«Deti Picasso». Փաստացի լուծարումից մինչև վերածնունդ

«Deti Picasso». Փաստացի լուծարումից մինչև վերածնունդ

newmag-ը զրուցել է խմբի հետ` բեմից մի քանի տարի անհետանալու, նոր անդամներով համալրվելու, Եվրոպայում աշխատելու, Երևանում կիթառ կոտրելու և նոր ձայնասկավառակի մասին:

texekanq-picasso (2)

Մութ սրահում վառվում են լույսերը, երաժշտական բարձրախոսի վրա հայկական եռագույնն է, ու հնչում է առաջին մեղեդին: Հայկական հնչյուններ են հնչեցնում ոչ թե հայ երաժիշտները, այլ տավղահար ռուս աղջիկն ու ալտահար հունգարացին: Նրանց է միանում նույն օրիգինալ կերպարով հայուհին՝ Գայան… Ջերմ ժպիտը դեմքին, մեծ զարդերով, չալմայով ու սպիտակ, երկար զգեստով:

«Բրավո, բրավո…»,- գոչում է հայ հանդիսատեսը, ու ծափերից մթագնում է առաջին երգը:

Բեմում Գայան է, քիչ այն կողմ ՝ եղբայրը՝ Կարենը. խմբի հիմնադիրներն են: Հայ ընտանիքի զավակները մեծացել են մի միջավայրում, որտեղ մշտապես հնչել է հայկական երգը, որը ստիպել է միավորվել ու աշխարհին պատմել հայի մասին հայկական ելևէջներով: Չէին էլ հավատում, որ մի օր Եվրոպան, Ռուսաստանն ու աշխարհի 97 երկրներ կսիրեն հայկական բազմերանգ էթնիկ մոտիվները, համարձակ փորձերը, ու, ինչպես ասում են, փսիխոդելիկ երաժշտությունն այդքան մասսայական կդառնա: Նրանք միախառնում են ամեն ինչ ու ստանում ավելին: 10 տարի անց ու նույն կարոտով «Дети Picasso» խումբը վերադարձավ հայրենիք:

HRKH1626

Փլուզում, որը վերջնական չէր

Մենք այդպես էլ պաշտոնապես չենք հայտարարել, որ հեռանում ենք բեմից: Մենք մի տեսակ ենք, որը պերֆեկցիոնիստներին է բնորոշ. ուզում ենք կյանքից ստանալ ամեն ինչ կամ ոչինչ: Ամեն բան պետք է անել մեծ նվիրումով:

Պետք չէ վազել գումարի հետևից, երաժշտությունը տարօրինակ աշխարհ է. եթե փողի հետից ընկնես, կկորցնես որակը: Այդպես էլ է պատահում:

Ես ու Կարենը 4 տարի շարունակ չէինք կարողանում երաժիշտներին լավ փոխարինողներ գտնել, մենք անընդհատ փնտրում էինք, ուշադիր լսում ամեն մի համերգ: Հետո մեզ անընդհատ ասում էին, որ պետք է մի պահ դադար տալ ու հեռանալ էթնիկ տարրերից, քանի որ 10 տարի շարունակ մենք մշակում և սեփական ձեռագրով ներկայացնում էինք հայկական ժողովրդական երգերը: Մի նոր փուլ էր հարկավոր, և մենք սկսեցինք ռուսերեն երգեր ձայնագրել, նաև անգլերեն: Չեք հավատա, բայց նույնիսկ ես սկսեցի հարվածային գործիքներ նվագել:

– Ստացվեց ամեն ինչ նորից՝ սկզբնակետից:

Ես չէի ասի այդպես: Մենք մեծ պաշար էինք կուտակել, չէինք դադարեցրել մեր միասնական աշխատանքը: Հաջողության ու հայտնիության գագաթնակետին էինք, և վերադառնալը հեշտ էր: Մենք մի օր ասացինք` ուռա՜, մենք վերադառնում ենք

– Վերածնո՞ւնդ:

Այո՛, ճիշտ եք: Մեր վերածնունդն էր երկու երաժիշտներին գտնելը: Տավղահար Նաստյա Ռազվալյաևան Բուդապեշտի Ֆրանց Լիստի անվան երաժշտական ակադեմիայի շրջանավարտ է: Ալտահար Արոն Պորտելեկը Հունգարիայի ամենալավ ջազ երաժիշտներից մեկն է, նաև հարվածային գործիքներ է նվագում: Նրանց պատահաբար լսեցինք ու հասկացանք, որ նրանց պետք է խումբ հրավիրել: Մենք հրաժարվեցինք բասկիթառից, դարձանք քառյակ ու հիմա հենց այս հրաշալի կազմով ենք շրջագայում Եվրոպայում: Երգացանկը նվիրված է ցեղասպանության 100-րդ տարելիցին` «Քելե՛, լա՛ո», «Սարերի հովին մեռնեմ», Սայաթ-Նովա:

