Ինչ կլիներ, եթե … հայտնի կանանց կյանքն այլ կերպ դասավորվեր

Ինչ կլիներ, եթե … հայտնի կանանց կյանքն այլ կերպ դասավորվեր

Եթե Թետչերը չստանձներ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ, ՄԲ պատմության մեջ նա կդառնար առաջին կին-դագաղագործը:

«Իսկ եթե Ստալինը 1945 թվականի գարնանը որոշեր բացել Հարավային ռազմաճակատի նոր գիծ և Կարմիր բանակի հարավ-կովկասյան դիվիզիաները մտցներ Թուրքիա… Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո Խորհրդային Հայաստանի արևմտյան սահմանները մինչև ո՞ւր կտարածվեին, և այդ դեպքում Ղարաբադյան պատերազմը ինչ ծավալ կստանար 1990-ականներին»:

Այս մտավարժանքային հարցը կարող է խորին մտատանջության մեջ գցել յուրաքանչյուր 3-րդ հային: Այս հարցը հաստատ կծնի պատասխանների ճիշտ այնքան տարբերակ, որքան հայորդի ներգրավված կլինի բանավեճին: Պատմական իրադարձությունների հիպոթետիկ վերազարգացումները միշտ էլ բորբոքել են մարդու երևակայությունը:

newmag-ի առաջարկած «հետևանքային փոփոխություններն» ընթերցելիս ազատորեն մոգոնեք Ձեր սեփական տարբերակները: Եվ դա արեք ժպիտով, միայն ու միայն ժպտով:

Սաֆո

saphoԱնտիկ դարաշրջանի հույն պոետ: ժամանակակիցները նրան անվանում էին «Կրքոտ Սաֆո»: Ծնվել է Լեսբոս կղզում: Սաֆոն ընտանիք ուներ, դուստր և ամուսին, սակայն նա կորցրեց իր ընտանիքը և լիովին տրվեց պոեզիային: Նա իր ողջ կիրքը նվիրաբերեց Լեսբոսի կանանց, որոնք ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց հետ էին սիրո գավաթն ըմպում: Այս կղզու և նրա բնակչուհիների անունով էլ հետագայում կոչվեց կանանց համասեռական սերը:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Սաֆոն ընտանեկան կյանքի վաղ շրջանում չզրկվեր ամուսնուց և դստրիկից, իր հասունության տարիները հավանաբար կնվիրաբերեր հունական խոհանոցին, երեխաների հայրենանվեր դաստիարակությանն ու կղզում տարածված բամբասանքներին: Եվ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, չէր տրվի ցանկասիրական պոեզիային, որի շնորհիվ նա համաշխարհային գրականության մեջ մնաց որպես լեսբոսական կրքերի անզուգական սիրերգակ: Ուրեմն կարելի է ենթադրել, որ մի կնոջ ընտանեկան ողբերգությունը հետագա դարերի համար որոշեց կանանց միասեռական կապերի տեխնիկական անվանումը:

Շամիրամ

shamiramԱսորեստանի առասպելական թագուհի, Նինոսի կինը, որը խորամանկությամբ սպանեց իր ամուսնուն և տիրացավ նրա գահին: Նրա անվան հետ է կապվում աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ կախովի այգիների բուրաստանը: Նրա մասին բազմաթիվ առասպելներ կան: Շամիրամի մասին գրելիս Մովսես Խորենացին հիշատակում է Արա Գեղեցիկի հանդեպ նրա անպատասխան սիրո և անհագ կրքի առասպելը:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Արա Գեղեցիկն ընդուներ Շամիրամի «աշխարհաքաղաքական ամուսնության» առաջարկը, կդառնար Հայոց առաջին կիսաստվածը, որն առաջ կքաշեր փոխզիջումների գաղափարը: Նա կհամաձայներ Նվարդից բաժանվել այն պայմանով, որ Ասորեստանն ընդունի Արցախի ինքնիշխանությունն ու Հայաստանի հետ Շամիրամի ջրանցքով կապ ունենալու անհրաժեշտությունը: Ասորեստանն իր կողմից Հայաստանին կզիջեր Ատրպատականը, բայց ջրային կապ ունենալու պայմանով: Հայաստանն իր կողմից Ասորեստանին կզիջեր Վրաստանը, բայց Ջավախքի հետ ջրանցքային կապ ունենալու պայմանով: Այդպես Հայաստանը կդառնար 1001 ջրանցքների երկիր և Վենետիկից դարեր առաջ կսկսեր սուզվել ջրի տակ: Ջրի վրա կմնար միայն Արարատ լեռը, և հրեաները կսկսեին գրել համաշխարհային ջրհեղեղի պատմությունը: Եփրատն ու Տիգրիսը կվարարեին ու կքշեին-կտանեին Նինվեն, Բաբելոնն ու Բաղդադը: Երբ Հայաստանում ջրերը կներծծվեին, Արան ու Նվարդը կհայտնաբերեին, որ թշնամական Ասորեստանը ճպճպում է ջրի մեջ և վաղաժամ կործանվել է: Հազարամյակներ անց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը կլիներ ընդամենը հայկական բանասիրականի բաժին, Իրաքը կձևավորվեր ոչ թե Միջին, այլ Հեռավոր Արևելքում, և Սադամը կխուսափեր կախաղանից:

Կլեոպատրա

cleopatraՍերում էր մակեդոնյան հույներից: Նրա ճանապարհը դեպի գահ նախապես մտածված բարդ քայլերի փազլ էր: Դինաստիայի օրենքների համաձայն, նա պետք է ամուսնանար իր հարազատ (կրտսեր) եղբոր հետ: Այդպես էլ արեց, սակայն նրանց ամուսնությունը ձևական էր: Կլեոպատրայի որդու հայրը դարձավ մոլորակի ամենաանհասանելի տղամարդը՝ Հուլիոս Կեսարը: Եգիպտոսի 22-ամյա թագուհին N 1 հռոմեացու՝ 53-ամյա Կեսարի սիրտը գրավեց՝ նրա մոտ հայտնվելով գաղտնաբար, ստրուկի բերած պարկի մեջ: Կլեոպատրան մարմնավորել է կանացի հմայքն ու հնարամտությունը: Եղել է մեծ դիվանագետ, մաթեմատիկոս:

[ newmag-ի երևակայությունը ]

Կլեոպատրան առաջին անգամ հռոմեացի տեսավ 14 տարեկանում, իր ապագա ամուսինն էր՝ Հերկուլեսի պես առնական ու գեղեցիկ Անտոնիոսը: Կլեոպատրան նրան նկատեց իր հոր ապարանքում կազմակերպված ընդունելության ժամանակ: Բայց երիտասարդ զորավարն ուշադրություն չդարձրեց Կլեոպատրայի վրա, քանի որ նրան ձգում էին հասուն կանայք: Այս պահից սկսած Կլեոպատրան կարող էր ընկնել դեպրեսիայի մեջ: Եթե նա պարզեր, որ իր քիթը ոչ այնքան տպավորիչ է, որքան՝ մեծ, հավանաբար որոշեր վիրահատել այն: Բայց դե մեզնից 2000 տարի առաջ արված վիրահատությունն ի՞նչ պիտի լիներ: Բնականաբար ամեն ինչ անհաջող կանցներ, և լեգենդար թագուհին կմահանար վիրահատական սեղանին: Ուրեմն նա տարիներ անց չէր հանդիպի իր ապագա ամուսիններից և ոչ մեկին, աշխարհը կկորցներ ամենագեղեցիկ առասպելական պատմությունների մի ամբողջ շարք, իսկ տարիներ անց ստրուկի բերած չարաբաստիկ թունավոր օձն էլ զամբյուղում թաքնված կմնար հավանաբար մինչև մեր օրերը՝ որպես չիրականացած ինքնասպանության իրեղեն ապացույցի չորացած կաշի:

