Հարսանեկան զգեստ՝ հայկական և համաշխարհային նորաձևություն

Հարսանեկան զգեստ՝ հայկական և համաշխարհային նորաձևություն

Հայ հարսնացուների նախընտրությունն ու դիզայներների առաջարկը:

Փեսացուից հետո առաջին կարևոր գործն, իհարկե, հարսանեկան զգեստն է: Աշխարհն էլ փուլ գա, հարսնացուն պետք է շլացուցիչ տեսք ունենա: Չէ՞ որ դուբլի հնարավորություն չկա, համենայն դեպս ցանկալի չէ: Հարսանիքին նախապատրաստվելը հոգսաշատ գործ է: Գուցե ինչ-որ առումով այն ավելի կարևոր է, քան հարսանիքն ինքնին: Այստեղ սալոնների գորն է առաջին պլան գալիս: Լավ է, որ կան սրահներ, որտեղ մոդելյորներն են զգեստները կարում:
Չայցելե՞նք նրանց:

wedding

Արմինե Հայրապետյան
Շորի ձևի ընտրությունը կախված է տարիքից: Երիտասարդ հարսիկները նախընտրում են ավելի բաց շորեր: Հարսի համար դա ավելի կարևոր օր է, քան փեսայի համար: Դա երևի թե միակ օրն է, երբ ամեն ինչ պետք է հարսի կամքով լինի: Զգեստները հիմնականում վարձում են. այդպես ավելի էժան է: Մեր սրահում մենք ենք կարում հարսանեկան շորերը: Արտասահմանից ուղարկվածները կարվում են որոշակի ստանդարտով, որոնք հայ աղջիկների չափսերին համապատասխան չեն: Շատ կարևոր է նաև, որ դերձակը լավ մարդ լինի: Եթե աշխատում ես հարսանյաց սրահում, չես կարող վատ տրամադրություն ունենալ, պարզապես իրավունք չունես: Բարձր տրամադրությունը հարսը տալիս է մեզ, մենք էլ մեր հերթին փոխանցում ենք հարսիկին: Հայաստանում աղջիկը գրեթե երբեք ինքնուրույն չի ընտրում շորը: Անպայման բարեկամներից որևէ մեկի հետ է գալիս: Մտերիմի ներկայությունն ապագա հարսիկին օգնում է կողմնորոշվել, քանի որ այդ պահին օրիորդը շփոթված է լինում: Հարսիկները նախընտրում են հարսանացուի ճերմակ զգեստ: Միայն մեկ անգամ են մեզ պատվիրել երկնագույն շոր: Դա հարսի մանկության երազանքն էր: Հայկական տարազով հարսանյաց շոր շատ հազվադեպ են պատվիրում, այն էլ՝ հիմնականում սփյուռքահայերը: Ի դեպ, նրանք ավելի խիստ են հետևում պսակադրության նախապատրաստությանը, քան տեղի հայերը:

Լիլիթ Մարգարյան
Առաջին խոսքը, որ հնչում է իմ սրահում՝«ստանդարտ զգեստ չեմ ուզում» հայտարարությունն է: Իմ սրահում ոչ ստանդարտ հագուստներ են: Երբեմն ստեղծում եմ այնպիսի արտառոց շորեր, որ թվում է՝ ոչ ոք չի կրի: Պետք է շատ համարձակ աղջիկ լինի: Բայց տարօրինակ է և շատ ուրախալի, որ հաճախ հենց այդպիսի հագուստ են նախընտրում: Այնուամենայնիվ, պահպանում եմ դասական լուծումները: Զգեստը հիմնականում վարձակալում են: Բայց կան հարսնացուներ, որոնք մեծ խորհուրդ են դնում դրա մեջ և շորը գնում են, որ սերնդեսերունդ փոխանցվի:
Մի ցավալի երևույթ կա Հայաստանում, հարսնացուն ոչ միշտ ունի իր խոսքը: Շատ հաճախ սկեսուրները գալիս են ապագա հարսների հետ և ճնշում նրանց: Սովորաբար առանց սկեսուրի համաձայնության շորը չի գնվում: Հենց այդպիսի մի դեպք պատահեց մեզ մոտ: Սկեսուրը հարսին ստիպեց չգնել այն զգեստը, որը նա ընտրել էր: Լավ կլիներ, որ զգեստը փեսացուի հետ ընտրեին: Բայց մյուս կողմից էլ’ փեսացուն պետք է մինչև հարսանիքը չտեսնի հարսնացուին: Որոշ աղջիկներ էլ պարզապես ժամանակ են անցկացնում մեր սրահում: Սակայն մենք բոլորին թույլ ենք տալիս փորձել այդ զգեստը, որովհետև բոլոր աղջիկների սրտում նստած է հարսնացուն: Հայուհիները նախնտրում են ճերմակ, կաթնագույն կամ ծիրանագույն զգեստ: Ունեցել եմ ճերմակ ու կարմիր, շատ համարձակ զգեստ ընտրած այցելու: Շատ վաղուց էլ եղել է մեկը, որի զգեստը կարճ էր, ծնկներից վեր: Ամերիկայում, օրինակ, կաթնագույնն ընտրում են երկրորդ անգամ ամուսնանալիս: Քանի որ կտորն այնտեղ եմ պատվիրում, ինձ միշտ հարցնում են. «Հայաստանում այդքան շա՞տ են երկրորդ անգամ ամուսնացողները»:

