10 էսթետիկ և ուսանելի ալբոմ, որ արժե լսել

10 էսթետիկ և ուսանելի ալբոմ, որ արժե լսել

Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդից մինչև մեր ժամանակների հայտնի արտիստների լավագույնը ճանաչված և ուսանելի ալբոմները:

newmag51ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ/ ՈՍԿԵ ՖՈՆԴ

Պարզվում է, որ Գոհար Գասպարյանը պրոֆեսիոնալ ձայնագրված և թողարկված օրիգինալ ձայնասկավառակ չուներ: Երգչուհու ընտանիքը, մասնավորապես նրա թոռը` Գևորգ Այդինյանը, որոշել են բացել Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդն ու երգչուհու` ավագ տարիքում կատարած ստեղծագործությունները թողարկել մեկ ամբողջական սկավառակով: Գաղափարն առանց քննադատությունների չի ընդունվել: Մի հայտնի բժիշկ, որի անունը գաղտնի է պահվում, ասել է, թե երգչուհու ծաղկուն շրջանի կատարումներն էր պետք թվայնացնել: Բայց ընտանիքի ցանկություններն անքննելի են: Սկավառակում տեղ են գտել հիմնականում Բարսեղ Կանաչյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: Մի քանի գործ` Սայաթ-Նովայից, Գևորգ Աճեմյանից ու Արտեմի Այվազյանից: Գոհար Գասպարյանի սկավառակը լուս է տեսել սահմանափակ թվաքանակով` ընդամենը 1000 օրինակ: Դրա մեջ կա նաև փոքրիկ բրոշյուր` երգչուհու կենսագրական տվյալներով ու լուսանկարներով:

 

hovannesՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ/ ՈՍԿԵ ՖՈՆԴ

Հովհաննես Բադալյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ոճին: Նա կատարում էր ժողովրդական, աշուղական ստեղծագործություններ, որոնք պահպանվել են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում: Դրանցից շատերը ժամանակի ընթացքում անհետացել են, բայց երգչի ընտանիքի նախաձեռնությամբ լավագույն 16 կատարումները հատուկ մշակում են անցել և տեղ գտել սահմանափակ քանակությամբ տպագրված սկավառակում: Այդ ստեղծագործությունները երգչի ընտանիքը և դիսկարտադրող ընտանիքը փորձում են տարածել աշխարհով: 1000 օրինակով տպագրված սկավառակը հիմնականում Միացյալ Նահանգներում է վաճառվում, բայց թվային տարբերակով հասանելի է տարբեր երաժշտական կայքերում: Ձայնասկավառակի թողարկմանը զուգահեռ լույս է տեսել նաև Հովհաննես Բադալյանի գիրքը, որը կարծես դասագիրք լինի ապագա ժողովրդական երգիչների համար: Սկավառակի բրոշյուրում ներկայացրել են երգչի կյանքի հետաքրքիր դրվագներ ու պարբերականների անդրադարձներ:

tertertynaԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆ/ ՈՍԿԵ ՖՈՆԴ/ «On the Way to Symphony»

Ավետ Տերտերյանի վաղ տարիների ստեղծագործությունների ձայնասկավառակի թողարկումը նախաձեռնել է կոմպոզիտորի այրին: Նա խնամքով հավաքել է Տերտերյանի այն բոլոր ստեղծագործությունները, որոնք գրվել էին մինչև նրա հայտնի ստեղծագործությունները:

Դրանք հիմնականում ռոմանսներ են դաշնամուրի համար: Այրին անհամբեր սպասում էր հենց այս սկավառակի լույս տեսնելուն, բայց ֆինանսական խնդիրների պատճառով թողարկումը ձգձգվում էր:

Սկավառակը տպագրվել է Միացյալ Նահանգներում: Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր, դիսկարտադրող ընկերության աշխատակիցները իմանում են, որ թողարկումից ընդամենը մեկ շաբաթ առաջ այրին մահացել է` չհասցնելով տեսնել իր համար նվիրական սկավառակի առաջին օրինակը:

«Սիմֆոնիայի ճանապարհին» սկավառակի ստեղծագործությունները Տերտերյանի կատարմամբ գրեթե չէին պահպանվել: Դրանց մի մասը դաշնամուրով կատարել է Հայկ Մելիքյանը, վոկալն Աննա Մայիլյանինն է:

 

ՆԱՏԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ/ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻ ՄԵՆԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Նատալյա Հարությունյանը բազմիցս փորձել է կապ հաստատել Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդի ձայնադարանի հետ, բայց նրան հիմնականում ասել են, թե հրդեհի պատճառով ձայնագրությունների մեծ մասը անհետացել է: Տեսնելով, որ որոշ արժեքավոր գործեր պահպանվել են, երաժշտագետը առաջին հերթին նայում է սկավառակներում տեղ գտած ձայնագրությունների քանակին ու խորին ափսոսանքով ասում` նման որակով ու խնամքով պատրաստված սկավառակներում այսքան քիչ գործեր են ներառված. ցավալի է: Երաժշտագետին նաև զայրացնում է փաստը, որ սկավառակները միայն անգլալեզու են, թեպետ նա հասկանում է, որ դրանք դրսի շուկայի համար են պատրաստվել: Բայց սա չի նշանակում, որ երգերի անունները կարելի է աղավաղել, նեղսրտում է երաժշտագետը.

– Պարզ օրինակ բերեմ: Կոնցերտ ասվածը երաժշտական ժանր է: Չիմացության հետևանքով հաճախ տեսնում ենք` սկավառակների վրա գրված է` «Արամ Խաչատրյանի ջութակի համերգը»: Բայց դա անգրագիտություն է: Այս պարագայում էլ ես տեսնում եմ, որ Գոհար Գասպարյանի սկավառակի վրա Կոմիտասի հայտնի «Գարուն ա» ստեղծագործությունը պարզապես «Գարուն» է դարձել: Չի կարելի այդպես աղավաղել: Կամ ևս մեկ գործ` Գոհար Գասպարյանի սկավառակից` «Մայր Արաքսի ափերով»: Դիմացը գրված է` պոպուլյար, մինչդեռ նկատի ունեն` ժողովրդական: Սովորական ունկնդիրը կհասկանա՞ սա:

Եթե Գոհար Գասպարյանի` միայն ավագ տարիքի աշխատանքներն են տեղ գտել սկավառակում, ապա երաժշտագետը հարց է տալիս` ուր է Կոմիտասի պատարագը: Եզակի դեպք է, որ երգչուհին մի ամբողջ պատարագ կատարի, հպարտություն է:

– Ավետ Տերտերյանի վաղ շրջանի գործերը լսել եմ: Վստահ եմ, որ նրա այրին գիտեր` ինչ էր անում: Այդ աշխատանքներում դեռ արտահայտված չէ այն նորարարությունը, որ Տերտերյանը բերեց իր հետ: Նա այդ գործերում դեռ տարված չէր այն նոր տեսություններով, որոնք բերեց երաժշտարվեստ: Միևնույն ժամանակ այդ ռոմանսները շատ երաժշտական էին: Շատ համոզիչ: Շատ ժամանակ մարդիկ զբաղվում են էքսպերիմենտներով` չունենալով երաժշտական զգացողություն, իսկ Տերտերյանը ճիշտ հերթականությամբ է սկսել իր ստեղծագործական ուղին ու ճիշտ կուլմինացիայի է հասցրել այն: Հովհաննես Բադալյանի մասին գրեթե ամեն ինչ նրա ստեղծագործություններով է ասված: Իր ընտրած ուղուն անդավաճան երգիչ է և ուսուցիչ: Վստահ եմ` երիտասարդները շատ բան ունեն սովորելու նրանից: Մի՞թե ընդամենը 16-ն են նրա լավագույն կատարումները, թե՞ դրանց թիվը հարյուրների է հասնում` կրկին ճաշակի հարց է»:


qartashyanՆՈՐԱՅՐ ՔԱՐՏԱՇՅԱՆ/ «VAN PROJECT»