ժաննա Դ՛արկ

jannaԴեռ մանուկ հասակում լսում է Սբ. Մարգարիտայի և Սբ. Եկատերինայի ձայները, որոնք նրան հայտնում են, որ հենց ինքը պետք է Ֆրանսիան փրկի անգլիացիների արշավանքից: ժաննան լքում է տունը: Նա հասնում է իր նպատակին, հանդիպում է Ֆրանսիայի թագաժառանգին և շուտով ֆրանսիական զորքի գլուխ կանգնում: Նա հաջողում է ազատագրել Օռլեանը, ինչից հետո ժաննային նաև անվանում էին Օռլեանի Կույս: ժաննան մի շարք կարևորագույն հաղթանակներ է տոնում: Սակայն 1430թ. նրան գերի են վերցնում: 1431-ին ժաննայի դեմ հավատաքննչական 2 գործ է հարուցվում, և նրան՝ որպես հերետիկոսի ու կախարդուհու, այրում են կրակի վրա: Հռոմի պապ Բենեդիկտոս 15-րդը 1920 թվականին կանոնիկացնում է ժաննային՝ դասելով սրբերի շարքը:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Ժաննան 1429 թվականին իր փարիզյան արշավանքն ավարտեր ոչ թե անհաջողությամբ, այլ հաղթանակով, նրա հեղինակությունն առավել կաճեր, և կաթոլիկ եկեղեցին նրան կսրբացներ դեռ կենդանության օրոք: Դրանից մի փոքր անց ժաննան հավանաբար կհայտարարեր, որ Ֆրանսիայի ժողովրդի փրկիչը՝ ի՛նքը, պետք է գլխավորի Հռոմի կաթոլիկ եկեղեցին, և ինքն էլ կօծվեր Հռոմի պապ: Նա Պողոս առաքյալի սրբազան գահը կտեղափոխեր Փարիզ՝ դառնալով Փարիզի պապ: Այդպիսով վերջ կդրվեր Վատիկանի հազարամյա իշխանությանը, և կաթոլիկ եկեղեցին կսկսեին գլխավորել միանձնուհիները:

Եկատերինա Մեծ (Սոֆիա Ֆրեդերիկա Ավգուստա Անգալտ-Ցերբստկայա)

catherine-the-great-1-sizedՌուսաստանի կայսրուհի: Մեծացել է ոչ հարուստ ընտանիքում: Ուսումն ստացել է տանը: Ռուս կայսրուհու՝ Ելիզավետա Պետրովնայի հրավերով Սոֆիան ժամանում է Ռուսաստան: Այստեղ նա ամուսնանում է թագաժառանգ Պետրոս Երրորդի հետ: Ռուսաստան գալուն պես սկսում է ռուսերեն սովորել: Ամուսնությունից մեկ օր առաջ կնքվում է ռուս ուղղափառ եկեղեցում՝ ստանալով Եկատերինա անունը:

[ newmag-ի երևակայությունը ]

Եկատերինա Մեծը որոշում է չկուտակել իր նշանավոր հավաքածուն, որի շնորհիվ հետագայում պետք է հիմնվեր էրմիտաժը: Նրան այլևս չի հետաքրքրում Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ 2-րդի հետ թեժ մրցակցությունն արվեստի եզակի գործեր ձեռք բերելու ոլորտում, մինչդեռ Եկատերինայի ամբարած յուրաքանչյուր նոր գլուխգործոց Ռուսական կայսրության հզորության ևս մեկ ապացույց էր: Այս ամենից արդեն իսկ պարզ է, որ էրմիտաժը, գուցե մեկ այլ անվամբ, կհիմնադրվեր Պրուսիայում (կամ, ասենք, Վարշավայում): Էրմիտաժի չգոյությունը կհանգեցներ Սանկտ Պետերբուրգի չգոյության, քանի որ որևէ մեկը չի կարող Պետրոս Մեծի քաղաքը պատկերացնել առանց էրմիտաժի: Այսինքն՝ Պետերբուրգի դերը կստաևձներ Վարշավան, որը բոլշևիկները կվերանվանեին Լենինգրադ, որն էլ տարիներ շարունակ բլոկադայի կենթարկեին ֆաշիստները: «Իտալացիների անհավանական արկածները» ֆիլմը կնկարահանվեր Վարշավայում, 20-րդ դարի ավարտին, և 21-ի սկզբին պետերբուրգյան մաֆիան կլիներ վարշավյան մաֆիա, Լեհաստան խոպան գնացած հայերն էլ Վարշավայում իրենց կզգային ինչպես Պետերբուգում, էրմիտաժը կդառնար «նատոյական մարգարիտ», Պուտինն էլ կլիներ վարշավցի ու, դառնալով ՌԴ նախագահ, անծայրածիր Ռուսաստանը կմիացներ Լեհաստանին, որի դրամը կդառնար ռուսական ռուբլին: Եվրոն կարտամղվեր Լեհաստանից և կհալածվեր մինչև Պորտուգալիա:

Մադամ Տյուսո (Օրիորդական ազգանունը’ Մարիա Գրոսհոլց)

Marie TussaudՄոմե արձանների թանգարանի հիմնադիրը: Նա մոմե արձաններ պատրաստող բժիշկ Կյորտիսի աղախինն էր և նրանից էլ սովորեց այդ արվեստը: Առաջին աշխատանքը Ժան Ժակ Ռուսսոյի մոմե արձանն էր: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա ստեղծեց թագավորական ընտանիքի մոմե դիմակները (հետմահու): Բժշկի մահից հետո նրա ողջ հավաքածուն անցավ Տյուսոյին: Մոմե արձանների առաջին մշտական ցուցահանդեսը կազմակերպվել է 1835 թվականին, Լոնդոնի Բեյքեր սթրիթում:

[ newmag-ի երևակայությունը ]

Սկզբում նա միայն պատրաստում էր մոմե արձաններ: Բայց հեղափոխությունից հետո սկսում է մումիֆիկացնել իր հերոսներին: Մի քանի տարի անց նրա հավաքածուն մեծ համբավ է ձեռք բերում, և Լոնդոնում սկսում է գործել մումիայի որսորդների ընդհատակյա ջոկատ: Չսափրված բանդիտները գիշերները հետապնդում էին հայտնի մարդկանց ու սպանում հենց տան շքամուտքում: Մադամը նրանցից մարմինները գնում էր ինքնարժեքով, բայց չհաջողված էքսպոնատները՝ որպես Թութանհամոևի մումիա, վերավաճառում էր եռակի թանկ: Լենինի առեղծվածային մահից հետո մոլորակի վրա հայտնվում է մեծ առաջնորդի միանգամից 3 մումիա, մեկը՝ Դամբարանում, մյուսը՝ Թանգարանում, իսկ երրորդը՝ Ապարանում: 21-րդ դարում արդեն բոլոր հայտնի մարդիկ երազում են «ամփոփվել» Տյուսոյի թանգարանում: Մոսկվայի հայ գործարարները ձեռք են բերում թանգարանն անհատույց ենթավարձակալելու իրավունքը և կազմակերպում են պատմական հերոսների ամենամյա միջազգային ցուցահանդես-վաճառք:

ԺորԺ Սանդ (Ավրորա Դյուդևան)

sandՀանրահայտ գրող, բազմաթիվ վեպերի հեղինակ: Նրա կյանքը լի էր վառ և յուրօրինակ դեպքերով: Աշխարհում ամենից շատ գնահատում էր ազատությունը: Բայց դա նրան չխանգարեց սիրեցյալներ ունենալ, որոնց մեջ էին պոետ Ալբեր Մյուսսեն և երգահան Ֆրեդերիկ Շոպենը: Կանացի թանկ զգեստների փոխարեն նա կրում էր տղամարդու տաբատ, որը նրան հնարավորություն էր տալիս զգալ և վայելել ազատությունը: Տղամարդկանց գրավում էին նրա ինտելեկտն ու կյանքի սերը:

[ newmag-ի երևակայությունը ]

ԺորԺ Սանդը և Շոպենը հաճախ էին հյուր գնում հունգարացի կոմպոզիտոր Լիստին: Եթե իրենց հերթական այցին նրանք որոշեին մնալ և ապրել Լիստենց տանը, զգայուն ու շուտ տպավորվող Ֆրեդերիկն ամենայն հավանականությամբ կսիրահարվեր ԺորԺ Սանդին և իր լեգենդար «Հունգարական երկրորդ ռապսոդիայի» փոխարեն կգրեր «Ֆրանսիական առաջին ռապսոդիա» ակկորդեոնի համար: Ու քանի որ բոլորն իրար հետ ապրելիս կլինեին, «հունգարական ընտանիք» հասկացությունը կտարածվեր աշխարհում, և տարիներ անց շրջանառության մեջ չէր մտնի «շվեդական ընտանիք» բառակապակցությունը: Տաքարյուն շվեդները չէին համակերպվի այս պատմական անարդարությանը և սրբազան պատերազմ կհայտարարեին Հունգարիայիև: Սակայն հունգարա-շվեդական ազգամիջյան բախումներին վերջ կդներ Հունգարիայի միացումը ՆԱՏՕ-ին, և Լիստի ու Շոպենի անունները պարզապես կհայտնվեին պատերազմի հրձիգների սև ցուցակում:

Վիկտորյա թագուհի

queen-victoriaՆա մի ողջ գերտերության՝ Մեծ Բրիտանիայի, Իռլանդայի և Հնդկաստանի թագուհին էր: Հետագայում տիտղոսների շարքին ավելացավ ոչ պաշտոնական ևս մեկը՝ Եվրոպայի տատիկ: Նա գահակալել է մոտ 63 տարի: Այդ ժամանակաշրջանը կոչվեց նրա անուվ՝ վիկտորյանական դարաշրջան, որը արդյունաբերական հեղափոխության և Բրիտանական կայսրության հզորության դարաշրջանն էր:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Վիկտորյա թագուհին չկարողանար երեխաներ ունենալ, բրիտանական միապետությունը կվերանար աշխարհի երեսից՝ թագաժառաևգի բացակայության պատճառով: Միապետական Բրիտանիան կդառնար հանրապետական Բրիտանիա: Վիկտորյա թագուհու հեռավոր զարմիկ Եկատերինայի՝ այժմ Մեծ Բրիտանիայի թագուհու անունը կջնջվեր հանրագիտարաններից: Մարգարետ Թետչերը կդառնար Մեծ Բրիտանիայի առաջին կին նախագահը: Արքայազն Չարլզը չէր ամուսնանա Լեդի Դիաննայի հետ: Լեդի Դին էլ չէր վախճանվի, բայց նրա մասին ոչ ոք ոչինչ չէր իմանա:

Ելենա Բլավատսկայա (օրիորդական ազգանունը՝ Ելենա ֆոն Գան)

blavatskaya_1Կին մտածող, թեոսոֆիկ շարժման հիմնադիր: Ելենան փոքր էր, երբ վախճանվեցին նրա ծնողները: Նրան մեծացրել են տատիկն ու պապիկը, որոնք Րյուրիկովիչների թագավորական դինաստիայից էին սերում: Բլավատսկայան ամուսնանում է Երևանի փոխնահանգապետի հետ: Սակայն այդ ամուսնությունը ձևական էր: Երեք ամիս անց նա լքում է ամուսնուն և մեկնում Արևելք՝ ճամփորդի էքստրավագանտ կյանք վարելու: Միստիկային վերաբերող փիլիսոփայական ուսմունքներով հետաքրքրված՝ նա մեկնում է Տիբեթ և հիմնում «Ոգեհմայության խմբավորումը»: Բլավատսկայան փորձում էր միաձուլել կրոնն ու փիլիսոփայությունը և կոչ էր անում պայքարել մոլեռանդության բոլոր դրսևորումների դեմ: Նրա համոզմունքն էր, որ ճշմարտությունից բարձր կրոն չկա:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Ելենա Բլավատսկայան իր ուսմունքին գումարեր նաև իր տեսիլքները, հավանաբար կանխագուշակեր, որ «շուտով ծնվելու է սատանորդին, որը մարդկությանը մեծ կործանում է բերելու»: Ելենան գուցե զառանցեր դժոխքի ծնունդի «փոքրիկ բեղերի», «նյարդային շարժումների», «եֆրեյտորական արտաքինի» մասին, որոնցով հնարավոր կլինի ճանաչել ապագա բռնապետին: Այդ նկարագրություններով կկազմվեր ֆոտոռոբոտը, որը կտպագրվեր մեծ տպաքանակով ու կտարածվեր աշխարհով մեկ: Տպավորիչ լուսանկարների մի շարք էլ կփակցվեր Մյունխենի գարեջրատների պատերին: Այդ դեպքում Հիտլերին կձերբակալեին բավարական գարեջրի գավաթը ձեռքին, և նրա կարիերային վերջ կտրվեր իր իսկ որջում: 2-րդ համաշխարհային պատերազմը կհետաձգվեր անորոշ ժամանակով: Մարշալ Բաղրամյանը Հայրենական պատերազմի հերոս չէր դառնա: Երևանի Բաղրամյանի պողոտան չէր կոչվի նրա անունով: Հայաստանում Ամերիկյան համալսարանի դիմաց կդրվեր Վարդան Մամիկոնյանի 2-րդ արձանը, և Բաղրա- մյան-Պռոշյաև խաչմերուկի անցորդների համար ներքևից կբացվեր շատ անախորժ տեսարան: Երևանում կսկսվեին արձանագործական էսթետիզմի նվիրյալների բողոքի ցույցեր, երթեր, նստացույցեր, հացադուլներ՝ Վարդան Մամիկոնյանի 2-րդ արձանը գոնե Առլյո Բաբաջանյանի արձանով փոխարինելու պահանջով:

Կլարա Ցետկին (օրիորդական ազգանունը՝ էյսներ)

Klara_Tsetkinժամանակի հայտնի քաղաքական գործիչ, գերմանական և միջազգային կոմունիստական շարժման գործիչ: Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր, կանանց իրավունքների ակտիվ գործիչ: Կլարան կարողացավ ընտանիք ստեղծել՝ չնայած իր ողջ ուժն ու եռանդը տալիս էր քաղաքական պայքարին: Ամուսինն, իհարկե, հեղափոխական էր: Կլարան երկու երեխայի մայր էր: Համարվում է, որ նա է կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի գաղափարի հեղինակը:

[ newmag-ի երևակայությունը ]

Մարքսը խիստ խանդում էր էնգելսի կնոջը, իսկ էնգելսն անտարբեր էր Մարքսի կնոջ հանդեպ, և նրանց բախումները վերածվում էին ընտանեկան լուրջ լեզվակռիվների, որոնց միջամտում էին ամենամոտ հարևանները, քանի որ ցանկանում էին գիշերները հանգիստ քնել: Եթե հարևանները չմիջամտեին, Մարքսը հավանաբար կդանակահարեր էնգելսին և կնստեր մարդասպանության համար ու չէր հասցնի գրել «Կապիտալը»: Այդ դեպքում նոր գաղափարախոսության հիմնադիրներ կդառնային Կլարա Ցետկինը և Ռոզա Լյուքսենբուրգը, որոնք իրենց ամուսիններին չէին խանդում: Բնական է, որ մարքսիզմի փոխարեն կտարածվեր «ցետկինիզ- մը»: Եվ 20-րդ դարի հայկական անունների շարքում Մելսի ու Կառլենի փոխարեն կտարածվեին ԿլաՑեՌոզ, Լյուքս Լեն, ԼյուՑեԼեն, ՑետԼեն, ԿլաՑեԼենՍտալ անունները:

Մարի Սկլադովսկա-Կյուրի

marieՀանրահայտ ֆիզիկոս և քիմիկոս Պիեռ Կյուրիի կինը: Նրանք միասին էին աշխատում և միասին էլ հիմնել են Կյուրիի անվան ինստիտուտը Փարիզում ու Վարշավայում: Ամուսինները բացահայտել են ռադիում և պոլոնիում քիմիական տարրերը: Նա դեռ մանկուց առանձնանում էր իր աշխատասիրությամբ և ջանասիրությամբ: Մինչև Փարիզ մեկնելը մի քանի տարի եղել է դաստիարակչուհի: Եվ միայն 24 տարեկանում քրոջ օգնությամբ նրան հաջողվել է մեկնել Փարիզ, որտեղ ավարտել է Սորբոնի համալսարանը, նա Սորբոնի առաջին կին դասախոսն էր: Արժանացել Է Նոբելյան մրցանակի:

[ newmag-ի երևակայությունը ]

