Հայոց ցեղասպանության մասին պատմող ոչ պաշտոնական նամականիշները

Հայոց ցեղասպանության մասին պատմող ոչ պաշտոնական նամականիշները

Եթե սրանք նամականիշի փոխարեն փակցնեք ծրարին և փորձեք ուղարկել արտասահման, փոստում նամակը պարզապես չեն ընդունի:

Երբևէ մտածե՞լ եք փոստային նիշի, այսինքն` նամականիշի յուրահատկության մասին: Ահա այս` փոքրիկ, բայց նվիրական թղթի կտորի համար շատ-շատ ֆիլատելիստներ շատ ու շատ բաների են պատրաստ: Իսկ ընդհանրապես մյուսների համար նամականիշն ընդամենը պետական փոստային վճարման միջոց է, որի վրա անպայման նշվում է գինը և նամականիշը թողարկող պետության անվանումը: Նամականիշը ոչ միայն ֆինանսական, այլև գեղարվեստական արժեք ունի: Այն ստեղծում են նկարիչները, հետո այն հաստատում է հատուկ հանձնաժողովն ու ուղարկում տպագրության: Ֆիլատելիստների միջազգային միության կանոններով նամականիշը պետք է ունենա տպագրման որոշակի քանակ: Թեև նամականիշը կարող է տպագրվել, կարող է այդպես էլ չշրջանառվել: Պատճառները տարբեր են: Օրինակ` տպագրման ընթացքում թույլ տրված որևէ սխալը կարող է վճռորոշ լինել կամ էլ քաղաքականությունը կարող է խոչընդոտել, օրինակ` Վարդերի հեղափոխությունից առաջ Վրաստանում տպագրվել էր Շևարդնաձեի պատկերով նամականիշ, որն այդպես էլ վաճառքի չհանվեց: Ֆիլատելիստների համար այդպիսի սխալները թանկ են և նույնիսկ ցանկալի: Բայց, քանի որ ծրարի վրա փակցվելու իրավունք դրանք չեն ստացել, նամականիշ չեն կարող համարվել:

marka6Նամականիշները զանազան պատկերներով են լինում` պատմական իրադարձություններին, նշանակալից տարեթվերին, հայտնի մարդկանց կամ էլ կենդանական ու բուսական աշխարհին նվիրված: Սակայն պաշտոնական նամականիշների կողքին գոյություն ունեն այսպես կոչված «վինետկաներ» և կցորդներ: Եթե սրանք նամականիշի փոխարեն փակցնեք ծրարին և փորձեք ուղարկել արտասահման` Ձեր ընկերոջը կամ բարեկամին, նախ` փոստում նամակը պարզապես չեն ընդունի, իսկ եթե ուղարկեք էլ, նամակը հետ կգա:

Սովորաբար մասնավոր անձինք կամ էլ կազմակերպություններն են հրատարակում այդ վինետկաները, և դա անում են տարբեր նպատակներով` բարեգործական կամ էլ ճանաչողական, ինչպես օրինակ` Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու համար: Դրանք ստեղծում են հիմնականում արտասահմանում ապրող մեր հայրենակիցները: Այդ վինետկաները մարդկությանը ևս մեկ անգամ հիշեցնում են 1915 թվականի ոճրագործության մասին: Խորհրդային Հայաստանում նման վինետկաներ կամ կցորդներ տպագրելն անհնար էր: Հիմնականում դրանք տպվում էին արտասահմանում: Այդպիսի կցորդները բավական շատ են:

marka2

Շատերը կցորդը շփոթում են նամականիշի հետ: Այսպես, բավական երկար ժամանակ կարծում էին, թե Ֆրանսիան հայերի ցեղասպանությանը նվիրված նամականիշ է թողարկել, այնինչ պարզվեց, որ սա ընդամենը ֆրանսիական նամականիշի կցորդ է. մասնավոր անձի նախաձեռնություն էր: Նույնիսկ փոստային կնիք էին ստեղծել ցեղասպանության մասին, որն, իհարկե, չի կարող փոխարինել պետականին:

Ֆիլատելիստների միջազգային խորհրդի կանոնները թույլ չեն տալիս, որ կցորդը և վինետկան ցուցադրվեն ֆիլատելիստների ցուցահանդեսի ժամանակ, քանի որ սրանք նամականիշ չեն: Ավելի շուտ` սրանք կարելի է համարել հուշանվեր, որն արժեք է ներկայացնում հիմնականում հայ ֆիլատելիստների համար:

marka10 marka9 marka8 marka7 marka3 marka4 marka5 marka11 marka

newmag #06

Գրել կարծիք