Արշակ Սիրունյան. Ստորագրված JAZZ

Արշակ Սիրունյան. Ստորագրված JAZZ

Երևանյան այցի ժամանակ newmag-ը ջազային անկեղծ ու բացահայտող զրույց է ունեցել Վաշինգտոնում ապրող և ստեղծագործող խոստումնալից ջազ-դաշնակահարի հետ:

arshaktexekanq

Մի քանի րոպե մտածում եմ, թե ինչպես զանգել ու խոսել նրա հետ: Ախր Վաշինգտոնից է ժամանել Երևան: Ամերիկյան ամենահայտնի ջազ դաշնակահարներից է: Չէ՞ որ հայաստանյան արտիստների հետ հարցազրույցի կամ հանդիպման համար պետք է մի քանի մենեջերի ու դրանց տեղակալների հետ խոսես ու բացատրես, թե ինչու ես ուզում ու ինչպես ես ուզում զրուցել, հանկարծ պայմանավորվածությունից դուրս հարց էլ կարծես չպիտի հնչեցնես. կխնդրեն հանել:

Զանգում եմ, հանգիստ ասում է` խնդիր չկա, մեծ ուրախությամբ: Թվում է, որ համեստությունն էլ ջազի պես է, երևի հենց այդ պատճառով էլ ջազմեն է, մտածում եմ: Հանդիպում ենք «Մեցցո» ակումբում: Նրա հետ է առաջնեկին սպասող կինը:

«Մի օր եկա Երևան, տեսա, սիրահարվեցի ու ընտանիք կազմեցի: Դեկտեմբերին որդի ենք ունենալու»,– ժպիտով սկսում ենք մեր զրույց-ծանոթությունը անվանի ջազ դաշնակահար Արշակ Սիրունյանի հետ:

Ուսանողական տարիներին մեկնեց Վաշինգտոն` հնչեցնելու ջազ, գտնելու իր ստեղնը: Սև ու սպիտակ ստեղների պայքարը տվեց իր արդյունքը:

– Գնալուց առաջ ավելի շատ շանս տեսա, կանխագուշակում կար: Ես ուղղակի գիտեի, որ կան շատ ավելի մեծ հնարավորություններ: Այնտեղ իմ ապրելու շնորհիվ վերջին ալբոմում ձայնագրվել են հռչակավոր շատ ջազմեններ: Իմ բասիստը Սենեգալից է. նա շատ օգնեց ինձ, ծանոթացրեց շատերի հետ: Մենք դեմո տարբերակներ ուղարկեցինք Մայք Սթերնին, Էրիկ Մարիենթալին, հետո նրանք արձագանքեցին ու հրավիրեցին համագործակցության,– թեթև շունչ քաշելով՝ պատմում է նա:

– Բայց ինչպե՞ս ինտեգրվել երաժշտական ջազ աշխարհին, այն էլ ԱՄՆ-ում,– հետաքրքրվում եմ ես:

– Երաժիշտը պետք է ստեղծի ստորագրություն, ոճ, չնմանվի ուրիշներին:

– Հե՞շտ է ջազում չնմանվելը:

– Ես միշտ փնտրտուքի մեջ եմ: 21-րդ դարի ջազը համապարփակ է. այն ներառում է ֆոլկ, այլ երաժտություն: Հիմա ես միայն ջազ երաժիշտ չեմ. միշտ համադրում եմ դասականը, այլ երաժշտական էլեմենտներ:



– Այս դեպքում ի՞նչ է ջազը. կարծես չկա սահմանումը,- ուզում եմ պարզել պրոֆեսիոնալից:

– Այո՛, չկա: Ջազի հիմնական էլեմենտն իմպրովիզն է, իսկ, օրինակ, ռոքում կամ այլ տեղ չկա ինքնադրսևորման այդ հնարավորությունը: Ես չեմ հիշում մի ուսուցչի, որը կոնսերվատորիայում խրախուսեր ջազ նվագելը. այն ժամանակ երկու բաժնում էի ուսանում՝ դաշնամուրային ու կոմպոզիտորական: Իսկ ԱՄՆ-ում մտածելակերպն այլ էր. այդ ժամանակ սկսեցի ջազ նվագել, այդ ժամանակ ես դասական ստեղծագործություն նվագող դաշնակահարի սահմաններից դուրս եկա ու ինքնադրսևորվեցի, չնայած միչև հիմա պարտադիր դասական գործեր եմ նվագում,- պատմում է դաշնակահարը, որի համար ջազի ամենօրյա լսելու «հերոսներ» են Չիկ Կորեան, Մայլս Դևիսը, Հերբի Հենքոքը:

arshak-1

Համակարծիք է, որ համացանցը հարվածում է կենդանի հնչողությամբ ձայնասկավառակ վաճառելուն: Նաև համաձայն է, որ լավ ալբոմը վաճառվում է, պարզապես պետք է շուկան լավ հետազոտել:

– Ես այս ամենը տեսա նաև ձեր կայքում. լավ հնարքներ եք կիրառում,-հավելում եմ ես:

Արշակը հիմա մարքեթինգի մասին գիրք է կարդում: Պարզվում է`այնքա՜ն բան կարող ես օգտագործել քո երաժշտության մեջ: Պատմում է, օրինակ, թե մեկը բլենդերի մեջ է գցում իր այֆոնն ու միացնում սարքը: Այն մաղում է խելախոսը, հետո բոլորը սկսում են տեսանյութը դիտել «Յութուբում» ու գնել միայն այդ բլենդերը: Այսինքն՝ պետք էր տպավորություն գործել, և դա արվել է: Արշակը, այդ ամենն ուսումնասիրելով, համոզվել է, որ պետք է ստեղծագործության մեջ նորամուծություն անել միշտ, որպեսզի երաժշտությունը զարգացում ապրի:

– Իսկ ինչպե՞ս համաշխարհային հարթակներ դուրս գալ՝ լինելով Հայաստանում: Կա՞ բանաձև:

– Մենթալիտետը շատ մեծ դեր ունի: Մենք փակ ենք, ամաչում ենք «զամբյուղից» դուրս գալ, մտածում ենք՝ գուցե չընդունեն, քննադատեն: Բայց պետք է լինես քո երաժշտության կողքին, ոչնչի մասին չմտածես ու փնտրես:

arshak-2

Սկսում ենք լուսանկարելը: Դաշնամուրի մոտ է: Հնչում է «Մարտիկի երգը»՝ ջազային նոր մշակմամբ: Ակամա բոլորը կանգ են առնում՝ ակումբ ներս մտնողն ու ելնողը, մատուցողն ու հյուր եկած զույգերը: Մի քանի րոպե անց լռությունը կոտրում են ծափահարությունները:

– Ինչո՞ւ համերգ չեք տալիս Երևանում,– հարցնում են օթյակից հետևողները:

Հնչում է պատասխանը.

– Շուտով:

Դուրս ենք գալիս սրահից, մեկ էլ դրսում.

– Մոռացել էի. իմ վերջին ալբոմը՝ «Hoodman’s Blind»-ը՝ նվեր:

Սա այն ալբոմն է, որը երկու գլխավոր մրցանակ է ստացել «International Songwriting Competition» համաշխարհային մրցույթում: 18 հազար մասնակցից հայ դաշնակահարի «Valor & Triumph» ստեղծագործությունը լավագույնն է ճանաչվել «Գործիքային ստեղծագործություն» անվանակարգում, «Ջազ» անվանակարգում էլ առաջինն է եղել «Hoodman’s Blind» գործը:

Գրել կարծիք