Պիեռ Կյուրին ուրանով սրվակը միշտ պահում էր ծոցագրպանում, բայց մահացավ ավտովթարից: Իսկ Մարի Կյուրին, որը նույնպես կրծքի տակ էր պահում ուրանի սրվակը, մահացավ սպիտակարյունության պատճառով: Եթե նրա կանացի բնազդը հուշեր, որ իր վատառողջությունը ռադիոակտիվ տարրերից է, հավանաբար հրաժարվեր իր կարիերայից և ռադիոակտիվ տարրերի հայտնագործումը հայտարարեր հակագիտական: Եվ միջուկային զենքն էլ չէր հայտնագործվի: Հետևաբար չէին լինի ո՛չ Հերոսիման ու Նագասակին, ո՛չ Կարիբյան ճգնաժամը, ո՛չ էլ ԱՄՆ-Իրան այժմյան միջուկային թնջուկը: Նույնիսկ Սադամը գուցե առայսօր լիներ ողջ-առողջ և անկախ՝ մնալով Միջին Արևելքի ամենաստաժավոր դիկտատորը: Իսկ Մեծամորի ատոմակայանի տեղում այսօր գուցե լիներ Հայաստանի ու տարածաշրջանի ամենամեծ տոնավաճառը:

Մատա Հարի (Գրետա Զելեն)

Mata_HariԿին-լեգենդ, 20 դարի սկզբի գաղտնի գործակալ: Նա նաև հայտնի էր իր կրքոտ արևելյան պարերով: Մինչև օրս նրա անունը պարուրված է հակասական որակումներով: Ոմանք խոսում էին նրա տաղանդի մասին, ոմանք էլ պնդում, թե այնքան միջակ էր պարում, որ նրան չընդունեցին ժամանակի հանրահայտ Դյագիլևի պարախումբ: Լրտեսության մեղադրանքները նրան ընդհուպ մոտեցրին գնդակահարության պատին, և նա իր մահկանացուն կնքեց որպես Գերմանիայի ու Ֆրանսիայի երկակի գործակալ:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե 29-ամյա Մարգարեթ Գերտրույդ Զելլեն 1905թ. մարտի 13-ին գեթ մեկ վայրկյան տատանվեր և Փարիզի հռչակավոր թանգարաններից մեկում՝ «Մյուզե գիմե» կոչվող արևելյան արվեստների թանգարանում չգնար վճռական քայլի, Փարիզը, Ֆրանսիան և աշխարհն այդպես էլ չէին ճանաչի Մատա Հարիին, ու 20-րդ դարը կզրկվեր իր մեծագույն առասպելներից մեկից: «Մատա հարի» նշանակում է «վաղորդյան արշալույսի աչք». Նիդեռլանդների գավառներից Փարիզը նվաճելու եկած գեղեցկուհուն այս անունով «կնքեց» թանգարանի հիմնադիր-կոլեկցիոները, երբ Մարգարեթը համաձայնեց պատկառելի այցելուների համար պարել թանգարանի ցուցանմուշների արանքում: Բայց… Մատա Հարին չէր պատրաստվում դառնալ հերթական էքսպոնատ: Ճապոնիայի և Գերմանիայի դեսպանների ու այլ բարձրաշխարհիկ հյուրերի աչքի առջև նա սկսեց աստիճանաբար ազատվել պարային զգեստներից և մնաց միայն մարգարտե պարանիկով ու ապարանջաններով: Այն օրերում մերկապարն իսկական սենսացիա էր: Նույն օրը երեկոյան ողջ Փարիզը միայն Մատա Հարիի մասին էր խոսում, ամբողջ Ֆրանսիան արդեն հայտնվել էր նրա ոտքերի տակ:

Ալեքսանդրա Քոլլոնթայ (Դոմոնտովիչ)

alexandraԱռաջին կին-դեսպանը համաշխարհային պատմության մեջ: ԽՍՀՄ տնտեսական շահերը ներկայացրել է Նորվեգիայում՝ 1923 թվականից, Մեքսիկայում՝ 1926-ից, 1927-ից՝ լիազոր ներկայացուցիչ էր Նորվեգիայում, 1930-45թթ. ԽՍՀՄ դեսպանն էր Շվեդիայում: Այս կինը բոլոր դիվանագետներին հիացնում էր իր հռետորական փայլուն տաղանդով: Չափավոր հեղափոխական էր և խելամիտ քաղաքական գործիչ: Շվեդիայում նրա մասին գրում էին. «Արտակարգ և լիազոր դեսպան – արտակարգ և ամենազոր դիվանագետ…»: Նրա անունով է կոչվում 2467 Kollontai փոքրիկ մոլորակը:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե ռուս-ֆիննական խաղաղության պայմանագիրը կնքելու ժամանակ Քոլլոնթային ֆիննական օղի առաջարկեին՝ ակնարկելով, որ այն լավագույն օղին է աշխարհում, և եթե Ալեքսանդրան դրանից վիրավորվեր մինչև հոգու խորքը՝ կարծելով, թե ռուսական օղուց լավը չկա, ու արարողության ընդմիջմանը շիֆրոգրամմա ուղարկեր Ստալինին՝ ֆիններին մեղադրելով «ոգելից նացիոնալիզմի» մեջ, ու եթե Ստալինը զայրանար՝ ինչպես միայն ինքը կարող էր զայրանալ, ապա հավանաբար Մոսկվան պատերազմ կհայտարարեր ֆիններին՝ խաղաղության պայմանագիրը կնքելու ընթացքում: Դրանից հետո Կարմիր բանակը կարշավեր Սկանդինավյան թերակղզի՝ հրի մատնելով Ֆինլանդիայի անտառները, լճերը և նույնիսկ սառցադաշտերը: Արդյունքում՝ Ֆինլանդիան կվերածվեր հյուսիսային մոխրակույտի, ֆինները որպես ազգ կվերանային աշխարհի երեսից, և «Եվրատեսիլ-2006» մրցույթին «Լորդի» ռոք-խումբը ֆիզիկապես ներկա չէր լինի, հետևաբար Անդրեն էլ կգրավեր ոչ թե 8-րդ, այլ 7-րդ տեղը:

Գաբրիել Բոներ Շանել (Կոկո Շանել)

855-820-րդ դարի նորաձևության պատմության մեծագույն դեմքերից մեկը: 18 տարեկանում խանութում վաճառող էր, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում: Շատ էր սիրում «Կո Կո Ռիկո» երգը, որի համար նրան սկսեցին կոչել Կոկո: 1919-ին Շանելի մոդելները կրում էին ամբողջ աշխարհում: Նա նաև փոքրիկ սև զգեստի հեղինակն էր, այն զգեստի, որը ամեն կին պետք է ունենա զգեստապահարանում:

[ newmag-ի երևակայությունը ]

20-ականներին Կոկոն ընկերանում է Սալվադոր Դալիի հետ, ընկնում նրա ազդեցության տակ, սկսում է աշխատել հիմնականում վառ գույներով: Մի քանի տարի հետո Դալին բացում է հագուստի դիզայներական տուն և դառնում հայտնի մոդելավորող: 60-ականներին սկսվում է հիպիական շարժումը, սակայն խեղճ հիպիները չեն կարողանում գունավոր շորեր հորինել, քանի որ Շանելն արդեն դրել էր այդ կարգի շորերի մեծ արտադրություն: Հիպիներն էլ հարկադրված սկսում են սև շորեր հագնել, իսկ իրենց կարգախոսներն էլ, որոնք վերաբերում էին ծաղիկների, սիրո ու գույների կոնցեպտին, վերանում են: Ամենահայտնի «Flower power»-ը (Ծաղկի ուժը) դառնում է «Black power» (Սևի ուժ): Այս ամենին տարակուսանքով հետևող սևամորթները նեղսրտում են հիպիների ոտնձգությունից, և աֆրիկյան հայտնի «Սև հովազներ» շարժումը վերանվանվում է «Սպիտակ ռնգեղջուրներ»: Ի պատասխան՝ ռուսները Սև ծովը կոչում են Գունավոր ծով: Սա դուր չի գալիս թուրքերին, բայց շատ է դուր գալիս հոլանդացիներին, որոնք զանգվածաբար տեղափոխվում են Ղրիմի թերակղզի: Կերչը դառնում է Կարմիր լապտերների նեղուց, որից հյուսիս ու հարավ սկսում են տարածվել գունավոր հեղափոխությունները: Իսկ դալտոնիկ Սադամին, չգիտես ինչու, կախում են…

Աննա Ախմատովա (Գորենկո)