«Կատուներ» խմբի երաժիշտ, բլուլահար Նորայր Քարտաշյանը տարիներ շարունակ ճամփորդել է Արևմտյան Հայաստանով մեկ, ուսումնասիրել է պատմական հայրենիքում հազարամյակներով կուտակված մշակութային հսկա ժառանգությունը, որի համեմատաբար ավելի փոքր մասն է պահպանվել այսօրվա Հայաստանում:

«Վան նախագիծը» որոշել է վերագտնել մեր պատմական հայրենիքի տարածքում ստեղծված հայկական մշակութային ժառանգութան մնացորդները: «Վան նախագիծն» առաջին սկավառակն է, որում տեղ է գտել 13 կատարում: Սկավառակի նկարազարդումը նույնպես մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել: Հեղինակը Հայկ Սայադյանն է:

 

babakhanyanԱՐՄԵՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ/ «ANTHOLOGY OF ARMENIAN PIANO MUSIC», volume 3

Դաշնակահար Արմեն Բաբախանյանը մտադիր է վերականգնել բոլոր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` գրված դաշնամուրի համար: Բաբախանյանը սկսել է Տիգրան Չուխաջյանից և Նիկողայոս Տիգրանյանից. նախագիծը մոտավորապես 120 սկավառակ է ունենալու: Նախագծի հեղինակը մշակութային դարաշրջանը բաժանել է 3 փուլերի` վաղ, միջին և ժամանակակից: Յուրաքանչյուր մասը հայ որևէ նկարչի հայտնի աշխատանքի մոզաիկա է հավաքելու: Այժմ Բաշինջաղյանի «Արարատն» է հավաքվում:   Ֆինանսական դժվարությունների պատճառով սկավառակների թողարկումների միջև ինտերվալները մեծ են ստացվում: Այժմ պատրաստվում է Կոմիտասի դաշնամուրային գործերով սկավառակը, որը թողարկելու համար իր երևանյան համերգների եկամուտը կտրամադրի Տիգրան Համասյանը: Ստեղծագործությունները կատարում է Արմեն Բաբախանյանը, նախագծի ավարտին նախատեսում է նոտաների ժողովածու հրապարակել:

 

Queen25PA241011«QUEEN ft. FREDDY MERCURY»

«Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը վերջերս իր բլոգում սենսացիոն հայտարարություն է արել: Պարզվում է` իսկական հրաշք է տեղի ունեցել: Հայտնաբերվել են Ֆրեդի Մերկուրիի արխիվները: Ձայնագրությունների մեծ մասն արվել էր 1980-ականներին, բայց դեռ չէր հնչել: Դրանք Ֆրեդի Մերկուրիի կատարմամբ հզոր ռոք բալլադներ են, որոնք երաժիշտները նախատեսում են հատուկ ծրագրերի միջոցով գործիքավորել ու կատարել` պահպանելով օրիգինալը: Բրայան Մեյը հայտարարել է, որ այս սկավառակը դարի հայտնությունն է լինելու ու շոկի մեջ է գցելու «Queen»-ի բոլոր երկրպագուներին:

LANA2LANA DEL RAY/«ULTRAVIOLANCE»

Լանա Դել Ռեյի երգերը հստակ առանձնանում են ամեն օր թողարկվող երգերի օվկիանոսում: Բայց ինչպես երևում է, իր օրիգինալությամբ հայտնի դարձած երգչուհին որոշել է օգտվել գովազդի ժամանակակից և տարածված միջոցներից: Լանա Դել Ռեյը իր ինստագրամում պարբերաբար հրապարակում է նոր սկավառակից ֆոտոներ ու նույնիսկ կարճ փրոմո հոլովակ է տեղադրել համացանցում` ներառեով կարճ հատվածներ «Ultraviolence», «Shades of Cool» և «Brooklyn Baby» երգերի տեսահոլովակներից: Սկավառակն իր առաջին սինգլի պատվին կոչվելու է «Ultraviolence»:

Գրել կարծիք