Մարտիրոս Սարյանի նկարազարդած ձուն. Յակով Զարգարյանի բացառիկ հավաքածուն

Մարտիրոս Սարյանի նկարազարդած ձուն. Յակով Զարգարյանի բացառիկ հավաքածուն

Յակով Զարգարյանի հետ հարցազրույցը` նկարիչների հետ նրա մտերմության, հոբբիի, փայտե ձվերի հավաքածուի մասին:

Նրան ճանաչում են Հայաստանի բոլոր նկարիչներն ու երաժիշտները: Ծնվել է Երևանում: Դպրոցին զուգահեռ սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Գորկի քաղաքի կոնսերվատորիան գերազանց ավարտելուց հետո վերադարձել է Երևան, զբաղվել համերգային, մանկավարժական, գրական գործունեությամբ:

Դաշնակահար, մանկավարժ, գրքերի հեղինակ, կերպարվեստի ստեղծագործություններ հավաքող Յակով Զարգարյանն իր հարուստ և արժեքավոր հավաքածուի յուրաքանչյուր ցուցանմուշ հաճախ ուղեկցում է ուրախ և տխուր, ծիծաղելի և արկածային պատմություններով, որոնք պատահել են դրանք ձեռք բերելիս:

Նրա ցուցանմուշները պատկերազարդել են 20-րդ դարի Հայաստանի մեծահամբավ նկարիչները: Կոլեկցիաներ հավաքելը շրջապատին ուղղած մի առանձնակի հայացք է, որը բացահայտում է անձնական հավաքածուի հեղինակի ներաշխարհը: Կոլեկցիոները նաև ներքին մղում ունի լրացնել այն, ինչը պակասում է իր կյանքում` շփումներ, որոնումներ, հայտնագործություններ, ուրիշներից առանձնանալու գիտակցում… Չմոռանանք նաև նյութական կողմը:

yakov

Տասնյակ միլիոնավոր մարդիկ հավաքում են նամականիշներ, պիտակներ, ավտոներ, բազմապիսի այլ առարկաներ: Բոլորն էլ երազում են, որ իրենց հավաքածուն լինի ընդգրկուն ու համապարփակ, բայց կատարյալ հավաքածուներ հազվադեպ են լինում: Աջափնյակում Յակով Ձարգարյանի` խրուշչովյան նեղլիկ բնակարանն իսկական թանգարան է, որտեղ թևածում է նրա բազմահարուստ հավաքածուի ցուցանմուշների հեղինակների արտիստիկ ոգին: Պարոն Զարգարյանն ակտիվ մարդ է: Արտառոց սկզբունք ունի. «Տեսա՞ր, հավանեցի՞ր, արա’»:

Այն, ինչով զբաղվում եք, ի՞նչ է կոչվում:

Կերպարվեստի գործեր եմ հավաքում:

Ինչի՞ց սկսեցիք:

1953-ին Գորկի քաղաքի կոնսերվատորիայի գերազանց ուսանող էի, Ստալինյան կրթաթոշակ էի ստանում, ամիսը 780 ռուբլի: Մի քանի ամսվանն ուշացումով, բայց միանգամից ստացա: Ղեկավարս զգուշացրեց, որ փողը հիմար բաների վրա չծախսեմ: Սակայն ես գնացի խանութ, 2 ամսվա թոշակս տվեցի ու գնեցի անտիկ արձանիկ: Գեղեցիկ կնոջ մարմարե փոքրիկ արձանիկ էր, որն էլ հիմք դրեց իմ հավաքածուին:

Հավաքելը Ձեզ համար ի՞նչ է. հոբբի՞, մասնագիտությո՞ւն, կ՞իրք, թե՞ հետաքրքրասիրություն:

Եվ ագահություն: Հավաքողը երբեք չի բավարարվում ունեցածով:

Ինչպե՞ս էիք կողմնորոշվում կտավները ձեռք բերելիս:

Խորհրդատուներ ունեի՝ Հենրիկ Իգիթյանն ու Մինաս Ավետիսյանը: Գորկուց վերադառնալուց հետո աշխատանքի անցա Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, որտեղ ջոկատավար էր Հենրիկը: Մտերմացանք, և հետաքրքրությունս դարձավ դեպի կերպարվեստը: Հետո, երբ 1961-ին Լենինգրադում ուսանելուց հետո Երևան վերադարձավ Մինասը, երեքով դարձանք մտերիմ ընկերներ: Ընկերական շրջապատս աստիճանաբար ընդլայնվեց. բոլորն էլ նկարիչներ էին:

Դուք պրոֆեսիոնալ երաժիշտ եք, բայց ինչո՞ւ գերապատվությունը տվեցիք կերպարվեստի մարդկանց հետ ընկերություն անելուն:

Աշխատանքս երաժշտությունն էր, բայց ցանկություն կար հետաքրքրություններիս շրջանակը մեծացնել: Չեմ սիրում, որ երաժիշտներն ամբողջ օրը միայն երաժշտությունից են խոսում՝ այս համերգը կայացավ, այս սկավառակը թողարկվեց…

