ՉԵՄՊԻՈՆ. Ալեսանդրո Դել Պիերո. Արցունքներ «Յուվենտուսի» համար

ՉԵՄՊԻՈՆ. Ալեսանդրո Դել Պիերո. Արցունքներ «Յուվենտուսի» համար

Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան 10 համարը, քան ավագի թևկապը: Ես հարձակվող եմ, իմ գործը գոլ խփելն է, ոչ թե գիրք գրելը:

2012 թ. մայիսի 13: «Յուվենտուս»-«Ատլանտա»: Ալեսանդրո դել Պիերոյի հրաժեշտի հանդիպումնէր: Վերջին խաղն էր Սանդրոյի համար: Ու էլ չէր լինելու Ծեր սենյորայի ամենահաս ավագը: Միայն այդ մտքից շունչը կտրվեց, փոխանցումը ստացավ, ու վերջին անգամ գնդակը «Ատլանտայի» դարպասում է: Հետո Կոնտեն զգաց, որ Ալեքսը արցունքները հազիվ է զսպում: Փոխարինեց: Մարզադաշտը հոտնկայս ծափահարեց: Տեղավորվեց թիմակիցների կողքին: Չդիմացավ: Վեր կացավ, շրջեց, ողջունեց, շնորհակալություն հայտնեց: Ծափերը չդադարեցին: Արտասվեց: Արտասվեցին:

«Յուվեի» 114 տարիների պատմությունը ֆանտաստիկ և փառահեղ է: Նա իր կյանքի 19 տարիները նվիրաբերել է այդ պատմության մի մասը գրելուն: Կիրքը, սերը, քաջությունն ու նվիրումը ամենակարևորն են ֆուտբոլում և առհասարակ ամեն ինչում: Ալեսանդրո դել Պիերոն այդ ամենի կրողն էր:

Alessandro Del Piero

Խաղից առաջ նամակ էր գրել «Յուվենտուսի» երկրպագուներին.

«Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան 8 Սկուդետոները: Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան վերադարձը Սերիա B-ից: Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան Իտալիայի գավաթը, քան սուպերգավաթը, քան չեմպիոնների լիգայի գավաթը,Եվրոպայի գավաթը, միջմայրցամաքային գավաթը: Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան դելպիերոյական գոլը: Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան արցունքներս «Յուվենտուսի» համար

Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան «Սանտյագո Բերնաբեոյում» ինձ ուղղված ծափերը: Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան 704 հանդիպումները սև ու սպիտակ մարզահագուստով: Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան իմ 289 գոլերը «Յուվենտուսի» կազմում: Ոչինչ չի կարող ավելի լավը լինել, քան 10 համարը, քան ավագի թևկապը: Ոչինչ՝ բացի այն ամենից, ինչ տվել եք ինձ այս 19 տարիների ընթացքում: Երջանիկ եմ, որ դուք ժպտացել եք, լացել, հայհոյել, հպարտացել եք ինձ հետ: Ոչ մի գույն ինձ համար ավելի վառ չի կարող լինել, քան սևն ու սպիտակը: Դուք իմ երազանքն իրականություն եք դարձրել: Այսօր ուզում եմ ասել ձեզ՝ շնորհակալ եմ:

Միշտ ձեր Ալեսանդրո»:

Alessandro Del Piero

Գիրք գրելը ֆուտբոլիստների համար հաճախ կոմերցիոն պարտավորություն է: Եվ շատ հաճախ անվանի ֆուտբոլիստն իր գրքի տակ ստորագրում է՝ առանց բառ իսկ նրանում գրած լինելու: Եվ հայտնի ֆուտբոլիստների գրքերն իրականում ու շատ հաճախ գրում են լրագրողները մեծ գումարով: Յուվենտուսյան կարիերան ավարտելուց հետո Ալեսանդրո դել Պիերոն տեղափոխվեց ավստրալական «Սիդնեյ» ակումբ ու նույն տարում` 2012-ին, հրատարակեց իր գիրքը: Հենց նախաբանում զգուշացրեց` իրենը շատ հաճախ հանդիպողներից չէ:

«Ես հարձակվող եմ, իմ գործը գոլ խփելն է, ոչ թե գիրք գրելը: Ես ո՛չ գուրու եմ, ո՛չ էլ փիլիսոփա: Բայց մեծ փորձ եմ կուտակել և այս գըրքով ցանկանում եմ պատմել իմ իմացածը: Սպորտը գեղեցիկ դաս է, որը երբեք չի ավարտվում: Ով չի սովորում, անընդհատ կատարելագործվում, իրական մարզիկ չէ: Այս գիրքը կլինի իմ 10 պատվիրանների օրագիրը, որոնք ես սերտել եմ կյանքում: 10-ն իմ համարն է: 10-ն այն սկզբունքներն են, որոնցով ես քայլել եմ խաղադաշտում ու խաղադաշտից դուրս: Սա հիշողություն չէ, ոչ էլ ինքնակենսագրական»:

Ու հենց այդպես էլ կա: Ալեսանդրո դել Պիերոն հանճարեղ նովելիստ կդառնար, եթե ճանաչված ֆուտբոլիստ չլիներ:

Alessandro Del Piero

«Ես սիրում եմ սկզբունքայնությունը: Որո՞նք են իմ սկզբունքները: Թիմային ոգին և դիմադրելու ունակությունը: Ոճը, որը գալիս է կրթվածությունից, ոչ թե բարձր կարգից: Ես սիրում եմ ազնվությունը և սիրում եմ նվիրվածությունը: Սիրում եմ կիրքը։ Սիրում եմ ընկերությունը, համերաշխությունը և սիրում եմ ընտրել կարողանալու ունակությունը, որը ես կատարեցի յուվենտուսյան կարիերայի գրեթե 20 տարիներից հետո։ Ընտրեցի խաղը շարունակելը։ Հեշտ չէր, պետք էր»:

Ջինո և Բրունա դել Պիերոների երկրորդ որդին ծնվեց 1974-ի նոյեմբերի 9-ին: Սովորական էլեկտրիկն ու տնային տնտեսուհին որդուն Ալեսանդրո անունով կնքեցին: Մտածեցին՝ Ալեքսը անվանակցի պես Ալեքսանդր Մեծ կդառնա: Չսխալվեցին:

Մինչև «Ծեր սենյորայի գիրկն ընկնելը» Ալեքս դել Պիերոն դարպասապահ էր Սան Վենդերիանոյի մանկական թիմում: Մոր կարծիքով` խաղադաշտում ամենաապահով դիրքն էր. տղան չէր վնասվի:

«Սկսել եմ պարապել մեր ավտոտնակում թենիսի գնդակով: Փորձում էի դիպուկ հարվածել վարդակին: Հայրս մեքենան կանգնեցնում էր դրսում, որ ես շատ տարածություն ունենայի: Օրեր են այդպես անցել: Ես էի, գնդակն էր ու վարդակը: Գուցե այդ ժամանակից ես սկսեցի մշակել իմ տաղանդը, գուցե ոչ, գուցե տաղանդը պետք էլ չէ ձեռք տալ: Չէ՞ որ այն գաղտնիք է, միստիկա և պետք է լինի բնատուր»:

5

Ավագ եղբայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։ «Սամդորիայի» կազմում էր խաղում: Լավ գիտեր Ալեքսի հարձակողական տաղանդի մասին. մայրիկին համոզեց, և Սանդրոյին առաջ բերեցին հարձակման գիծ: Ու այդտեղից էլ սկսվեց:

«Հավանաբար ամեն ինչ սկըսվեց տարրական դասարանում գրած այն շարադրությունից: Թեման էր «Ֆուտբոլիստը»: Ինչպիսի՞ն է ֆուտբոլիստի աշխատանքը. արհե՞ստ է, թե՞ արվեստ: Գրեցի` և՛ արհեստ է, և՛ արվեստ, ինչպես հայրիկիս՝ էլեկտրիկի անփոխարինելի գործն էր: Մի անգամ տան հեռախոսը զանգեց կեսգիշերն անց: Հայրիկի ընկերներն էին: Դրսում սպասում էին նրան, պետք է գնային էլեկտրականությունը վերականգնելու. քաղաքում լույս չկար: Մութ, անձրևոտ գիշեր էր: Հայրիկը գնաց, իր գործն արեց, ու քաղաքը լուսավորվեց: Նրա աշխատանքն անփոխարինելի էր: Հենց այդ բառն էլ գրեցի` «անփոխարինելի»: Գրեցի, որ ուզում եմ դառնալ կալչատորե և լինել հայրիկիս պես անփոխարինելի»:

Մանկության երկու անդավաճան ընկեր ունի` Նելսոն և Պիերպաոլոն: Հենց նրանց հետ էր գիշեր-ցերեկ բակում կալչո խաղում, որ մեծանար ու դառնար անփոխարինելի Դել Պիերո:

«Խաղում էինք ամբողջ ամառ: Օր ու գիշեր խաղում էինք այնքան, մինչև մութն ընկներ: Տները ստվերներ էին հագնում, խավարը կլանում էր ամեն ինչ, և այդժամ աշխատանքից տուն էր գալիս հայրիկը: Լուսավորում էր բակը, և խաղը շարունակվում էր: Այն իմ բեմն էր, այն իմ չեմպիոնների լիգան էր: Խաղընկերներս օրվա վերջում միշտ նվնվում էին։ Եվ օրվա վերջում մնում էինք քիչ տղաներով`8, 7, 6, 5… Պակասում էր խաղացողների քանակը, բայց խաղը չէր դադարում: Նելսոյին ու Պիերպաոլոյին չէի թողնում տուն գնալ: Խավար էր: Միայն գնդակն էինք զգում ոտքներիս ու վազում էինք, վազում… Հետո նկատում էի, որ մենակ եմ մնացել: Ես եմ ու իմ գնդակը»:

1988-ին «Սան Վենդեմիանո» համեստ թիմի նստարաններին սկաուտները նկատեցին ֆուտբոլին սիրահարված, փայլուն աչքերով տղային։ Սանդրոն հարազատ օջախից հեռացավ 13 տարեկանում: Տեղավորվեց Պադովայում: 16-ում նշեց դեբյուտը Սերիա B-ում: 1993-ին Թուրինում երիտասարդ, թարմ ուժի կարիք զգացին և ընդամենը 5 միլիարդ լիրայով գնեցին ու սև-սպիտակ մարզահագուստ հագցրեցին ակումբի ապագա ամենավառ աստղին:

«Մանկությունս այդպես հիշվեց: Գլխումս միայն ֆուտբոլն էր: Չէի ուզում մենակ խաղալ: Ուզում էի իսկական ֆուտբոլիստ դառնալ: Ուզում էի Չեմպիոն լինել: Ուզում էի մրցանակներ շահել ու աշխարհի առաջնությունում խաղալ: Ուզում էի հայտնի լինել, ուզում էի` մարդիկ սիրեն ինձ: Ուզում էի ամենալավը լինել»:

Սեպտեմբերի 19, 1993 թ., «Յուվենտուս»-«Ռեջիանա»: Դել Պիերոների փոքրիկ Սանդրոն մեծացել ու հասել էր Թուրին: Հասել ու գոլ էր խփել. առաջինն էր:

***

alessandro-del-piero1

Բերնարդինո դի Բետոն ռենեսանսի ժամանակաշրջանի գեղանկարիչ-քանդակագործ էր: Դի Բետոն մի օր որոշել էր իր արձանը քանդակել: Վատ չէր ստացվել, բայց շատ փոքր էր: Պերուջացի նկարիչը նեղսրտեց, արձանի չափսերը ժողովուրդը հեղինակին վերագրեց, այդպես էլ արվեստում գրվեց նրա անունը՝ Պինտուրիկո` փոքրիկ նկարիչ:

Վերածննդի դարաշրջանից Պինտուրիկո անունը եկավ-հասավ 20-րդ դարավերջ, Թուրին: «Յուվենտուսի» սեփականատեր Ջիանի Անիելին որոշեց Պինտուրիկո անվանել թիմի երիտասարդ նորեկին: Այն ժամանակ Ռոբերտո Բաջոյին Ջոտտո էին անվանում՝ ի պատիվ համանուն նկարչի: Ջոտտոն ավելի հռչակավոր էր, քան Պինտուրիկոն, Բաջոն «Յուվենտուսում» ավելի հայտնի էր, քան Ալեսանդրո դել Պիերոն:

