Ընդդեմ տաբուների և չոբանների. Ռուդոլֆ Խառատյանի բալետային նոր ներկայացումը

Ընդդեմ տաբուների և չոբանների. Ռուդոլֆ Խառատյանի բալետային նոր ներկայացումը

Նոր ներկայացմամբ անվանի բալետմեյստերը սինթեզել է հիփ-հոփը մաշտոցյան շարականի հետ, Գորկու աբստրակցիոնիզմը միահյուսել Ռոսլինի վիրտուոզ մանրանկարչությանը, բալետային նրբագեղությունը համադրել գուրջիևյան խրոխտ շարժումներին:

Գրիգոր Նարեկացին, Թորոս Ռոսլինն ու Արշիլ Գորկին նույն բեմում են: Հնչում են Մաշտոցի շարականները, Նարեկացու տաղերը, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Ալան Հովհաննեսի, Աշոտ Արիյանի ստեղծագործությունները: Հիփ-հոփ ու գուրջիևյան պարեր պարում են հայը, ճապոնացին, ֆրանսիացին, ամերիկացին, հույնն ու հրեան: Այս ամենն ու ամենքին մեկտեղել է Ռուդոլֆ Խառատյանը «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման մեջ:

«Ամբողջ կառույցը դրել եմ ոչ թե պատմական քրոնոլոգիայի, այլ հավերժության հենքի վրա: Հայ ժողովրդի ստեղծած տիեզերական արժեքներն են, որ կտակել ենք մարդկությանը: Այս երեք հերոսները պատահական չեն ընտրվել: Ե՛վ Նարեկացին, և՛ Թորոս Ռոսլինը, և՛ Արշիլ Գորկին իրենց գործերով ժամանակից դուրս են, հավերժ են: Մենք պարտավոր ենք հենց նրանցով ներկայանալ աշխարհին»:

 

Ռուդոլֆ Խառատյանը 30 տարի «Նարեկ» է ընթերցում: 30 տարի երազում էր բեմադրել «Մատյանը»: 3 անգամ սցենարը վերաշարադրելուց հետո կանգ առավ 30-րդ գլխի 3-րդ մասի վերջին տողի վրա՝ «Զույգ արեգակներ երկու ծագերից, մեկը՝ խավարի, մյուսը՝ կիզման»: Բեմադրության անվանումն ու հակիճ բնութագիրը այդ տողով էլ ամբողջացավ.

« Երբ ավարտում էի, իմացա, որ Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչում է շնորհել: Խորհրդանշական էր ամեն ինչ»:

Հիփ-հոփը սինթեզել մաշտոցյան շարականի հետ, Գորկու աբստրակցիոնիզմը միահյուսել Ռոսլինի վիրտուոզ մանրանկարչությանը, բալետային նրբագեղությունը համադրել գուրջիևյան խրոխտ շարժումներին… Ռուդոլֆ Խառատյանը խոստովանում է՝ ռիսկային էր մտահղացումը, բայց անհրաժեշտ: Վաղուց ժամանակն էր հայկական բալետը ազատել խորհրդային հնացած դպրոցի կարծրատիպերից:

«Հաջողվեց ոչ թե ֆոլկլորով, ոչ թե ազգագրական պարերով, այլ ժամանակակից բալետային լեզվով ցույց տալ հայի ոգին, հզորությունը, ազնվական միտքը, ներկայացնել պատմական ժառանգությունը: Սա ամենակարևոր խնդիրն էր ինձ համար, որ պետք է լուծեի բեմի վրա: Ուզում էի ասել, որ տրեխներով, փափախներով, բեղերով չի ու չի եղել հայը, ինչպես շատերն են ներկայացնում բեմին մեր ժողովրդին: Կարելի է չոբանի հոգեբանությունը բերել բեմ, բայց ոչ չոբանին: Բեմի տարբերությունը սա է: Բեմը հավերժություն է ուզում, բեմը հենց հավերժությունն է»:

HRKH5466

 

«Զույգ արեգակներում» 10 արտասահմանցի բալերո է ներգրավված: Բալետմեյստեր Խառատյանը նրանց հրավիրել է երկու նպատակով: Նախ՝ օտարազգի պարողները կտեսնեն, կճանաչեն , կսովորեն ու իրենք էլ կփոխանցեն հայկական ժառանգությունը: Եվ, որ ամենակարևորն է, նրանք պրոֆեսիոնալիզմով օրինակ կլինեն տեղացի  պարողների համար:

«Մեր տեղացի պարողները չգիտեն, որ կարելի է աշխատել: Ասում են՝ ուզում ենք լավ պարել, բայց չենք ուզում երկար վարժանքներ անել: Դրսի պարողները, հակառակը, չգիտեն, որ կարելի է չաշխատել: Նրանց ասում եմ՝ 8 ժամ պետք է վարժանք անել, իրենք դա անում են՝ առանց հակաճառելու»:

HRKH5792

 

Ժամանակակից բալետի տենդենցներից հետ չմնալու, բալետային նոր տեխնոլոգիաները Հայաստան բերելու, հայկական բալետը դրսում ճանաչելի ու մրցունակ դարձնելու համար ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը ստեղծեց «Բալետ 2021» հիմնադրամը:

«Մենք 70 տարի չենք ունեցել հայկական բալետի գաղափարը: Փորձեր արվել են, բայց դրանք ավելի շատ ֆոլկլորային պարեր էին: Բալետ չէր: Վերջապես պետք էր ստեղծել մի բան, որը հենց հայկական էր»:

Խառատյանը միաժամանակ հիշեցնում է՝ բալետը ազգություն չունի: «Բալետը բալետ է, լինի վրացական, հայկական, ֆրանսիական, թե չինական: Նույն ձեռքերն են, նույն կատարման տեխնիկան: Տարբերությունը՝ ազգային ոգին է արտահայտված խորհրդանիշներով»: Իր նորաշունչ «Զույգ արեգակները» Ռուդոլֆ Խառատյանը կառուցել է դասական բալետի կանոններով և ժամանակակից լուծումներով: «Այսօր մեր կյանքի ռիթմն ու տեմպը շատ են արագացել, և դա պետք է արտահայտվեր բալետում: Ոչ թե հորիզոնական, այլ սպիրալաձև ներկայացում է: Թվում է, թե նույն տեղում ենք, բայց նոր որակով, նոր տեմպով առաջ ենք գնում»:

HRKH9663

 

Մոցարտը ծնեց իր օպերաների հերոսներին, հետո դրանք դարձան աշխարհի զավակը, շարունակում են ապրել իրենց կյանքով: Ռուդոլֆ Խառատյանը վստահ է, որ «Զույգ արեգակներ» ներկայացումն իր հզորությամբ տեղ կգտնի համաշխարհային բալետի շարքում: Արվեստներից ամենաաշխարհիկի վարպետն ասում է՝ ժամանակն է ցեղային նեղ մտածելակերպից դուրս գանք՝ Հայաստանը լայնահայաց հաղորդակցելու աշխարհի հետ:

Գրել կարծիք