Ադելի առաջին հարցազրույցը 3 տարում

Ադելի առաջին հարցազրույցը 3 տարում

3 տարվա լռությունից հետո iD-ին տված իր առաջին հարցազրույցում Ադելը խոսում է մայրանալու, փառքի և այն մասին, թե ինչու այլևս «21» չի լինի, նույնիսկ եթե կարողանա:

Ադել Ադկինսը անոմալիա է: Նա հաղթում է «փառքի խաղում»` հրաժարվելով ընդհանրապես խաղալ այն: Եվ դրանից նրա երաժշտությունն ավելի լավն է դառնում:

Ադելի պապիկը մահացավ, երբ աղջիկը 10 տարեկան էր: Նա հիասթափված էր կյանքից: Նա ոչ միայն իր վիշտն էր սգում, այլ նաև զգում էր տատիկի կորստի ցավը. «Ես այնքան էի սիրում նրան: Տատիկս ու պապիկս միշտ ինձ համար իդեալական հարաբերությունների , իդեալական ընկերության, ընկերության, ամեն ինչի  օրինակ են եղել»:

Պապի մահից ազդված 10-ամյա Ադելը որոշեց սրտաբան դառնալ. «Ես ուզում էի բուժել մարդկանց սրտերը»: Մեկ տարի անց Ադելը ավագ դպրոցում էր ու հաճախում էր Balham’s Chestnut Grove School-ի կենսաբանության դասերին: Ադելի «աորտային ամբիցիաները» ավարտվեցին, երբ բացահայտեց ժամանցն ու տղաներին:

Պապիկի մահից տասը տարի անց, երբ տուն վերադարձավ Լոս Անջելեսից, որտեղ պրոդյուսեր Դեն Ուիլսոնի հետ աշխատում էր իր առաջին` «19» ալբոմի վրա, 11-ժամյա թռիչքից ու անքնությունից հոգնած  ուղևորվեց մայրիկի տուն. «Նրա համար կատարեցի «Someone like you»-ի  նախնական տարբերակը: Մաման սկսեց լացել: «Դու վիրաբույժ ես»,- ասաց,- «նորոգում ես մարդկանց սրտերը»: Հետո լռեց ու թոթվեց.-«Sliding Doors-ի նման է, չէ՞»:

Իրականում Ադելի նոր ալբոմը` «25»-ը, նմանություն ունի Գվինեթ Փելթրոուի մասնակցությամբ 1998 թվականի Sliding Doors կատակերգրական դրամայի երաժշտական մոտիվի հետ: Երբ նա պատրաստվում էր ձայնագրություններին, շտապեց մոտակա խանութից նոր նոթատետր գնել. «Այդպես բոլոր ալբոմներիս ժամանակ եմ արել: Գնում եմ նոր բլոկնոտ, հոտոտում այն, որովհետև բույրը կարևոր է: Հետո մեծ, ընդգծված տառերով առաջին էջին գրում եմ տարիքս: 25-ից հետո 5 հարցական նշան դրեցի, որովհետև ինքս էլ զարմացած էի` այդ ե՞րբ, գրողի տանի, 21-ից դարձա 25»:

Ադելն ասում է` նոր ձայնասկավառակը մեծանալու և նոստալիգիկ դառնալու մասին է: Այն մասին, թե ինչպիսին էր նախկինում, ինչպիսին է հիմա, և ինչպիսին պետք է լինի ապագայում: «Այն այնպիսի բաներ կարոտելու մասին է, որոնք նախկինում մտքովս չէին անցնի` օրինակ  18 տարեկանում ընկերներիդ հետ Brockwell Park-ում 2 լիտր խնձորօղի խմելը: Դրանք կյանքիս ամենից իրական ու լավ պահերն էին, և կուզեի այն ժամանակ հասկանալ, որ այլևս չեմ կարողանալու այգում նստել և մի շիշ  խնձորօղի կոնծել»:

