Վիմ Վենդերս. Ես ինձ սովորական ճամփորդ եմ համարում, և դա ինձ դուր է գալիս

Վիմ Վենդերս. Ես ինձ սովորական ճամփորդ եմ համարում, և դա ինձ դուր է գալիս

Հայաստանում ճամփորդելուս օրերին շատ հիանալի վայրերում եմ եղել, և տարածքով փոքրիկ այս երկիրն իմ սրտում մեծ տեղ ունի:

Գերմանացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ և պրոդյուսեր Վիմ Վենդերսը ծնվել է 2-րդ համաշխարհայինի ավարտից ամիսներ անց, Դյուսելդորֆում: Բժշկություն և փիլիսոփայություն ուսանելուց հետո մեկնում է Փարիզ` արվեստի դպրոց ընդունվելու, սակայն չի ընդունվում: Փարիզում հանդիպում է ամերիկացի նկարիչ ու փորագրող Ջոննի Ֆրենդլենդրին և սկսում է փորագրությամբ զբաղվել: Փարիզում մեկ տարի ապրելով` դիտում է 1.000 ֆիլմ և որոշում է դառնալ կինոռեժիսոր: 1967-1970 թվականներին տարբեր ամսագրերում աշխատում է որպես կինոքննադատ: Կինոդպրոցում սովորելիս նախքան իր ավարտական «Ամառը քաղաքում» ֆիլմը նկարելը, մի քանի կարճամետրաժ ֆիլմ է նկարահանում:

Կինոկարիերան սկսում է «Ամառը քաղաքում» կինոյով` որպես գերմանական նոր կինոյի դեմք: Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծի» է արժանանում «Իրերի դրվածքը» ֆիլմի համար (1982թ.), Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանանում «Փարիզ, Տեխաս» ֆիլմի համար (1984թ.) և նույն փառատոնում ստանում է «Լավագույն ռեժիսոր» մրցանակը` «Ցանկության թևեր» ֆիլմի համար (1987թ.): Եվրոպական համալսարանների ու փառատոնների պատվավոր դոկտոր է, տեսահոլովակների և գրքերի հեղինակ: Համագործակցել է ավստրիացի հայտնի գրող Պիտր Հանդկեի հետ («Ցանկության թևեր»): Նա Անտոնիոնիի «ցնորված ինտելեկտուալիզմի» իսկական ժառանգորդն է և Մարտին Սկորսեգեի հիմնած «World Cinema Foundation»-ի խորհրդատուներից մեկը:

Վենդերսի ֆիլմերի մեծ մասի օպերատորը Րոբի Մյուլերն է (Դանիա): Վենդերսի լավագույն ֆիլմերն են «Ալիսը քաղաքներում», «Ցանկության թևեր», «Այնքան հեռու, այնքան մոտ», «Փարիզ, Տեխաս», «Ամպերից այն կողմ», «Բուենա Վիստա»:

նախքան կինոն բացահայտելը

Ծնվել եմ բժշկի ընտանիքում: Ինչ-որ պարտավորություն էի զգում հորս նկատմամբ և կարծում էի, որ ես նույնպես պետք է բժիշկ դառնամ: Այդ որոշումը պետք է որ նրան ուրախացներ: Մի կիսամյակ դասերին հաճախելուց հետո հասկացա, որ բժիշկ չեմ կարող լինել և հորս ասացի, որ գնում եմ Փարիզ` նկարչություն սովորելու: Կարծում էի, որ բոլոր իսկական նկարիչներն այնտեղից են սկսել: Փարիզում մեծ դժվարությունների հանդիպեցի. չկարողացա նկարչական դպրոց ընդունվել: Փոխարենը հանդիպեցի մի ամերիկացի նկարչի, որն արվեստանոց ուներ: Այնտեղ նկարչություն սովորելուց բացի, քանդակներ ու փորագրություններ էլ էի անում:

Փարիզում ապրում էի մի փոքրիկ սենյակում, որտեղ ձմեռն անտանելի ցուրտ էր. դա ինձ ստիպեց ելք փնտրել: Սինեմաթեքում կինոներ էի դիտում. տոմսը մեկ ֆրանկ էր, իսկ երեկոյի ընթացքում վեց ֆիլմ էին ցուցադրում: Ես այդքան գումար չունեի, ուստի ամեն ֆիլմի ավարտից հետո թաքնվում էի զուգարանում: Հետո պատահաբար թերթում կարդացի, որ Գերմանիայում կինոդպրոց է բացվելու: Թողեցի Փարիզն ու վերադարձա Գերմանիա: Ցանկանում էի 16-միլիմետրանոց ժապավենով կինոխցիկ գնել` կինոդպրոց ընդունվելու համար: Գրավ դրեցի իմ տասը տարվա սաքսոֆոնը, որ կարողանամ մի քանի րոպեանոց ֆիլմ նկարահանել:

Մեզ մոտ էլ, ինչպես բոլոր կինոդպրոցներում, սովորեցնում էին ամեն ինչ, բացի կինո նկարահանելուց: Սակայն չեմ կարող ասել, թե շատ վատ ժամանակներ էին: Հակառակը, բոլորս իրար շատ էինք օգնում այս կամ այն մտահղացումն իրականացնելու համար:

wim2դատարկ կինոդահլիճի դառնությունը

Ընկերոջս հետ պատրաստվում էինք նկարահանել, թե ինչպես է գնացքն անցնում: Սրանով ուզում էինք action ասածը ցույց տալ, որը տևելու էր 4 րոպե: Ականջս դրել էի ռելսերին և սպասում էի, թե երբ է լսվելու գնացքի ձայնը: Պետք է ընկերոջս նշան տայի, որ հենց այդ պահին վազեր գնացքի դիմացից ու նկարահաներ այդ տեսարանը: Երբ վերջապես գնացքը մոտեցավ, ընկերս կինոխցիկով վազեց գնացքի դիմացից` հազիվ փրկվելով: Մենք 4 րոպեանոց ֆիլմ էինք նկարահանել, որն ընդհանրապես ոչ ոք չհավանեց: Իսկ մեզ հետաքրքիր էր թվում:

Երկրորդ փորձը հեռախոսախցիկում էր. առաջին իսկ վայրկյաններից խոսափողն օդի մեջ ճոճվում էր: Եվ կրկին` միայն մենք էինք հիացած:

Հետո 2,5-ժամանոց ֆիլմ նկարահանեցի, որտեղ մի քանի երկխոսություն կար: Ֆիլմի ցուցադրման ժամանակ հանկարծ շրջվեցի ու տեսա, որ կինոդահլիճում ոչ ոք չէր մնացել, անգամ կինոմեխանիկն էր հեռացել: Այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն ասում էր, թե ֆիլմում այս կամ այն պատկերն իրեն շատ է դուր եկել, ինձ քաջալերված էի զգում: Սակայն հիմա` 30 տարի անց, երբ մարդիկ ինձ նման բան են ասում, ես հասկանում եմ, որ ինչ-որ բան լավ չի ստացվել:

«Փարիզ, Տեխաս»

Կոպոլայի հրավերով 1978-ին մեկնեցի ԱՄՆ` «Համեթ» ֆիլմը նկարահանելու: Կոպոլան այդ ֆիլմի պրոդյուսերն էր, և տարաձայնություններ ծագեցին նրա հետ: Ֆիլմի նկարահանումները ձգվեցին չորս տարի: Ղեկավարներն ինձ ասում էին, որ ֆիլմի համար պետք է անհապաղ կոմպոզիտոր գտնել, և եթե ես դա չանեմ, նրանք ստիպված կլինեն դա անել իմ փոխարեն: Ես ասացի, որ արդեն գիտեմ, թե ով է լինելու այդ մարդը, և տվեցի Ռայ Քուդերի անունը: Իսկ նրանք զարմացած ինձ նայեցին ու ասացին, որ նա սոսկ կիթառահար է, մինչդեռ կոմպոզիտոր է անհրաժեշտ: Ես շատ էի ազդվել այդ մերժումից և ներողություն խնդրեցի Ռայից, որին արդեն նախնական հույս էի տվել: Ռային խոստացա, որ իմ սեփական ֆիլմն անելիս անպայման իր հետ եմ համագործակցելու, և այդպես էլ եղավ: Հենց Ռայ Քուդերը հեղինակեց «Փարիզ, Տեխաս» (1984թ.) ֆիլմի երաժշտությունն ու անմոռանալի հնչյունաշարը, որն էլ նրան մեծ ճանաչում բերեց:

Անտոնիոնիի հետ` ամպերից այն կողմ

Անտոնիոնին չէր կարողանում խոսել, և ոչ մի պրոդյուսեր չէր ցանկանում նրա հետ «գործ ունենալ»: 1995-ին` մինչ նկարահանում էինք «Ամպերից այն կողմ» ֆիլմը, հայտնվեց մի ֆրանսահայ, որը համաձայնեց ֆինանսավորել այս նախագիծը: Ինձ իրականում կանչել էին, որ վերահսկեի նկարահանումը և փոխանցեի Անտոնիոնիի ցուցումները: Նա երբեք չգիտեր, թե հատկապես ինչ է ուզում նկարահանել: Նա գալիս էր նկարահանման վայր, մի քանի րոպե ընկնում էր մտքերի մեջ և նկարահանելու հրահանգ էր տալիս: Ես ունեի կինոռեժիսորի` իմ պատկերացումները, թե ինչպես արժի նկարահանել տվյալ դրվագը: Նա միշտ սկզբից էր սկսում և հետևում էր հերթականությանը, ինչը որոշ առումներով այնքան էլ ճիշտ չէր: Ես երբեմն կարծում էի, թե նա հաստատ կխճճվի, բայց ի զարմանս ինձ, նա անհնարինն էր անում: Անտոնիոն կինոյի իսկապես մեծ վարպետ էր:

տատիկի զուգագուլպաները

«Ցանկության թևերը» նկարահանելիս ես բավական պատրաստված էի. ունեի տեղանքի շատ լուսանկարներ և դրանք փակցրել էի մի մեծ պատի վրա: Մեջտեղում սև գիծ էի քաշել, որ սահմանը չանցնեմ. ընդամենը 4 շաբաթ նկարահանելու բյուջե ունեի: Բայց ամեն օր այդ «սև գիծն» անցնում էինք, քանի որ ամեն օր մի քանի մտքեր էին ծնվում: Ես շատ լավ հասկանում էի, որ միայն Հենրի Ալեկանն է կարող նկարահանել այս ֆիլմը: Նա արդեն թոշակի էր անցել, բայց ես հաստատ որոշել էի միմիայն նրա հետ անել այս ֆիլմը: Գնացի նրանց տուն: Ինձ դիմավորեց նրա կինն ու ասաց, որ Հենրին վերջապես սպասված հանգստի է անցել: Հենրիին ասացի, որ ուզում եմ կինո նկարահանել, իսկ նա ասաց, որ ինքն այլևս չի աշխատում: Բայց հետաքրքրվեց, թե ինչ ֆիլմ է լինելու: Ասացի` անտեսանելի հրեշտակների մասին: «Անտեսանելի» բառը լսելուն պես տեղից վեր ցատկեց.

և Ի՞նչ, անտեսանելի՞: Ես համաձայն եմ:

«Անտեսանելի» բառն ամեն ինչ փոխեց: Հետո նա ձեղնահարկից մի հին ճամպրուկ բերեց, որի մեջ իր տատիկի հին զուգագուլպաներն էին` 50 տարվա «թարմության»: Մենք այդ զուգագուլպաները որպես ֆիլտր էինք օգտագործում: Հաճախակի օգտագործվելուց դրանք պատռվեցին, մենք չկարողացանք այդպիսի հին զուգագուլպաներ գտնել… Հենրին արտասվեց:

մոնտաժի վարպետը

2,5-ժամանոց ֆիլմիս ցուցադրությունից հետո ինձ մոտեցավ մի երիտասարդ ու ասաց, որ ինքը գիտի, թե ինչ պետք է արվի այս ֆիլմի հետ. այն անպայման պետք է մոնտաժել, քանի որ չափազանց երկար է: Իսկ ես մինչև այդ չէի համարձակվել իմ ֆիլմերը «կտրտել», կարծում էի` դրա իրավունքը չունեմ: Ֆիլմը մոնտաժվեց, դարձավ 100 րոպե: Նա կտրում էր ինձ դուր եկած կադրի հենց մեջտեղից, ես բղավում էի, փորձում խանգարել: Մենք միշտ վիճում էինք իրար հետ: Հետո պարզվեց, որ նա մոնտաժող չէ, այլ գերմանացի հայտնի մոնտաժողի օգնական, ժապավեններ համարակալելով է միայն զբաղվել և ոչ մի անգամ իրական մոնտաժ չի արել: Հիմա արդեն երկար տարիներ ընկերներ ենք, ու իմ գրեթե բոլոր ֆիլմերը նա է մոնտաժել: Նա իսկական վարպետ է:

կինոերաժշտություն

Իմ բոլոր ֆիլմերի ոգեշնչման աղբյուրը երաժշտությունն է եղել: «Բուենա Վիստա» ակումբի երաժիշտների մասին լսելով` որոշեցի անհապաղ մեկնել Հավանա և նրանց մասին վավերագրական կինո նկարահանել: Նրանց երաժշտությունն այնքան իրական ու թեթև էր, որ շատ բաներ հենց տեղում էինք հնարում: Այս հիանալի երաժիշտների մեջ հայտնված կինոօպերատորը, կարծես, նրանց մեղեդիների տակ էր պարում: Կինոխցիկը բավական ծանր էր. հանգստի ժամանակ նրանցից մեկը փորձեց այն վերցնել ու նկարահանել, բայց չստացվեց: Մենք էլ փորձեցինք նրանց գործիքներով նվազել, սա մեզ ավելի մոտեցրեց: Սակայն ինձ իսկապես երջանիկ զգացի, երբ նրանց ի վերջո վիզաներ տվեցին, և նրանք կարողացան մի քանի օրով լինել ԱՄՆ-ում ու ելույթ ունենալ Կարնեգի Հոլում: Իրական տոն էր: Նրանք առաջին անգամ էին ԱՄՆ-ում:

wim3

ինքնահաստատում

Օ՜հ, ամեն ինչ փոխվել է: Հիմա ինչ-որ առումով ավելի հեշտ է կինո նկարահանելը, որովհետև մեծ տեխնիկայի, թանկ կինոխցիկների կարիք չունես: Կարող ես հիանալի ֆիլմ նկարահանել HD կամ DV տեսախցիկով: Իսկ դժվար է, որովհետև շատ ֆիլմեր են հիմա նկարահանվում, և պետք է կարողանաս հաստատվել, հասկանալ, թե ինչ ֆիլմ ես ցանկանում անել: Ֆիլմ, որը կլինի միայն քոնը և ուրիշ ոչ մեկինը, որը կընդգծի քո ռեժիսորական անհատականությունը: Այս առումով տարիներ առաջ ամեն ինչ հեշտ էր, որովհետև այնքան էլ շատ չէին նկարահանվող ֆիլմերը, և հաստատվելու տեսանկյունից ամեն ինչ հեշտ էր:

սովորական ճամփորդը

Իմ հիմնական մասնագիտությունը ճամփորդելն է: Ես ինձ սովորական ճամփորդ եմ համարում, և դա ինձ դուր է գալիս: Երբ ես հոգնած եմ ու տանն եմ, ուրեմն գիրք եմ կարդում, երբ օդանավում, գնացքում կամ նավում եմ, ուրեմն ինչ-որ բանի մասին եմ գրում, տպավորություններս թղթին եմ հանձնում: Ճանապարհորդել նշանակում է միտքն ազատ արձակել: Ես աշխատում եմ շատ երկար ու շատ ինտենսիվ, ուստի շատ «առողջարար» է այդ վիճակից երբեմն դուրս գալն ու անծանոթ շրջապատից նոր տպավորություններ քաղելը: Մարդիկ այս աշխարհում իրենց տեղը չեն գտնում երևի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց համար նոր տարածքներ չեն բացահայտել. այդ պահից սկսած` նրանք լիարժեք են զգում իրենց:

եվրոպական կինո

Այսօր Եվրոպայում 50-ից ավելի ազգերից բաղկացած կինոպրոդյուսերական կենտրոններ կան, որոնց մի մասը տարեկան 5 ֆիլմ է թողարկում, մյուս մասը` 200… և այսպես շարունակ: Սակայն կարևորը քանակը չէ: Օրինակ` եթե ես որպես կինոբեմադրիչ կարողանամ ճիշտ զգալ Հայաստանի ժամանակի զարկերակն ու նկարեմ այնպիսի ֆիլմեր, որոնք մշակութային առումով միայն Հայաստանի պատմությանն են բնորոշ, մեծ բացահայտում կլինի: Եվրոպական կինոյի բացառիկությունն էլ հենց մեր տարածքն է, որովհետև մենք յուրահատուկ ֆիլմեր ենք անում, որ միայն մեզ հետ կարող են պատահել, որոնք բնորոշ են մեզ ու հենց այստեղ են տեղի ունենում: Հայաստանում ճամփորդելուս օրերին շատ հիանալի վայրերում եմ եղել, և տարածքով փոքրիկ այս երկիրն իմ սրտում մեծ տեղ ունի: Ալավերդին է տպավորվել իմ մեջ… Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց տպավորություններս «ճիշտ ընկալելու» դեպքում գուցե մի հետաքրքիր բան ստացվի…

կյանքը փոխելու դրդապատճառը

Մարդու կյանքը ժամանակ առ ժամանակ հավանաբար կրում է հենց կինոյի ազդեցությունն ու փոխվում: Կինոն ու երաժշտությունն իմ կյանքն էլ են փոխել: Երևի իմ ֆիլմերը շատ մարդկանց են փոխել, և կինո նկարահանելու ուրիշ, ավելի լավ դրդապատճառ ես չունեմ:

Հեղինակ` Արթուր Սուքիասյան
Լուսանկարները` Վահան Ստեփանյանի

newmag #09

Գրել կարծիք