Հայ-ամերիկյան առողջության կենտրոն. Երբ փրկում են հազարավոր կյանքեր

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն. Երբ փրկում են հազարավոր կյանքեր

Ինչպե՞ս են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում պայքարում կրծքագեղձի քաղցկեղի դեմ և ի՞նչ հաջողություններ են գրանցել այս ոլորտում:

Մայրս փրկվեց: Նրանց օգնությամբ: 5 տարի առաջ ճշգրիտ ախտորոշումն ու երիտասարդ, բայց բանիմաց բժիշկների խումբը 43-ամյա կնոջը երկրորդ կյանք պարգևեցին:

Կրծքագեղձի գանգատներով ու ապարդյուն բուժման կուրսերից հետո հարևանուհու խորհրդով դիմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոն: Ընդունեցին: Հետազոտեցին: Ասացին՝ կօգնենք, կբուժվի. բարորակ է, ժամանակին եք դիմել: Երիտասարդ ու բարեհամբույր բժիշկն սկսեց հետազոտման ամբողջական փուլն ու խստացված ռեժիմով դեղորայքային բուժումները, իսկ արդյունքն արդեն օրեր անց նկատելի էր: Մեղմացել էին ցավերը, տհաճ ու վատ ինքնազգացողությունը նվազել էր: Հիմա տարվա մեջ երկու-երեք անգամ անցնում է պարտադիր բուժզննում, չնայած ամեն ինչ կարգին է:

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի պատմությունը սկիզբ է առնում 1995-ից: Այն ժամանակ հազարավոր կանայք կանգնած էին նույն խնդրի առաջ ու չէին էլ իմանում, թե ինչ ասել է մամոգրաֆիա: Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալյանի և այդ շրջանում պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002 թ. վերափոխվեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի (ՀԱԱԿ): Այն մասնաճյուղ ունի նաև Գավառ քաղաքում:

Կենտրոնի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, զբաղվել կանխարգելիչ բժշկությամբ, իրականացնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության ախտորոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր, նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը, իրականացնել կրթական ծրագրեր:

 

ՀԱԱԿ-ը մամոգրաֆիայի կոմպլեքս հետազոտություն իրականացնող առաջին կենտրոնն է Հայաստանում և տարածաշրջանում: Նրանց օգնությամբ մինչև օրս փրկվել են մոտ 6 հազար հայուհիներ: 20 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 402 հազար հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է 40000 կին: Կենտրոնի բացման օրից մինչև օրս կատարվել է 216 հազար կրծքագեղձի հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 8 հազար այցելուի մոտ:

ՀԱԱ կենտրոնում հետազոտվածներից ավելի քան 131136-ը ունի կրծքագեղձի բարորակ ախտահարում, ինչը վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում ունի 100 տոկոս բուժման հնարավորություն: Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում. մինչև 29 տարեկան 66 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Մինչև օրս կենտրոնում հետազոտվել է 1141 տղամարդ այցելու, հայտնաբերվել է քաղցկեղի 40 դեպք: Ստեղծման, ձևավորման շրջանում կենտրոն այցելել են օրը 2-3 այցելու, մինչդեռ այսօր կենտրոնն սպասարկում է օրը 120-180 այցելուի: 50-60 %-ը գալիս է պրոֆիլակտիկ զննման, ինչը վկայում է կենտրոնի վստահելիության մասին:

– Ինչո՞ւ գնալ ՀԱԱԿ, կամ այն ինչո՞վ է տարբերվում մամոգրաֆիկ հետազոտություններ իրականացնող այլ կլինիկաներից:

– ՀԱԱԿ-ը իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում: Կենտրոն այցելում են անգամ կանայք Վրաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Կան տարբեր կլինիկաներ, որտեղ մամոգրաֆիկ հետազոտություններ արվում են, սակայն դրանք կենտրոններ չեն, այլ հետազոտական կաբինետներ, որտեղ ախտորոշումը կատարում է մեկ բժիշկ: Կենտրոնի տարբերությունն այն է, որ ՀԱԱԿ-ում ախտորոշումն արվում է 9-10 նեղ մասնագիտացված բժիշկների կարծիքների հիման վրա, նրանցից առնվազն 5-ը հետազոտության արդյունքներին մանրամասն են ծանոթանում և քննարկում յուրաքանչյուր դեպքը: Սա օգնում է բարձրացնել արդյունքների ճշգրտությունը: Կենտրոնը հագեցած է տարածաշրջանում եզակի սարքավորումներով և, ամենակարևորը, թվայնացված մամոգրաֆ սարքով, որը թույլ է տալիս կրծքի գոյացությունը խոշորացնել մինչև 1000 անգամ, այսինքն՝ կարողանում ենք գոյացությունը հետազոտել միլիմետրի ճշգրտությամբ, ինչն էլ արդյունավետ բուժման նախապայմանն է:

– Ե՞րբ և ո՞ր տարիքից պետք է կինը դիմի մամոգրաֆիկ հետազոտության:

– Առհասարակ բոլոր կանանց խորհուրդ է տրվում 40 տարեկանից հետո պարտադիր անցնել մամոգրաֆիկ հետազոտություն 2 տարին մեկ: 35 տարեկանից հետո կինը պարտավոր է պրոֆիլակտիկ տարին մեկ անգամ դիմել կրծքի հետազոտության: Եթե, բարեբախտաբար, որևէ խնդիր չարձանագրվի, նա կարող է կրկին դիմել 2-3 տարի հետո: Խնդիր հայտնաբերելու դեպքում այցելուն գտնվում է բժշկի հսկողության տակ և ստանում համապատասխան բուժում: Իսկ 50 տարեկանից հետո ամենամյա մամոգրաֆիկ հետազոտությունը կնոջ համար ուղղակի պարտադիր է:

Դարձի՛ր երջանիկ մայրիկ. 139-ից մեկը

21-ամյա Տ. Հ.-ն, երբ 16 տարեկան էր, առաջին անգամ մայրիկի ուղեկցությամբ այցելում է Հայ- ամերիկյան առողջության կենտրոն` գանգատվելով աճուկային հատվածի ցավից: Հետազոտությունից հետո ախտորոշվում է ձվարանների պոլիկիստոզ: Բուժումը ավարտելուց հետո իրավիճակը վերահսկելու նպատակով պարբերաբար այցելում է իր գինեկոլոգին:

– Երբ 18 տարեկան էի, ամուսնացա: Երկու տարի փորձում էի հղիանալ, բայց ապարդյուն: Եվ ես կրկին այցելեցի Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, այս անգամ՝ սկեսրոջս ուղեկցությամբ: Նա նույնպես գինեկոլոգիական հետազոտություն էր անցել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում նույն բժշկի մոտ և տպավորված էր նրա բանիմացությամբ և պատրաստակամությամբ, վստահ էր, որ համապատասխան բուժումն ավարտելուց հետո մեր ընտանիքում էլ երեխայի ճիչ կլսվի: Եվ չսխալվեց: Մոտ 8 ամիս հետևողական բուժումից հետո գինեկոլոգը փաստեց իմ հղիությունը: 2010-ի օգոստոսի 11-ին ծնվեց իմ աղջիկը: Նա ուրախություն բերեց մեր ընտանիք և նոր իմաստ հաղորդեց իմ կյանքին:

Պայմաններ` սոցիալապես անապահով կանանց համար

Սոցիալապես անապահով և անվճարունակ քաղաքացիների համար կենտրոնի տնօրինությունը, ի դեմս «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի, ապահովում է հատուկ պայմաններ: USAID ծրագրի հետ համագործակցությամբ օրը մի քանի անվճար հետազոտություն է կատարվում կենտրոնում, վիրահատությունների դեպքում ևս արվում են զեղչեր: Մեկ անվճար վիրահատություն էլ կատարվել է Սփյուռքի նախարարության միջնորդությամբ։

Անգամ կենտրոնում գործող կոնֆերանս սրահի վարձակալության հասույթը ներդրվում է ոչ վճարունակ կանանց առողջության պահպանման, բուժման և վիրահատությունների իրականացմանը։

a

Կենտրոնում գործում են հետևյալ բաժանմունքները.

  • Ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտում – Կանխարգելման շնորհիվ փրկվել է 5227 կին:
  • Գինեկոլոգիա – Կատարվում են գինեկոլոգիական բոլոր տեսակի հիվանդությունների բուժում, արգանդի վզիկի քաղցկեղի և նախաքաղցկեղային հիվանդությունների կանխարգելում և բուժում: Կենտրոնը զբաղվում է նաև անպտուղ զույգերի բուժմամբ. մինչև օրս մայրացել է 139 կին:
  • Ուրոլոգիա – Այն իրականացնում է գինեկոլոգիական բոլոր տեսակի հիվանդությունների բուժում և շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգ:
  • Ընտանեկան բժշկություն – Այս ծառայությունը ներառում է ամենամյա ստուգումները՝ սիրտ-անոթային, թոքային, ստամոքս-աղիքային, միզասեռական, էնդոկրինոլոգիական, ինֆեկցիոն, քիթ-կոկորդ, նյարդային, ռևմատոլոգիական, համակարգային հիվանդությունների ախտորոշում ու բուժում:
  • Վիրահատարան – 2013-ի մայիսի 12-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղի ունեցավ առաջին վիրահատությունը: Ժամանակակից գերմանական սարքավորումներով հագեցած վիրահատարանում կատարվում են վիրահատություններ` կապված կրծքագեղձի, միզապարկի կամ արգանդի և ձվարանների հետ: 2014-ի հունիսից կենտրոնում կատարվում է պտուկի պահպանմամբ կրծքագեղձի հեռացում՝ կրծքի վերականգնումով: Ավելին, կատարվում են նաև քթի, որովայնի առաջնային պատի, ականջախեցու, կրծքի էսթետիկ վիրահատություններ և քթի շնչառության վերականգնում:
  • Լաբորատորիա – Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշում և բոլոր տեսակի հետազոտություններ:
  • Ոսկրային հյուսվածքի խտության որոշում (դենսիտոմետրիա)
  • Ատամնաբուժարան
  • Հոգեբանի ծառայություն
  • Մանուալ լիմֆոդրենաժ
  • Դեմքի անոթների և մաշկի պիգմենտացիաների լազերային բուժում

ՀԱԱԿ-ի առաքելությունը մինչև օրս մեկն է. մարդը պետք է հասկանա, որ դարի չարիքը՝ քաղցկեղը, ունի բուժման մեկ պայման՝ վաղ կանխարգելում, որը դառնում է կենտրոնի բժիշկների ամենակարևոր բանաձևը կյանքեր փրկելու գործում:

Գրել կարծիք