Anna AkhmatovaՌուս մեծագույն պոետների պլեյադայիև պատկանող այս կինն անցել է ստալինյան դարաշրջանի ողջ սարսափի միջով: Նրա ամուսնուն՝ Նիկոլայ Գումիլյովին, երեք անգամ ձերբակալել են: Վախճանվել է աքսորավայրում: Նրա գիտնական, արևելագետ որդին մոտ 10 տարի անցկացրել է ստալինյան ճամբարներից մեկում: Ախմատովան ճանաչված պոետ էր, սակայն նրա ստեղծագործություններն արգելված էին: Այդ արգելքը գործում էր նույնիսկ մահից հետո՝ մոտ քսան տարի: Նա ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև հիանալի արձակագիր, գրականագետ և թարգմանիչ:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Ախմատովան չմահանար, զառամյալ պոետեսան կմտներ «Գինեսի ռեկորդների» գիրք՝ որպես մոլորակի ամենատարեց հանճար: Ախամատովայի անունով կկոչվեին Ռուսաստանի բոլոր քաղաքների պուրակները, ծառուղիները, այգիները: ՌԴ կառավարությունը Ախմատովայի հետ կկնքեր «դարի պայմանագիր», որով կսահմանվեր Ռուսաստանի էկոլոգիական այն դրույթը, ըստ որի՝ Աննայի կյանքի յուրաքանչյուր նոր տարի Ռուսաստանում կտնկեին հերթական անտառը: Ըստ այդմ՝ 3009 թվականին՝ Ախամատովայի ծննդյան 1120-ամյակին, Ռուսաստանը կդառնար մի մեծ անտառ բաց երկնքի տակ, և ՌԴ կառավարությունն ստիպված կլիներ սահմանափակել Ախմատովայի կյանքի տարիների քանակը՝ արդյունաբերական երկրի կարգավիճակը վերջնականապես չկորցնելու համար: Գերզառամյալ Ախմատովան, ըմբոստանալով այս որոշման դեմ, կրկին կանցներ այլախոհների շարքը և իր մահկանացուն կկնքեր աքսորավայրում:

Ագաթա Քրիստի (Ագաթա Մերի Կլարիս Միլլեր)

agathacԴետեկտիվ վեպերի հեղինակ: Առաջին համաշխարհայինի տարիներին եղել է բուժքույր: Պատրաստվում էր դեղագործ դառնալ, աշխատում էր դեղատանը: Հենց այնտեղ էլ նա բովանդակ տեղեկություններ էր քաղում իր վեպերում այդքան վարպետորեն հիշատակվող թույների մասին: Առաջին ամուսնությունն անհաջող էր: Երկրորդ ամուսնությունը՝ հնագետ Մաքս Մելոուենի հետ, Ագաթային բերեց ընտանեկան երջանկություն: Մաքսը Թագավորական պատմական միության հայտնի գիտնականներից էր, իսկ Ագաթան՝ նրա համեստ կինը: Մինչդեռ Գրողների Ակումբում Մաքս Մելոուենն ուղղակի իր հայտնի կնոջ ամուսինն էր:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Ագաթային աշխատանքի չընդունեին դեղատանը, նա հավանաբար իր կարիերան կաներ հոգեբուժարանում և կսկսեր տեղեկություններ ու գիտելիք կուտակել հոգեբուժության բնագավառում: Եվ երեկոյան հերթապահությունների ժամանակ կգրեր ոչ թե դետեկտիվ վեպեր, այլ սիրային նովելներ: Նրա գլխավոր հերոսները կլինեին հոգեկան հիվանդներ: Նրա ամենահայտնի գործում կմեկտեղվեին միսս Մարփլը և Պուարոն, երկուսն էլ կտառապեին «անձի երկփեղկում» կոչվող հիվանդությամբ: Հերոսուհին կսիրահարվեր Պուարոյի միանգամից 2 անձերին և չէր կարողանա ընտրություն կատարել: Իսկ Պուարոյի մի «ես»-ը երկար ժամանակ չէր իմանա, որ 2-րդ «ես»-ը գաղտնի դավաճանում է միսս Մարփլի 1-ին «ես»-ին: Կստացվեր այնպիսի մելոդրամա, որը նկարահանել կկարողանար միայն Բյունուելը: Իսկ Ագաթան կյանքի վերջին 10 տարիները կանցկացներ գովազդային սցենարներ գրելով, որոնք Կաննի գովազդային փառատոնում միշտ 1-ին տեղը կգրավեին «ոչ ստանդարտ սցենարների» անվանակարգում:

Աստրիդ Աննա Էմիլյա Լինդգրեն

Lindgren-protestՄանկական բազմաթիվ գրքերի հեղինակ: Նա միշտ ասում էր, որ իր մանկությունը շատ երջանիկ է անցել և ոգեշնչման աղբյուր է եղել իր արվեստի համար: Երբևէ անտարբեր չի եղել մարդկանց ճակատագրերի հանդեպ ու մասնակցել է հասարակական կյանքին: Շվեդական գրական կյանքը և դաստիարակչական նորմերը ցնցելով արդեն իսկ իր «Երկարագուլպա Պեպպին» (1945թ.) գրքով՝ նա շվեդ հասարակության ուշադրությունը բևեռեց մանուկների առանձնահատուկ ներաշխարհի վրա: Այժմ շվեդներն ավելի ու ավելի բարձրաձայն են խոսում Լինդգրենին Նոբելյան մրցանակի արժանացնելու մասին: Բայց մանկական գրողներին այդ մրցանակը երբեք չեն շնորհել:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե «Փոքրիկը և Կարլսոնը, որն ապրում էր տանիքում» (1955թ.) գիրքն առաջին անգամ լույս տեսներ ոչ թե Շվեդիայում, այլ Վրաստանում՝ վրացերեն թարգմանությամբ, Լինդգրենը հավանաբար մեծ ճանաչում չէր ստանա իր հայրենիքում: Փոխարենը Թբիլիսիում նա հայտնի կլիներ Աստրիդա Լինդգրենաձե անվամբ: Սովետական գրաքննադատությունը նրան կմեղադրեր վրացի մանուկների շրջանում բուրժուական բարքեր սերմանելու մեջ: «Գռուզինսկի կոմսոմոլեց» թերթը կպահանջեր, որ Լինդգրենաձեն հրաժարվեր Կարլսոնի պրոպելլերից և նրան հագցներ կինտոյի շորեր, տանիքից իջեցներ Քուռի ափ և դարձներ ոչ թե մուրաբայի սիրահար, այլ սացիվիի գուրման: Վրաստանի «Կոմունիստ» թերթը կպահանջեր նրան հեռացնել Վրաստանի գրողների միությունից, Վրաստանի մանկավարժական ինստիտուտի պրոֆեսուրան էլ խստիվ կպահանջեր նրան արտաքսել Սալավկի: Սալավկիում նա կմիանար դիսիդենտների բանակին, կդառնար Սոլժենիցի և Սախարովի գաղափարական զինակիցը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանի Գրողների միությունը նրան կներկայացներ Նոբելյան մրցանակի, որը նա կստանար «Վարդերի հեղափոխության» նախօրյակին:

Մայր Թերեզա (Ագնես Գոնջա Բոյաջիու)

Mother-Teresa-and-the-Express-NovenaԴեռ կյանքի օրոք նրան արդեն սուրբ էին համարում: Դաժան 20-րդ դարում նա գթասրտության խորհրդանիշն էր: Ծնվել է 1910-ին, ալբանացիների ընտանիքում, Սկոպյե քաղաքում, որն այժմ Մակեդոնիայի մայրաքաղաքն է: 1979-ին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին: Ստացած գումարը նվիրաբերել է աղքատների համար կացարաններ կառուցելուն: Մայր Թերեզան 1988-1989թթ. հիմնել է իր Գթասրտության միաբանությունը Մոսկվայում, Երևանում և Սպիտակում:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե ալբանական ընտանիքից սերված Մայր Թերեզան 1910 թվականի օգոստոսին ծնվեր ոչ թե Սկոպյեում, այլ ալբանական բնակչություն ունեցող մեկ այլ քաղաքում, ասենք՝ Պրիշտինայում, ապա 4 ամսական չդարձած՝ զոհ կդառնար սերբական էթնիկ զտումներին, որոնք Պրիշտինայում հանգեցրին 5000 ալբանացի առնաուտների՝ հիմնականում կանանց ու մանուկների կոտորածի: Եվ մեր մոլորակը կզրկվեր 20-րդ դարի մեծագույն հումանիստ կնոջից՝ նույնիսկ պատկերացում չունենալով, թե ինչ կորուստ է ունեցել: Իսկ կարելի՞ է պատկերացնել, թե քանի-քանի մայրթերեզաներ են մանկական բարուրում սրի քաշվել այլ ցեղասպանությունների ժամանակ:

