Որքան շքեղ, կոկիկ ու հիմնավորված կարող է ներկայացվել ամոթալին

Որքան շքեղ, կոկիկ ու հիմնավորված կարող է ներկայացվել ամոթալին

Վահագն Թևոսյանը` ժամանակակից ստալինիզմի, ռազմահայրենասիրական ողբերգություն մասին:

«Կենսատու բժիշկ ես, հանճարեղ վարպետ,
Զարգացրիր ուսում, արհեստ իրար հետ.
Ժողովուրդդ ազատ, ուրախ, գրագետ,
Հզորներից հզոր՝ …»

Ի՞ նչ եք կարծում, հանգով ի՞նչ ավարտ է սազում այս ոտանավորին, ո՞ր երկու բառը կոկիկ կնստեին այս ռազմահայրենասիրական քառատողի վերջաբանում: Պարոն վարչապե՞տ: Գուցե: Հանգով լավ էլ սազում է, ի դեպ: Բայց, չէ՛, բանաստեղծության վերջին երկու բառերն են՝ ընկեր Ստալի՛ն: Քառատողը մեջբերել եմ 1949 թ. տպագրված «Ստալինը սովետահայ բանահյուսության մեջ» աշխատությունից: Այն ժամանակների համար բավական շքեղ գիրք է: Չեմ կարող ասել, թե այդ տողերն ում են պատկանում, չեմ կարող ասել նաև, թե ովքեր են «երախտապարտ հայ ժողովրդի» անունից պաթետիկ ոճով գրված առաջնորդողի ու հարյուրից ավելի մյուս բանաստեղծությունների հեղինակները: Ստորագրություններն ուղղակի բացակայում են: Գիտեմ միայն, որ սա Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նվերն է «Ժողովուրդների Մեծ Առաջնորդ Իոսիֆ Վիսսարիոնովիչ Ստալինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ»: Գուցե հեղինակների անունների բացակայությունը միտումնավոր քայլ է՝ շեշտելու համար, թե որքան միահամուռ է հայ ժողովուրդն իր նվիրումի մեջ: Հնարավոր է նաև, որ ակադեմիան, կենտկոմից հրահանգ ստանալով, որևէ հմուտ հանգաստեղծի հանձնարարել է մի երկու ամսում գրել այդ հարյուրից ավելի ձոները՝ հավաքածուն ներկայացնելով որպես հայ ժողովրդի բանահյուսություն:

stalin2

Ոչ ոք չի իմանա, թե ով է վերը մեջբերված քառատողի հեղինակը՝ ինքնուս հորինող, թե պրիմիտիվիզմը հմտորեն կեղծող ԳԱ թղթակից անդամ: Ու երևի պետք էլ չէ ճշտել. անցյալն անցյալ է: Նրա որդին գուցե կառուցել է ԲԱՄ-ը, իսկ թոռը` կռվել արցախյան պատերազմում: Բայց անցյալը վերարժևորումով է անցյալ, երբ երեք քառորդ դար անց քեզ ուղղակի չես կարողանում նույնականացնել սպառված իրականության հետ, քանի որ այդ ժամանակահատվածի հիմնական կռիվդ հենց այդ իրականությունից պոկվելուն, այն գրողի ծոցն ուղարկելուն է նվիրված եղել: Հենց այդ վերարժևորման արդյունքում է, որ անհնար է թվում պատկերացնել այն օրը, երբ անկախ Հայաստանի դպրոցի պատանի աշակերտը, խեղելով մի տաղանդավոր պոետի բանաստեղծություն, «իսկական մարդուն է վայել» արտահայտության փոխարեն կարտասանի, օրինակ` «մեր վարչապետին է վայել»: Եվ սա կհնչի այնպես, ինչպես «ընկեր Ստալինին է վայել»: Ու վա՜յ նրանց, ովքեր սա կլսեն ու չեն սարսռա: Ու վա՜յ նրանց, ովքեր չեն ձաղկի այդ մատղաշ բերանում նման դառը լեզու դրած մեծահասակին, լինի ծնող, ուսուցիչ, թե տնօրեն: Որովհետև անցյալը կգա, կնստի շեմիդ ու դուռդ կթակի օրենքի ամբողջ խստությամբ:
Գրքում մի քանի անուններ, այնուամենայնիվ, կան՝ պատասխանատու խմբագրի, ֆորզացի ու շմուց-տիտուլների նկարչի, կոնտրոլ-սրբագրիչի՝ ամենավերջում, մանր տառերով: Առաջին բացվածքի վրա էլ երկու անուն կա ձեռագրով. «Հ. Հարությունյանից` նվեր իր ընկեր Ս. Թևոսյանին, 16/II/50 թ.»: Չեմ ճանաչել Հ. Հարությունյանին, բայց Ս. Թևոսյանը պապս էր՝ քիմիկոս, պատերազմի վետերան, մայոր, կոմունիստ ու հետագայում ինչ-որ լուրջ գիտաարտադրական հիմնարկի տնօրեն Սամվել Սարգսի Թևոսյանը: Ես չեմ ուզում քննարկել, թե նա ինչու էր այս գիրքը պահել իր գրադարանում, գուցե նույնիսկ հպարտությամբ էր դա արել: Ի՛ր գործն է: Բայց հաստատ գիտեմ, թե ե՛ս ինչու եմ այն մեծ խնամքով պահում և ինչու եմ այն դարձրել իմ սեղանի գրքերից մեկը: Այն ինձ միշտ հիշեցնում է, թե որքան շքեղ, կոկիկ ու հիմնավորված կարող է ներկայացվել ամոթալին, ու թե որքան ուշացած ենք մենք գիտակցում դրա ողբերգականությունը:

NewMag #51

Գրել կարծիք