Ազատ մտքի Առագաստը. Կես դար՝ ջրի երեսին

Ազատ մտքի Առագաստը. Կես դար՝ ջրի երեսին

Կես դար առաջ ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանը նախագծեց «Առագաստ» սրճարանը, որը պետք է դառնար երևանյան բոմոնդի հավաքատեղի, հետո պատերի ներսում պետք է հնչեր սևամորթների երաժշտությունը:

«Առագաստը» դիմափոխվեց, անունն էլ փոխեց ու դարձավ «Պոպլավոկ»: Այդ ժամանակաշրջանում, երբ կառուցվեց այս յուրօրինակ սրճարանը, Երևանում արդեն կային «Սկվոզնյաչոկն» ու «Կոզիրյոկը»:

Ու կային սկվոզնյաչոկցիներ ու կոզիրյոկցիներ, սակայն քիչ ժամանակ անց երևանցիների մեջ սկսեցին ձևավորվել առագաստցիները: «Առագաստը» սրճարան չէր պարզապես սրճելու համար:

Այն յուրօրինակ կետ էր, որտեղ մարդիկ տարածում էին իրենց գաղափարները, լսած լուրերը, Արևմուտքի մասին պատկերացումները:

aragaast

Սրճարանի հարևանությամբ դրամատիկական թատրոնն էր, և ներկայացումներից առաջ ու հետո դերասաններն ու նրանց ծանոթներն «Առագաստի» սեղանների շուրջ քննարկում էին «արվեստի առաքելությունը»:

1997 թվականին «Պոպլավոկի» նոր սեփականատերը որոշեց փոխել սրճարանի տեսքը: Տեսքը փոխվեց, գործառույթը՝ ևս:

Սրճարանների բազմազանության մեջ արդեն կար ընտրության հնարավորություն, ու բոլորն արդեն ստիպված չէին հավաքվել մեկ առագաստի տակ: Դիմափոխված «Պոպլավոկում» հնչում էր ջազ՝ Մալխասի կատարմամբ:

1998-ին Երևանում անցկացվեց առաջին ջազ փառատոնը, ու Հայաստան ժամանեցին արտասահմանի լավագույն ջազմենները: Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգից հետո երաժիշտները հավաքվում էին «Պոպլավոկում» ու ներկայացնում էին սևամորթների երաժշտության լավագույն նմուշները:

aragasst

50 տարի առաջ նախագծված այս ամենասովորական սրճարանը դարձավ ամենաանսովորն իր ճարտարապետական լուծումներով ու գործառույթով: Նախկին «Առագաստը»՝ այժմյան «Պոպլավոկը», կես դար երևանյան պատկերի անբաժանելի մասն է:

Գրել կարծիք