«Մինչև այդ բնակչության 90 տոկոսը չէր լսել Պինտուրիկո անունով նկարչի մասին: Ես էլ էի ստիպված դիմել հանրագիտարանի օգնությանը»:

2000-ի օգոստոսին Ջիանի Անիելին Դել Պիերոյին նոր մականունով կնքեց` Գոդո: Ալեին այս անգամ նմանեցրին Սամյուել Բեքետի «Գոդոյին սպասելիս» պիեսի հերոսին: Մինչև Գոդոյի գալը ֆուտբոլային փոքրիկ նկարիչը ֆանտաստիկ գոլերի տասնյակ պատկերեց:

alessandro-del-piero

«Երբեմն ես կանգ եմ առնում, շունչ քաշում և ինքս ինձ ասում. «Լավ, հիշի՛ ր, որ սա ընդամենը խաղ է: Գիտեմ, որ ֆուտբոլն իմ կյանքում ավելին է, քան պարզապես խաղը, մյուս կողմից էլ գիտակցում եմ՝ պարզապես գնդակով խաղ է: Ու այդ երկմտանքի ծանր պահերին նետվում եմ խոտածածկի վրա: Պառկում եմ, նայում երկնքին, շունչ քաշում, հաշվում ոչ թե բառերը, այլ էմոցիաները: Այդ պահերին ես մաքուր օդի կարիք եմ զգում: Ուզում եմ սեղմել իմ ներսում եղած «վերագործարկման» կոճակը: Այդ պահերին ես մենակ եմ մնում մանուկ Ալեսանդրո դել Պիերոյի հետ ու ասում նրան. «Ամեն ինչ կարգին է. շարունակի՛ր խաղալ»:

«Յուվենտուսը» 110 տարվա պատմություն ունի: 20-րդ դարի Իտալիայի լավագույն ակումբն է, միևնուjն ժամանակ՝ Եվրոպայի երկրորդ ամենալավ թիմը: 1990-ականների յուվենտուսյան պատմության ենթագլուխն ամենափառահեղն էր: Այն ժամանակ Ծեր սենյորայի պատիվն էին պաշտպանում Զիդանը, Վիերին, Ինձագին, Դևիդսը և Պինտուրիկո դել Պիերոն: Հենց նրանք ուս ուսի տվեցին և 1996-ին ընդհատեցին Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթերի» հաղթարշավը:

***

Ծեր սենյորայի Ստադիո դելլե Ալպի տան դուռը 2004-ին թակեց ակնոցավոր խստադեմ իտալացին: Ֆաբիո Կապելոն էր: Ֆուտբոլային Իլ Դուչեն իր գլխավորած «Յուվեում» Ալեսանդրոյին տեղ չտվեց:

«Իմ ֆուտբոլային կյանքում եղել են դադարի պահեր, ծանր վնասվածքներ, մարզիչների անվստահություն: Ո ՞վ էր մեղավոր: Պարզ էր մի բան. եթե իմ դիրքում մեկ ուրիշն էր խաղում, նշանակում է՝ նա արժանացել էր դրան, իսկ ես պետք է վերանվաճեի իմ տեղը»:

Կապելոյի գալուց երկու տարի անց Դել Պիերոն ավելի մեծ խնդրի բախվեց, քան պահեստայինների նստարանը մաշելն էր: Եվրոպական ֆուտբոլը 2006-ին ցնցվեց: Իտալիայում կալչոպոլի էր` սկանդալ, որն ի հայտ բերեց իտալական Ա սերիայում այսպես կոչված պայմանավորված խաղեր անցկացնող 4 ակումբների անունները` «Յուվենտուս», «Միլան», «Ֆիորենտինա», «Լացիո»: Մեղքի՝ առյուծի բաժինը «Յուվեի» գլխավոր տնօրենինն էր: Լուչիանո Մոջին պաշտոնանկ արվեց: Ֆաբիո Կապելոն ժամ առաջ լքեց խորտակվող նավը և հարմար տեղավորվեց մադրիդյան «Ռեալում»:

«Դիմադրելու կամք, դժվարությունները հաղթահարելու ուժ: Շատ խնդիրներ անտեսանելի են, ցավը ակնհայտորեն ավելին է, բայց այդ ամենը ներսում է, գլխում: Երբեմն ներսից կրծող միտքն ավելի ուժեղ է, քան կամքիդ ուժը: Եվ այդ պահերին ամենահեշտը թախծելն է: Այդ պահերին ես ինքս ինձ հարցնում եմ` ո ՞վ եմ ես, որտեղի ՞ ց եմ գալիս. վերհիշում եմ ընտանիքիս պատմությունը, իմ խնդիրները համեմատում եմ հորս պրոբլեմների հետ, հիշում եմ, որ նա պետք է օր ու գիշեր աշխատեր իր երեխաներին արժանապատվորեն պահելու համար: Այդ ամենն ինձ ուժ է տալիս, որ թևաթափ չլինեմ և երբեք կանգ չառնեմ»:

alessandro-del-piero

«Յուվենտուսին» զրկեցին վերջին երկու տիտղոսներից և արտաքսեցին Սերիա Բ: Բիանկոների թիմին ծանր պահին դավաճանեցին գրեթե բոլոր աստղերը: Չթողեց, չգնաց Դել Պիերոն: Ավագը մնաց ու շարունակեց պաշտպանել սև-սպիտակ համազգեստավոր Ծեր սենյորայի պատիվը:

«Ամենադժվարը «Յուվենտուսում» վերջին մրցաշրջանն էր, քանի որ այն ինձ տեղափոխեց մի իրականություն, որի մասին ես գաղափար չունեի: Իրականություն, որտեղ խաղում էի քիչ կամ ընդհանրապես չէի խաղում: Դա նման է նրան, որ մի ամբողջ կայսրություն ես ունեցել, բայց հիմա ստիպված ես խղճուկ խրճիթի բակում բերք հավաքել»:

Ալեսանդրո դել Պիերոն ընդգրկվել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն 125 ֆուտբոլիստների ցանկ, որը կազմել է Պելեն: ՈՒԵՖԱ-ն էլ Ալեսանդրոյին համարել է վերջին հիսնամյակի լավագույններից մեկը:

2000-ին աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էր: Ջենտլմենական խաղի համար նրան 3 անգամ մրցանակ են շնորհել:

«Երբ փոքր էի, պառկում էի գետնին Լեոնարդո դա Վինչիի «մարդու» պես` ձեռքերս ու ոտքերս իրարից հեռու, միտքս բաց: Երբ ես տխուր եմ, երբ ուրախ եմ, երբ պետք է վերագտնեմ ինքս ինձ, ես զգում եմ այն, ինչ այն ժամանակ, այդ դիրքով պառկած, կրկնում էի մտքումս. «Օքեյ, Ալե՛ քս, սա խաղ է և գեղեցիկ խաղ է»:

Ֆուտբոլային Պինտուրիկոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 704 հանդիպում, խփել է 289 գոլ: «Յուվեում» խաղացել է 19 մրցաշրջան, նվաճել է 8 սկուդետո՝ երկրի չեմպիոնի կոչումը:

alessandro-del-piero

«Օրերից մի օր փոքրիկ Ալեքսանդրը ոտքը ժամանակի միջով կանցկացնի, կկանգնի մեծ Ալեքսանդրի առջև ու կասի. «Հե՛ յ, եկ շարունակենք խաղալ, չէ ՞ որ այնքա ՜ ն գեղեցիկ է ֆուտբոլը: Գրողը տանի, ես այդ խաղի կարիքն ունեմ, եկ խաղանք»: Բայց մյուս Ալեքսանդրը հետ կնայի, կհաշվի տարիներն ու գոլերը և կասի. «Վե՛ րջ տուր, Ալե՛ քս, արդեն տուն գնալու ժամանակն է. չե ՞ ս տեսնում` ինչ մութ է: Խաղահրապարակում այլևս ոչ ոք չկա…»:

 

 

Գրել կարծիք