Ունեցե՞լ եք աշակերտներ, որոնց անուններն այսօր հպարտությամբ եք տալիս:

Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Աբրահամյան, հանրահայտ դաշնակահար Հարություն Փափազյան:

Կյանքը լի է անակնկալներով: Ձեզ համար «սև ժամանակաշրջան» եղե՞լ է:

90-ականների ցուրտ ու մութ տարիներն էին: ժողովրդի կեսը սոված էր, մյուս կեսն էլ թալանով էր զբաղված: Հացի փող չունեի, կինս, աղջիկս, տղաս, նրանց երեխաները քաղցած էին: Ես հիմնականում կերպարվեստի գործեր էի հավաքում` գեղանկար, քանդակ: Միայն Մինասից 27 կտավ ունեի: Պետրով-Վոդկին Երևանում միայն ես ունեի, Բաժբեուկ-Մելիքյանից, Երվանդ Քոչարից երկուական գործ ունեի: Ստիպված լավագույն գործերս վաճառեցի թալանչիներին: Պատկերացնո՞ւմ եք, Պետրով-Վոդկինն ընդամենը 500 դոլարով վաճառեցի:

dzu9dzu8Դրանից հետո՞ որոշեցիք նկարազարդված ձվեր հավաքել:

Ավելի վաղ էր, 1963 թվականն էր: Զատկի տոնն էր: Աշխատանքի էի գնում: Բակում ինձ մոտեցավ հարևանի տղան. «Քեռի` Յաշա, արի ձու կռվացնենք»: Ձեռքին ձու կար՝ կարմիր, սպիտակ, սև գույներով Մասիս էր նկարված, ներկը դեռ չէր չորացել, մի քիչ լղոզվել էր, պատկերն ավելի հետաքրքիր էր դարձել: «Ո՞վ է նկարել»,- հետաքրքրվեցի: «Ես»: «Նիկո’, այդ ձուն ինձ տուր, փոխարենը տասը կտամ»: «Չէ՜, սրա պես պինդը չկա: Բոլորին հաղթում եմ»: Անցավ մի քանի ամիս, մի օր տղաս խնդրեց հոլ առնել: Այն տարիներին հոլը տղաների ամենասիրած խաղն էր: Գնացի արհեստանոց, տեսա արհեստավորը հոլի հետ նաև փայտե ձվեր է տաշում: Երեք հատ գնեցի: Մտածեցի՝ կտամ իմ նկարիչ ընկերներին` կնկարեն: Բայց այնպես ստացվեց, որ այդ օրն ևեթ հանդիպեցի Մարտիրոս Սարյանին, խնդրեցի, որ ձվի վրա նկարի: «Ավելի լավ է նստիր, քեզ նկարեմ»,- ասաց վարպետը: Ես պնդեցի խնդրանքս: «Եվ ի՞նչ կարելի է նկարել»: Ասացի` ձուն կյանքի խորհրդանիշ է: Ի՞նչ է Ձեզ համար կյանքը, այն էլ նկարեք, եթե ուրախություն է` նկարեք կին, երեխաներ, ծաղիկներ… «Իսկ եթե ուրախություն չէ՞»: «Այդ դեպքում նկարեք կուսակցական տոմս»: «Ինձ համար կյանքը Հայաստանն է»,- ասաց վարպետը և նկարեց բարդիներ, Արարատ: Այնքան հավանեցի, որ հաջորդ օրը գնեցի ևս 30 փայտե ձու` պատկերազարդելու համար: Այդպես էլ սկսվեց…

Միայն հեղինակայի՞ն գործեր եք հավաքում:

Այո՜: Սկզբում, երբ ծանոթներս լսում էին, որ պատկերազարդ ձվեր եմ հավաքում, տարբեր վայրերից ինձ համար բերում էին Զատկի նախշազարդ ձվեր` չիմանալով, որ միայն հեղինակային գործեր եմ հավաքում:

Քանի՞սն են հիմա:

400-ից ավելին են:

dzu6 dzu5Յուրաքանչյուր նկարիչից մեկակա՞ն գործ:

Կրկնակի էլ ունեմ: Մի անգամ նկարելու համար ձու էի տվել Հենրիկ Սիրավյանին: Այն ժամանակ նա Մարտիրոս Սարյանի հետ թատրոնի վարագույրն էր նկարում: Զանգահարեց ինձ. «Ի՛նչ անեմ,- ասաց,- Սարյանը ձուն ձեռքիցս վերցրել և մատիտով նկարում է վրան»: Ասացի` ոչինչ, մյուս կողմի վրա էլ դու նկարիր: Հիմա մի կողմում Սարյանի մատիտանկարն է, մյուս կողմում` Սիրավյանի ձեռքով արված իմ դիմանկարը, յուղաներկով:

Հե՞շտ են համաձայնում նկարել:

Հիմնականում այո’:

Ինչքա՞ն ժամանակ է տևում:

