Զինեդին Զիդանի տաղանդն ու տխրությունը

Զինեդին Զիդանի տաղանդն ու տխրությունը

Մարսելից Մադրիդ Զինեդին Զիդանի ուղին անցավ ռասիզմի, քաղաքական ու կրոնական անհանդուրժողականության և ֆանտաստիկ ֆուտբոլի միջով: Եթե նրան քննադատել են, միայն սառնասիրտ կոպտության համար. եթե նրան մեծարել են, աննկարագրելի տեխնիկայի համար: Նրա տաղանդն ու տխրությունը մնացել են հարյուրամյակի գաղտնիքը:

Զինեդին Զիդանի հայրը` Սմայիլը, 60-ականների սկզբին Ալժիրի բարձրադիր սարերի հետևում թողեց հայրենի Թագումուն գյուղը ու հաստատվեց Ֆրանսիայում: Զիդան ընտանիքը տեղափոխվեց Մարսել, որը աշխարհագրորեն ու մշակույթով մոտ էր հայրենիքին` Ալժիրին: Լա Կաստելանը ներգաղթյալների թաղմասն է և Յազիդ Զիդանի ծննդավայրը:

Լա Կաստելանում էմիգրանտների համար օրը բացվում էր հացի համար ամենօրյա պայքարով: Զիդանների բազմանդամ ընտանիքը փոքր տանը սեղանի շուրջ ընթրիքի էր նստում հերթով: Տանը աթոռ չկար բոլորի համար: Միակ բանը, որ հեշտացնում էր Յազիդի կյանքը` ֆուտբոլն էր: Թաղամասի Պլաս դե Տարտան հրապարակը ավարտվում էր մսավաճառի կրպակի մոտ: Նրան արգելել էին այնտեղ հասնել: Տղան ֆուտբոլ խաղալիս մոռանում էր ամեն ինչ, ծնողները վախենում էին` Յազիդը կարող էր մոլորվել թաղամսից դուրս: Իսկ Յազիդ Զիդանն այդ ժամանակ արդեն երազում էր Պլաս դե Տարտանից այն կողմ գտնվող աշխարհը նվաճելու մասին:

Զիդանները դադարել էին հաշվել, թե տանը քանի ջահ ու լուսամփոփ է կոտրել տղան ֆուտբոլի գնդակով: Որոշ ժամանակ անց Զիդանները դադարեցին հաշվել օրվա վաստակած գրոշները, և որոշ ժամանակ անց թողեցին Լա Կաստելանի նեղլիկ տունը: Ալժիրցի գաղթականները հաստատվեցին Լը Պան Միրաբոյի շքեղ առանձնատնեից մեկում, որովհետև տղան ջահեր կոտրելով հասել ու բազմել էր ֆուտբոլային աշխարհի գահին:

Լա Կաստելանում նրան հիշում են մեծ սիրով ու երախտիքով: Այստեղ մեծացող ամեն տղա ֆուտբոլ է խաղում ու երազում մի օր դառնալ մաեստրո Զիզու: Եվ ի տարբերություն իրենց կուռքի, որ փոքր ժամանակ ֆուտբոլ էր խաղում կեղտոտ ու փոշոտ հրապարակում, նրանք ֆուբոլային կանոնները սովորում են հենց Զիզուի հիմնած՝ ֆուտբոլի մանկապատանեկան ակումբում:

© LUIS SEVILLANO FUTBOL, COPA DE EUROPA: REAL MADRID - ARSENAL.

1998 թվական: Աշխարհի 16-րդ առաջնություն: Հյուրընկալող երկիրը Ֆրանսիան է: «Ստատ դե Ֆրանս», եզրափակիչ, և Ֆրանսիա-Բրազիլիա: «Եռագույն» հավաքականի ոսկե սերնուդն էր խաղադաշտում` Ջորկայեֆ, Զիդան, Բարտեզ… 1998-ի այդ երեկո Փարիզը նրա անունով հրավառվեց: Զիդանամանիան դուրս եկավ քաղաքի ու երկրի սահմաններից: Զիդանի այդ հաղթանակը Ֆրանսիային նոր քաղաքական հասունություն պարգևեց: Ֆրանսիացի մտավորականները հեռու են սպորտից, բայց նովելիստ Ֆիլիպ Սոլերը միայն կիսով չափ էր կատակում` առաջարկելով Զիդանին նշանակել երկրի փոխնախագահ, քննադատ Պասկալ Բոնիֆեյսը Զիդանի հանրաճանաչությունը համարում էր նեոլուսավորականության դարշրջանի սկիզբ:

