Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկում է կոմպոզիտորի անվան ջութակահարների միջազգային մրցույթը

Ընդհանուր առմամբ մրցույթին դիմել է մոտ 60 ջութակահար, սակայն ընտրվել են 25-ը:

11188376_1108327355859365_4067665506430990540_n

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` «ջութակ» մասնագիտությամբ։

Այս առթիվ մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի խորհրդական, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն ընդգծեց, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 11 տարիների ընթացքում հասել է նրան, որ այն աշխարհում մեծ ճանաչում է վայելում, ինչի ապացույցը 17 երկրից ժամանած մասնակիցներն են։

Այս տարիների ընթացքում մրցույթը կարողացել է ներկայանալ օբյեկտիվորեն, և այսօր այն արժանի տեղ է գրավում այնպիսի մրցույթների կողքին, ինչպիսիք են Չայկովսկու, Եղիսաբեթ թագուհու անվան և այլ միջազգային մրցույթները։

Արմեն Սմբատյանի տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ մրցույթին դիմել է մոտ 60 ջութակահար, սակայն ընտրվել են 25-ը, որոնցից 5-ը հայաստանցի երիտասարդ երաժիշտներ են։

11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Թադևոսյանը շեշտեց, որ խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է, ինչն ավելի պարտավորեցնող է։ Նա ցանկացավ, որ Արամ Խաչատրյանի գունեղ, բազմերանգ, շռայլ տաղանդը ոգևորի մրցույթի երիտասարդ մասնակիցներին։

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը շեշտեց, որ հեշտ բան չէ լինել Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։ Սա նշանակում է, որ այն աշխարհում միջազգայնորեն ճանաչված է, համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Մշակույթի փոխնախարարը ձեռքբերում անվանեց այն, որ մրցույթում 2016-ից ավելանալու է դիրիժորություն մասնագիտությունը։ Բացի այդ, Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 2016 թվականի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։

Մրցույթի գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Աշոտ Բարսեղյանն էլ նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է աջակցել նման բարձրակարգ մրցույթին։ Նա ընդգծեց, որ «Յուքոմը» ձգտում է լինել այն կազմակերպությունների կողքին, որոնք հանդես են գալիս հայկական մշակույթը զարգացնելուն ուղղված ծրագրերով։

 

Գրել կարծիք