Սարդարապատ հուշահամալիրի էսքիզները` բնօրինակով

Սարդարապատ հուշահամալիրի էսքիզները` բնօրինակով

Հայաստանը շատ հանքեր ուներ, բայց վեց զանգերը պատվիրվել և ձուլվել են Ֆրանսիայում:

Զանգաշտարակ, զույգ ցուլեր, պահապան արծիվներ, կիսաշրջան հուշապատ` քանդակներով, հացատուն, թանգարան. հուշարձանների այս անսամբլն ամփոփում է Սարդարապատի հերոսամարտի պատմությունը: Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը հերոսամարտը մարմնավորել է քարի ու բետոնի սիմֆոնիայի մեջ, ստացվել է էպիկական շնչով գործ: Հուշարձանախմբից ոչ հեռու հայկական պետական սահմանն է:

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) կուսշրջկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանը քանդակագործ Սամվել Մանասյանին առաջարկում է Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված մի հուշարձան կանգնեցնել: 1965 թվականն էր: Մանասյանը մտածում է քանդակել ավտոմատով զինվոր` պատվանդանի վրա: Բայց որոշում է խորհրդակցել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հետ: Ճարտարապետն ասում է, որ մտահղացումը շաբլոնային է. այն ժամանակ շատ-շատ էին այդպիսի հուշարձանները` վճռական զինվոր` ավտոմատով, բարի զինվոր` երեխան գրկին, վիրավոր զինվոր` ծնկի եկած… Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել. հուշահամալի՛ր պետք է լինի: Ճարտարապետի որդին` Վահագն Իսրայելյանն, այդ ժամանակ երեսուն տարեկան էր և տրվել էր երկրաբանությանը: Բայց հոր հետ հաճախ էր գնում հուշահամալիրի տարածք` շինարարությունը դիտելու: Այժմ` 3 տասնամյակ անց տարիքում, նա մաս-մաս վերարտադրում է իր հիշողությունների պատառիկները.

– Նման գործերում հայրս ճարտարապետակա՛ն մոտեցում էր ցույց տայիս, ոչ թե քանդակագործական: Ասում էր` ինչ-որ դեմք չե՛մ քանդակում: Ու վե՛րջ: Ասում էր` Սարդարապատը պատման երևույթ է, համալիրն էլ պետք է
ամբողջական պատկերացում տա այդ համազգային հերոսության մասին:

Ռաֆայել Իսրայելյանն իր իսկ նախաձեռնությամբ թղթին է հանձնում Սարդարապատի հուշարձանախմբի նախագիծը: Ճարտարապետ Վիլեն Տոնիկյանը հիշում է, որ Մանասյանի առաջարկածից բացի, հուշակոթողի նախագծի ուրիշ տարբերակ չի եղել: Ռաֆայել Իսրայելյանի նախագծում իշխանության պահանջով ընդամենը մեկ-երկու փոփոխություն է կատարվել: Պարոն Տոնիկյանն ուսանող ժամանակ աշխատել է Իսրայելյանի արվեստանոցում.

– Իսրայելյանը հուշահամալիրը նախագծել է մեր աչքի առաջ: Գալիս էր արվեստանոց, մի քիչ աշխատում, հետո գնում էր Հոկտեմբերյան` շինհրապարակ: Մի ոտքն արվեստանոցում էր, մյուսն` այնտեղ:

1

Ժողովրդական դրամահավաքի լեգենդը

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը ստանում էր տարբեր գործերի պատվերներ, բայց նա նաև որոնում ու գտնում էր իրեն սրտամոտ թեմաներ, յուրաքանչյուրի համար առաջարկում բազմաթիվ տարբերակներ, դրանցից ընտրում ամենաարդարացվածը: Սարդարապատի թեման նրան հոգեհարազատ էր: Այդ էր պատճառը, որ ինքը նախաձեռնեց հուշարձանախմբի նախագծումն ու կառուցումը: Ռաֆայել Իսրայելյանի գործունեության մասին առավել շատ բան հիշում է նրա հարսը, Վահագն Իսրայելյանի կինը` Բելլա Իսրայելյանը: Սկեսրայրը նրա հետ հաճախ էր զրույցի բռնվում, երբեմն էլ պատմում էր ծագած դժվարությունների մասին.

