Գրողը տանի, որքան պատեհ է, որ ապրիլի 24-ին Ազնավուրը լինելու է Երևանում

Գրողը տանի, որքան պատեհ է, որ ապրիլի 24-ին Ազնավուրը լինելու է Երևանում

Ազնավուրը վաղուց քայլող պատմություն է՝ իր կնճռոտ մատներով ու մանկական անաղարտության հասնող հայացքով:

aznavur-640x330

Հենց նոր, մեկ շիշ գինով, նայեցի Ազնավուրին Պոզների մոտ: Ես չգիտեմ, գուցե գինին էր, գուցե իսկապես Ազնավուրի առեղծվածն էր, բայց ես արտասվում էի անընդհատ: Թվում է, թե Ազնավուրն այլևս չի կարող զարմացնել ոչնչով: Նրա մասին կան գրքեր, նրա գրել է բազմաթիվ գրքեր, բայց միևնույն է. նա կարողանում է լինել հետաքրքիր նույնիսկ 91 տարեկանում: Անշուշտ, հարցազրույցի առանցքում Պոզներն էր` իր անհավանական, դասական դարձած հարցերով, թվում է` պարզունակ հարց է, բայց մյուս կողմից հենց այդ հարցին է հետևում ամենաանսպասելի պատասխանը: Ինչպես օրինակ, որ Ազնավուրն իրեն համարում է գրչի մարդ, որ անմարդաբնակ կղզի կվերցներ այն, ինչի վրա հնարավոր կլիներ գրել, որ Ազնավուրը չի երգել Ռեյ Չարլզի հետ, որի որդին, ի դեպ, կիսով չափ հայ է: Սա անկեղծ ասած, իսկապես անակնկալ էր: Ազնավուրը պատմեց, որ իրեն չի համարում անհաջողակ, որ բաժակն իր համար միշտ կիսով չափ լիքն է, և որ երկարակեցության գաղտնիքը լավատեսությունն է: Ազնավուրը, որ կարդում էր Reader’s Digest խելացի երևալու համար և միշտ ուղիղ նստում` հաջողությունն ու տպավորությունը պահելու համար, իր պատասխաններով, իր ռեպլիկներով ոչ թե մարդ էր, այլ պատմություն, էպոխա, որ պարուրել էր հարցազրույցը: Նա հստակ հիշում էր, թե քանի երգ է գրել` 1300, բայց շփոթում էր, թե երբ է ավարտվել երկրորդ աշխարհամարտը` 1944-ի՞ն, թե՞ 1945-ին, բայց հիշում էր, ինչպես էր Էդիտ Պիաֆը կարդում բարդ գրքեր բացատրական բառարանով: Ազնավուրը շատ պարզ, հանրամատչելի բացատրեց թուրքերի` Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառները և իր` Հայաստանի գործերին ներգրավված լինելու շարժառիթները: Ազնավուրը չի լողանում, լոգանք է ընդունում, չի երգում, այլ բառեր է անգիր անում, Զազ-ին համարում է ֆրանսիացի երգիչներից ամենահեռանկարայինը և թեթև, իմիջիայլոց խոսում Ֆրանսիայի վերջին երկու տասնամյակների նախագահների մասին, որոնցից մեկին պետք էր մարդկայնորեն աջակցել, մյուսին` պաշտպանել: Ազնավուրը վաղուց արդեն դարձել է քայլող պատմություն՝ իր կնճռոտ մատներով ու մանկական անաղարտության հասնող հայացքով, արիստոկրատ հումորով, որ երբեմն ինքնահեգնանքի է վերածվում և իսկապես անհավանական կենսագրությամբ, որի հերոսները համաշխարհային աստղեր են` Մոնտանից մինչև Սենատրա և Մինելի: Ու, գրողը տանի, որքան պատեհ է, տեղին ու պատմական, որ ապրիլի 24-ին հենց նա լինելու է Երևանում:

Գրել կարծիք