Որո՞նք են հայկական պետականության կերտման մարտահրավերները. #AGBUtalks. Զրույց 2-րդ

Բանախոսները տնտեսության հիմնական խնդիրները կապում էին տնտեսական մենաշնորհների հետ:

DSC_0066Որո՞նք են հայկական պետականության կերտման մարտահրավերները: ՀԲԸՄ քննարկումները շարունակվում են: Տեսակապով քննարկմանը միացած Մասաչուսեթսի Տեխնիկական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աճեմողլուն պետությունների երկու տիպ է դասակարգում` կորզող ու ներառական:

Ըստ նրա` կորզող են համարվում այն պետությունները, որոնք ավելի շատ կլանում են հասարակությունից, իսկ ներառականները` հասարակությանը նեառում են պետական կառավարման համակարգում:

«Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե աշխարհագրությունն է, կամ իշխանությունները, այլ տնտեսական սխալ առաջարկը: Կորզող համակարգը նույնպես կարող է տնտեսական աճ ապահովել, ինչպես Չինաստանի դեպքում է, բայց իմ կարծիքով Հայաստանին անհրաժեշտ է ներառական համակարգ»,-ասաց Մասաչուսեթսի Տեխնիկական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսորը:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը համարում է, որ Հայաստանը ոչ թե բարեփոխվում, այլ կառուցվում է: Հայաստանի համար ամենակարեւոր մարտահրավերը տնտեսկան զարգացումն ու անվտանգությունը ճիշտ հավասարակշռելն է. «Հայաստանում ամեն 40-րդ մարդ տնտեսության հաշվին ստանում է հագուստ, վառելիք, սնունդ: Սա բյուջեի վրա մեծ բեռ չեմ ուզում ասել»:

Ամերիկյան Համալսարանի շարունակական կրթության ծրագրի տնօրեն Արփի Բալյանը երեք տարր է առանձնացնում, որոնք շատ կարևոր են Հայաստանի ապագայի ճանապարհային քարտեզը կազմելու համար: Վստահություն, իրազեկություն և սեփականության դերի ստանձնում: Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը գլխավոր մարտահրավեր է համարում մտածելակերպի փոփոխությունը.«Մերնք ուրիշներին փոխել չենք կարող, կարող ենք մենք մեզ փոխել ու դրանով մենք մեզ հարգել կսովորեցնենք»:

Բագրատ եպս. Գալստանյանը նկատեց, որ Հայաստանի զարգացման բոլոր շրջաններում զարգացման հիմքը եղել է արտաքին աշխարհի հետ հարաբերությունները: Նա կարծում է, որ Հայաստանի մարտահրավերը մարդու պաշտպանվածության հարցն է: Հայաստանը պետք է զարգացնի պատասխանատվության մշակույթը կրթության միջոցով:

«Հակված եմ խոսել մտածելակերպի մասին: Այսօր մարդու պաշտպանվածությաքն հարցն է տնտեսական քաղաքական ոլորտներում: Նաեւ միջանձնային հարաբերությունները»,-հավելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Բանախոսները տնտեսության հիմնական խնդիրները կապում էին տնտեսական մենաշնորհների հետ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը չհամաձայնեց այդ տեսակետի հետ եւ բերեց բազմաթիվ օրինակներ, թե ինչպես ու որ ոլորտներն են ծաղկում` հատկապես արտահանման ուղություններով:

«Նայեք ոսկերչություն, ադամանդագործություն, գինեգործություն, նայեք ջերմոցային տնտեսությունները: Ով է խանգարում մարդկանց զբաղվել լոլիկ աճեցնելով»,-շեշտեց Վիգեն Սարգսյանը, իսկ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը պետությունը հզորացնելու համար առաջարկում է ներդնել Արբիտրաժի մոդել, որը հնարավորություն կտա ներդրողներին վստահել Հայաստանին. «Սա մեզ հնարավորություն կտա դրսից նոր ներդրողներ ներգրավել, արդարության սկզբունքով»:

Հայկական Բարեգործական ընդհանուր միության Հայաստանի վերաբերյալ եռօրյա քննարկումները կշարունակվեն նաև Դիլիջանում: Մասնագետները կքննարկեն հայության միջազգային դիրքերի ամրապնդման հարցերը:

 

 

Գրել կարծիք