Պատառիկներ Կիլիկյան թագավորությունից

Պատառիկներ Կիլիկյան թագավորությունից

Արթուր Բախտամյանի ճամփորդական նոթը Կիլիկյան Հայաստանի մասին, Այաս նավահանգիստն ու կիսավեր աշտարակներով շրջապատված փոքր ձկնորսական նավակայանը: Ճամփորդություն Թուրքիա՝ մաս 2:

Լեռնային Կիլիկիայի բերդաքաղաքները մնացին սարերի և կիրճերի ետևում: Անծայրածիր մշակված դաշտեր, ճեպուղիներ, որոնցով սլանալն ուղղակի հաճույք է: Առաջնորդվում ենք քարտեզով (թեև դրա կարիքն առանձնապես չկա), որովհետև ճանապարհային նշանները հստակ ուղեկցում են: Քաղաքների մոտ հաճախ հանդիպում ենք «Վերահսկվում է ռադարով» նշանին: Մի 500 մետր անց երևում է ոստիկանական մեքենան: Այսինքն` նախապես զգուշացնում են, որ կարգավորես արագությունդ կամ էլ կապես ամրագոտիդ: Ջեհյան քաղաքի (հիշեք գազատարը) խաչմերուկի մոտ ոստիկանը կանգնեցրեց մեր միկրոավտոբուսը: Սալոնը, որտեղ երեքով էինք, վերածել էինք խառնաշփոթ գրասենյակի: Վերջին նկարահանումից հետո այնքան էլ հիմնավոր չէինք դասավորվել:
Ոստիկանը բացեց սալոնի դուռը: Բարևեցինք: Ո՞նց եք, ի՞նչ կա չկա (թուրքերեն): Ես զվարթ ներկայացրի նստածներին: Տպավորիչ էր «դոկտոր Մարտիրոսյանը»: Ոստիկանը, տեսնելով տեսախցիկի ոտնակը (շտատիվը), առանց աչք թարթելու փաստեց` «կամեռլար»:

-Կամեռլար, տելեֆոնլար, բուքլար (գրքեր),- մտքիս եկած բառերով ուրախ շարունակեցի:

Այդ ժամանակ Վահրամը բացեց հայ-թուրքերեն զրուցարանն ու հարցրեց թուրքերեն.

-Դուք խոսո՞ւմ եք թուրքերեն:

Դադար:

«Նո» պատասխանեց ոստիկանը և ժպտաց: Բոլորս հռհռացինք` «բռավո», «give me five»: Նա ձեռքով նշան արեց վարորդ Վանիկին, որ ճանապարհը շարունակի: Արևմուտքի առաջին շողերի ներքո մոտեցանք Միջերկրականին:

turkey

«Պետք է գիտնալ, որ կա երկու Հայաստան` Փոքր ու Մեծ: Փոքր Հայաստանի թագավորը երկիրը կառավարում է բարեխղճորեն և թաթարների (նկատի ունի մոնղոլներին) գերիշխանության տակ է: Այտեղ լեփ-լեցուն շատ քաղաքներ ու ավաններ կան: Որսորդությունը խիստ տարածված է: Բայց հարկ է նշել, որ երկիրը խիստ տկար է: Մի ժամանակ այս երկրի ազնվականները խիզախ ու ռազմատենչ էին, այսօր թույլ են ու ստոր և հարբեցողությունից զատ այլ շնորհք չունեն: Ծովի ափին կա Լայաս անունով մի քաղաք, որը մեծ վաճառակենտրոն է: Եփրատից անդին ընկած երկրների համեմունքները, կերպասեղենը, մետաքսը, ոսկին բերվում է այստեղ: Վենետիկի, Ճենովայի վաճառականները գալիս են, վաճառում իրենց բեռները և կատարում են գնումներ: Այստեղով են անցնում բոլոր ճանապարհորդները»:

Այս նոթագրության հեղինակը 1271-ին Կիլիկիայով անցած Վենետիկցի Մարկո Պոլոն է: Այդ ժամանակ հայոց գահին նոր թագադրվել էր Լևոն Առաջինի թոռը`Զապել թագուհու և Հեթում Առաջին թագավորի որդին` Լևոն Երկրորդը: Թեև թագավորությունը վասալական կախվածության մեջ էր մոնղոլներից, զարգացման բուռն շրջան էր ապրում և տարածաշրջանի զորեղ պետություններից էր (կասեին այսօր):
Տեղավորվեցինք ծովափնյա երեքաստղանի հյուրանոցում: 25 դոլարանոց հարմարավետ սենյակներ էին` օդորակիչ, արբանյակային ԹՎ և մնացած հարմարությունները: Հոգնած էինք (նույն օրը նկարահանել էինք Սիսում, Անավարզայում և Լևոնկլայում): Սուրենը սկսեց քրքրել արբանյակի ցանկը` փորձելով գտնել Հ1-ը: Ես չէի կողմնորոշվում. նախ ցնցուղ ընդունել, հետո՞ սափրվել, թե՞ հակառակը: Վահրամն ասաց, որ այդ գորդյան հանգույցին նվիրված մի հայտնի պոեմ կա (հիմա չեմ հիշում հեղինակին): Էկրանին թերթող էրոտիկ ծրագրերի զորահանդեսից հետո լսվեց մայրենի լեզուն.
«Էդ բոզի տղեն հոր հաջաթը մոր փորի մեջ ա կծել»:
-Ի՞նչ… էդ ի՞նչ էր:
-«Մի վախեցիրն» է:

