ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «Ուժեղ մարդիկ երբեք չեն հուսահատվում, հակառակը…»

7a402f60d39b299d7b88a2e3468218cc54e99dbcde1ae945501103Հերոսներ չեն ծնվում, բայց այդպիսին լինելու ձգտումն արդեն բավարար է, որպեսզի նրանք հերոսներ դառնան: Նրանք գնահատում են ժամանակը, որի թելադրանքին են ենթարկվում տիեզերքի բոլոր ուժերը:

Ավետիք Աբրահամյանի, նույն ինքը` Արթուր Աբրահամի` WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մասին բոլորը գիտեն: Նրան սիրում են ինչպես հայրենակիցները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող բռնցքամարտի սիրահարները: Բռնցքամարտերի ժամանակ հազարավոր կիլոմետրեր անցնելով՝ Արթուրին են հասնում իր բոլոր երկրպագուների ուղարկած բուռն էմոցիաներն ու էներգիան: Լինելով աշխարհի չեմպիոն՝ Արթուրը շատ համեստ ու զուսպ անձնավորություն է: Նրա մասին պատմում են ընկերներն ու ընտանիքի անդամները:

Արթուր Աբրահամի առաջին երկրպագուն քույրն է՝ Ռուզան Աբրահամյանը: Նրա համար եղբոր հաղթանակը երկրորդական բնույթ է կրում. կարևորը, որ ռինգից Արթուրը դուրս գա առանց վնասվածքների: Մենամարտից անմիջապես հետո նա եղբորը հաղորդագրություն է ուղարկում: Հարցնում է՝ ինչ վնասվածքներ ունի: Ռուզանն Արթուրին սիրում է Ավո անվանել: Պատմում է, որ մանուկ ժամանակ եղբայրը շատ չարաճճի երեխա է եղել:

«Անկեղծ լինեմ. նա չարաճճի էր, բայց ոչ վնասակար: Երբ նա տանն էր լինում, աշխատում էի նրա աչքին չերևալ, որովհետև միշտ ինչ-որ գործի էր դնում: Ոչ մի տղա չէր համարձակվում իմ կողքով անցնել»,- անկեղծանում է Ռուզանը:

1066d9a34dfcd93cc86417aa1dd52b4254e99dbc3c5ef288149776«Յունիբանկ»-ի նախագահ Վարդան Աթայանն Արթուրի տասը տարվա ընկերն է, ավելին, աշխարհի չեմպիոնը Վարդանի երեխաների կնքահայրն է: «Յունիբանկ»-ի նախագահն ասում է, որ Արթուրը մեքենա վարելիս սիրում է արագությունը գերազանցել: Օրինակ՝ 80 կմ/ժ արագության փոխարեն կարող է վարել 230 կմ/ժ արագությամբ: Այդ պատճառով էլ Գերմանիայում Արթուրին տևական ժամանակով զրկել էին վարորդական իրավունքից: Վատ սովորությունը մի կողմ դրած՝ Արթուրն ընկերների համար հիանալի մարդ է: Ունի մեծ կամքի ուժ, կատակասեր է և նվիրված:

«Արթուրը պատասխանատու և ուշադիր ընկեր է: Շատ շռայլ է, ընկերների համար ոչ մի խնայողություն չի անում: Ես Գերմանիա գնալիս ոչ մի գումար չեմ ծախսում»,- ասում է Վարդան Աթայանը:

Արթուրի կենսաբանության ուսուցիչ Լյուդմիլա Մարգարյանը հիշում է չեմպիոնի դպրոցական տարիներն ու չարաճճիությունները: Ասում է՝ Արթուրը դպրոցում պարտաճանաչ, աշխատասեր և ուսման մեջ հաջողություններ ունեցող աշակերտ է եղել: Եվ հենց նպատակասլացության շնորհիվ էլ Արթուրն ունի այսքան հաջողություններ:

25ECC9CA00000578-0-image-a-136_1424561490281«Դեռևս դպրոցական տարիներից Արթուրը որոշել էր աշխարհի չեմպիոն դառնալ: Նա հասավ իր նպատակին: Տղաս միշտ ասում էր` Ավոյի մկանները կարծես քար լինեն»,- ասում է թիվ 99 դպրոցի տնօրենը:

Հումորիստ Գարիկ Պապոյանին Արթուրը միշտ հրավիրում էր իր մենամարտերին, սակայն ամեն անգամ տարբեր պատճառներով Գարիկը չէր կարողանում ներկա գտնվել: Սակայն վերջին մենամարտին հաջողվեց:

«Բնական է՝ ամենալավ տեղն էր ինձ հատկացրել: Այդ օրը Արթուրը խնդրել էր իր գոտին պահել: Դա ինձ համար մեծ հպարտություն էր, նույնիսկ փշաքաղվել էի: Այդ օրը նա ինձ ասաց. «Ես ուզում եմ, որ դու այսօր մեր գոտին բարձր պահես, որ հայ ազգն իմանա, որ մենք դրսում էլ ամեն հարցում իրար կողքի ենք կանգնած» »,- հիշում է Գարիկը:

Վարդան Աթայանի նախաձեռնությամբ երգիչ Արտաշ Ասատրյանն Արթուր Աբրահամի մասին երգ է երգում: Երգիչն Արթուրի հետ ծանոթացել է Գերմանիայում նրա մենահամերգին: Սկզբնական շրջանում Արթուրի կատակները լուրջ է ընդունել, հետո` հասկացել, որ դա Արթուրի սիրելի գործն է: Օրինակ՝ մի օր երգչին ասել է, որ ցանկանում է նրա տուն գնալ ընկերուհու հետ, սակայն ներկայացել է մանկության ընկերոջ հետ: Իսկ Թաթա Սիմոնյանն էլ Արթուրի հետ ծանոթացել է Երևանում: Հետո հանդիպել են ԱՄՆ- ում Արթուրի ծննդյան օրը: Այսպես սկսվել է նրանց ընկերությունը:

bf510c982147e9bc6cb6d7595512092454e99dba3a086850082521Արթուր Աբրահամն ասում է, որ շատ է սիրում իր ընկերներին: Ընկերության մեջ մաքուր է. եթե ինչ- որ մեկին ընտրի ընկեր, ապա մինչև կյանքի վերջ ընկերություն կանի:

«Կյանքում լավ ընկերներն ու ընտանիքն են մնում: Ընկերության մեջ պետք է ազնիվ լինես, որ կյանքը վայելես: Փողով չես կարող կյանքը վայելել: Առանց լավ ընկերների կյանքը ձանձրալի կլինի»,- կարծում է չեմպիոնը:

Երիտասարդ բռնցքամարտիկներին Արթուր Աբրահամը խորհուրդ է տալիս միշտ պայքարել ու երբեք չընկճվել: Ինչպես ինքն է ասում, իր կյանքում էլ են եղել դեպքեր, երբ ամեն ինչ չի դասավորվել այնպես, ինչպես նա կուզենար: Սակայն, ինչպես Արթուրն է նշում, ուժեղ մարդիկ երբեք չեն հուսահատվում, հակառակը, շարունակում են պայքարել ու միշտ առաջ գնալ:

Արթուրի բոլոր ընկերները նրան մաղթում են, որ գտնի իր կեսին և շատ երեխաներ ունենա:

 

Հ. Գ. Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ, բրիտանացի Փոլ Սմիթին, ում հետ անցկացնում էր ռևանշ մենամարտ: Սմիթի նկատմամբ հաղթանակը նա նվիրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Գրել կարծիք