Վանգա

baba-vanga20-րդ դարի հռչակավոր գուշակ: Ծնվել է 1911 թ: Կուրացել է 12 տարեկանում, երբ պտտահողմը նրան վայր էր գցել դաշտում և ծածկել հողով: Մինչև համաշխարհային համբավ ձեռք բերելը նա նույնիսկ ձերբակալվել է Ստալինի մահը կանխագուշակելու պատճառով: Կես տարի անց Ստալինը վախճանվում է, և Վանգան ազատվում է բանտից: Երկրորդ համաշխարհայինի տարիներին նույնիսկ Հիտլերն է այցելել նրան: Թեև հայտնի չէ, թե նա ինչ է ասել Հիտլերին, բայց Ադոլֆը շատ դժգոհ է հեռացել նրանից: Վանգային բազմիցս գաղտնի այցելել են աշխարհի մեծանուն քաղաքական գործիչներ: Նա ամուսնացած էր և լավ ընտանիք ուներ:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Վանգան 12 տարեկանում չկուրանար, նրա էքստրասենսային շնորհը գուցե մնար փակված իր և աշխարհի համար: Բայց քանի որ մարդու վերբանական ունակությունները որևէ կերպ արտահայտվելու խնդիր ունեն, կարելի է ենթադրել, որ անբացատրելի հանգամանքները պետք է որ նրան զրկեին մեկ այլ զգայարանից, ամենայն հավանականությամբ’ լսողությունից: Եվ այդ դեպքում նրա այցելուները հարկադրված կլինեին բախտագուշակի հետ շփվել գրավոր՝ երկտողերով: Իսկ սա նշանակում է, որ իր «ստեղծագործական» տասնամյակների ընթացքում Վանգան կկուտակեր իր այցելուների հետ գրավոր հաղորդակցության ահռելի նյութ, որն էլ կարելի կլիներ հրատարակել որպես բազմահատորյակ՝ «Երկերի լիակատար ժողովածու» գրիֆով:

էլլա Ֆիցջերալդ

ellaՋազի պատմության հռչակավոր երգչուհիներից մեկը: Ունի 250 երաժշտական ալբոմ և 13 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: 1934-ին սևամորթ որբ աղջնակը մեկնում է Նյու Յորք: Այստեղ նա մասնակցում է երգի և պարի սիրողական մրցույթի: Սկզբում նա մտածում էր պարուհի դառնալ, սակայն վերջին պահին միտքը փոխում է:

[ newmag-ի երևակայությունը ]

Իրականանում է Էլլայի մանկության բյուրեղյա երազանքը, նա դառնում է պարուհի: Հիմնում է բազմաթիվ պարային ժանրեր: Սվինգը նա է հորինում: Իսկ հետո, երբ սարսափելի գիրանում է, չի դադարում պարել, ավելին՝ գեր կանանց համար ստեղծում է նոր պարային ոճ: Այս նոր ուղղությունը ստանում է «Բայ-բայ էլլա» անվանումը: Սկզբունքն այս է. գեր կանայք պարում են նիհար տղաների հետ, ու այդ պարում դոմինանտը տղան չէ, այլ կինը, նա է «տանում» պարը, նա է շպրտում-բռնում իր կավալերին: Այստեղ շատ կարևոր է «շպրտել-բռնելու» կանոնը, որովհետև պարի ընթացքում այն գործում է 12 անգամ, իսկ վերջին՝ 13-րդ անգամ գործում է «շպրտել-չբռնել» կանոնը: «Բայ-բայ էլլա» պարաոճը դառնում է գենդերային քաղաքականության արտահայտչամիջոցը: 21-րդ դարի բոլոր ֆեմինիստական կազմակերպություններն իրենց համագումարներն սկսում են ոչ թե ինչ-որ անհեթեթ հիմն երգելով, այլ հենց «Բայ-բայ էլլա» պարելով:

Ինդիրա Գանդի (Ինդիրա Պրիյադարշինի Գանդի)

indira-gandhiՀնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուի միակ դուստրը: Նա Հնդկաստանի պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես առաջին կին վարչապետ, այլև որպես խելացի և ամուր կամքի տեր քաղաքական գործիչ: Նա մեծ ուժ է գործադրել իր պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար:

[ newmag-ի երևակայությունը ]

Ինդիրա Գանգին 1980 թվականին կարողացավ կրկին «նվաճել» Հնդկաստանի պրեմիեր մինիսիտրի աթոռը, երկիրը հենց տարվա սկզբիև էլ հայտնվեց կրոնական և էթնիկ անլուծելի խնդիրների հորձանուտում, ահաբեկչական խմբավորումներից մեկը գրավեց սիկխերի սրբություն սրբոցը՝ Ոսկե տաճարն Ամրիտսարում: 1984-ի հուլիսին Գանգին զինված ուժերին հրամայեց ներխուժել Ոսկե տաճար և ուժով վերցնել այն. բախումը խլեց ավելի քան 1.000 կյանք: Եթե Ինդիրա Գանգին գոնե այդ ժամանակ ուշադրություն դարձներ իր անվտանգության թիկնազորի էթնիկ կազմին, գուցե խուսափեր մահափորձից և երկիրը կառավարեր ավելի երկար: Սակայն սիկխերի սրբավայրի հաշվեհարդարից ընդամենը 5 ամիս անց նա սպանվեց իր իսկ թիկնապահների ձեռքով. երկու դավադիրներն էլ սիկխ էին:

Էվիտա (Մարիա էվա Դուարտե)

evita_dando_un_discursoԱրգենտինայի նախագահ Խուան Պեռոնի կինը: Նա էր, որ ամուսնուն օգնեց իշխանության գլուխ բարձրանալ: 1945 թ. նա պաշտոնապես ամուսնանում է Պեռոնի հետ: Իշխանության գլուխ անցնելով՝ էվիտան դրսևորում է իր երկաթյա բնավորությունը և իրականացնում իր մեծագույն ծրագրերը՝ դառնալով Արգենտինայի խոշոր բարեփոխիչներից մեկը: Էվիտան իր գործունեությունը ծավալում է ի շահ չքավորների, որոնց շարքում ժամանակին հենց ինքն էր: Նա վայելում էր հասարակ ժողովրդի սերը, մինչդեռ արիստոկրատներն ատում էին նրան: Բուենոս-Այրես եկել էր 15 տարեկանում՝ դերասանուհի դառնալու երազանքով: Բայց նրա կարիերան սկսվել է ռադիոյում հաղորդավար աշխատելու տարիներին: Ռադիոյում էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն:

[ newmag-ի երևակայությունը ]

էվիտան մահացավ ստամոքսի քաղցկեղից, 33 տարեկանում, 33 կիլոգրամ դարձած, սարսափելի տանջանքների մեջ: Այդ օրերին Արգենտինայի մեծահարուստներն ու արիստոկրատները շամպայնի գավաթներ էին բարձրացնում՝ գոչելով. «Կեցցե՜ քաղցկեղը», մինչդեռ երկրի միլիոնավոր չքավորներն աղոթում էին էվիտայի փրկության համար… էվիտան մահացավ 1952-ի հուլիսի 26-ին՝ առավոտյան 8:25-ին: Նրա մարմինը մումիֆիկացրին, և սկսվեց նրա մումիայի առեղծվածային դեգերումների 20-ամյա դարաշրջանը: 1955 թվականին զինվորական խունտան հեղաշրջում արեց Արգենտիևայում, և լեգենդար էվիտայի ամուսինը՝ դիկտատոր Խուան Պեռոնը, գահընկեց արվելով արտաքսվեց: Պեռոնն այնուհետև մինչև կյանքի վերջը կապրի Իսպանիայում՝ նույնիսկ չիմանալով, որ նույն 1955-ին նա կարող էր զանգվածային հուզումների ալիքի վրա վերականգնել իր իշխանությունը, եթե իր հանգուցյալ կնոջ՝ համայն Արգենտինայի աղքատների կուռք էվիտայի մումիան գեթ մի պահ հայտնվեր Բուենոս-Այրեսի հրապարակում…

