Ամերիկյան պոլիտօլիմպ են վերադառնում Բուշ և Քլինթոն ընտանիքները

Ամերիկյան պոլիտօլիմպ են վերադառնում Բուշ և Քլինթոն ընտանիքները

ԱՄՆ նախագահի նոր թեկնածուները նորից ծանոթ ազգանուններ ունեն: Այժմ մրցում են նախկին նախագահների եղբայրն ու կինը:

Շատ ժամանակ չի մնացել ԱՄՆ հաջորդ նախագահի ընտրությանը, որը տեղի կունենա 2016-ին: Ակտիվորեն քննարկվում են հանրապետական ու դեմոկրատ թեկնածուների անունները: Քաղաքական ամենամեծ ինտրիգներից է Բուշ-Քլինթոն ընտանիքների հնարավոր պայքարը Սպիտակ տուն վերադառնալու համար:

F041306PM-0035.JPG

Ամերիկյան քաղաքական կյանքում քաղաքական ընտանիքների կամ կլանների գոյությունը դարձել է սովորական
բան, թեև ԱՄՆ սահմանադրությունը բացառում է քաղաքական կյանքում և երկրի ղեկավարությունում որևէ տեսակի խտրականություն ու ազնվական տոհմային համակարգ: Ադամս, Ռուզվելտ, Քենեդի, Թավթս և այլք. նրանք տարբեր ժամանակներում ակտիվ դեր են խաղացել ԱՄՆ քաղաքական կյանքում՝ ունենալով այդ ազգանունը կրող նախագահներ, կոնգրեսականներ, սենատորներ, նահանգապետեր և այլ պաշտոնյաներ: Դրանք բոլորն են ընտրովի և ստացել են հանրության վստահությունը: Ազգանունը վերածվել է բրենդի, որը տալիս է առավելություն և ռեսուրսներ քաղաքական պայքարի ընթացքում:

Քաղաքական դինաստիաների գերակայության վերջին վառ օրինակներից է Բուշ-Քլինթոն ընտանիքների ակտիվ դերակատարությունը երկրի ղեկավարման վերջին երեք տասնամյակների ընթացքում, որն ընդհատվեց 2008-ին Օբամայի ընտրությամբ: Չմոռանանք, որ նախնական ընտրություններում Օբամայի հիմնական մրցակիցն էր Հիլարի Քլինթոնը, որը գալիք նախագահական ընտրությունների համար դիտարկվում է որպես դեմոկրատների ճամբարի հիմնական թեկնածու: Հանրապետական թևում հնարավոր թեկնածու է Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագի կրտսեր զավակ Ջեբ Բուշը` Ջորջ Բուշ Կրտսերի եղբայրը: Նա լավ համբավ է վայելում Ֆլորիդայում, որտեղ կարողացել է բարեփոխել կրթական և սոցիալական ոլորտները: Ջեբ Բուշի որոշումը դեռ վերջնական չէ, բայց քննարկումերն այս առիթով ավելի են թեժանում: Եթե Քլինթոնն ու Բուշը հաղթահարեն նախնական ընտրությունների արգելքը և դառնան իրենց կուսակցությունների թեկնածուներ, ապա գալիք ընտրությունները կդիտարկվեն որպես ժառանգականության վերադարձ ԱՄՆ քաղաքական կյանքում:

USA-VOTINGHAND

Սակայն կարծիքներ կան, որ ամերիկյան հանրությունը հոգնել է այս երկու ընտանիքների քաղաքական «մենաշնորհից»: Չի բացառվում, որ նրանց պայքարի պարագայում այս ընտրություններն ունենան չափազանց ցածր մասնակցության տոկոս: Այս կարծիքին է ամերիկահայ քաղաքագետ Տանիել Քուշագջյանը: Նա մտաբերում է,
որ վերջին քառորդ դարում չեն եղել նախագահական ընտրություններ, որ քվեաթերթիկի վրա չլինեն Բուշ կամ Քլինթոն ազգանունները՝ սկսած 1980 թվականից, երբ ապագա նախագահ Ջորջ Բուշ Ավագը փոխնախագահի թեկնածու էր Ռոնալդ Ռեյգանի թիմում, և ավարտած 2008 թվականով, երբ Բուշ Կրտսերն ավարտեց իր նախագահական կարիերան: Բացառություն էին 2008 և 2012 թվականների ընտրությունները: Բուշ և Քլինթոն
ընտանիքները միմյանց դեմ են դուրս եկել միայն մեկ անգամ, երբ 1992 թ. նախագահական ընտրությունների ընթացքում Արիզոնայի նահանգապետ Բիլ Քլինթոնը հաղթեց գործող նախագահ Ջորջ Բուշ Ավագին: Մնացած բոլոր ընտրություններում Բուշ կամ Քլինթոն թեկնածուների մրցակիցները այլ ազգանունով թեկնածուներ են եղել:

Bush and Clinton shake hands as they participate in an onstage conversation at a Presidential Leadership Scholars event at the Newseum in Washington

ԱՄՆ ժառանգականությունը տարբերվում է այլ երկրներում, հատկապես բռնապետական համակարգ ունեցող երկրներում քաղաքական նման սերնդափոխությունից: Թերզարգացած երկրներում սովորական մի բռնապետ իր իշխանությունը փոխանցում է իր զավակին կամ արյունակցին, հաճախ` արյունահեղության գնով: Դրանք տարբեր երևույթներ են: Հենց այս առումով էլ ամերիկյան քաղաքական համակարգի դրսևորումները առանձնահատուկ են
և չեն հակասում ժողովրդավարական սկզբունքներին, քանի որ վերջին խոսքի իրավունքը, միևնույնն է, պատկանում է ընտրողին: Նյույորքյան «Time» ամսագրի դիպուկ դիտարկմամբ՝ ամերիկյան հանրությունն ունի դարավոր մեծ հակակրանք արքաների ու թագավորների նկատմամբ, սակայն դա չի խանգարում համակրել իրենց արքայադուստրերին ու արքայազներին:

NewMag #51

Գրել կարծիք