Երբեմն 1 ամիս, երբեմն մինչև 2 տարի: Օրինակ՝ Հովհաննես Զարդարյանի պատկերազարդած ձուն հետ ստացա 20 տարի անց, նրա մահից հետո: Կինը հայտնաբերել էր արվեստանոցում, զանգահարեց, ասաց. «Գուցե քո՞ ձուն է»: Ու հանձնեց ինձ:

Սպասում եք մինչև Ձեզ ասեն, որ պատրա՞ստ է:

Չէ’, մեկ-մեկ հիշեցնում եմ:

Դու՞ք եք ասում, թե ինչ նկարեն:

Չէ’, ինչ ուզում են: Օրինակ՝ Վալենտին Պոդպոմոգովն արդեն 2 ձու նկարել էր, մեկն էլ ուզեց: Հարցրեց. «Ինչ որ նկարեմ, կցուցադրե՞ս»: Համաձայնեցի: Եվ նկարեց…

Ինչի՞ց են պատրաստված ձվերի կաղապարները, փայտի՞ց:

Հիմնականում: Կան նաև ձվի կեղևից: Աշխարհահռչակ մանրանկարիչ էդուարդ Ղազարյանը, որ 9 անգամ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, ցանկացավ նկարել իսկական ձվի կեղևի վրա:

Ի՞նչ նկարեց:

1968-ի Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի տղաներին` Օհան Դուրյան, Ռաֆայել Մանգասարյան, մյուս երաժիշտներին, նաև իրեն, ինքն ալտ էր նվագում:

dzu7 dzu4Միայն Հայաստանի՞ նկարիչների գործերն ունեք:

Ո’չ: Աշխարհի բոլոր մայրցամաքների 32 երկրներից, ներառյալ Ավստրալիան:

Որտե՞ղ եք նրանց հանդիպում:

Հայաստանում բացված նրանց ցուցահանդեսների ժամանակ: Ցույց եմ տալիս հավաքածուիս նկարները և ասում, որ կուզեի իրենք էլ ներկայացված լինեն: Այլ քաղաքներում լինելիս մեր նկարիչներից վերցնում եմ նաև հանձնարարական նամակներ, որոնք հասցեագրված են իրենց արվեստակից ընկերներին՝ ինձ աջակցելու խնդրանքով: Նրանք էլ սիրով նկարազարդում են:

Ցանկացած հավաքածու առանց դիտողների անկենդան է: Ովքե՞ր են այցելում Ձեզ:

Ընկերներս, իրենց մտերիմները, նրանց հյուրերը: Դարձել եմ Հայաստանի «տեսարժան վայրերից մեկը»:

Վաճառելու առաջարկներ եղե՞լ են:

Շատ, բայց որոշել եմ այս հավաքածուս թողնել թոռնիկիս: Հիմա ափսոսում եմ, որ գեղարվեստի հավաքածուիս լավագույն գործերը վաճառել եմ: 5 տարի հավաքել եմ: Այս տուն 1000 նկար է մտել և դուրս եկել: Դրանք գնել եմ, փոխանակել եմ, նվեր եմ ստացել:

Անձնական հավաքածուները որքան բերկրանք են պատճառում դրանց տիրոջը, նույնքան էլ` անհանգստություն:

Քանի որ արդեն արժեքավոր կտավներ չունեմ, անհանգստանալու առիթ էլ չունեմ:

dzu3 dzu2Իսկ ձվերի՞ հավաքածուն:

Չէ’, ո՞ւմ կհետաքրքրեն դրանք:

Ձեր տեսքից դժվար է որոշել Ձեր տարիքը: Ինչպես ասում են՝ շատ լավ եք պահպանվել: Ո՞րն է գաղտնիքը:

Խիղճս հանգիստ է. գողություն չեմ արել, կաշառք չեմ վերցրել:

Ձեր կյանքի ութ տասնամյակների ընթացքում կա՞ն դեպքեր և դեմքեր, որ առավել վառ եք հիշում:

Զարմանալի կերպով ամեն ինչ մանրամասնորեն եմ հիշում:

Մանուկ հասակից ի՞նչ է տպավորվել:

Մանկական զբոսայգում առաջին անգամ փողային նվագախմբի համերգ ունկնդրեցի, մինչև հիմա ականջներումս լսվում են այդ շողացող հնչյունները:

Կյանքում արե՞լ եք սխալներ, որոնց համար մինչև հիմա զղջում եք:

Այո’, երկու սխալ որոշում եմ կայացրել, որոնք պիտի թույլ չտայի:

Ճակատագրակա՞ն եղան:

Ո’չ, բայց ցավալի է:

Երիտասարդների հետ հաճախ եք շփվում: Ի՞նչ տպավորություն ունեք:

Հիմա երիտասարդներն ավելի խելոք են, կյանքից ավելի շատ են հասկանում, քան մենք: Մենք ուրիշ աշխարհի մարդիկ ենք:

Ասում են՝ կոլեկցիոներները երկար են ապրում: Ճի՞շտ է:

… ?…

Հեղինակ` Լևոն Պարոնյան
Լուսանկարները` Վահան Ստեփանյանի

newmag #06

Գրել կարծիք