Արման Նշանյան. Հոլիվուդում ծանոթով կարող ես դեր ստանալ

Արման Նշանյան. Հոլիվուդում ծանոթով կարող ես դեր ստանալ

newmag-ը զրուցել է դերասան, երգիչ Արման Նշանյանի հետ, ով նկարահանվել է ամերիկյան հայտնի «Վրիժառուի օրագիրը» ֆիլմում` մարմնավորելով հայ մաֆիոզիի:

nshanyan

Երևանում մի քանի օր ու հագեցած գրաֆիկով իսկական հոլիվուդյան աստղեր էին շրջում: Սալմա Հայեկն ու Բանդերասը չէին, բայց պակաս էլ չէին: Ջոն Տրավոլտայի ֆիլմում են նկարահանվում: Ո՛չ տեղը գիտեին ու ո՛չ էլ լսել էին, մինչև որ մի օր խմբում հայ դերասան ընդգրկվեց: Տեսնելու ու նկարելու շատ բան կա Հայաստանում. ասաց, ցույց տվեց ու «Google»-ով համոզեց:

Ամերիկյան համացանցային հիթերից մեկը՝ «Վրիժառուի օրագիրը» («Vigilante Diaries») կարճամետրաժ հերոսապատումը, որը կարծես Բեթմենի, Սփայդերմենի մեկ այլ ամերիկյան տարբերակն է, պրոդյուսերներին ստիպում է դուրս գալ համացանցի տիրույթից ու նկարահանել մեծ՝ 90-րոպեանոց ֆիլմ՝ ժանրային բազմաթիվ միախառնումներով: Ֆիլմ, որը «սուպերհերոս վրիժառուի» սխրագործությունների մասին է և բացահայտում է Լոս Անջելեսի մի հայ մաֆիոզ ընտանիքի պատմությունը, որը սկսվում է հենց այն պահին, երբ իրական հերոսից «գողանում են» սրտակեր գեղեցկուհուն՝ RED-ին:

Իսկ թե ինչ տեսան, ինչպես նկարեցին, ու ինչու էին հայ տղամարդիկ մի քանի օր փողոցներում հետաքրքրվում, թե ով է այս շիկահեր սրտակերը… Ամեն բան ու հերթով՝ երկու գլխավոր հերոսների դերակատարների հետ մեր բացառիկ կինոզրույցում: Բացահայտենք Արման Նշանյանի դերակատարումն այս պատմության մեջ:

poster-jesica

 

– Արմա՛ն, ֆիլմում մաֆիոզը սկզբում իտալացի էր: Քո հայտնվելուն պես փոխեցիք սցենարը, ու կերպարը դարձավ հայ: Նախ՝ ինչպե՞ս հայը հայտնվեց ամերիկյան հայտնի ֆիլմում, ու ինչպե՞ս համոզեցիք փոխել ամեն բան:

– Ես ֆիլմի դերասանական խմբին միացել եմ այն ժամանակ, երբ դադարեցվել էր ինտերնետային փուլը, և հոլիվուդյան մի քանի պրոդյուսերներ որոշել էին, վարկանիշից ելնելով, նկարահանել ամբողջական ֆիլմ: Մինչև այդ կապ չեմ ունեցել այս ֆիլմի հետ: Բարդ հարց եք տալիս. Հոլիվուդում խնդիրները լուծվում են, ինչպես ամենուրեք: Իմ մենեջերը ծանոթ էր գլխավոր պրոդյուսերի հետ, նրան պատմեց, որ հայ եմ, և առաջարկեց ծանոթանալ ինձ հետ: Ինձ տեսան, փորձնական նկարեցին, ասացին՝ ok, նա կարող է լինել:

– Ամիսներ առաջ, երբ ԱՄՆ-ում էի, ինձ ասում էին, որ այնտեղ էլ կա ծանոթ-բարեկամ, միջնորդություն, բայց ես չէի հավատում:

– Պարզապես Հոլիվուդում դերասանը պարտադիր պետք է համապատասխանի դերին, որ ընտրեն: Եթե ես չհամապատասխանեի, ինձ չէին ընտրի՝ անկախ նրանից, որ իմ մենեջերը գլխավոր պրոդյուսերի ընկերն էր: Ծանոթը միայն միջնորդում է, որ քեզ տեսնեն, փորձի կանչեն:

3

 

– Հայ լինելը խանգարո՞ւմ է դեր ստանալուն: Անգլերեն վատ խոսող հայ դերասանը կարո՞ղ է հայտնվել հոլիվուդյան ֆիլմում:

– Երբեք չես կարող ասել: Եթե դրա հետևից ընկնես, կկորցնես ինքդ քեզ: Ես չեմ կարող ամերիկացի խաղալ, մաքսիմում՝ եվրոպացու դեր: Ավելի լավ է՝ դու դու լինես, քան ուրիշի դեր խաղաս ու դա անես վատ:

– Արմա՛ն, դեռ չես ամուսնացել… Կանայք ի՞նչ տեղ են գրավում քո կյանքում:

– Ինձնից կինն անբաժան է: Միշտ արթնանում ենք՝ մտածելով, որ գուցե այսօր կգտնենք մեր երկրորդ կեսին:

– Այսինքն՝ հիմա դու չե՞ս ուզում:

– Ոչ թե չեմ ուզում, այլ պատրաստ չեմ: Ինչքան նյութականի հետևից ընկնես, չես հասնի: Բայց պետք էլ չի ասել՝ տուն ունենամ՝ նոր, մեքենա ունենամ՝ հետո… Չէ՛, որոշման մեջ պետք է լինի այդ ուրախությունը: Ամեն ինչն էլ սեր է. շատ է եղել, որ իմ էգոն է սիրել, առաջին դասարանից մինչև մեկ ամիս առաջ: Խնդիրն այն է, որ ինչքան հասունանում ես, պատկերացումներդ ու ընկալումներդ փոխվում են: Ես միշտ ուզում եմ այն, ինչը անհասանելի է: Իրական սեր չէ, չեմ զգում:


Ֆիլմի գլխավոր կին-դերակատար Ջեսիկա Ուբերուագայի հարցազրույցը newmag-ին


– Ունե՞ս կնոջ իդեալ:

-Իսկ կա՞ գեղեցիկ գույն:

– Ո՛չ:

– Տեսնո՞ւմ ես:

– Ի դեպ, Ջեսիկան, որի սիրտը ֆիլմում գրավում ես, չի՞ համապատասխանում քո պատկերացումներին:

– Շատ լավ աղջիկ է, ընկեր է, բայց իմ ճաշակով չէ:

4

 

– Այդպե՞ս են հերքում նաև լուրջ մտադրությունները:

– Մենք շատ երկար նկարահանվել ենք, սիրային ոչինչ չկա, հաստատ չէ՛:

– Օպերային ո՞ր արիայից են կանայք: Ջեսիկան՝ հատկապես:

– Ես իրեն կհամեմատեմ Մանոն Լեսկոյի արիայի հետ: Մի քիչ՝ վտանգավորին ձգտող և չհասկացող, թե վտանգավորն ինչ է: Բոլոր կանայք էլ արիաների նման են: Հիմա հասկանում եմ, որ բոլոր օպերաների հիմքում էլ կինն է եղել:

– Կանանց հետ հարաբերություններն ի՞նչ են սովորեցրել ու շարունակում սովորեցնել:

– Ամեն անգամ, երբ մի կնոջ հետ խիստ հարաբերություն ես ունենում, իմացի՛ր, որ դա մի մեծ հայելի է, որը քո առաջ է դրվում, որպեսզի դու տեսնես քո թերությունները և փորձես քեզ փոխել, սովորել:

5

 

– Այդպիսի հարաբերություններից հետո ի՞նչն ես փոխել քո մեջ:

– Ես շատ բան եմ փոխել ու գոհ եմ շատ: Ձիու և օձի տարիներն ինձ համար դժվար տարիներ էին, որևէ որոշակի բան չկա, որ ասեմ. ես ինքս ինձ հետ մենակ մնացի ու… Երբ հայելին մի պահ մաքրվում է, տեսնում ես ավելի պարզ: Ինչ տեսա, վախենալու էր: Հոգու փորձություն էր, որից ես շատ սովորեցի ու աճեցի:

– Ի՞նչ ծրագրեր ունեք:

– Պատրաստում եմ մոռացված ռոմանսների նոր, ժամանակակից ձայնասկավառակ, տեսահոլովակ, բեմադրում եմ ցեղասպանությանը նվիրված երաժշտական մեծ ներկայացում, որը կցուցադրվի նաև Երևանում: Ընտանիքիս հետ կսկսենք նկարահանել մի բազմասերիանոց ֆիլմ, որի նկարահանումները կանցկացվեն Երևանում և ԱՄՆ-ում, կնկարահանվեն միայն լավագույն դերասանները:

9

Գրել կարծիք