– Խորհրդային Միության ժամանակ ոչ ոք չէր համարձակվի այդպիսի գործ ստանձնել. Կրեմլում ասում էին` ոչինչ չարժեցող պատերազմ էր դա: Բայց ռուս պաշտոնյաներին համոզել են, որ հայերի նման փոքրաքանակ ժողովրդի համար Սարդարապատը մեծ հաղթանակ էր:

«Հայարդնախագիծ» ինստիտուտն այդ գործի համար պատվեր դեռ չէր ստացել, երբ Իսրայելյանն սկսեց աշխատել նախագծի վրա: Ռաֆոն (այդպես էին նրան դիմում ընկերները) մեծ եռանդով էր ձեռնամուխ եղել աշխատանքին: Նրան աջակցում էր Հոկտեմբերյանի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը և ամենակարևորը` չէր միջամտում: Հենց նրա շնորհիվ էր, որ միջկոլտնտեսային միավորումը միջոցներ հավաքեց հուշահամալիրը կառուցելու համար:

Ճարտարապետի ընկեր Մարկ Գրիգորյանը («Ռաֆայել Իսրայելյանը ժամանակակիցների հուշերում») պատմում է, որ ամեն ինչ հարթ է ընթացել մինչև թանգարանի շենքը կառուցելը. այդ ժամանակ պարզ է դառնում, որ կոլտնտեսականների միջոցները սպառվել են.«Սկսվեցին ստուգումները. որտե՞ղ է հաստատվել նախագիծը, ո՞վ է միջոցներ հատկացրել… Պահանջեցին նվազեցնել նախահաշվային արժեքները, հրաժարվել մարմարե երեսպատումից: Ժամանակի ընթացքում խնդիրն, իհարկե, կարգավորվեց, թանգարանը կառուցվեց, բայց հեղինակը չտեսավ իր ջանքերը»:

Իսրայելյանի մահից հետո թանգարանի պակաս գծագրերը լրացրել և թանգարանի կառուցումն ավարտին է հասցրել ճարտարապետ Գուրգեն Մնացականյանը, որն իր ուսուցիչ Իսրայելյանի հետ արվեստանոցում աշխատել է 1962 թվականից: Պարոն Մնացականյանը հուշարձանախմբի կառուցմանը չի մասնակցել, բայց փորձում է թարմացնել հիշողությունը և հուշահամալիրի կառուցման մասին իր մտածումներից բաց չթողնել ոչ մի դրվագ.

– Գումարները սովխոզ-կոլխոզներն են հավաքել: Դրանք միանգամից չհավաքվեցին, այլ աստիճանաբար` համալիրը կառուցելուն զուգահեռ:

3

Կոթողների գաղտնագրերը

Ռաֆայել Իսրայելյանի` Սարդարապատի հուշարձանախմբի առաջարկած նախագծի առաջին տարբերակը փոքր-ինչ պաթետիկ էր ստացվել. նա նախատեսել էր զանգաշտարակի տեղում 40 մետր բարձրությամբ վիթխարի, երկնասլաց թուր կառուցել: Այս գաղափարը դուր չի գալիս Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Գուրգեն Մնացականյանը հենց սա` նկատի ունի՝ իշխանության պահանջով կատարված փոփոխությունների մասին խոսելիս.