Եվ ոչ այն պատճառով, որ հայտնի է, այլ որովհետև նրա (նաև դպորցական ընկերների) կյանքը առաջ է գնացել: Ոչ ոք այլևս թինեյջեր չէ: «Կարծում եմ` ալբոմը անցյալը պարզ հասկանալու մասին է» -, ցածրաձայն ավելացնում է Ադելը,- «ծնող դառնալու և «էլ 20 տարեկան չլինելու» մասին: Հիմա ես շատ բաների պատճառով չեմ կարող անհանգստանալ: Այո, ես ապրել եմ սիրային դրամայի բոլոր տարատեսակները: Բայց հիմա մայր եմ, դրանց ժամանակը չունեմ: Այնքան մայրական հոգս ունեմ հիմա: Եվ, գիտեք ինչ, կյանքն ավելի հեշտ է, երբ չես քչփորում անցյալը»:

Ըստ ամենայնի, Ադելի  «25»-ը քննադատները կներկայացնեն փառքի ու հարստության հավակնություն: Բայց այդպես չէ: Իր նախկին ձայնագրություններում Ադելն իր անձնական ապրումները հիանալիորեն դարձրել է հանրային: Նա դա անում է, Աստված իմ, շատ գայթակղիչ ձևով: Նրա սիրտը կոտրվում է, որովհետև մեր սրտերն են կոտրված: Նա պայքարում է, մենք էլ ենք նույնն անում` անկախ նրանից` ով ենք մենք և ինչով ենք զբաղվում: «25»-ը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք բոլորս փոխվել, և կապ չունի` համաշխարհային աստղ ենք,  շրջանավարտ, արհեստավոր, թե նորաթուխ մայրիկ:

«25»-ով Ադելը հստակ ցույց է տալիս` այն «21»-ը չէ` 30 միլիոն օրինակ վաճառք ունեցած բազմակի մրցանակակիր ալբոմը, որը նրան դարձրեց համաշխարհային գերաստղ. «Ես չափազանց զգոն էի, որ նորից «21» չստեղծեմ: Չէի պատրաստվում գրել սրտաճմլիկ երգեր, որովհետև հիմա իմ սիրտը կոտրված չէ: Ես այլևս չեմ ուզում այդպես զգալ»:

Ադել Լոուրին Ադկինսը հիմա 27 տարեկան է: Երեք տարվա դադարից հետո առաջին հարցազրույցին շտապում է իր XL լեյբլի լոնդոնյան գրասենյակ: Ականջակալներով է, Macbook Pro-ն ձեռքին, հագին XL-ի գովազդային շապիկ, մյուս ձեռքին էլ iPhone 6-ն ու Bob The Builder պայուսակն է պահել: Նա կանաչ թեյ է խնդրում. «Փորձում եմ առողջ ապրել»,- պարզաբանում է:

Սև լեգիններ, սև բաճկոն, սև Nike 5.0+ սպորտային կոշիկներ, եղունգներն անգույն են, ոչ մի զարդ, միայն մեծ, կլոր, ականջօղեր է կրում: Առանց ավելորդությունների եկել է i-D-ում իր «25»-ից 7 երգ ներկայացնելու:«Մի քիչ հուզված եմ»,- խոստովանում է` ճպճպացնելով կանաչ մեծ աչքերը,- «Իմ մենեջերից հետո Դուք առաջինն եք լսելու այս երգերը»:

Մատը սահեցնում է իր iTunes-ի վրայով. – «Օքեյ, ո՞րը միացնեմ, գրողը տանի: Ահա, այս մեկը Hello է կոչվում, առաջին սինգլն է»: Հենց այն երգն է, որն ինտերնետը պայթեցրեց հաշված ժամերում: Նա սեղմում է play-ը ու մենք «անջատվում ենք»: Ադելի ձայնը 4 տարվա ընդմիջումից հետո լսելն իրոք հրաշալի է: Taylor-ի, Rihanna-ի և Miley-ի առաջարկած փոփ երաժշտության մեջ Ադելի բացակայությունը ակնհայտորեն զգացվում էր: 3,5 րոպե անց երգն ավարտվում է ու աչքերիս արցունքներ են:

adele

Hello-ի տեսահոլովակը նկարահանվել է Տորոնտոյում, հոկտեմբերի սկզբին: Ռեժիսորը Կաննի ժյուրիի մրցանակի դափնեկիր և դերասան Խավիր Դոլանն է: Նա Ադելին դերասանական խաղ է սովորեցրել, ինչը  նրան անսպասելիորեն դուր է եկել. «Ես պետք է արտասվեի և նման բաներ անեի: Երկար ժամանակ հեռու էի նկարահանումներից, ու մի քիչ կաշկանդված էի: Բայց Խավիերն ասում է` վատ չի ստացվել»:

Նկարահանումների պատճառով Ադելը ստիպված էր 2,5 տարեկան որդուն` Անջելոյին, տանը թողնել, ինչը ամենադժվարն էր. «Առանց փոքրիկիս շատ տխուր էր»: Ինչպիսի՞ն է մայրիկի կյանքը, Ադելը հառաչում է. «Անտանելի դժվար: Բայց նաև ամենալավ բանը, որ երբևէ պատահել է ինձ հետ: Տղաս ինձ երկնքից երկիր իջեցրեց: Մինչև այդ պահը կյանքը միայն իմ շուրջ էր պտվում: Հիմա ամեն ինչ անում եմ, որ իմ կյանքը պտտվի նրա շուրջ»:

Ադելը նույն կերպ է դաստիարակում տղային, ինչպես իրեն: Տոտենհեմում նրան թողել էր իր մայրիկի` Փենիի մոտ, որը Ադելին Բրիքսթոնի Ակադեմիա էր խցկել Beautiful South և Cure լսելու, երբ նա դեռ 3 տարեկան էր: Ադելը միջին բանվորական դասից է սերում. «Ես հիանալի մանկություն եմ ունեցել: Ինձ շատ են սիրել: Հիմա եմ գիտակցում, թե որքան կարևոր է դա: Դաստիարակության կանոները, բարոյականությունը նույնն են, ինչ իմ մանկության տարիներին, բայց այժմ տարբեր միջավայրը, որում հիմա մեծացնում եմ իմ երեխային: Եվ դա ինձ շատ է մտահոգում»:

Hello-ն, որի պրոդյուսերը Գրեյգ Քուրսթինն է, Someone like you-ի պես կարծես մի ակնթարթ լինի, որը  ստիպում է, որ սիրտդ արագ բաբախի. «Երգը մարդու զգացմունքները վիրավորելու մասին է: Բայց այն նախ և առաջ ինքս ինձ հետ կապի մեջ մնալու փորձ է, ինչը երբեմն դժվար է անել»,- բացատրում է Ադելը. «Այն մյուս ծայրից բղավելու մասին է: Երբ հեռու եմ տնիցս, իսկապես կարոտում եմ: Հուսահատվում եմ, երբ Անգլիայից հեռու եմ լինում: Պարզապես ուրիշ տեղ չեմ կարողանում շնչել: Չգիտեմ` ինչու: Այնքան կապված եմ այստեղի իմ կյանքին: Այնպես որ` Hello-ն տանը լինելու ցանկության մասին է: Այսպես նաև ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ: Ինձ էլ եմ վիրավորել»:

Մինչդեռ կարծում էի, թե Hello-ն կարող է ներելու խնդրանք լինել այն տղային, որի մասին Ադելը գրել էր Someone like you երգում. «Օ, Աստված իմ, ոչ: Նրա հետ ընդմիշտ ամեն ինչ ավարտված է: Hello-ն որևէ մեկի մասին չէ: Ես երգում եմ ընկերներիս, նախկին բոյֆրենդներիս, իմ մասին: Այն նաև կարող է երկրպագուներիս ուղղված լինել: Զգում եմ, որ բոլորը մտածում են` ես այսքան ժամանակ հեռու եմ եղել: Այդպես չէ: Այստեղ` Անգլիայում էի: Շատերը մտածում էին, թե գրողի տարած Ամերիկայում եմ ապրում: Ոչ»:

Ադելը բրիտանական աշխատավոր դասի մենթալիտետն ունի. Նա ատում է միտքը, որ որևէ մեկը կարող է կարծել, թե նա վաճառվել է, կտրվել իր արմատներից. «Երբեմն մարդիկ բամբասում են, իբր փոխվել եմ: Բայց ահա տեսեք, ամենևին այդպես չէ»:

Նա միացնում է ընդհանուր առմամբ 8 թրեք: Rolling In The Deep-ի պրոդյուսեր Փոլ Էփվորդի ձեռագիրը զգացվում է I Miss You ուրվականային հիմնում: Ադելը տարուբերում է  գլուխը, աչքերը ամուր փակում: «Սեքսի մասին է, չէ՞»: Հնչեղ ու բարձր ծիծաղում է. «Ամեն մակարդակում ինտիմության մասին է: Սեքսի մասին է, վիճելու մասին, ինչը իմ կյանքւոմ ամենաինտիմ պահն է: Որովհետև բերանիցդ թռցնում ես խոսքեր, որոնք կարող են կծել: Հատկապես խմած ժամանակ է հնարավոր: Այդ պատճառով խմած լեզուն ամենաաանկեղծն է: Ահա թե ինչու չեմ սիրում խմել, ատում եմ հաջորդ առավոտյան արթանանլուց հետո պատող ահը»: Պարզվում է, նույնիսկ Ադելը ունի Վախեր:

When We Were Young-ը նոր ալբոմի  Rolling In The Deep-ն է: Մեծ, հյութեղ, սիրուն սիրային երգը 70-ակաների ոճի փայլփլուն դիսկոտեկային բալլադ է: Պրոդյուսերը Արիել Ռեյխշեյդն է. Համահեղինակը` Թոբիաս Խեսսո Կրտսերը (անհայտ` մինչև այն պահը, երբ Ադելը, Խեսսոյի Hollywood երգը լսելուց հետո, իր 23,4 միլիոն թվիթերյան հետևորդներին տեղեկացրեց նրա մասին):

adele-body-image-1445617658

A Million Years Ago-ն, որը Քուրստինն է (Someone like you-ի պրոդյուսերը), հիշեցնում է Celia Cruz-ի Tito Puente-ն: Բայց ավելի արցունքաբեր է: (I miss the air.  I miss my friends. I miss my mother. I miss it when life was a party to be thrown, but that was a million years ago). Իրո՞ք Ադելն այդպես է զգում: Անկեղծորեն զարմացած տեղեկացնում է. «Այդ երգը ալբոմում վերջին պահին հայտնվեց: Այն շատ հետահայաց է, չափազանց շատ` 19-ի ոգով: Ես եմ` կիթառը ձեռքիս ժամանակներում» :

Հետո առաջարկում է մի երգ էլ լսենք. «Danger Mouse-ի՞, թե՞ Bruno Mars-ի ոճով»: Իմ փոխարեն որոշում է երկուսն էլ միացնել: River Lea-ն Hometown-ի նման է հնչում. (‘When I grew up as a child I grew up on the River Lea/ Now there’s some of that water in me. To wit: I’ll never change. Tottenham is my mind, body and soul‘): Bruno Mars տեսակի երգը բոլոր ոճերի միքս է, կարծես ամեն ինչ է.  (‘We was gonna make something cool, but then we were having too much fun.’): Փոփ դիվաներ Բարբարա Սթերյզանդ, Բեթ Միդլեր ֆիշկան հսկայական, ճնշող ազդեցություն է թողնում: Այն գերազանց է:

Ի տարբերություն իր նախորդ երկու ալբոմների, որոնք սոուլի, R&B-ի, բլյուգրեսի օվերտուրա ունեին, «25»-ը կենտրոնացած է ժամանակակից փոփի վրա, որում կան նաև 70-ականների երանգներ: Շատ ժամանակ ու ջանք է ծախսվել «25»-ը ձայնագրելու համար: Բայց Ադլեը չէր կարող շտապել. «Երբեմն սարսափով մտածում էի` գուցե ուշացել եմ: Բայց գիտեք, ես մայր էի դարձել, չէի կարող շտապել: Եվ բացի այդ, պետք է մարդկանց հնարավորություն տալ կարոտել քեզ»: Թեպետ նա փորձեց 2013-ին վերադառնալ գործի` ընկերոջ Քիդ Հարփունսի  ստուդիա. «Մենք հիմնականում շատախոսեցինք, շոկոլադե տեմպուրա ըմպեցինք, ու ես գնացի տուն: Ես չգիտեմ ինչու` դեռ պատրաստ չէի»:

Իրերն իրենց տեղը չընկան նաև դրանից մի քանի ամիս անց, երբ Ադելը մեկնեց Նյու Յորք` One Republic-ի ֆրոնթմեն Ռայան Թեդերի հետ աշխատելու: Միասին նրանք ստեղծել էին Turning Tables-ն ու Rumour Has It-ը: Այդ ժամանակ Ռայանի և Ադելի համագործակցությունից ծնվեց Remedy-ին, որն Ադելի լավագույն ընկերոջ, տատիկի ու պապիկի, բոյֆրենդի մասին էր, բայց ավելի շատ` որդու, որի հայրը Սիմոն Քոնեքն է. «Հետո սկսեցի փորձել այլ երգեր գրել: Իրականում դրանք  հիմար բան դուրս եկան: Դե չէ, այնքան էլ անկապ չէին, ուղղակի փոփ երգեր էին: Մենեջերս կտրականպես մերժեց` բավականաչափ հզոր չէին: Դա ինձ մի քիչ անվստահ դարձրեց: Իմ ամենամեծ վախն այն է, որ մադրիկ չեն հավատա ինձ: Այդպես ես նորից մտա խորտակվող նավակս ու սպասեցի»:

Մի օր Թեդերի հետ նախաճաշում էին, երբ ռադիոյով հնչեց Թեյլոր Սվիֆթի Trouble-ը. «Լավն է, ո՞վ է գրել: Ռայանը պատասխանեց, թե` Մաքսը: Ասում եմ` «Օօ»-ի՞ Մաքսը: Թեդերը թե` այո Մաքս Մարտինը»: N 1 երգահանը, որին Ադելը բացահայտեց Ռայանից հետո: Թեդերը նրան ուղարկեց իր համար Մաքսի գրած գործերից մեկի յութուբյան տեսահոլովակը: Այն դարձավ Ադելի «25»-ից ևս մեկ երգի` Send My Love To Your New Lover-ի  նախաօրինակը: Այդ երգը մի քիչ նման է Weeknd-ի համար Մարտինի գրած Can’t Feel My Face-ին. «Շատ տխուր է… Հաստատ միլիոնավոր մարդիկ անմիջապես կսիրեն այն: Օհ, գրողը տանի, ինչ եմ արել… »

Ադելն այդ երգի «կմախաքը» ստեղծել էր 13 տարեկանում, երբ որոշել էր` չի ուզում տղաների պատճառով սրտաբան դառնալ: Նրա կարիերայի ոգեշնչումը դարձավ 2008-ին Էմի Ուայնհաուզի թողարկած Frank-ը: Ադելը անմիջապես ձեռքը վերցրեց կիթառն ու սկսեց երգեր գրել. «Եթե չլինեին Էմին ու Frank-ը, ես չէի գրի Daydreamer-ը կամ էլ  Hometown-ը:  Հաստատ: Someone Like You-ն նույնպես կիթառի վրա եմ գրել: Մենք Էմիի հետ անձնապես ծանոթ չենք եղել, ընկերություն չենք արել: Բայց եթե նա չլիներ, ես այստեղ չէի լինի: Պաշտում եմ Էմիին»: Խոսակցությունը շարունակվեց վերջերս էկրան բարձրացած և Էմի Ուայնհաուզի մասին պատմող Amy դոկումենտալ ֆիլմի քննարկումով. «Չէի պատրաստվում, բայց դիտել եմ ֆիլմը: Էմին իմ կյանքում մեծ ազդեցություն է ունեցել բոլոր առումներով: Չափազանց հուզիչ էր թաղման արարողության պահը: Բայց չհավանեցի կադր չմտած նրա հարցազրույցներն ու մնացածը: Պարզապես ես Էմիի մասին իմ պատկերացումն ունեմ, չեմ ուզում փոխել այն: Գիտե՞ք` ինչն ինձ տխրեցրեց ամենից շատ: Այն, որ ես այլևս չեմ կարող լսել նրա կենդանի ձայնը»: Ադելի և Էմիի միջև զուգահեռներն անհնար է անտեսել: Երկուսն էլ Հյուսիսային Լոնդոնից են, երկուսն էլ ունեցել են անհայր մանկություն, երկուսն էլ սիրել են իրենց Էթթաներին ու Էլլաներին, ու երկուսի վրա էլ դա ազդեցություն է գործել :

