Սեփական փորձով. Քոթոթների հետքերով

Սեփական փորձով. Քոթոթների հետքերով

Տիգրան Զարեյանը պարզել է, թե Խոսրովի արգելոց բաց թողնված արջուկներն ինչ վիճակում են և արդյոք կարողացե՞լ են սնունդ գտնել, պատրա՞ստ են ձմեռելուն:

Բնապահպանության նախարարությունը Վայոց Ձորում ամիսներ առաջ հայտնաբերել էր արջի երկու քոթոթների: Նրանք հյուծված էին և բախտի քմահաճույքին մատնված: «WWF-Հայաստանի» հետ արջուկներին երկու ամիս խնամել էին ու բաց թողել Խոսրովի արգելոցում: Խոսրով ու Աստղիկ անունները ստացած ծուռթաթ որբուկները հարազատ բնություն վերադարձվեցին հոկտեմբերի 3-ին արգելոցի բուֆերային գոտում: Այդ տարածքը շատ ավելի անվտանգ է կենդանիների համար: Կենդանիներին մայր բնության գիրկը վերադարձնելը մեծ իրադարձություն էր Հայաստանի բոլոր կենդանասերների համար: Մեր նկարահանող խմբի գերխնդիրն է պարզել, թե մեկ ամիս անց արջուկներն ինչ վիճակում են, ինչպես են վերականգնվում վայրի բնության գրկում, կարողացե՞լ են սնունդ գտնել, պատրա՞ստ են ձմեռելուն:

Արգելոցի կենտրոնամաս հասնելուն պես հանդիպում եմ Բնության համաշխարհային հիմնադրամի առաջատար մասնագետ Ալեքսանդր Մալխասյանի հետ: Մի քանի բառ ենք փոխանակում, բուխարու մեջ մի քանի չոր ճյուղ ենք գցում ու պառկում ենք քնելու: Վերկացը վաղ առավոտյան է, ու դեռ պարզ չէ, թե քանի կիլոմետր պետք է անցնենք: 4 տեղամաս ունեցող արգելոցը սկսվում է Գեղամա լեռնաշղթա- յի հարավարևմտյան լանջերից, անցնում Ուրծի, Երանոսի, Դահնակի, Իրից լեռներով ու ավարտվում Խոսրովասարի լեռնաբազուկների լանջերին:

newmag55

Արգելոցում շատ են մատուռները, բնակատեղիներն ու խաչքարերը, սակայն դրանք գրեթե երբեք լրջորեն չեն ուսումնասիրվել: Չկա հստակ թվագրություն, ու չկան հիմնավոր վերլուծություններ, թե, օրինակ, Խոսրովատեղի բնակավայրը որ թվականին է կառուցվել կամ երբ է կործանվել:

1600-2300 մ բարձրությունների վրա գտնվող արգելոցում հսկայածավալ աշխատանք է կատարում «WWF-Հայաստանը»: Սկսած ֆոտո և վիդեոթակարդների տեղադրումից մինչև կենդանիների հաշվառում: Ամենն իրականացնում է վայրի բնության փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը: Նրան հայտնի են գաղտնի կածաններն ու կենդանիների գտնըվելու վայրերը: Նժույգներով հասնում ենք այնտեղ, որտեղ մեկ ամիս առաջ ազատ են արձակվել Աստղիկն ու Խոսրովը: Այստեղից սկսվում են գրեթե անմատչելի ծերպերը, հոգնեցնող վերելքները: Ձիերով անհնար է ճանապարհը շարունակել: Դա է պատճառը, որ ձիերը կապում ենք բացատում և սկսում ենք ոտքով բարձրանալ:



Սա առաջին կածանն է, որտեղով քոթոթները կարող էին անցնել: Սակայն չկա ոչ մի հետք ու նույնիսկ արջի կղանք: Անգամ վայրի բնության հմուտ փորձագետն է զարմանում: Արջուկները դեռ շատ փոքր են հսկայական տարածություններ հաղթահարելու համար ու չէին կարող շատ հեռու գնալ: Մինչև երեկո թափառում ենք զառիթափ լեռնալանջերով և ձեռնունայն վերադառնում կացարան: Արևի առաջին շողերը նոր հույս են ներշնչում, ու արշավախումբը հավատացած է, որ կգտնենք արջուկներին: Նորից թամբում ենք ձիերն ու ճանապարհ ընկնում:

Մի կողմից` արջերին անտառ բաց թողնելը վատ բան չէ, մյուս կողմից էլ` շատ ռիսկային է: Քոթոթներն առանց մոր են ու անպաշտպան: Նրանց կարող են հոշոտել գայլերը, մեծ որձ արջերն ու շնագայլերը: Եթե նույնիսկ նրանց բախտը բերի, կբախվեն մեկ այլ, ավելի մեծ խնդրի: Անցնող տարին բերքառատ չէր, ու արգելոցում չկա նույնիսկ ալոճ: Ինչո՞վ պետք է սնվեն արջուկները:newmag55-5

Երկրորդ օրը բարձրանում ենք ավելի վեր: Ինչպես և նախորդ կեսօրին, ձիերին կապում ենք ստորոտում ու սկսում հերթական վերելքը: Գրեթե անանցանելի կածանն անցնում է ժայռի պռնկով: Մեկ սայթաքումնէլ բավական է կյանքին հրաժեշտ տալու համար: Զառիթափը հաղթահարելուց հետո կանգնում ենք մարդաչափ մացառների ու ամռան տապից գրեթե մոխրացած ծառերի դիմաց: Մի քանի ժամ քայլելուց հետո հայտնվում ենք լեռան գագաթին: Տեղամասի այս հատվածը կարծես բռի մեջ լինի, հստակ երևում են բոլոր կածանները: Պառկում ենք գետնին ու հեռադիտակներով մանրամասն զննում մեր դիմաց ընկած տարածքը: Այստեղից հնարավոր է շատ բան նկատել:

Ու նորից` ոչինչ: Անգամ այս դիտակետից ու բարձրությունից ոչինչ չի նկատվում: Քաղցած, հոգնած ու ուժասպառ վերադառնում ենք ճամբար: Ժամանակի ու տարածության ընկալումը կորցրած խմբի հերթական վերկացն է ու կարծես լավ լուրով: Արգելոցի աշխատակիցը, դեռ լույսը չբացված, հասել է մեր կացարան` տեղեկացնելու համար, որ մի քանի կիլոմետր դեպի հյուսիս տեսել են երկու արջի: Անհապաղ նստում ենք ձիերն ու վարգով նետվում առաջ:

Վարգով ընթացող նժույգի թամբին մեկ ժամ մնալն այնքան էլ դյուրին բան չէ: Սակայն քոթոթներին տեսնելու ցանկությունը շատ մեծ է: Տեղ հասնելուն պես անմիջապես իջնում ենք ձիերից ու գրեթե վազում լեռն ի վեր:

Պարզվում է` ոչ թե արջեր, այլ շնագայլեր են եղել: Մեկ կիլոմետր հեռավորությունից ու նման լեռնոտ տեղանքում հնարավոր է շփոթել կենդանիներին:

Եվս մեկ օր անարդյունք սպառված է: Կրկին վերադառնում ենք ճամբար: Բոլորը լուռ են, ու միայն բուխարու կրակն է ուրախ ճռթճըռթում: Առանց սնվելու՝ պառկում ենք քնելու: Առավոտյան պետք է անցնենք ամենաբարդ երթուղով:

Արգելոցը որքան գեղեցիկ է, նույնքան էլ անմատչելի է ու անհյուրընկալ: Չնայած արևկա եղանակ է, սակայն մինչև ոսկորները սառեցնող քամին կարծես անընդհատ փորձում է ներքև գլորել մեզ: Եվս մի քանի րոպե, և կհասնենք գագաթին, որտեղ ֆոտոթակարդ կա: Հույս ունենք, որ քոթոթներն անցած կլինեն տեսախցիկի դիմացով:

exnik

Անհամբերությամբ հանում ենք կրիչն ու պարունակությունը դատարկում համակարգչի մեջ: Գայլեր, փորսուղ, քարայծ կան, բայց արջ` ոչ: Չենք հուսահատվում ու ֆոտոթակարդի կրիչը փոխելուց հետո շտապում ենք մյուս տեսախցիկի մոտ: Ու նորից՝ ոչինչ: Հասնում ենք հաջորդին, ու ա՛յ քեզ զարմանք: Գտանք: Նկարահանված է հոկտեմբերի 5-ին և 6-ին: Արջուկներն այստեղ են եղել ու այստեղով անցել են և՛ գիշերը, և՛ ցերեկը: Սակայն դա եղել է գրեթե մեկ ամիս առաջ: Արշավախումբը որոշում է հաջորդ առավոտյան գործի դնել «Ֆանտոմը»:

Ինչպես միշտ, վերկացը վաղ առավոտյան է, ու նախ փորձարկում ենք ամենատես «Ֆանտոմը»: Այն հեռակառավարվող թռչող սարք է, որի տակ ամրացված է հատուկ տեսախցիկ: Սարքը կարող է տեսնել և ուսումնասիրել այն վայրերը, որոնք մենք չենք կարող:

Ամեն ինչ գործում է, սակայն մինչև այն օդ բարձրացնելը հարկավոր է հասնել արգելոցի սիրտը: Հասնելուն պես բեռնաթափում ենք ձիերն ու նետվում առաջ:

Ու հանկարծ Ալիկը հայտնաբերում է այն, ինչն ապացուցում է, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Արջի կղանք է: Թարմ է: Չափսերից հասկանալի է դառնում, որ քոթոթի արտաթորանք է: Հենց այստեղ էլ դիրքավորվում ենք և օդ բարձրացնում թռչող սարքը: Այն կարող է մի քանի կիլոմետր շառավղով ուսումնասիրել լանդշաֆտը, հարկ եղած դեպքում էլ մոտենալ կենդանուն: Հեռակառավարվող վահանակի էկրանին պարզ երևում է, որ մի ծառի տակ շարժում կա:

newmag55-3

Հենց ծառի տակ են նստած Խոսրովնու Աստղիկը: Նրանց հետագա ճակատագիրը խիստ կասկածելի է, հաստատ բարդ է լինելու քոթոթների համար: Նախ՝ անտառում գրեթե ուտելիք չկա, կենդանիները ստիպված կլինեն իջնել մոտակա բնակավայր, որտեղ որևէ գյուղացի կարող է որսալ նրանց կամ կրակել նրանց վրա: Բացի այդ՝ գայլերն արգելոցում ոչնչացնում են ամեն ինչ, և անպաշտպան արջուկները կարող են բացառություն չլինել: Եթե այդ վտանգից էլ խուսափեն, հաջորդ ու ամենամեծ խնդիրը ձմեռն է, իսկ առանց կուտակած ճարպի գրեթե անհնար կլինի գոյատևել մինչև գարուն: Բայց կյանքը վայրի բնության մեջ երբեք էլ հեշտ չի եղել:

Գրել կարծիք