Ժիրայր Ավետիսյան. Պետք է սպասել այնքան, մինչև հանդիպես նրան, ով քոնն է

Ժիրայր Ավետիսյան. Պետք է սպասել այնքան, մինչև հանդիպես նրան, ով քոնն է

Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ավետիսյանի մոնոլոգը իր կյանքի մեծագույն սերերի մասին:

սինեմա
Ես խենթ էի: Ես հիվանդ էի կինոյով: Շնչում էի կինո, ապրում էի կինոյով, սովորում էի կինո: Շատ փոքր ժամանակից: Փոքր տղա էի, հայրս Մոսկվայից ինձ նվեր էր բերել կինո ցուցադրելու սարք: Շարժական կինո չէր. ապակիներով սարքած նկարներ էին, որոնք ըստ սյուժեի հաջորդում էին իրար, ընթացքում տեքստ էր գրվում: Սարքը տեղադրեցի մեր տանը: Բակի բոլոր երեխաները, աթոռներ շալակած, գալիս-լցվում էին մեր տուն, ու սկսում էի ցուցադրությունները:

իմ երկրորդ սերը
Երբ պատանի էի, սովորում էի ռազմական օդաչուական դպրոցում: Կինոյից բացի, սիրահարված էի օդանավերին: Դպրոցն ուներ ակումբ, որը ես էի ղեկավարում, մշակութային միջոցառումներ էի կազմակերպում և, իհարկե, կինո էի ցուցադրում: Պատերազմի ժամանակ էր: Հայաստան էին բերել վնասված օդանավեր` նորոգելու, վերականգնելու համար, ես էլ գնում նայում էի: Մի անգամ քանդած օդանավի վրա մի շարժիչ տեսա ու հասկացա, որ նրա արագությունն այնքան է, որքան պետք է ակումբի էկրանի առջև վարագույր բացել-փակելու համար:
Երկու այդպիսի շարժիչ տարա տեղադրեցի բեմի երկու կողմերում: Վարագույրը պատրաստ էր: Հիմա պիտի կինո ցուցադրեմ, նստած են զինվորները, հրամանատարները, գոռում են` Ժիրի՜կ, տուր ֆիլմը: Հանկարծ վարագույրը երկու մասի բաժանվեց, ու բացվեց էկրանը: Մի ծափահարությո՜ւն, մի գոռո՜ց…

թռչնի թռիչքի բարձրությունից
Ես գնում էի թռիչքուղի ու ամեն ինչ անում էի, որ ինձ էնտեղ նկատեն: Ես էլ էի ուզում օդ բարձրանալ ու Երևանը վերևից նկարահանել: Օդաչուների հետ մտերմացա, նրանցից մեկն ինձ նստեցում էր առջևում, ինքը ետևում էր նստում: Չէ՞ որ ինքս էլ օդաչու էի, օդանավի բռնակները ես էի ղեկավարում, հետո հո չէի պարծենո՜ւմ… դեռ մի քանի բան էլ ավելացնում էի:

Ռիժիկը
Օդանավ էի վարում լեռների վրա: Երբ իջնում էի, ասում էի` էլ երբեք չեմ թռչի, հետո նորից էի նստում ու նորից չէի ուզում վարէջք կատարել: Ռուս օդաչուներն ինձ Ժիրիկ ասելու փոխարեն Ռիժիկ էին ասում: Ես պտույտներ էի անում ու չէի ուզում իջնել, իսկ իմ ետևում նստած օդաչուն ձայն էր տալիս` Ռիժի՜կ, մի՜ խաղա օդանավի հետ: Այդ ընթացքում ես ահագին ճանապարհ էի անցնում… Այդպես, երբ մի քանի անգամ օդ բարձրացա, հասկացա, որ օդաչու դառնալու իմ ցանկությունը բավարարվեց, ու կինոն եկավ առաջին պլան:

անանձնական
Կինոն հաղթեց երկնքին: Սկսեցի կինո ցուցադրելուց, հասա կինո նկարահանելուն: Ֆիլմ նկարելու ժամանակ ես տարվում եմ դրանով մինչև վերջ, անջատվում եմ ամեն ինչից` տուն-տեղ, հարազատ, երեխա… Որևէ բան չկա, որ գերիշխող լինի: Գերիշխողը կինոն է, ժապավենն է, նկարահանման ընթացքը, դերասանները: Իմ ամեն կինոն այնքա՜ն տառապանք է ինձ պատճառել: Այդ ժամանակ ոչ ոք ինձ խանգարելու իրավունք չունի:

անձնական
Սիրո մեջ պետք է շատ ուժեղ լինի նվիրվածությունը: Ուրիշ ոչ մի բան: Կանանց մեջ հավանում եմ համեստությունը, ազնվությունը: Ես, օրինակ, մի անգամ եմ սիրահարվել: Լինում է` մարդիկ սիրահարվում են, ընտանիք ստեղծում, ու հետո նոր տեսնում, որ չեն «կպչում» իրար: Սխալ է: Պետք է սպասել այնքան, մինչև հանդիպես նրան, ով քոնն է: Եթե չկա, պետք է էլի սպասել: Մեկ էլ կտեսնես` ահա, սա է իսկականը, այ, ես էդպես եմ սիրահավել: Ստիպողաբար ոչինչ չի լինում` ո՜չ ընտանիք, ո՜չ սեր:

երբ չեմ ուզում
Ես շատ ուժեղ մարդ եմ: Ամենաբարդ բաների մեջ եմ թաթախվում: Ինձ ասում են` ի՞նչ գործ ունես, ինչո՞ւ ես այդքան տառապում, ասում եմ` ձե՞ր ինչ գործն է, դուք մի արեք, ես անում եմ: Անպայման պիտի հասնեմ իմ ուզածին` տառապելով, չարչարվելով, բայց պիտի հասնեմ: Հենց այնպես, հանկարծ բարձունքներ չեն նվաճում, քրտնաջան աշխատանք է պետք: Չկա որևէ բան, ինչի համար զղջում եմ: Արել եմ այն, ինչ արել եմ և արել եմ շատ: Բայց որևէ մեկն ինձ երբեք չի կարող պարտադրել անել մի բան, որը ես չեմ ուզում, թեկուզ եթե պետք է տուժեմ: Շատ սկզբունքային եմ:

Հոլիվուդը
Կեղծ է: Նրանք շատ հարուստ են, այդ կինոնկարների մեջ շատ փող է դրվում, բայց նայ ում ես` անհետաքրքիր է: Ես նայում են տեխնիկայի վերջին ճիչով նկարահանած ֆիլմերն ու մտածում, որ դա ժամանակավոր է, վաղը կձանձրանան դրանից, ու համակարգչի փոխարեն նորից առաջին պլան կգա ռեժիսորի, դերասանի, օպերատորի ստեղծագործական բարդ աշխատանքը: Իհարկե շատ լավ ֆիլմեր էլ կան այնտեղ: Ու մենք միշտ նախանձել ենք, որ չունենք նրանց տեխնիկական հնարավորությունները: Երբ նայում եմ հոլիվուդյան ֆիլմերը, թվում է` տեխնիկան միացրել են, ու ինքնիրեն, ավտոմատ նկարահանվել է: Չկա էն ապրումը, որով տառապում են ռեժիսորը, օպերատորը, դերասանը:

լոպազները
Երբ աշխատանքի ընթացք է, շատ պահանջկոտ եմ: Դերասաններին ընտրելիս` ոչ այնքան: Նրանց գիտեմ, ճանաչում եմ, ընտրում եմ նրան` ում վրա վստահ եմ: Չեմ սիրում լոպազ ու մեծամիտ մարդկանց: Եթե նրանք տաղանդավոր են, հավանում եմ նրանց աշխատանքը, բայց իրենց չեմ սիրում: Սիրում եմ նվիրված, անմիջական ու համեստ մարդկանց: Փայլուն ռեժիսորներ կան, որ ամաչում են անգամ խոսել իրենց մասին, բայց կան մեծամիտներ, որ սիրելու բան չեն, ասենք` շատ շնորհալի են, բայց «մուխտառ», կեղտոտ բնավորությամբ: Հիշում եմ` հատկապես ռուս ռեժիսորներն էին շատ լոպազ:

գլխավոր սերը
Երևանի համար ուշքս գնում է: Ես ինձ ստիպում եմ Երևանին նայել այն կողմից, որ կողմից նրան սիրում եմ: Ես ունեի մոտոցիկլետ, երկար, շատ երկար շրջում էի մոտոցիկլետով Երևանով մեկ: Հետո ունեցա ավելի բարդ մոտոցիկլետ, հետո` մեքենա, հետո ավելի լավ մեքենա` «ԶԻՄ», որով էլի շրջում էի Երևանով: Ընդհանրապես Հայաստանը գիտեմ հինգ մատիս պես: Երևանի ամեն ինչն էլ սիրում եմ, անգամ ամենավատ բաները:

newmag #07

Գրել կարծիք