Քոչինյանն ասաց` «Ռաֆո՞, էդ երբվանի՞ց ես մատիտի փոխարեն թրով ման գալիս»:

Քոչինյանն ակնարկում էր, որ վրեժխնդրության ձգտում հիշեցնող որևէ բան չի կարող հաստատվել Կենտկոմում: Ռաֆայել Իսրայելյանը թրի փոխարեն նախագծում է զանգաշտարակը: Հետագայում ճարտարապետն ինքն էլ այս տարբերակն արդարացված համարեց, քանի որ Սարդարապատի ճակատամարտի մասնակիցները հավաքվել ու թուրքական բանակին դիմավորել էին եկեղեցու զանգերի ղողանջներով:

Ճարտարապետի որդին` Վահագն Իսրայելյանը, հիշում է զանգերի պատրաստման պատմությունը. Հայաստանը շատ հանքեր ուներ, բայց վեց զանգերը պատվիրվել և ձուլվել են Ֆրանսիայում: Ժամանակին բոլոր վեց զանգերը ղողանջում էին, նույնիսկ մեղեդի էր միացված` ավտոմատ սարքերով: Աշտարակատիպ կառույցի վրա կախված զանգերի իմաստն այն է, որ վտանգի ժամին` թշնամուն դիմագրավելու համար դրանք պետք է իրենց ղողանջով` մարտի կոչնակով ոտքի հանեն Արարատյան դաշտի բնակչությանը:

Զանգաշտարակի աջ և ձախ կողմերում տեղադրված երկու ցուլերն առնականության, նաև պտղաբերության խորհրդանիշներն են: Ռաֆայել Իսրայելյանը դեմ-հանդիման կանգնած հսկայամարմին ցուլերի պատկերներում խտացրել է ժողովրդի ուժը, անսասան կամքն ու անկոտրում ոգին:

5

Հինգ արծիվներն իրենց կեռման կտուցներով պետք է նայեին դեպի Թուրքիա: Սակայն իշխանության պահանջով արծիվները շրջվեցին դեպի Հայաստան. այն օրերի կոմպլեմենտարիզմն էլ դա էր: Եվ ստացվեց այնպես, որ ձախ մասում տեղադրված կավաձույլ հսկայական արծիվներն Արարատ լեռան հայացքի ներքո հսկում են Արարատյան դաշտի անդորրը: Ճարտարապետի գաղափարն այն էր, որ արծիվները պետք է սերունդների հիշողության մեջ անմոռաց պահեն ժողովրդի կյանքում բախտորոշ դեր կատարած ճակատամարտի նշանակությունը:

Հուշարձանախմբի մաս կազմող կիսաշրջանաձև հուշապատին քանդակվել են մարտիկներին հաց ու ջուր հասցնող աղջիկները, զենքը ձեռքին պայքարի ելած կանայք ու ծերերը: Կիսաշրջանաձև, լեգենդար թեմաներով քանդակված հուշապատն ամբողջ ճարտարապետական անսամբլի գաղափարական ավարտակետն է: Ճարտարապետը մի փոքր ավելի ուշ է նախագծել հացատան ու ազգագրության թանգարանի էսքիզները: Ճարտարապետի որդին պատմում է, որ հոր համար շատ կարևոր էր հացատան գաղափարը.

– Ասում էր` «Մարդիկ պետք է գան, այստեղ հաց ուտեն, զրուցեն, շփվեն միմյանց հետ»:

Երբ հուշարձանախումբը Սարդարապատի 50-ամյակի առթիվ արդեն պատրաստ էր, փոքր-ինչ հեռվում արդեն վեր էր խոյանում ազգագրության թանգարանը, որի կառուցումն ավարտվեց 1978-ին: Շենքի գլխավոր առանցքի վրա զետեղված երեք սրահները ծածկված են երդիկների ու գլխատների համակարգերով, կողքերից համաչափ տեղադրված են չորս բացօթյա բակ-ցուցասրահները: Կառույցի հատակագիծը պարզ է ու հստակ: Թանգարանի ճակատները սակավախոս են, իրենց ասելիքը տեղ են հասցնում պատի կարմրավուն տուֆի միջոցով: Ամբողջության մեջ ստացվել է մի կոմպոզիցիա, որը և’ ժամանակակից է, և’ հայ ճարտարապետության դասական գործ է:

4

 

Հայոց գրերի հրաշքը

Սարդարապատի հուշարձանախումբը կառուցվել է այնտեղ, որտեղ տեղի է ունեցել վճռական հերոսամարտը: Բայց սա միակ խորհրդանշական հանգամանքը չէ: Ռաֆայել Իսրայելյանի ընկերներից մեկը` Արամ Ղանալանյանը («Ռաֆայել Իսրայելյանը ժամանակակիցների հուշերում») պատմում է, որ ճարտարապետի գերխնդիրը ոչ թե մեկ ծավալով հուշարձան կառուցելն էր, այլ տարածական, մի քանի ծավալներով պատմաճարտարապետական լանդշաֆտ ստանալը: Հուշատարածքն էլ, որն անօգտագործելի տափաստան էր` առանց ոռոգման ջրի, պետք է դառնար ժողովրդական զբոսայգի: Ճարտարապետ Գուրգեն Մնացականյանը հիշում է, որ տարածքը հատկացրել են Հոկտեմբերյանի տեղական իշխանությունները.

– Հիմա է թվում, թե այդ տարածքն ինչ-որ արժեք ունի, անապատ էր մինչև համալիրի կառուցումը:

2

Սարդարապատի հուշարձանախումբը կառուցվել է կարմիր տուֆից: Ռաֆայել Իսրայելյանը սիրում էր հուշարձանները կառուցել տեղանքին բնորոշ ապարներից: Կարմիր տուֆը բերել են Սարդարապատին մոտ գտնվող Աղավնատան հանքավայրից: Իսրայելյանն այս վառ կարմիր տուֆը շատ էր հավանում հավանաբար նաև այն պատճառով, որ այն պատրաստակամ ենթարկվում էր հայ վարպետի սեպի և մուրճի հարվածներին: Երբ Սարդարապատի հուշակոթողի կառուցումը մոտենում է ավարտին, Ռաֆայել Իսրայելյանը պատերին փորագրելու համար ընկերներին առաջարկում է ռազմահայրենասիրական բնույթի, բայց չծեծված ասույթներ գտնել: Ընկերները ճարտարապետին են ներկայացնում հայ դասականներից պեղած երկու տասնյակի չափ ասույթներ. օրինակ` «Մահ ոչ իմացեալ` մահ է, մահ իմացեալ` անմահութիւն», «Շունչդ տուր, հոգիդ, բայց հայրենիքդ մի տուր թշնամուդ», «Դարեր կռվում ենք ատամ-ատամի, մեռնում ենք կանգնած, եթե մահ ունենք»: Սակայն սրանցից և ոչ մեկը հուշարձանախմբի պատերին չի փորագրվում: Իսրայելյանը չէր հավանել: Ճարտարապետի որդին մտաբերում է, թե «Հավերժ փառք Սարդարապատի ճակատամարտի հերոսներին» նախադասությունն ինչպես է հսկա հուշապատին փորագրվել հուշակոթողի հանդիսավոր բացման ճիշտ նախորդ օրը.

– Հայրս վերջին օրը գնացել էր ստուգելու` պակաս բան չկա՞: Տեսավ, որ փառքի խոսքը փորագրված չէ: Բարձրացավ պատի երկայնքով դրված տախտակի վրա, սկսեց կավիճով գրել տառերը, իսկ չորս վարպետները փորագրելով շարժվում էին նրա ետևից: Արագ ավարտեցին աշխատանքը. առանց նախնական չափումների, գծագրերի, քանոնների… Բայց` հրաշք, տառերը շարվել էին ճշգրիտ հեռավորությամբ:

Հեղինակ` Արմինե Պետրոսյան
Էսքիզները` Ռաֆայել Իսրայելյանի
newmag #07

Գրել կարծիք