Քեթի Լիչ. Կարևորը՝ զրուցակիցդ հավատա, որ դու անկեղծ ես

Քեթի Լիչ. Կարևորը՝ զրուցակիցդ հավատա, որ դու անկեղծ ես

ՀՀ- ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը մասնագիտական նրբությունների, ներողություն խնդրելու ունակության և կյանքի ամենակարևորի մասին:

իմ աշխատասեղանը

Մեր դեսպանատանը խրախուսվում է մաքուր գրասեղանի քաղաքականությունը: Ես հիանում եմ մարդկանցով, որոնց սեղանը մշտապես մաքուր ու հավաքված է: Ես էլ եմ ձգտում դրան: Բայց իմն այդպիսին չէ: Իմ գրասեղանին բազմաթիվ թղթեր կան, քանի որ աշխատում եմ միաժամանակ տարբեր նախագծերի վրա ու չեմ սիրում դրանց նյութերը դարակում պահել: Միշտ մտավախություն ունեմ, թե կմոռանամ կարդալ: Այդ բոլորը տպում, դնում եմ սեղանիս՝ հույս ունենալով, թե մի օր կարդալու ժամանակ կգտնեմ: Կուտակում-կուտակում եմ և ի վերջո մի օր դեն նետում: Կյանքը շատ կարճ է, որպեսզի ժամանակ ծախսեմ ու դասավորեմ այդ բոլոր թղթերը:

առավոտյան սուրճ

Այստեղ՝ Հայաստանում, սուրճը հատուկ նշանակություն ունի: Ինչպես Բրիտանիայում թեյն է մշակույթի մի մաս, այնպես էլ այստեղ հատկապես առավոտյան սրճելը մի իսկական արարողություն է: Մեր դեսպանատանը առավոտյան մեկ գավաթ սուրճի շուրջը քննարկում ենք նախորդ օրվա անցուդարձը: Ես սիրում եմ քիչ քաղցր հայկական սուրճ: Բայց խմում եմ նաև այլ տեսակի սուրճեր: Սարսափելի չեմ սիրում սերուցքով, ֆրապուչինոյի տիպի սուրճեր. դրանք կարծես 1000 կալորիա ունեցող ըմպելիք լինեն:

մասնագիտության նրբություններ

Խոսքերն ու հնչերանգները՝տոնայնությունը, անչափ կարևոր են, բայց իրականում ամենակարևորն այն է, թե զրուցակիցդ հավատում է արդյոք, որ դու անկեղծ ես կամ առնվազն վստահություն ներշնչող: Հաջորդ կարևոր հարցը ժամանակայնությունն է: Միտքն արտահայտելու ճիշտ պահի ընտրությունը, իրավիճակի անսպասելի փոփոխությունների ընկալումն ու դրանց արձագանքելու կարողությունը կարող են մեծ նշանակություն ունենալ:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


ներողություն խնդրելու մշակույթը

Ես չեմ դժվարանում «ներողություն» ասել: Մարդը կարող է ափսոսել իր արարքի համար կամ նրա համար, որ նեղացրել է ինչ-որ մեկին: «Ներողություն» ասելու համար պետք է կարողանաս հաշտվել, պետք է պատրաստ լինես ընկալել այլոց տեսանկյունը և ընդունել, որ դու անսխալական չես: Որոշ մարդիկ դժվարանում են դա անել: Ես պարբերաբար հասկանում եմ, որ ինձ համար ներողություն խնդրելը շատ հեշտ է:

newmag56ամենակարևոր բանը

Իմ ընտանիքը՝ ամուսինս և իմ երեք երեխաները, ծնողներս, քույրերս ու եղբայրներս: Կյանքը չափազանց տխուր կլիներ, եթե չլինեին մարդիկ, որոնց մասին դու հոգ ես տանում: Եվ եթե չլինեին քո հանդեպ հոգատար մարդիկ: Կյանքում ամեն ինչից առավել երեխաներն են, որ տալիս են ուրախության և սիրո զգացում:

պատասխանատվություն

Ես իմ ծնողներից ժառանգել եմ այն հստակ ուղերձը, որ պետք է պատասխանատու լինես այլ մարդկանց, հասարակության առջև: Ներողություն եմ խնդրում, եթե հավակնոտ է հնչում, բայց պետք է փորձել աշխարհն ավելի լավը դարձնել: Ես կարծում էի, թե դա կարելի է անել միայն լինելով ուսուցիչ, բժիշկ, պետական ծառայող: Հիմա ես բարձր եմ գնահատում նաև այն մարդկանց, որոնք մեծ բիզնեսներ են հիմնել և բարելավել են մարդկանց կենսամակարդակը՝ եկամուտ ստեղծելով ու հարկեր վճարելով: Հարգում եմ նրանց, ովքեր իրենց աշխատողներին լավ են վերաբերվում, ունեն սոցիալական ու բնապահպանական պատասխանատվություն: Ես շատ կուզեի մեծ բիզնես գաղափարներ ունենալ:

ժամանակակից ֆիլմեր

Ես հաճախ եմ հիասթափվում ժամանակակից ֆիլմերից: Դրանք հիասքանչ պատկերավորում ունեն, բայց սցենարներն այլևս սրամիտ չեն: Սիրում եմ հին, դասական ֆիլմերը՝ «Ֆիլադելֆյան պատմությունը», «Ջազում միայն աղջիներ են», «Երրորդ մարդը», «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս»: Ես սիրում եմ մյուզիքլներ և հատկապես հները՝Ջին Քելիի, Ֆրեդ Ասթեյրի և Հովարդ Քիլի մասնակցությամբ: Դրանք անիրական էին, ռոմանտիկ և ապրեցնող:

Գրել կարծիք