«The Simpsons». Հայտնի ամերիկյան մուլտսերիալի հայազգի տնօրենը

«The Simpsons». Հայտնի ամերիկյան մուլտսերիալի հայազգի տնօրենը

Ի՞նչ կապ կա Սեյմուր Սքիների և Արմին Թամզարյանի միջև: Անիմացիոն սիթքոմի հերոսների անցյալն ու ազգությունը:

Աշխարհահռչակ «The Simpsons» մուլտսերիալի գլխավոր հերոսներից մեկը հայ է: Ավելի ստույգ` հայ է Սեյմուր Սքիները, որի իսկական անունն է Արմին Թամզարյան, նույն ինքը՝ տնօրեն Սքիները: Մինչև իր կարգապահ ու երբեմն ռազմական խստության հասնող կերպարին հասնելը, Արմինն անցել է դժվարին ճանապարհ. նա մանկատանը մեծացած որբուկ է, որը դարձել է վիետնամական պատերազմի հերոս և նշանակվել Սփրինգ ֆիլդի տարրական դպրոցի տնօրեն: Արմին Թամզարյանի կյանքի խճճված ու բարդ պատմությունը ներկայացվում է «Սիմփսոնները» մուլտէպոպեայի սերիաներից մեկում:

Արմին Թամզարյանը ծնվել է 1953 թվականին, ամերիկահայ զինվորականի ընտանիքում: Հայրը մահանում է առավել քան անհեթեթ հանգամանք ներում՝ ոտ քի տակ է ընկնում ռազմական շքերթի ժամանակ: Այդ պահից սկսած` Արմինը ծանր մանկություն է անցկացնում որբանոցում: Ամերիկա-վիետնամական պատերազմի տարիներին պատանի Արմինը, լքելով մանկատունը, միանում է ամերիկյան զինված ուժերին: Վիետնամում նա ընկերանում է սերժանտ Սեյմուր Սքիների հետ, որին շատ շուտով սկսում է երկրպագել որպես վեհ անձնավորության: Նախկինում դպրոցի տնօրեն եղած Սեմյուրի հետ Արմինի մարտական ընկերությունը շարունակում էր կոփվել պատերազմի գերիների ճամբարում: Տպավորությունն այն է, թե ոչինչ նրանց չի բա ժանելու: Ավա՛ղ, պատերազմն անխնա է. Արմինը տեղեկացվում է, որ իր ընկերը զոհվել է:

simpsonsԽեղճ Արմինն իրեն մեղավոր է զգում Սեյմուրի մահվան համար ու պարտավորվում է գույժն անձամբ հայտնել նրա մորը և խնամել նրան: Նա մեկնում է Սփրինգֆիլդ՝ Սքիների հայրենի քաղաք: Նրան դիմավորում է զինվորի մայրը, որը, տեսնելով Արմինին ու հասկանալով, թե ինչ հոգատար անձնավորություն է, ցույց է տալիս, թե իբր շփոթել է իր որդու հետ՝ չուզելով համակերպվել որդու կորստի հետ: Հուզված տղան էլ այնպես է կարոտած լինում մայրական հոգատարությանն ու ընտանեկան ջերմությանը, որ ակամա մտնում է իր զոհված ընկերոջ կերպարի մեջ՝ վերապրելով նրա բոլոր պարտականություններն ու երազանքները: Արմինին սա հաջողվում է: Նա նույնիսկ ստանձնում է դպրոցի տնօրենի պաշտոնը, որը, հիշո՞ւմ եք, մի ժամանակ զբաղեցնում էր հանգուցյալ Սքիները: Եվ, կարծես թե, ամեն ինչ լավ է ընթանում:

Անցնում են տարիներ: Եվ հանկարծ հայտնվում է իրական Սեյմուր Սքիները. Տե՛ր Աստված… Նրան հաջողվել էր ողջ մնալ: Նախկին ընկերների միջև սկսվում է իսկական մենամարտ: Մի կողմից Արմինն է, որին արդեն վարժվել էին քաղաքի բոլոր բնակիչներն ու որդեկորույս մայրը, իսկ մյուս կողմից նորահայտ Սեյմուրն է՝ իր քարացած հայացքներով ու դպրոցի տնօրենի պաշտոնի արդարացի հավակնությամբ: Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ դատավոր Սնայդերը Արմին Թամզարյանին շնորհում է Սեյմուր Սքիների անունը, անցյալը, ներկան, ապագան և մորը, իսկ բոլոր նրանց, ովքեր երբևէ կակնարկեն
նրա նախկինում ով լինելը՝ սպառնում է տանջալից պատիժ: Իրական Սեյմուրին էլ, որն առանձնանում է հանրության համար իր անպիտանությամբ և մոր հանդեպ անհարգալից վերաբերմունքով, քաղաքացիներն աքսորում են Սփրինգֆիլդից:

Տնօրեն Սքիներն առաջին անգամ հայտնվել է «Սիմփսոնները եփվում են բաց կրակի վրա» էպիզոդում, որը սերիալի դեբյուտն էր եթերում: Հեղինակները Սքիների պատմությունը նմանեցրել են Մարտին Գուեռայի նովելին, իսկ նրա կերպարի հատկանիշներն առաջին մի քանի սերիաներում վերցված էին Ալֆրեդ Հիչքոքի “Psycho” ֆիլմի հերոսից՝ Նորման Բեյթսից: Կերպարի հետագա պահվածքը հիմնված էր Մեթ Գրոնինգի (“The Simpsons”-ի հեղինակը) մանկական հիշողությունների վրա ու կրում էր բոլոր տնօրենների հավաքական կերպարի դրոշմը: Նրա անունն առաջարկել է սցենարիստ Ջոն Վիտին՝ ի պատիվ
հայտնի ֆիզիկոս Բ.Ֆ. Սքիների:

Հեղինակ` Էդուարդ Քանքարյան
newmag #07

Գրել կարծիք