Օդրի Հեփբերն

audreyՆրա հմայքն անտարբեր չի թողել և ոչ մի ռեժիսորի: Նա երբեք փառքի հետևից չի ընկել: Ընդամենը փորձում էր գոյատևելու միջոց գտնել: Դեռ թարմ էին պատերազմի տարիների մանկական հիշողությունները, երբ նրա ուտելիքը կակաչի սոխուկն էր, լավագույն դեպքում՝ մեկ կարտոֆիլը: Իսկ երբ ուտելու ոչինչ չկար, նա իրեն ստիպում էր ընդհանրապես չմտածել ուտելիքի մասին: Նրան համաշխարհային ճանաչում բերեց «Հռոմյան արձակուրդներ» ֆիլմը. Օդրին արժանացավ «Օսկարի»: Կյանքի վերջին տարիներին նա հրաժարվեց կինեմատոգրաֆից: Աշխատում էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում: Նրա նրբագեղ պահվածքի և միևնույն ժամանակ հասարակ լինելու մասին խոսում էր ողջ աշխարհը:

[ newmag-ի երևակայությունը ]

«Ինչպես գողանալ միլիոն» (1966թ., ռեժ. Ուիլիամ Ուայլեր) ֆիլմից հետո Օդրին որոշում է նույն կերպ կողոպտել էրմիտաժը: Սակայն այս անգամ, ի տարբերություն իր հերոսուհու, Օդրիի բախտը չի բերում, և ահազանգը 3-րդ անգամ չեն անջատում: Ավելի ճիշտ՝ ահազանգը ոչ էլ միացրած է լինում: ԿԳԲ-ն էրմիտաժի անվտանգության համար օգտագործում էր ոչ թե էլեկտրական հոսանքը, այլ իր գործակալների ցանցը, այդպես ավելի էժան էր նստում պահպանությունը: Օդրիիև բռնում են՝ հավաքարարի դույլը ձեռքին և տեղում ստիպում են դառնալ ԿԳԲ-ի գործակալ: Հավաքարարի նույն խալաթով ու նույն դույլը ձեռքին՝ նրան ուղարկում են Լուվրը կողոպտելու: Լուվրում նույնպես նրա բախտը չի բերում, քանի որ այստեղ էլ ահազանգը 3-րդ անգամ չեն անջատում: Նրան տեղում ձերբակալում են ֆրանսիական հատուկ ծառայությունները, հավաքագրում իրենց հատուկ նշանակության բրիգադում և ուղարկում Գերմանիա՝ որպես իրենց գործակալի, որպեսզի թալանի Դրեզդենի Գեղեցիկ արվեստների թանգարանը: Գերմանիայի հատուկ ծառայություններն էլ նրան գործուղում են Տոկիո՝ ճապոնացիների Ազգային պատկերասրահը կողոպտելու: Հետո գալիս են Կանադայի, Ավստրալիայի, Կոնգոյի, Վիետնամի թանգարաններն ու ցուցահանդեսները… Անցնում են տարիներ: 60-ամյա Օդրին, պատմական դույլը ձեռքին, Նիկարագուայի մանկական լուսանկարների սալոնը կողոպտելու անհաջող փորձից հետո՝ 1989 թվականին, փողոցում պատահաբար նկատում է Ուիլիամ Ուայլերին: Օդրին հետևում է զառամյալ ծերունուն, դույլի 224 հարվածով դաժանաբար սպանում նրան և անհետանում: «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմի հանճարեղ ռեժիսոր Ուիլիամ Ուայլերի անմարդկային սպանության գործը մնում է չբացահայտված…

Մերիլին Մոնրո (Նորմա Զին Բեքքեր)

marilyn-monroeՀանրահայտ դերասանուհու կյանքն ամենևին էլ հեշտ չէր: Երկու շաբաթական էր, երբ նրան որդեգրեց մի ընտանիք, որտեղ նա ապրեց մոտ վեց տարի: Աշխատել է ավիացիոն գործարանում, այնուհետև սկսել է մոդելի կարիերա: Մերլին Մոնրո (տատիկի ազգանունը) կեղծանունը ստացել է «ХХ-րդ դար Ֆոքս» կինոստուդիայում, որտեղ սկզբնական շրջանում ստատիստ էր աշխատում (զանգվածային տեսարաններում էր նկարահանվում): Ընտանիք ստեղծելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո նա դարձավ նախ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ընկերուհին, այնուհետև՝ նրա եղբոր: Վախճանվեց 36 տարեկանում՝ թմրանյութի շատ մեծ չափաբաժին ընդունելու պատճառով:

[ newmag-ի երևակայությունը ]

Մերլինին մեծ փողեր և մեծ ճանաչում բերեցին «Playboy» ամսագրում հայտնված իր լուսանկարները: ժամանակակիցները շատ զազրախոսեցիև այս թեմայով: Եվ եթե Մոնրոն որոշեր ավելի առաջ գնալ ու փակել բոլորի բերանները, հաստատ կհայտնվեր նաև «Hustler» շատ «բաց» ամսագրում: Դրանից Մերլինի եկամուտները կտրուկ կաճեին, իսկ Քենեդու վարկանիշը միանգամից կընկներ, միջին ամերիկացին կհիասթափվեր վավաշոտ տարփուհու բոյֆրենդ նախագահից: Քենեդին 1-2 տարով կընկներ ամենակուլ դեպրեսիայի գիրկը, կփակվեր Սպիտակ տանը և այնտեղից դուրս չէր գա ո’չ Կարիբյան ճգնաժամի օրերին, ո’չ էլ նույնիսկ իր ճակատագրական սպանության օրը: Օսվալդին ամեն դեպքում կձերբակալեին, ասենք՝ նարկոմեղադրանքով: Բայց Քենեդին կմնար ողջ և 1966թ. երկրորդ անգամ կդներ իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում: Քվեներ շահելու համար նա հարկադրված կլիներ պատերազմ հայտարարել Կուբային, Կրեմլը կրկին ստիպված կլիներ միջամտել, կսկսվեր «Կարիբյան ճգնաժամ 2-ը», Քենեդին մաֆիայի օգնությունը ստանալու համար բնականաբար կմեկներ Տեխաս` Դալլաս և… Օսվալդին կրկին կձերբակալեին՝ այս անգամ՝ բարեհաջող սպանության մեղադրանքով:

Մարգարեթ Թետչեր

thatcherՄեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը: «Երկաթյա լեդին» մոտ 10 տարի աշխարհի ամենաազդեցիկ կինն էր: Նա կարողացել է բարձրանալ իշխանության բոլոր աստիճաններով՝ չունենալով որևէ շանս: Մարգարեթը ծնվել է անգլիական չքավոր ընտանիքում. հայրը հասարակ մարդ էր՝ փոքրիկ խանութի տեր, որի տունը նույնիսկ ջրի ծորակ չուներ: Նա 20-րդ դարի Բրիտանիայի միակ վարչապետն է, որին հաջողվեց իշխանության լեռնագագաթին մնալ գրեթե քառորդ դար:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Ֆոլքլենդյան կղզիների պատերազմում (1982թ.) բրիտանական զինուժը տանուլ տար, երկրի Կոնսերվատիվ կուսակցությունը տանուլ կտար հաջորդ տարվա ընտրությունները, և Մարգարեթ Թետչերը չէր կարողանա վարչապետի պաշտոնը ստանձնել երկրորդ անգամ: Այդ ժամանակ նա հավանաբար կտրվեր դագաղների բիզնեսին, որը բարձիթողի վիճակում էր, քանի որ այս ոլորտը ևս վերահսկում էր պետությունը: Թետչերը կդառնար ՄԲ պատմության մեջ առաջին կին-դագաղագործը: Նրա ֆիրմայում դագաղները կպատրաստվեին բարձորակ փայտից, կունենային երկաթե բռնակներ: “Thatcher’s” դագաղագործական ընկերության բրենդը կտարածվեր ողջ աշխարհով մեկ ու կդառնար եվրոպական ստանդարտի թավշե այցեքարտը: Նրա լավագույն այցելուներն ու հաճախորդները կլինեին կոնսերվատիվ ուժերի ակտիվիստները, սակայն նա կնախընտրեր իր ծառայությունները մատուցել լեյբորիստներին: Մեծ Բրիտանիայի համաշխարհային հեղինակության անկմամբ մտահոգված «Թրեյդ յունիոնները» հաջողակ Մար- գարեթին կառաջարկեին կրկին վերադառնալ մեծ քաղաքականություն և փրկել հին, բարի Անգլիան, սակայն «Երկաթյա լեդին» անվրդով կնայեր նրանց աչքերի մեջ և կարտաբերեր 20-րդ դարի N1 թևավոր խոսքը. «Դուք միայն տեսեք, թե ի՜նչ դագաղներ եմ պատրաստում»:

