Սերգեյ Խաչատրյան. Ես գժվում եմ արագության համար

Սերգեյ Խաչատրյան. Ես գժվում եմ արագության համար

Ջութակահար, «Մովսես Խորենացու» մեդալակիր Սերգեյ Խաչատրյանի մոնոլոգը` իր վարպետի, ընտանիքի ու արագության մասին:

«թյունինգային» կյանք
Ես գժվում եմ արագության համար: Մի մեծ հոբբի ունեմ` մեքենան: Լրիվ ուրիշ աշխարհ է: Ադրենալինը, որ արագության հետ է գալիս, պարզապես խենթացնում է, գժվում եմ: Եթե դա չլինի, չգիտեմ` ոնց եմ ապրելու: Արդեն հիվանդություն է դարձել, որը, ցավոք, ոչ մի կերպ չի բուժվում: Շատ եմ սիրում ավտոսպորտ, մոտոսպորտ, իմ մեքենաներն էլ շատ արագընթաց են: Ես դրանց վրա անընդհատ աշխատում եմ, ավելի արագացնում եմ, այսպես ասած`«թյունինգ» եմ անում: Շատ եմ սիրում նաև սեղանի թենիս: Թեև երաժշտությունից ամբողջովին անջատվել երբեք չեմ կարողանում: Նույնիսկ երբ առջևում համերգ չունեմ, մտքերս երաժշտության մեջ են: Ընկերներով գնացել էինք Մեքսիկա` հանգստանալու: Հասկացա, որ ես հանգստանալ չեմ կարողանում, առավելագույնը` երկու օր: Հետո պիտի մի բան անեմ:

անզիջում
Ինձ համար կարևոր է, որ ես միշտ հավատարիմ մնամ իմ գործին, չվաճառվեմ: Այսօր երաժշտության բնագավառում բիզնեսը մեծ տեղ ունի, մենեջերները քեզ ընկալում են ոչ թե որպես երաժշտի, այլ որպես արտադրանքի, որը պետք է վաճառեն: Ու եթե ինքդ էլ ես քեզ այդպես նայում, մտածում ես` ոնց քեզ ավելի լավ վաճառես, դա անպայման խանգարում է արվեստին: Այսօր շատ մեծ դեր է խաղում փրոմոուշընը, ու դրա համար երաժիշտը պետք է մասնակցի տարբեր շոուների, ինչը ես չեմ կարող անել: Մենեջերները քեզ վաճառելու համար հազար ու մի բան կարող են առաջարկել, բայց այդ ամենը դուրս է դասական արվեստի չափանիշներից: Ես չեմ գնում կոմպրոմիսների, եթե ինչ-որ բան դեմ է իմ սկզբունքներին, ուղղակի հրաժարվում եմ անել: Այդպես, կարծես, ինքդ քո ճանապարհը փակում կամ երկարացնում ես, բայց ես մտածում եմ` չէ՞ որ ծնողներս են ինձ դրել այս ճանապարհի վրա, ես արդեն ինչ-որ բանի հասել եմ, ու շատ դժվար է դրան կպչել, ջարդել, չէ՞ որ դա իմն է ու ես կարող եմ ինձ համար պատասխան տալ: Սխալ ճանապարհով գնալը շատ հեշտ է, որովհետև սխալ ճանապարհը միշտ հեշտ է:

ՎԻԼՍ
Ես ջութակահար եմ ծնողներիս շնորհիվ: Չեմ կարող ասել, թե ջութակը ես եմ ընտրել, բայց չեմ էլ կարող ասել, թե ինձ դուր չէր գալիս, երբ նվագում էի: Փոքր տարիքում եթե ուրիշ գործիք նվագեի, նույն սերը կլիներ, որովհետև շատ եմ սիրում երաժշտությունը, այսինքն` շփումը երաժշտության հետ, երբ կարողանում ես զգացմունքներդ երաժշտության միջոցո’վ արտահայտել: Երաժշտական դաստիարակությունը ստացել եմ ծնողներիցս, երկուսն էլ դաշնակահար են: Մենք ընտանիքով մեզ կոչում ենք «ՎԻԼՍ», այսինքն՝ Վովա, Իռա, Լուսինե, Սերգեյ: Այս չորսիս, կարծում եմ, շատ դժվար է իրարից բաժանել: Մենք խոսում ենք նույն լեզվով, երաժշտությունը մեզ շատ է կապում, բոլորս նույն գործով ենք զբաղվում: Հայրս մինչև հիմա ինձ ուղղություն է տալիս, ինչով կարողանում` օգնում է: Նա ինձ համար շատ երկար էր դասատու փնտրում: Մոսկվայում է սովորել, տեսել է սովետական դպրոցը, թե որքան լուրջ ու յուրահատուկ մոտեցում կար երաժշտության հանդեպ: Ու երբ տեսնում էր, որ իմ դասերը ստաբիլ չեն, դժգոհում էր: 1996-ին նա գտավ Յոզեֆ Ռիսինին, որն էլ ինձ ջութակահար «դարձրեց»: Ես մինչև այդ էլ նվագում էի, փոքրիկ-մոքրիկ համերգներ էի տալիս, բայց երբ սկսեցի նրա դասերին հաճախել, նա ամեն ինչ սկսեց այբուբենից` «ձեռքեր դնելուց»:

չեմ համեմատվում
Ես երբեք ոչ մեկի հետ չեմ փորձել մրցակցել, միշտ ունեցել եմ երաժշտական իմ մտածելակերպը: Նույնիսկ երբ 2005-ին գնում էի թագուհի էլիզաբեթի մրցույթին, ոչ ոքի ինձ մրցակից չէի համարում: Ոչ թե ասում եմ` ես բոլորից բարձր եմ, այլ կարծում եմ, որ պիտի չհամեմատվեմ ուրիշների հետ: Բեմ եմ դուրս գալիս ու պիտի իմ յուրահատկությունը ցույց տամ: Ու այդ պատճառով էլ մեջս նախանձ չկա:

երբ դատարկվում ես
Վերջին ակկորդին իսկ դեռ անորոշ վիճակում եմ, դեռ նվագիս մեջ եմ, սկսում եմ ռեզյումեներ անել` ինչը լավ ստացվեց, ինչը` չէ: Հետո դա անցնում է: Որոշ ժամանակ անց դատարկություն եմ զգում, ու դա հաճախ է կրկնվում: Ինձ շատ էներգիա է պետք, որովհետև ես նվազելիս շատ եմ ծախսում: Հույզերս շատ են, իմ դասատուն նույնիսկ ասում է` շատ-շատ է, այդքան պետք չի: Որոշել եմ շատ համերգներ չտալ: Նվագում եմ տարին 50-55 համերգ… նորմալ է: Որ դատարկվում եմ, ժամանակ է պետք լիցքավորվելու ու լիցքավորելու այն գործը, որը նվագում եմ, որպեսզի նոր ու առանձնահատուկ բան ասեմ իմ նվագով:

դժվարանում եմ բացատրել
Հայաստանի քարոտ բնությունը շատ եմ սիրում: Այնպես չի, որ դա շատ գեղեցիկ է, բայց ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողնում, այդ քարերի մեջ առնական բան կա, մեծ ուժ եմ տեսնում: Շատ հարազատ է: Անգամ դժվարանում եմ բացատրել, թե ինչու: Չէ՞ որ ես այստեղ չեմ մեծացել, յոթ ու կես տարեկան էի, երբ մեկնեցինք Գերմանիա: Մյուս կողմից էլ… ես Գերմանիայում եմ մեծացել միայն աշխարհագրական առումով: Իմ տունը Հայաստանն է: Իմ մտածելակերպը զուտ հայկական է, ու դա իմ ծնողներից է գալիս, ես մեծացել եմ նրանց մտածելակերպով:

newmag #12

Գրել կարծիք