IMG_7736

– Իսկ ի՞նչ էիք անում այդ չորս տարիներին. որտե՞ղ էիք, ինչո՞վ էր զբաղված Կարենը:

Բուդապեշտում ընդունվել եմ թատրոնում աշխատելու: Երաժշտություն էի գրում ժամանակակից բալետի համար: Կարենը նաև երաժշտություն է գրում ֆիլմերի համար: Մենք միասին աշխատում էինք գեղարվեստական ֆիլմի սաունդթրեքի վրա, ալբոմ ենք ձայնագրել նորվեգական խմբի հետ: Ես նաև ներգրավված էի մի եվրոպական մեծ նախագծում, որտեղ ամեն ազգ ներկայացնում էր իր մշակույթը: Ես ընտրել էի հայկական երգերը: Ինձ բաժին ընկավ թուրք երգչուհի: Նա սկզբում հրաժարվում էր երգել հայկական երգեր, բայց հետո, ջերմ, լավ ընդունելությունից հետո, երգեց երեք երգ ու դրանք ընդգրկեց իր նոր ալբոմում:


«Deti Picasso». Հատուկ ֆոտոշարք Զվարթնոց տաճարում


– Դուք երկուսով նաև խումբ էիք հիմնադրել:

Այո՛, մենք այդ ընթացքում հասցրեցինք հիմնել «Wattican Punk Ballet» բենդը. նա կիթառ ու ստեղնաշարային գործիքներ էր նվագում, ես էլ երգում էի ու հարվածային գործիքներ նվագում: Մեր երաժիշտները շատ որակյալ մասնագետներ էին: Ի դեպ, նրանք իրենց ճանապարհը շարունակեցին այլ ասպարեզներում, օրինակ՝ նախկին բասկիթառահարը վերադարձել է իր մասնագիտությանը ու հիանալի դիզայներական լուծումներով կահույք է ստեղծում, կիթառահարը դարձել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ, ալտահար հայուհին այժմ նվագում է շվեյցարական սիմֆոնիկ նվագախմբում և մեծ հաջողությունների է հասել:

HRKH1864

Կարոտած հայրենիք

Վա՜յ, կորել էինք, գիտե՞ք… Քաղաքը շատ է փոխվել: Իսկ այս թութը… Չեմ կշտանում ուտելուց, ախր տասը տարի առաջ եմ մեկ էլ կերել: Դուք էլ կերեք, էլի: Հուզվում ենք, բայց շատ մեծ պատասխանատվություն է Երևանում կրկին երգելը: Մեր նախորդ համերգը մեր կարիերայի լավագույն համերգներից մեկն է: Կհիշեք. Կարենը 10 տարի առաջ այնքան հուզված էր, որ կիթառը բեմում կոտրեց, մինչև օրս այդպիսի բան երկրորդ անգամ տեղի չի ունեցել: Հիմա մենք մի քիչ փոխվել ենք, հասունացել ենք, էթնոռոք խելառ խումբը չենք: Երաժշտական այլ զգացումներ ունենք հիմա: Այս համերգում էլ, տեսե՛ք, ներառել ենք երգեր, որոնք մեզ համար մայրս է երգել ու մեզ դաստիարակել հայկական շնչով. «Քելե՛, լա՛ո», «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Նինարե», «Հորովել»:


«Deti Picasso» խմբի պաշտոնական կայքը
«Depi Picasso» խմբի Youtube էջը


Նոր ալբոմ

Դուք ցանկանում եք ամեն ինչ իմանալ: Այո՛, նոր ալբոմ ենք ձայագրում, որի աշխատանքային անվանումն է «Тени забытых предков»: Լույս կտեսնի 2015 թվականի աշնանը կամ ձմռանը Բուդապեշտում: Որոշել ենք ձայնասկավառակը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ալբոմի ձայնագրության համար դրամահավաք էիք կազմակերպել. հանգանակած միջոցներո՞վ եք ձայնագրում:

Մենք շատ շնորհակալ ենք, այո՛: Ինտերնատեային crowdfunding-ն աննախադեպ արձագանք գտավ: Մեր երկրպագուները նախապես գնում էին մեր երգերը, շապիկներ, իրեր ձեռք բերում, հանգանակում գումար: 300 մասնակցի շնորհիվ մենք հավաքեցինք անհրաժեշտ գումարն ու հիմա մխրճվել ենք այդ աշխատանքի մեջ: Այս աջակցությունը մեծ ուժ տվեց մեզ:

IMG_7730

 

Գրել կարծիք