Ադելի հետ իմ երրորդ հարցարզույցն է: Առիթը երրորդ ձայնասկավառկն է: Առաջին անգամ 2008-ին էր, երկրորդը` 2011-ին: Բոլոր ժամանակներում էլ նա հիանալի զրուցակից էր` ուրախ, առույգ, հետաքրքիր, սրամիտ ու անկեղծ: 90-րոպեանոց զրույցի ընթացքում Ադելը շատ բաների մասին խոսեց: Նա Facebook-ում չէ, ոչ էլ Netflix կամ Podcast է վարում: Բայց նա MTV-ի Teen Mom շոուի, Walking Dead և American Horror Story հեռուստասերիալների մոլի երկրպագու է: Տանը գրեթե չի երգում: Միայն մեկ-մեկ Էլիսոն Կրուսի Row Row Row Your Boat-ից հատվածներ է կատարում որդու համար ու ծիծաղից մեռնում է, երբ փոքրիկը սկսում է հորանջել: Ասում է` «21»-ի տարիների ձեռքբերումը, բացի մրցանակաբաշխություններից ու պարգևներից, վարորդական իրավունքն էր. «Մինչև հիմա չեմ հավատում, որ կարողանում եմ մեքենա վարել»: Մինչև հիմա «լացում» է, երբ  հիշում է, թե ինչպես առաջին անգամ Someone Like You-ն հայտնվեց Brit-ի առաջին հորիզոնականում. «Երբեք չէի պատկերացի, որ այդ երգը կարող է ամբողջովին փոխել կյանքս: Ետնաբեմում կանգնած դողում էի վախից, որ կսկեն սուլել ինձ»: Հետո հանգիստ տոնով պատմում է Globes-ի մասին, նշում, թե որքան հոլիվուդյան է այն: Հիշում է, որ բեմից իջնելիս հարվածել է ինչ-որ մեկի թևին, որը պարզվեց «հենց ինքը` գրողի տարած Ջորջ Քլունին էր»:

adele

Ապա պատմում է, որ Hello-ի տեսահոլովակը նկարելու ժամանակ Խավիերը խնդրում էր լացել, իսկ ինքը պահանջեց, որ Labrinth-ի Jealous-ը միացնեն. «Երբ դաշնամուրի հատվածը սկսվում է, ես ողբում եմ: Անկարող եմ հաղթահարել այդ երգը»: Կարող է ժամերով խոսել Օսկարի, Ոսկե Գլոբուսի կուլիսային միջադեպերի մասին,  բայց դժկամորեն է արձագանքում, երբ հարցը անձնական կյանքին է վերաբերում: Ոչ մի անգամ չնշեց որդու կամ բոյֆրենդի անունները: Հոր թեման, որից նա օտարացած է տարիներ ի վեր, շրջանառվեց մի պահ, երբ խոսք բացվեց պապիկի մասին:

Պապիկին բնորոշելիս չասեց «հայրիկիս հայրը», այլ ընդգծված շեշտեց` «ոչ մայրիկիս հայրը»: Ու չնայած արտաքին հանդարտությանը, Ադելը վերջում խոստովանում է` նյարդային է այս հարցազրույցի պատճառով. «Երբ տարիներ շարունակ անդադար հարցազրույցներ ես տալիս, սովորում ես` ինչ և որտեղ ասել, կանխատեսում ես «Ինչո՞ւ չեք սիրում հայտնի լինել» ու նմանատիպ հարցերը: Բայց ես վախենում եմ  այդ հարցերից, վախենում եմ, որ դրանք կկոտրեն ինձ, կկործանեն: Որովհետև թվում է` այդ ժամանակ ես հեռանում են մարդկանցից, որոնց սիրում եմ: Կարծես կորցնում եմ նրանց` բարձրանալով փառքի պատվանդան:  Անցնելով ծխի միջով` դրանից դուրս եմ գալիս բոլորովին այլ մարդ դարձած: Փառքը մի քիչ թունավոր է: Առանց այդ էլ շատ թունավոր բաներ կան իմ օրգանիզմում, ավելին ինձ պետք չէ»:

Անհավատալի է, որ 2015-ին ստեղծագործող արտիստը, որն այնքան հանրահայտ է, չի օգտագործում իր փառքը: Պատկերացնո՞ւմ եք`Քիմը որքան ժամեր, օրեր, ամիսներ է անցկանում`իր օնլայն կերպարը պահելու համար: Մեր ժամանակներում նույնիսկ Էլի Գուլդինգն է Twitter-ում: Ադելը հազվադեպ է թվիթ անում, վերջերս է միացել Instagram-ին և տարվա ընթացքում հազիվ երեք անգամ այնտեղ ակտիվություն ցուցաբերած լինի. «Հաստատ կարող եմ ասել, որ ավելի դժվար է մերժել այդ ամենը, քան ներգրավվել դրանում: Կարծում եմ, շատերը տարվում են համացանցով, քանի որ հեշտ է: Ես ուղղակի չեմ կարող: Ինձ հարմարավետ չեմ զգում օնլայն աշխահում: Ճիշտ հասկացեք, չեմ էլ ուզում հակաինտերնետային հերոս ձևանալ: Ուղղակի ցանկանում եմ իրական կյանքով ապրել, գրել իմ երգերը: Չէ՞ որ ոչ ոք չի ցանկանա լսել ստեղծագործությունները մի մարդու, որը կորցրել է կապը իրականության հետ: Այնպես որ` ես փակ կյանքով եմ ապրում` ի շահ երկրպագուներիս»:

Ահա թե ինչու է Ադելի կերպարը կարևոր: Ոչ այն պատճառով, որ նրա ձայնագրությունները վաճառվում են միլիոններով, ու նա նվաճում է բոլոր մրցանակները: Ինձ համար, Ձեր համար Ադելը կարևոր է, որովհետև երգում է այն կյանքի մասին, որը փոխում է մեզ, ազդում մեր վրա: Ադելը փառքի խաղեր չի խաղում մեր հետ, չի վերադառնում նոր ոճով կամ նոր կոնցեպտի ալբոմով: Ադելը պարզապես արտիստ է, ոչ թե բեմի տիկնիկ ժամանցային կերպար:

Նա մեր ժամանակների Stevie Nicks է, Frank Sinatra-ն ու Aretha Franklin-ը: Նա երգում է երգեր, որոնք իմաստ ունեն: Ադելը դրանք գրում է ինքն իր համար, իրենց ժամանակին: «25»-ը նույնքա՞ն հաջողված կլինի, որքան «21»-ը: Կարևոր չէ: Հետո անշուշտ կլինեն «29», «42» և հուսանք նույնիսկ «89»: Ադելը մնայուն արտիստ է` անկախ նրանից, թե նրա նոր ալբոմները պլատինե՞ կլինեն, թե՞ կձախողվեն: «Հետո՞: Հավանաբար համերգային շրջագայության կգնամ: Կուզեի Բրիթնիին տեսնել Վեգասում: Ու հետո մտածում եմ, ինչպես Խավիերն է խորհուրդ տալիս, գուցե դերասանությա՞մբ զբաղվեմ: Մի բան հաստատ գիտեմ` ուզում եմ ժամանակի համը ու մոլորակի պտտվելու արագությունը զգալ»:


[1] adele interview: world exclusive first interview in three years

Գրել կարծիք