Գնացինք ընթրելու: Առանց սափրվելու:
1335թ. մոնղոլական Իրանի Աբու Սայիդ Իլ խանի մահից հետո քայքայվեց խանությունը, և մերձարևելյան ուժերի հավասարակշռությունը խախտվեց: Զրկվելով մոնղոլների հովանավորությունից` հայերը մեն-մենակ մնացին մամլուքների դեմ: Այդ ժամանակ հայոց գահին Լևոն Չորրորդ թագավորն էր: Կրկին կախվեց մշտական հարցը. ու՞մ դիմել օգնության համար:

Խոսակցություններ կային, թե Ֆրանսիայի թագավոր Ֆիլիփ 6-րդը նոր խաչակրած արշավանքի էր պատրաստվում: Հաշվի առնելով հայերի արևմտամետ կեցվածքը` մամլուքներն անցան վճռական գործողությունների: Նվաճվեցին Ջահան գետի արևելյան գավառները և թագավորության եկամտի հիմնական աղբյուրը` Այաս նավահանգիստը: 1337թ. պայմանագրով ամրագրվեց տարածքային հանձնումների փաստը, որը, փաստորեն, թագավորության կործանման հիմնաքարը եղավ: Այսօր Այաս նավահանգիստը մի քանի կիսավեր աշտարակներով շրջապատված փոքր ձկնորսական նավակայան է: Ռազմավարական ճանապարհները վաղուց փոխել են իրենց նշանակետերը:

chay

Մեքենային թառած ձկնկուլն առաջին հայացքից խրտվիլակ էր հիշեցնում` մինչև հայկական հետաքրքրասիրությունը տեղից պոկեց համառ «մոդելին»: Կոռիկոսի «Այնթափ» խորտկարանում մեզ գրկաբաց (արևելյան կեցվածք է) ընդունեցին: Ծովափը նոր զարգացող տուրիստական հանգրվան է, թեև մարդաշատ չէր (մայիսը հանգստի շրջան չէ): Երիտասարդ մատուցողը տարբեր լեզուներով ներկայացնում է կերակրացանկը` շիշ քեբաբ, այնթափ քեբաբ, և լրացնում իր հետաքրքրասիրությունը` որտեղի՞ց եք, ինչքա՞ն եք մնալու: Շատ ուրախացավ լսելով «Էրմենիստանը»: Պարզվեց, որ իրենց ընտանքիը 14 տարի առաջ հեռացել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունից, և հիմա աշխատում է այստեղ: Համեղ կերակրատեսակները տանել-բերելու ընթացքում ասաց, որ զանգել է ծնողներին ` տեղեկացնելով, որ Հայաստանից հաճախորդներ ունի: Սրանք էլ հարցրել էին, թե լուրեր ունե՞ն Նախիջևանից, հարևան հայերի անուններն էին տվել` մտածելով, թե որևէ մեկի հետ կարող է ծանոթ լինենք: Հետարքրիր է. օտարական մարդն անկախ ազգությունից նույն հարցերն է տալիս:
Կոռիկոսը թագավորության արևմտյան սահմանագլխին ռազմավարական կարևոր հենակետն էր: Պատահական չէ, որ Հեթում թագավորն ամրացրեց ցամաքից մեկ կիլոմետր հեռու գտնվող ծովային ամրոցը, որի աշտարակներին առ այսօր պահպանվել են շինարարական արձանագրություններ: Մի ամբողջ օր զբոսանավով մենք ետ ու առաջ էինք անում ափամերձ շինությունների կողքով: Հիշում էի ցնծությանս բերկրանքը, երբ մեկ տարի առաջ դիտում էի մեր «Այաս» նավի Կիլիկյան ծովածոց մուտքը, Ռուբինյան դրոշի ծածանվելն աշտարակին ու «Երբ որ բացվեց դռներն հուսո…»:

turkey3

Հիմա ուրիշ պատառիկներ էին ուղեկցում. 10-ից 11-րդ դարերի ընթացքում համապաասխան կտակների կամ պայմանագրերի վրա մեկը մյուսի հետևից իրենց տիրույթներն ու գահերը Բյուզանդիային զիջեցին Տայքի ու կուրոպալատ Դավիթը (989թ.), Վասպուրականի թագավոր Սենեքերիմը (1021թ.), Անիի թագավոր Հովհաննես-Սմբատը (1022թ.) և Կարսի թագավոր Գագիկ Աբասյանը (1065թ.): Կոռիկոսի հայ տերերը, Դաշտային Կիլիկիա ներխուժած Հալեպի Էմիրի ասպատակություններից ահաբեկված, քաղաքը 1360թ. հանձնեցին Կիպրոսի թագավոր Պետրոս 1-ին: Թագավորության անկումին մնացել էր 15 տարի:
Ծովափին նստած` Երևանից բերած գարեջուր էինք ըմպում: Նորից հեռախոսազանգ: Կրկին Մերուժանն էր:

-Ի՞նչ եք անում:
-Գարեջուր ենք խմում:
-Ո՞ւր հասաք:
-Կոռիկոս:
-Ե՞րբ եք գալիս:
-Մի երկու օրից Հայաստան կհասնենք:
-Լավ աշխատեցի՞ք:
-Կարծես թե:

Մի վերջին պատառիկ, որը չի տարրալուծվում գիտակցության հորձանուտում: Ի՞նչ, ինչո՞ւ և ինչի՞ համար են այս նկարահանումները: Այդ պահին էր, նրանց զրույցն ընդհատելով` երկուսի մեջտեղով անցավ ու ինձ մոտեցավ Արշակունին:

-Տե’ր հայր, ես թագուհուց իմացա, որ մեր երկրի պատմությունն ես գրում:

-Ես պատմություն չեմ գրում, այլ` իմ նվազ ուժերի ներածի չափով ժամանակագրություն: Այն բացվում է 410 թվականով:

-Այսինքն` սկսել ես Արշակունյաց հարստության վերջի՞ց,-դեմքին վիրավորվածության արտահայտությամբ ասաց ասպետը:

-Շատ ավելի ուշ ժամանակներից` հայո′ց 410 թվականից: Այսինքն` Ադամից հաշված, ինչպես Կոստանդնուպոլսում են անում, 6470 կամ Քրիստոսի Ծնունդի 961 թվականից, որը կստանանք, եթե մեր 410 թվականին գումարենք 551, այսինքն` Քաղկեդոնի տիեզերաժողովի տարեթիվը, երբ մենք բաժանվեցինք հույն ու հռոմեական եկեղեցիներից` նրանց կողմից միաբնակությունը չընդունելու պատճառով:

-Ես նույնպես չեմ ընդունում միաբնակությունը, բայց ե’կ այդ մասին չխոսենք: Ինչո՞ւ ես հենց 6470 թվականն ընտրել,-մթագնած հարցրեց նա:

-Այդ ժամանակ է, որ Բագրատունիները վերածնեցին մեր կորուսյալ թագավորությունը:

-Բագրատունիները մեր ծառաներն են եղել: Նրանց մեջ առաջինը` որպես թագադիր, բայց` ոչ ավելին: Բացի այդ, քո ասած ժամանակներում իրենց թագավոր էին հռչակել Արծրունիները և մեր այլ նախարարներ:

-Հայ հպատակները նրանց թագավոր էին կոչում,-ճշտեցի ես:

-Թագավորը նա է, ում ուրիշ տիրակալներն իրենց հավասար են ճանաչում: Իսկ Բագրատունիներին կայսրը կոչում էր տոպարքոս` փոխարքա, և ոչ` Ռեքս, այլ թագավորներ` շահնշահ կամ որ միևնույն է` իշխանաց իշխան: Բայց նրանք շահնշահությունն էլ կորցրեցին` մեզանից ստացած հայրենիքով հանդերձ:

-Աստված մեզ պատժեց` օտարներին կարգելով մեզ վրա:

-Ուրեմն, ինչո՞ւ ես գրում գերության և ստրկության տարիների մասին:

-Որպեսզի սերունդները ծանոթանան և խրատվեն մեր դժբախտություններից, որ օր-օրի շարունակվում են ու բազմանում: Որպեսզի և’ անցյալը հավաստի պատկերեմ, քանի որ մոտ է, և’ նկարագրեմ այն, ինչ իմ աչքով եմ տեսել` այլոց նման մշտապես չարդարանալով, թե այսպես էին զրուցում կամ այնպես լսեցինք*:

*Վահրամ Մարտիրոսյան «Հանուն խաչի ծպտվածները», Եր. 2002թ.

Հեղինակ` Արթուր Բախտամյան
Լուսանկարները` Սուրեն Տեր-Գրիգորյանի

NewMag #02

Գրել կարծիք