ArmComedy.  Ընդդիմությո՞ւն, թե՞ այլընտրանք

ArmComedy. Ընդդիմությո՞ւն, թե՞ այլընտրանք

Ընդդիմությունից մինչև իշխանություն մեկ քայլ է, որը կոչվում է հեղափոխություն: Եթե իշխանությանն այլընտրանք չկա, ուրեմն կլինի այլընտրանք ընդդիմությանը: Սա՛ է հակահեղափոխականների այլընտրանքը:

Սերգեյ – Ընդդիմությունը շատ ավելի լավ դեր է: Այո´, նման քաղաքական տերմին գոնե գոյություն ունի` ի տարբերություն «այլընտրանքի»:

Նարեկ – Ո՞ւմ է պետք գոյություն ունեցող տերմինը, եթե դրանով չես կարողանում «հարց լուծել» ու վեցից ավելի պատգամավոր ունենալ: Այլընտրանքը կարողանում է կարգին տեղեր զբաղեցնել ԱԺ-ում: «Այլընտրանքը» վեր է դարերով մեր ուղեղները մտցված կաղապարներից:

Ս. – Ընդդիմությունը կարող է հավեսով քլնգել իշխանությանը:

Ն. – «Այլընտրանքն» էլ կարող է հավեսով քլնգել և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը: Ավելին, կարող է անգամ չքլնգել: Որովհետև «այլընտրանքը» բոլորովին նոր բառ է քաղաքականության մեջ, ու ոչ ոք ոչ մի ակնկալիք չի կարող ունենալ:

Ս. – Ընդդիմությունը հասկանալի է ժողովրդի համար: Մարդիկ հասկանում են, որ դա այն խումբն է, որը հաստատ ուզում է` հեռացնի իշխանությանը:

Ն. – Իսկ «այլընտրանքը» կարող է իշխանության դեմ պայքարը հաջողությամբ համատեղել բիզնես վարելու հետ: Իշխանության դեմ ցույցերը կարող է համատեղել միասին քեֆ-ուրախություններով:

Ս. – «Այլընտրանքը» չի կարողանում լիաթոք հեղափոխության կոչ անել:

armcomedy

Ն. – Նորից` փոխարենը կարող է լիաթոք բիզնեսով զբաղվել: Ընդդիմությունը դեռ երբեք չի կարողացել գալ իշխանության, իսկ «այլընտրանքը» դեռ չի փորձել:

Ս. – Դե´, չի փորձել, որովհետև հենց պատասխանատու ընտրություն է լինում, «այլընտրանքը» հանկարծ որոշում է սպասել հաջորդ պատասխանատու ընտրությանը:

Ն. – Ընդդիմությունն ու իշխանությունը տալիս են նախընտրական խոստումներ, որոնք չեն կարողանում իրականացնել:

Ս. – «Այլընտրանքը» տալիս է նախընտրական կարտոֆիլ, բայց դա էլ առանձնապես կապ չունի արդար ընտրության հետ:

Ն. – «Այլընտրանքը» էնքան հզոր է, որ կարողանում է և՛ դժգոհել կառավարությունից, և՛ չնեղվել:  

Ս. – «Այլընտրանքը» տավտալոգիա է: Ինչ է նշանակում այլընտրանք, մինչև էդ` ընդդիմությունը այլընտրանք չէ՞ր իշխանությանը:

Ն. – Ընդդիմությունն այլընտրանք է իշխանությանը, բայց «այլընտրանքը» այլընտրանք է ընդդիմությանը նույնպես: Ավելին, «այլընտրանքը» նաև այլընտրանք է չեզոք, պասիվ զանգվածին:

Ս. – 4-րդ «այլընտրանքի» վրա մտքիդ թելը կորցրի:

Ն. – Այլընտրանքը նման է ջրի. այն կարող է հոսել ամենուր, հակադրվել ամեն ինչի, ստանալ ցանկացած ձև: Լցրո՛ւ այլընտրանքը շշի մեջ, և այլընտրանքը կդառնա շիշ, լցրո՛ւ այլընտրանքը բաժակի մեջ, և այն կդառնա բաժակ:

Ս. – Այսինքն` այլընտրանքը ճկուն է:

Ն. – Այո´: Պատկերացրո´ւ` մի ուժեղ քամի է լինում, և անգամ ամենահզոր կաղնին կարող է կոտրվել, չէ՞:

Ս. – Դե´, եթե լավ ուժեղ քամի էր…

Ն. – Իսկ բամբուկի ցողունը երբեք չի կոտրվում, որովհետև ճկուն է: Հասկանո՞ւմ ես, այլընտրանքը բամբուկի նման է:

Ս. – Նոր ասեցիր` այլընտրանքը ջրի նման է:

Ն. – Դե´, սա ոնց որ արևելյան իմաստություն լինի. դժվար թե բացատրես, բայց երբ հասկանում ես այս ամենը, հասնում ես իրական հարմոնիային:

Ս. – Իսկ «այլընտրանքը» այլընտրանք կլինի՞ հենց «այլընտրանքին»:

Ն. – Մենք հենց նոր հասանք նրան, ինչին Արևելքում ասում են «ձեն»:

Գրել կարծիք