P.S. Իրականում Թետչերի պատասխանը եղել է շատ ավելի փիլիսոփայական. «Մեծ քաղաքականությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ես խփում եմ վերջին մեխը»:

Վալենտինա Տերեշկովա

TERESHKOVAԽորհրդային ճանաչված կին տիեզերագնաց, նախկինում՝ մանածագործ: Տիեզերք թռչելու համար կար 1200 կին թեկնածու, բոլորը մոտ 1 տարի եռանդուն մարզումներ անցան, որոնցից հետո մնացած 4 թեկնածուներից Նիկիտա Խրուշչովն անձամբ ընտրեց Վալենտինայիև: Միակ թռիչքը տիեզերք իրականացրեց 1963թ. հունիսի 16-ին, «Վոստոկ-6» տիեզերանավով: Նա Երկրի շուրջ բազմաթիվ պտույտներ կատարեց 70 ժամ 41 րոպեում: Տիեզերքում նրա կոչնակն էր՝ «ճայ»:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե Տերեշկովան ավելի երկար մնար անկշռության մեջ, նրան հավանաբար կսկսեին տանջել հալյուցինացիաները, և մոլորակ վերադառնալուց հետո նա Պոլիտբյուրոյին չէր կարողանա բացատրել, թե տիեզերածին պտուղը որտեղի՞ց է: Բայց նա անկշռության պայմաններում հարաբերվելու իր քաղաքացիական պարտքը կատարում է սահմանված ժամկետում և վերադառնում հստակ պատասխանով, թե իրականում՝ որտեղից: Բայց պատասխանը Պոլիտբյուրոյին չի գոհացնում, քանի որ պատասխանի մեջ շատ էին միստիկայի էլեմենտները, իսկ միստիցիզմը ԽՍՀՄ-ում խիստ մերժելի էր: Ուստի տիեզերածին էմբրիոնը տեղակայում են սափորի մեջ, սափորը՝ տուփի, տուփը՝ սարկոֆագի, սարկոֆագը՝ վագոնի մեջ: Գնացքը հասնում է Բյուրական: Այստեղ բացում են գիտահետազոտական նոր ինստիտուտ, որը հետազոտում է միջգալակտիկ ապօրինի կապերը: Այդ փաստը երկար ժամանակ մնում է ԽՍՀՄ ՊԱԿ արխիվներում, մինչև որ Գլասնոստի ժամանակ բոլորը սկսում են խոսել ամեն ինչի մասին: Տերեշկովայի 2-րդ ամուսնուց ծնված Մարինան իրեն հռչակում է 1-ին ամուսնու դուստր, որը ծնվել էր Տերեշկովայի թռիչքից մեկ տարի անց: Ռուս-ամերիկյան հեռուստակամուրջի ժամանակ նա հայտարարում է, որ Բյուրականի աստղադիտարանում պահվում է իր արտամոլորակային եղբոր սաղմը: Սակայն Հայաստանում սկսված անկախական շարժումը գիտական աշխարհի ուշադրությունը շեղում է, և Բյուրականի աստղադիտարանը մատնվում է անուշադրության: Օգտվելով պատեհ առիթից՝ Սորեսը գրանտներ է հայտարարում քաղցած հայ գիտնականների համար: Արձագանքում են հիմնականում գաղտնի լաբորանտները: Սորեսը հասնում է իր նպատակին, և տարիներ անց, երբ «Դրիմ Ուորքս Փիքչըրսը» նկարում է հռչակավոր «Շրեկ» մուլտֆիլմը, մարդիկ առաջին անգամ տեսնում են առեղծվածային սաղմի իրական դեմքը:

Անժելա Դևիս (Անժելինա Իվոնա Դևիս)

Angela-Y-DavisԻրավապաշտպան, կոմունիստական շարժման գործիչ, սոցիոլոգ, գրող: Նրան Ջոն Լենոնը երգ էնվիրել: Անժելա Դևիսին ձերբակալել էին, քանի որ նրան պատկանող ատրճանակից դատավոր էր սպանվել: Նրան մահապատիժ էր սպառնում: Նրա ձերբակալությունը բուռն արձագանք գտավ ամբողջ աշխարհում, հատկապես ԽՍՀՄ-ում: Բողոքի երթերն ընթանում էին «Ազատություն Անժելա Դևիսին» կարգախոսով: Այնուհետև նա դասախոսական կարիերա արեց ԱՍՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կրուզ համալսարանում:

[ newmag-ի երևակայությունը ]

Աևժելա Դևիսին Խորհրդային միությունում այնքան սրտառուչ դիմավորեցին, որ այս հանգամանքը կարող էր փոխել նրա կյանքում ամեն ինչ: Նա կարող էր մնալ Մոսկվայում, ամեն երեկո ճաշել Կրեմլում և ընկերանալ Բրեժնևի հետ: Պոլիտբյուրոն նրան հավանաբար կդարձներ ԽՍՀՄ «բարի կամքի դեսպան» և պարբերաբար կուղարկեր իր բարեկամ երկրների կոմունիստական լիդերների մոտ՝ փորձի փոխանակման: Նրա կուբայական այցից հետո Ազատության կղզում կսկսեին ծխել միայն «Անժելա» սիգարներ, Հյուսիսային Կորեան կսկսեր արձակել «Անժելա» տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, Չեխոսլովակիայում կսկսեին արտադրել «Անժելա» ունիտազներ, Իրաքը թշնամիներին կխեղդեր «Անժելա» թունավոր գազով, իսկ Հայաստանում կսկեին Դեմիս Ռուսոսին շփոթել Անժելա Դևիսի հետ:

Լեդի Դի (լեդի Դիանա Ֆրենսիս Սպենսեր)

Lady-DianaՆա ամուսնացավ Անգլիայի ամենանախանձելի փեսացուի հետ: Ամուսնության օրը, ներկաների հավաստմամբ, Դիանան շողում էր ուրախությունից: Հարսանեկան քողի երկարությունը հասնում էր ութ մետրի: Նա ինքնուրույն մեծացրել է իր որդիներին՝ հրաժարվելով դայակների օգնությունից: Սակայն արքայազն Չարլզը չհրաժարվեց իր նախկին սիրուհի Կամիլլա Պարկեր-Բոուլզից: Եվ նրանք ամուսնալուծվեցին: Դիանայի ընկերը դարձավ Դոդդի Ալ-Ֆայեդը: 1997-ին Լեդի Դին վախճանվեց ավտովթարում: Այդ միջադեպի շուրջ մինչև օրս բազմաթիվ լուրեր և ենթադրություններ են պտտվում:

[ newmag-ի երևակայությունը ]

Եթե ճակատագրական ավտովթարից հետո Դիանան ոչ թե մահանար, այլ դառնար հաշմանդամ, վստահաբար կշարունակեր իր բարեգործությունները, սակայն կնվիրվեր հիմնականում հաշմանդամների կյանքը փոխելուն: Բարետես հաշմանդամ Լեդի Դին մոլորակի բոլոր երկրներում կբացեր հաշմանդամների համար մոդելային գործակալություններ: Դիզայներական ամենահռչակավոր ընկերություններն իրենց արտադրաթիրախը կդարձնեին հաշմանդամների զգեստապահարանը, իսկ BMW-ն ու Mercedes-ը կսկսեին մրցել հաշմասայլակ արտադրողների համաշխարհային շուկայում առաջատար դիրք գրավելու համար: Երևանում անմիջապես կհայտնվեին 230 ձիաուժ հզորությամբ 8 մխոցանի ոսկեզօծ ու արծաթաձույլ հաշմասայլակներ՝ օլիգարխների և նրանց թիկնապահների համար: Նախագահի թեկնածուներն էլ գյուղից գյուղ կթափառեին ոչ թե ավտոշարասյուներով, այլ հաշմաշարասյուներով:

newmag #05

Գրել կարծիք