Չաքմաքչյանին ճանաչողները փաստում են` նրան շատերն են դավաճանել, ինքն արվեստին՝ երբեք

Չաքմաքչյանին ճանաչողները փաստում են` նրան շատերն են դավաճանել, ինքն արվեստին՝ երբեք

Վարպետը երիտասարդներին հուշում է` արվեստում օճառ չկա ձեռքերը լվանալու համար, եթե մի անգամ աղտոտվես՝ վերջ:

arto-chakmakchyan

Նա փորձում է քանդակել մարդու էությունը, նրա համար Հայաստանը Կոմիտասն է, տխրությունն ու ուրախությունը Կոմիտասով է արտահայում:

Արտո Չաքմաքչյանի 40 Կոմիտասներից մեկը Դեյթրոյիթի Վերածննդի հրապարակում է: Նրա «Հիրոսիման» Ստենֆորդի համալսարանում է, «Վերածնունդը»` Տորոնտոյում: Նրա «Կոմիտասը» բարբարոսաբար ոչնչացվել է Խորհրդային Երևանի կենտրոնում: Իսկ «Քայլող մարդն» այդպես էլ տեղ չի գտել նորանկախ Հայաստանի մայրաքաղաքում: Նրա «Քայլող մարդը» ժողովուրդն է: Վարեպտն ամեն անգամ Հայաստան գալիս՝ ժպիտով արձանագրում է` հայը սկսել է քայլել` զարգանալու իմաստով: Էքսպրեսիվ քանդակի նրա ոճը եզակի է համաշխարհյին քանդակագործության մեջ:

arto

15 տարեկան էր, երբ 1948-ին ընտանիքով Եգիպտոսից տեղափոխվեցին հայրենիք: Պատանեկան տարիքից ակնհայտ էր տղայի տաղանդը: Արտոն շտապեց ընդունվել Թերլեմեզյան ուսումնարան: 5 տարի անց արդեն Գեղարվեստի ինստիտուտի ուսանող էր, որտեղ, ինչպես ինքն է ասում` սովորեց ինչը չսիրել: 1961-ին Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուի հետազոտող աշխատանքի շնորհիվ երիտասարդ քանդակագործը ոտքով ճանապարհորդում է Հայաստանի շրջաններով: Ուսումնասիրում միջնադարյան հայկական վանքերի բարձրաքանդակները, հայ հին արձանագործական արվեստն ու ճարտարապետությունը: Հենց այդ գիտարշավների արդյունքում արված բացահայտումները ձևավորեցին քանդակագործության մեջ աշխարհին անհայտ Արտո Չաքմաքչյանի ոճը: Վարպետը հայտնաբերեց, որ հայ հին քանդակագործական արվեստում պիկասոյական, շագալյան հնարքներն ու օրինաչափությունները կիրառվել են նախքան եվրոպական քաղաքակրթության ի հայտ գալը: Օրինակ` հնում հայ վարպետները միևնույն քանդակի մեջ միաժամանակ կիսադեմ և ճակատով դեմքեր են պատկերել, կամ միևնույն ծավալը մատուցել են երկու առանցքով` և այս ամենը ձևածավալների ու համամասնությունների գիտակցված խախտումներով:

chakmakchyan

Վարպետը 70-ականներին հեռացավ Հայաստանից, որպեսզի շարունակեր սիրել հայրենիքը: Տաղանդավոր քանդակագործին ընդունեց Կանադան: Չաքմաքչյանը դարձավ Կանդայի թագավորական ակադեմիայի անդամ, Քվեբեկի համալսարանի պրոֆեսոր:

Չաքմաքչյանին ճանաչողները փաստում են` նրան շատերն են դավաճանել, ինքն արվեստին՝ երբեք: Վարպետը երիտասարդներին հուշում է` արվեստում օճառ չկա ձեռքերը լվանալու համար: Եթե մի անգամ աղտոտվեք, ուրեմն` վերջ:

Գրել կարծիք