vahanՎահան Խաչատրյան
Ես հավաքածուներ ընդհանրապես չեմ ստեղծում: Աշխատում եմ միայն անհատական պատվերով: Ես փորձում եմ շորը հարմարեցնել տփալ պատվիրատուին, այսինքն՝ իր բնավորությանը, պահանջներին, ֆիզիկական տվյալներին: Շորին անուն ընդհանրապես չեմ դնում, անուն դնելը կնշանակի ինչ-որ բան թելադրել: Այս շորը ստեղծելիս օգտագործել եմ բնական կտորներ: Բամբակյա հիմքի վրա հավաքած քարեր, իսկ վերևի մասում օգտագործել եմ մետաքս: Գործն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Հայաստանում չի կարված: Այս շորի արժեքը մոտ 1500 դոլար է: Ճիշտն ասած՝ ինձ չեմ տեսնում որպես հարսանեկան զգեստի դիզայներ: Հարսանյաց շորերի մոդելավորողներն առանձին մասնագետներ են, իսկ այն, որ բարձր նորաձևության ցուցադրությունների վերջում մենք տեսնում ենք հարսանեկան զգեստ, երևի դիզայների մտահղացումն է կամ գուցե ավանդույթ է ցուցադրությունը փակելու համար: Ես հարսանյաց շոր կարել եմ միայն մեկ անգամ ու նվիրել եմ շատ մտերիմ մարդու: Պսակազգեստի պատվեր չեմ ընդունում:

 

reneԳևորգ-Ռենե Վարդանյան
Այս շորն իմ հավաքածուից է, որը կոչվում է «1000 հայելի»: Շորն անվանել եմ «Հարսնացուն կարմիր շորով»: Այն կարված է շիֆոնից, օգտագործել եմ արտասովոր մի նյութ, որը մշակել եմ քիմիական նյութերով, որպեսզի ստանամ անհրաժեշտ կարմիր երանգը: Շորը ճեփ-ճերմակ չէ: Այս հավաքածուի զգեստները տարբեր գույների են՝ կապույտ, կանաչ: Հավաքածուի անունը գալիս է հենց այս երփներանգությունից: Շորեր ստեղծելիս առաջնորդվում եմ միայն երևակայությամբ, որը, հավատացե′ք, մտքերի հեղեղ է բերում: Ես պարզապես իրականացնում եմ այդ մտքերը: Հարսանեկան զգեստ ստեղծելիս անշուշտ հաշվի եմ առնում պատվիրատուի ցանկությունը: Պսակազգեստը մեր կյանքի մի մասնիկն է: Նման շորեր ստեղծելիս անպայման պետք է լավ, ուրախ տրամադրության մեջ լինել: Երևանում իմ ստեղծած հարսանյաց զգեստների արժեքը 500-1000 դոլար է:

 

aramԱրամ Նիկոլյան
Այս զգեստն իմ՝ «Ռոքը ժայռի վրա» հավաքածուից է: Այն հարսների համար է, ովքեր նախընտրում են ռոք երաժշտություն և ռոք կերպարի մեջ են: Մտածում էի՝ ստեղծել ռոքին նվիրված հավաքածու, որը կընդգրկեր ռոքի 3 շրջանները՝ Բիթլեր, հիպիներ և ժամանակակից ռոք: Որպես կուլմինացիոն պահ՝ վերջին նմուշը որոշեցի ստեղծել ռոք հարսիկի համար: Օգտագործել եմ կարմիր կաշի, շղարշ, նաև ջինս, շորի էլեմենտներից մեկը ջինսե կիսաշրջազգեստ է: Չեմ սիրում, որ ցածրահասակ հայ աղջիկները հագնում են ուռած հարսանեկան շոր: Դա նրանց տգեղացնում է, ու նրանք նմանվում են վատ տորթի՝ բարբին մեջը: Նախնտրում եմ կերպարային հարսներ: Երբ դիմում են ինձ, ես փորձում եմ կերպար ստեղծել՝ ապագա հարսիկի ընդհանուր տեսքին համահունչ: Օրինակ, ես ստեղծել եմ հարսանյաց զգեստ Կարմենի ոճով: Ռոք հարսիկի շորը նախատեսված չի եղել վաճառքի համար: Այն ինձ համար շատ հարազատ է և շատ սիրելի: Եթե հայտնվի համարձակ մեկը, որը կցանկանա այս կերպարով ամուսնանալ, գուցե նույնիսկ անվճար տրամադրեմ այն: Իսկ հարսանեկան զգեստ ստեղծում եմ 1000 դոլարից սկսած:

OMBERA_A

Իսկ ահա համաշխարհային նորաձևության տները վաղուց արդեն ներկայացրել են հաջորդ՝ 2015 թվականի թրենդները: Հետաքրքիր և անսպասելի կտրվածքներ, կիսաշրջազգեստներ, օձիքների լայն ընտրանի, դե իսկ ծաղիկներն ու աքսեսուարները միշտ ակտուալ են:

Հեղինակ՝ Աննա Արղության
Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի
NewMag #02

Գրել կարծիք