Ժամանակի էսթետիկ և ուսանելի ալբոմները

Ժամանակի էսթետիկ և ուսանելի ալբոմները

Որո՞նք են մինչ օրս փողի մասին գրված ու դեռևս լավագույնը համարվող երգերն ու ռետրո ալբոմները:

newmag#47BARENAKED LADIES /«If I Had $1000000»

Փողի մասին գրված թերևս ամենասրամիտ և համով երգն է: Այն ստեղծվել է հարցից, որը շատերն են տալիս միմյանց. ի՞նչ կանեիր, եթե միլիոն ունենայիր: Ամառային ճամբարից վերադառնալիս հենց այդ հարցը տվեցին կանադական խմբի մեներգիչ Էդ Ռոբերտսոնին, նա էլ սկսեց թվարկել` նվագակցելով իրեն կիթառով և ձևացնելով, թե պատասխանում է սիրած աղջկան. «Տուն կգնեի, կահույք` տան համար, «Կրայսլեր» մեքենա, ծառերով կշրջափակեի տան բակը, մորթե մուշտակ կգնեի, էկզոտիկ կենդանի՝ լամա կամ ջայլամ, «փիղ-մարդու» աճյունը, համադամ խորտիկներ, կանաչ զգեստ, արվեստի գործեր՝ Պիկասո կամ Գարֆունկել, կապիկ, քո սերը»: Շուտով Ռոբերտսոնը և Սթիվեն Փեյջը իսկապես երգ-երկխոսության վերածեցին այդ էքսպրոմտ-կատակը և ընդգրկեցին «Gordon» ալբոմում:

 

newmag#447THE FLYING LIZARDS/ «MONEY»

Իրականում այս երգը բազմաթիվ կատարողներ ունի, կան անսպասելի անուններ`«Rolling Stones», «Doors», «Led Zeppelin» և նույնիսկ «Բիթլզ» (ընդգըրկված է խմբի 2-րդ` «With the Beatles» ալբոմում): Բայց լավագույնը համարվում է «Flying Lizards»-ինը, քանի որ անարտահայտիչ, ռոբոտանման վոկալն ու էլեկտրոնիկայով հագեցած սառը գործիքավորումը ամենից լավ են արտահայտում երգի իմաստը. «Կյանքում լավագույն բաները ձրի են, բայց դրանք կարող ես տալ թռչուններին և մեղուներին: Ես փող եմ ուզում: Քո սերը հուզում է ինձ, բայց չի փակում պարտքերս: Ես փող եմ ուզում, տո՛ւր ինձ քո փողերը: Պարզապես փո՛ղ տուր ինձ»:

Երգի այս տարբերակն օգտագործվել է «Պատերազմի տիրակալը», «Հարսանիքներին երգողը», «Չարլիի հրեշտակները» ֆիլմերում:

 

newmag#4227CYNDI LAUPER/ «MONEY CHANGES EVERYTHING»

Սա մի քիչ տխուր, փանք ոճի երգ է, որին Սինդի Լոփերն իրեն հատուկ հիստերիկ բղավոցներով գերդրամատիզմ է հաղորդել: Այսինքն՝ բովանդակությունը, իրոք, դրամատիկ է, բայց միանգամայն «կյանքային». «- Կներես, սիրելի՛ս, ես լքում եմ քեզ, ինձ դըրսում՝ մեքենայում, սպասում են: – Ինչպե՞ս, անուշիկս, չէ՞ որ երդվել ենք հավերժ սիրել իրար: – Այո՛, հիշում եմ, բայց երբ երդվում էինք, մոռացել էինք, որ մի կարևոր բան էլ կա՝ փողը: Փողն ամեն ինչ փոխում է»:

Սինդին լուրջ հույսեր էր կապում դեբյուտային ալբոմում տեղադրված այս երգի հետ, և այն, իրոք, հայտնվեց հիթ շքերթներում, բայց ամենաբարձր տեղեր գրավեց Կոլումբիայում և Չիլիում, ինչից կարելի է ենթադրել, որ նկարագրված իրավիճակը…

Լավ, եկեք ենթադրություններ չանենք, փողն ամեն տեղ էլ փող է, և հանուն դրա ամեն տեղ էլ խաբում են, ամուսնանում են, դավաճանում են, բաժանվում են: Ի վերջո, եթե այս երգերին համաձայն չեք, լսե՛ք ուրիշները, օրինակ՝

Destiny’s Child – «Bills, Bills, Bills»,

Wu-Tang Clan – «C.R.E.A.M.»,

AC/DC – «Money Talks»,

Dire Straits – «Money for Nothing»:

Հարստանալու խորհուրդնե՛ր ստացեք՝

Pet Shop Boys – «Opportunities»,

ABC – «How to Be a Millionaire»:

Իսկ եթե հարստությունը չի գալիս ու չի գալիս, մխիթարվե՛ք «Բիթլզ»-ի խոսքով. փողով սեր չես գնի («Can’t Buy Me Love»): Եվ անպայման հիշե՛ք Notorious B.I.G.-ի իմաստուն միտքը. որքան փող, այնքան պրոբլեմ («Mo’ Money Mo’ Problems»): Չնայած մի կողմից էլ… (նայի՛ր առաջին նախադասությունը):

Գրել կարծիք