-սիրուն, բայց մեկը որ ասեր` Ձեր տղան սիրուն չէ, ես միանգամից հարձակվում էի` էդ ո՞ւմ տղայի մասին եք ասում: Վա՜յ, շատ վախկոտ էր: Որ մի ճանճ էլ տեսնում էր, միանգամից գալիս էր մոտս ու գոռում «Նանի՜, նանի՜»:

Երբ Ռուբենն ավարտեց դպրոցը, մայրն ուզում էր, որ տղան բժիշկ դառնա: Առաջին տարին թույլ չտվեց դիմել Ավիացիայի դպրոց, բայց հաջորդ տարին արդեն չստացվեց Ռուբեն Եսայանին համոզել:

– Եկավ, ասաց. «Մա՜մ, ես քեզ համար մուշտակ ու ոսկե ժամացույց կգնեմ, միայն թույլ տուր օդաչու դառնամ»…

Խոսքը դեռ չէր ավարտել, դռան զանգը հնչեց: Ռուբենն էր: Ձեռքին` տոպրակներ. հայկական կոնյակ էր: Պետք է լուսադեմին թռչեր Ռուսաստան: Ռուբենին տեսնելուն պես, ռուսախոս մայրը շտապեց նրա մոտ ու շշնջաց. «Նանի, նանի»: Մինչև մայրը կպատրաստեր քաղցր սուրճը, մենք սկսեցինք մեր զրույցը:

ruben esayanՌուբեն Եսայանը պինգվինների հայրենիքում` Անտարկտիդայում, առաջին վայրէջքը կատարել է 2001-ին: Դրանից առաջ տասը տարի Ռուսաստանից և ոչ մի օդաչու չէր սավառնել այսբերգների երկիր, և ՌԴ Քաղավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Եսայանին առաջարկեցին վերականգնել թռիչքային երթուղին: Նա համաձայնեց: Ռուսաստան-Անտարկտիդա երթուղով առաջին անգամ պետք է անցներ «ԻԼ- 76» հսկան ու վտանգավոր վայրէջք կատարեր սառցե թռիչքուղու վրա: Օդանավում կար ևս 60 մարդ: Փորձառու օդաչուն ասում է, որ միայն «ԻԼ-ի » պես ծանր օդանավն է կարող պայքարել սառույցների դեմ:

– Առաջին անգամ, երբ օդանավով նստեցինք սառցադաշտի վրա, ես իջա սառույցի վրա ու նայեցի շուրջբոլորս, սարեր, քարեր, ջուր ու ձյուն: Համատարած լռություն էր: Բացարձակ լռություն: Նման տեսարան տեսել էի միայն ամերիկյան ֆիլմերում, որ ցույց են տալիս ուրիշ մի աշխարհ, օտար մոլորակ: Հայտնվում ես ուրիշ մի կյանքում: Աշխարհի բոլոր մասերում եղել եմ, բայց այստեղ առանձնահատուկ տեսարան էր: Պատկերացրեք, Քեյփթաունում` պալմաներ, արև, մարդիկ, 27 աստիճան տաքություն, իսկ 6 ժամ անց` -27 աստիճան, քարեր, սառույց, ձյուն, սար և ուրիշ ոչինչ:

Այդ տարի Ռուբեն Եսայանն այլևս չթռավ «սառուցյալ մոլորակ»: Բայց փորձնական թռիչքին հաջորդ տարի գումարվեց ևս մեկը, հետո` նորից ու նորից: Անտարկտիդան հասանելի է ոչ բոլոր օդաչուներին և ոչ բոլոր երկրների համար: Եվ եթե մեկը գոնե մեկ անգամ կանգնում է սառցե երկրի «սառցե բետոնին», անպայման իր երկրի անունը թողնում է հայտնի դարձած սյան վրա. այնտեղ մեր ներկայությունն ապահովել է Եսայանը:

Նովոլազարևսկի կայանի սյան վրա ամեն երկիր գրում է, թե քանի կիլոմետր է իր մայրաքաղաքից մինչև Անտարկտիդա: Մենք էլ 2002-ին գրեցինք և ներկեցինք տառերը. «Հայաստան` 13.330կմ»:

Անտարկտիդայի գծով արդեն փորձառու օդաչու Ռուբեն Եսայանը պատմում է, որ օդաչուներից, օդերևութաբաններից և կայանների աշխատողներից բացի, վերջին տարիներին այստեղ կարելի է տեսնել նաև զբոսաշրջիկների:

– Սառույցի երեք կիլոմետրանոց շերտի տակ գտնվող լճի տեղանքում բևեռախույզները 2005-ին բացահայտում էին երկրագնի գաղտնիքները: Տեղեկություն ստացանք, որ նրանց սնունդն ու վառելիքը սպառվել է: Այնտեղ շատ ցուրտ է, նույնիսկ երբեմն հասնում է -75 աստիճանի: Պատկերացնում եք, չէ՞: Մենք անհապաղ գործի անցանք, հակառակ դեպքում նրանցից ոչ ոք ողջ չէր մնա: Անհրաժեշտ հումքով լի 168 տակառները` պարաշուտներով կապած, 1.300 մետր բարձրությունից նետեցինք նրանց ճամբար ու հաջողությամբ ավարտեցինք գործողությունը, որն ընդամենը 45 րոպե տևեց:

Ռուսաստանում տարբեր տիպի օդանավերի բոլոր վտանգավոր փորձարկումները հենց հայազգի օդաչուն է կատարել: Եվ հենց այս պատճառով էլ Վլադիմիր Պուտինը Ռուբեն Եսայանին հրավիրեց Կրեմլ: Ռուսաստանի նախագահը հերոսի կոչում է շնորհել փորձարկող օդաչուին:

Եսայանը մի պահ դադարեցնում է իր պատմությունը և վերջին կում սուրճն է ըմպում: Եղբայրը մատնացույց է անում դեպի հեռուստացույցը, տեսագրությունները խնամքով պահվում են, ու Եսայանի հերթական անհավանական պատմությունն էլ դեռ առջևում է: Էկրանին Սևանա լիճն է: Բայց ոչ թե նավն է լողում ջրի վրա, այլ օդանավն է լճի վրայով շարժվում:

– 2002-ի տեսագրություն է: Սևանում փորձարկումներ ենք անում, մեր առջև հետևյալ խնդիրն է. օդանավը պետք է իջեցնենք հենց Սևանի վրա: Եվ փորձում էինք, թե օդանավն ինչպես կարող է իջնել: Նաև ուզում էինք հասկանալ,
թե ի՞նչ կլինի, եթե, ասենք, աջ շարժիչը խափանվի ու ստիպված լինենք իջնել մեկ շարժիչով: Առաջին հայացքից սարսափ ֆիլմի տեսարան հիշեցնող այս պատմությունն իսկապես իրականություն է: Փորձարկումն էլ ունեցել է հաջող ավարտ:

rubenԵսայանի 40 տարվա բոլոր հազարավոր վայրէջքներն էլ բարեհաջող ավարտ են ունեցել: Միայն թե մեկ-երկու անգամ եղանակի պատճառով դժվարությամբ է վայրէջք կատարել:

– Անտարկտիդան ամեն անգամ մի ձևով է հիշողությանս մեջ մնացել: Շատ անկանխատեսելի վայր է, երբեք չես կարող պատկերացնել, թե ինչ է քեզ այնտեղ սպասում: 2004-ին մի ամիս ձյուն չէր եկել, ու սահադաշտ էր դարձել, մյուս կողմից` օդանավը փխրուն ձյան վրա էլ չես կարող իջեցնել, անիվների համար է վտանգավոր,- մասնագիտական գաղտնիքներ է բացում Եսայանը: – 1993 թվականին թռիչքուղու վրա պետք է նստեին միանգամից 2 օդանավ: Այնպես պետք է անեի, որ միմյանց հանկարծ չխփեինք գետնի վրա: Երբ լինում ես հոգեբանորեն ամուր և ամեն ինչի պատրաստ, ամեն ինչ անցնում է անթերի: Միայն խելագարը վախի զգացում չունի: Բայց փորձարկող օդաչուն գործ ունի ոչ թե պարզ վախի հետ, այլ գերճշգրիտ հաշվարկի, թեև ամեն պահ զգում է, թե ինչպես է անցնում «դանակի սայրի» վրայով:

Վաստակավոր օդաչուի գնահատմամբ, Հայաստանի կայանները նույնպես վտանգավոր են, իհարկե ոչ այնքան, որքան Անտարկտիդայինը: Օրինակ է բերում Գյումրիինը, ամբողջությամբ սարերի մեջ է, նույնն է նաև մյուս օդակայաններում: Հենց նա էր, որ առաջին անգամ Ադբաշյանի հրամանով փորձարկեց Գորիսի, Բերդի, Ջերմուկի օդակայանները: Նրա առաջին ինքնաթիռը «ՅԱԿ-18» է եղել, ուսումնական վարժանքների էր մասնակցում: Հետո եղել են «ՅԱԿ-40», «ՏՈւ-154»… Իսկ երբ Մոսկվայում էր, փորձարկեց «Բոինգները», և այսօր կարելի է ասել, որ ռուսական բոլոր օդանավերը Եսայանի «ձեռքի տակով են անցել»:

Անտարկտիդայում շնչող Էակներից ամենաշատը պինգվիններն են, Եսայանը նրանց հետ շատ է լուսանկարվել: Պատմում է, որ հաճախ են պինգվինները հյուր գալիս իրենց:

– Անցած տարի էր: Ռազմական սպաներից մեկը մոտեցավ ու ասաց. «Ռուբեն, նոր տարուց հետո երկու պինգվին եկան մեզ մոտ, մեկը երկար չմնաց, սատկեց, մյուսի անունն էլ Պետյա դրեցինք: Հետո պարզվեց, որ աղջիկ է, բայց անունն այդպես էլ մնաց Պետյա: Կուզե՞ս տեսնել մեր Պետյային»: Տարավ տեսնելու: Ու կանչեց. «Պե՜տյա՜, Պե՜տյա՜»: Պետյան էլ ջուրը նետվեց ու լողաց դեպի մեզ: Պետյային ձուկ տվեցինք, շոյեցինք: Ամեն անգամ, երբ Պետյայի մոտ եմ գնում, սառեցրած ձուկ եմ տանում, նա շատ է սիրում:

Անտարկտիդայում վարունգ է աճում: Այո’, վա-րո’ւնգ: Հեղինակը Յուրի Սերգևիչն է, օդերևութաբան է: Մեծահասակ մարդ է, Սանկտ-Պետերբուրգից իր հետ հող է բերել և լոլիկ ու վարունգ է աճեցնում, բայց ոչ թե սառցադաշտում, այլ ծաղկամանի հողի մեջ: Մեծ սիրով հյուրասիրում է հատկապես նրանց, ովքեր ռուսական օղի են բերում՝ վարունգը համտեսելու համար: Սառցե քաղաքի ցուրտը մոռանալու համար երեկոյան հաճախ են հավաքվում, փորձում վարունգը, օղին, ապա սկսում երգել մինչև լուսաբաց:

– Այնտեղ չես կարող երկար մնալ, իսկ ապրելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մի անգամ 6 օր մնացինք, վայրկյանում 35 մետր արագությամբ քամին մեկ օր շարունակ չէր դադարում: Գիշերը մի կերպ լուսացրինք, առավոտյան աչքերս բացեցի` դեմդիմաց պառկած ընկերս ասաց. «Տե՜ս, պատը գնում-գալիս է, երևի քանդվի»: Ես էլ կատակեցի, թե` եթե 3 տասնամյակ դիմացել է, ուրեմն այսօր էլ չի քանդվի: Բայց երկար չես կարող ապրել ծայրահեղ պայմաններում:

Կապույտ երկնքի ամբողջ սահմանն իր օդանավի թևերի մեջ առած օդաչուին այժմ էլ «Գինեսի գրքի» էջերն են սպասում: «Սառցե օդակայանների արքան», ինչպես նրան դիմում են Ռուսաստանում, չի էլ մտածում այդ մասին: Իր ռեկորդներով երբեք չպարծեցող այս օդաչուն իր մասին չի պատմի, եթե հարցդ մի քանի անգամ չկրկնես:

Մոսկվայում ուսումն ավարտելուց հետո, երիտասարդ օդաչուն եկավ Հայաստան, աշխատեց մի քանի տարի, ապա գնաց Անգոլա: Այնտեղ պաշտպանության նախարարի օդանավի հրամանատարն էր, հետո կրկին եկավ Հայաստան: Նիկարագուայում էլ Դանիել Օրտեգայի «անձնական» օդաչուն է եղել: 1986 թվականից էլ փորձարկումներ է անում Ռուսաստանում. ՌԴ Թռիչքային-փորձարարական կենտրոնի պետն է: Նրա երկու որդիներից մեկը նույնպես օդաչու է, մյուսը` իրավաբան: Օդաչու որդու անունը նույնպես Ռուբեն է:

– Կինն այնքան է սիրել ու հիմա էլ այնքան է սիրում ամուսնուն, որ նրա անունով է կոչել ավագ որդուն,- հպարտությամբ պատմում է Ռուբեն Եսայանի մայրը:

Հերոս օդաչուն իր ընտանիքի անդամներին դեռ ոչ մի անգամ չի տարել «Պինգվինաշեն»: Ասում է` առջևում է:

newmag #06

Գրել կարծիք