Արտո Թունջբոյաջյան. Ամենասարսափելին ինքն իրեն խաբելն է

Արտո Թունջբոյաջյան. Ամենասարսափելին ինքն իրեն խաբելն է

Արտոյի աջ արմունկին դաջված I love you, Delia գրությունը երգչի սիրո խոստովանություն է իր կնոջը:

Արտո Թունջբոյաջյան: Ամուսնացած է: Կինը՝ Դելիա Թունջբոյաջյանը, կոլումբացի է: Արտոյի աջ արմունկին դաջված I love you, Delia գրությունը երգչի սիրո խոստովանություն է իր կնոջը: Նույն ձեռքի մեկ այլ դաջվածք էլ եղբորն է հասցեագրված: Իսկ ձախ ձեռքին ծառ է դաջված. Armenian Navy Band-ին է նվիրված:

Ձեր երգարվեստի մուտքը Հայաստան հետաքրքրության ու նորարարության իսկական ալիք առաջացրեց: Ի՞նչ եք անում նախկին աշխուժությունը պահելու համար:

Հայաստան եկա հույսով, որ ինձ հետ բերած սերմերը մի օր ծառ կդառնան, որ հետո էլ այդ ծառը սերմեր կտա, բայց այդպես էլ սերմը ծառ չի դառնում: Ինչո՞ւ է այդպես, պատճառն այստեղի մենթալիտետն է: Բարդույթներ ունենք, կարծում ենք՝ աշխարհը Հայաստանն է: Մեր մեջ նախանձ կա, ատելություն, վախ: Ողջ աշխարհում աշխատել եմ, եկա այստեղ ու ամեն ինչ զրոյից սկսեցի: Երիտասարդների գտա, սկսեցի աշխատել: Բայց մեր մենթալիտետն է. երիտասարդներին չեն աջակցում ու արդյունքում ի՞նչ են սպասում նրանցից: Էդ պատճառով էլ շարունակություն չի լինում: Անընդհատ ասում են՝ այ մեր ժամանակ էսպես էր… Հիմա երիտասարդների ժամանակն է: Սա է խնդիրը: Սկզբում իմ երաժշտությունը նորություն էր, հետո վարժվեցին:

35

– Դո՞ւք եք հանդիսատեսի պահանջին հարմարվում, թե՞ հանդիսատեսին եք ստիպում Ձեզ հարմարվել:

Բեմ եմ դուրս գալիս, տեսնում օրվա իմ հանդիսատեսին ու որոշում, թե ինչ ծրագիր եմ ներկայացնելու: Ամեն տեղ նույն ծրագիրը չես կարող ներկայացնել: Մոտավոր գիտեմ՝ ինչպես եմ սկսելու, ծրագրի շարունակությունը դահլիճի տրամադրությամբ է որոշվում:

Ամենավատն ինքն իրեն խաբելն է: Ամենասարսափելին սա է: Աշխարհին ձեր աչքերով մի նայեք, մարդկության աչքերով նայեք:

– Ո՞վ է Ձեր հանդիսատեսը, ի՞նչ հատկանիշներ ունի:

Երգերս հատուկ ազգային համով եմ գրում: էդ պատճառով էլ աշխարհը սիրեց իմ երաժշտությունը: Մի ձեւի երաժշտություն չեմ նվագում, իմ հանդիսատեսն էլ չի կարող միանման լինել: Մեկը համերգին գալիս է «Արարատ» երգի համար, մյուսն էլ ասում է, թե գնանք, տեսնենք էս մարդն էսօր ինչ է անելու:

– Մեծ կամ փոքր համերգ կարո՞ղ է լինել:

Համերգին մեծ կամ փոքր որակումը չես կարող տալ: Կարևորը որակն է: Մի համերգին կարող է 5 մարդ ներկա լինել, բայց 10.000-հոգանոց դահլիճի տպավորություն թողնել կամ էլ ճիշտ հակառակը:

34

– Միջազգային մակարդակի երգիչ լինելու համար ի՞նչ է պետք անել:

Առաջին հերթին պետք է միջազգային մակարդակին համապատասխան մտածել: Եթե էդ մենթալիտետը չունեցար, քեզ ոչ ոք չի լսի, որքան էլ լավ ձայն ունենաս:

– Շոու բիզնեսի ու արվեստի սահմանը ո՞րն է:

Սահմանը որակն է:

33

– Դուք Ձեզ շոուբիզնեսի՞, թե՞ արվեստի մարդ եք համարում:

Բոլորս էլ շոուբիզնեսում ենք: Եթե արվեստում եմ, պետք է ակումբում ելույթ չունենա՞մ:

– Ովքե՞ր են Ձեր կուռքերը, փորձո՞ւմ եք նմանվել:

Եղբայրս է: Նա իմ կյանքը փոխեց: Եղբայրս ուրիշ է: Ես նրան նմանվել չեմ կարող:

Հեղինակ՝ Արևիկ Բադալյան

newmag #14

Գրել կարծիք