Մարզահայրենասիրական ուրախությունը պատել էր ամբողջ Ֆրանսիան: Բոլոր պոստերները, գրաֆիտին ու երգերը ճչում էին` ԶԻԶՈՒ՝ ՆԱԽԱԳԱՀ, ու Շանզ-Էլիզեի վրա Ալժիրի դրոշը ծածանվում էր ֆրանսիական եռագույնի կողքին: Սամիլ Զիդանը այդ օրը խաղը չէր նայում, Յազիդի տղային էր պահում: Հեռուստացույցն անջատած էր, դիտավորյալ չէր ուզում լսել Ֆրանսիայի ներողամիտ հպարտությունը: Այդ եզրափակիչը բերբերյան ծագմամբ ալժիրցի էմիգրանտի որդի Յազիդ Զիդանի հաղթանակն էր ֆրանսիական ազգայնականության, ռասիզմի ու կրոնական խտրականության նկատմամբ:

Բերբերները արաբ չեն: Ալժիրում ազգային փոքրամասնություն են: Բնակվում են Կաբիլի շրջանում, որը Զիդանի հոր ծննդավայրն էր: 2000-ականների սկզբին Կաբիլի բերբերների և ալժիրյան իշխանության միջև տեղի ունեցած արյունալի բախման մասին արևմտյան լրատվամիջոցները լռեցին: 1992-ից սկսված և տասը տարի տևած զանգվածային կոտորածների ժամանակ ավելի քան 100 հազար բերբեր է սպանվել:

Հաղթանակի էյֆորիան երկար չտևեց: Ազգային հպարտության օրերի պայծառությունը խամրեցրեց Ազգային ճակատի առաջնորդ Ժան-Մարի Լը Պենը` Ֆրանսիայի հավաքականի մասին ռասիստական հայտարարությամբ: Լը Պենը Զիդանին անվանեց Ֆրանսիական Ալժիրի որդի: Հետո Լը Պենի համախոհը հայտարարեց, որ Զիդանը Ֆրանսիայի համար ընդունելի է միայն այն պատճառով, որ նրա հայրը եղել է հարկի: «Ֆրանսիական Ալժիրի որդի» արտահայտությունը նշանակում էր «գաղութային լակեյ», դավաճան: Հարկիներն անկախության պատերազմի ժամանակ կռվում էին Ֆրանսիայի կողմից: Նրանք Ալժիրի ամոթն են համարվում: Ազգի դավաճաններ են:

Ազգայանական հայտարարությունները հատկապես ցավով ու վիրավորանքով ընդունեցին Լա Կաստելանի վերաբնակիչները: Իսկ վրդովմունքը պայթեց 2001-ին: Հոկտեմբերին «Ստատ դե Ֆրանս»-ում ընկերական հանդիպում էր Ֆրանսիայի և Ալժիրի ազգային հավաքականների միջև: Պատմական պահ էր երկու ժողովուրդների հաշտեցման համար: Ֆրանսիացիները ալժիրյան անկախությանը դեռ չէին բախվել ֆուտբոլի դաշտում: Խաղից առաջ Զիդանը մահացու սպառանալիքներ էր ստացել: Խաղադաշտում հայհոյում ու սուլում էին նրան, պոստերներին գրված էր «Զիդան` հարկի»: Խաղն ընդհատվեց, երբ ֆրանսաբնակ արաբները Բեն Լադենի պատվին երգելով ու Ֆրանսիային հայհոյելով մտան խաղադաշտ: Խաղը չկայացավ: Այդ օրը Զիդանի համբերությունը լցվեց, և վերջապես ընդհատվեց նրա հանրային լռությունը:

Ես առաջին ու վերջին անգամ են ասում` հայրս հարկի չէ: Ես հպարտ եմ նրանով: Իմ հայրը երբեք իր երկրի դեմ չի կռվել:

Զինեդինը միացավ Ժերար Դեպարդիեյի Ազգային ճակատի դեմ արշավին, դարձավ Ֆրասնային երիտասարդ էմիգրանտների խորհրդանիշը: Շարժումը կոչվեց նրա անունով` Զիդանյան սերունդ: Սերունդ, որին վիճակված է հաղթահարել ֆրասիացիների ալժիրյան սինդրոմը:

Գրել կարծիք