Ըստ սցենարի. Բարսելոնա. Աշխարհի գլխավոր տանիքը

Ըստ սցենարի. Բարսելոնա. Աշխարհի գլխավոր տանիքը

Ինչո՞ւ է Բարսելոնան այդքան գրավիչ աշխարհի միլիոնավոր զբոսաշրջիկների համար: Իսպանիայի մայրաքաղաքի մասին newmag-ի խնդրանքով իր տպավորություններով կիսվել է Վահան Ղարիբյանը:

Սցենարը ենթադրում է, որ գրողը մասնակից է ոչ միայն սյուժեով նախանշված ծրագիրը թղթին հանձնելուն, այլ նաև սյուժեին անսպասելի զարգացումներ հաղորդելուն: Եթե ընթերցողը կամ կինոդիտողը մեծ ուշադրությամբ հետևում է սյուժեի հիմնական գծի ընթացքին ու ուշադրություն չի դարձնում երկրորդականին, որը մի պահ անհաղ-թահարելի խոչընդոտ է դառնում գլխավոր գծի ճանապարհին, հեղինակին խնդրում են բեմ բարձրանալ:

Երբ ամենաաննկատ հերոսը սկսի անհավանական տեքստեր կարդալ, իմացե՛ք՝ հեղինակը (նույնիսկ իր համար անհասկանալի պատճառով) ցանկացել է ամեն ինչ գլխիվայր շրջել:Սա՝ սյուժեի մասին:

Կա նաև ձևաչափ ու բովանդակություն: Ոմանք ասում են՝ դրանք նույնն են, ոմանք չեն համաձայնում: Փաստն այն է, որ Բարսելոնան չունի ո´չ մեկը, ո´չ մյուսը: Գլխավոր հերոսի պարտականությունները կատարում է քաղաքի թեք մակետը, որը գլորվում է դեպի ծովը:

Զբոսնողը կատարում է պինբոլի գնդակի պարտականությունը` չունենալով ավելի մեծ հավակնություններ: Իսկ երբ փողոցները հոգնեցնում են, դու էլ ձանձրանում ես, բեմ է բարձրանում Անտոնի Գաուդին: Ասում են՝ նա սկզբում չէր սիրում եկեղեցիները, բայց կառուցեց մի հրաշակերտ:

Մարդիկ տառապում են պատն ի վեր մագլցելու մարմաջով: Սպասում են, ժամերով սպասում, որ մագլցեն եկեղեցու վերին կետը:

Օդանավից նայելիս Սագրադա Ֆամիլիան կարծես ծխախոտով վառած անկողնու սպիտակեղեն լինի. վնասը գնահատելու համար պետք է զգուշությամբ բարձրացնես այն: Այդպես կատալոնացիներն իրենց քաղաքը բարձրացրին բոլորից վերև:

Ճարտապետության ուղղությունները քաղաքին միստիցիզմի ու չար մտահղացման ձևաչափ են հաղորդում, և դրանից միայն կառավարությունն է շահում: Իսկ Գաուդին մեկ շարժումով ջնջեց այդ գաղափարը: Տանիքներով: Արձաններով: Ուղիղ գծերի բացակայությամբ: Աշխատավորի մեջքին համապատասխանող աթոռներով. դրանք չպետք է հարմար լինեն, դրանք պետք է համապատասխանեն մարդու կառուցվածքին: Չէ՞ որ նա լավագույնն է ու արժանի է Բարսելոնային:

Ստացվում է, որ գլխավոր հերոսը քաղաքը չէ՞: Գուցե. Բարսելոնան հստակ ծրագիր չունի:

Հեղինա՞կը: Նրանք մի քանիսն են, բայց առանձնացնել կարելի է Էուսեբի Գուելին ու Բալիո ընտանիքը: Չէ´, նրանք երաժշտությունը պատվիրող չէին: Բարսելոնայի վեհությունը հենց դա է. մեծ կարողություններ ունեցող մարդիկ նպատակ չունեին ցուցադրել իրենց ունեցվածքը: Գուցե չէին էլ պատկերացնում, որ պատվիրում են մի կառույց, որը հետո, տարիներ անց…

«Նվագախմբի փորձը» առաջին անգամ դիտելիս տպավորիչ ոչինչ չես գտնում: Բայց Ֆելինիի ֆիլմը պտտվում է ուղեղումդ ու ստիպում է անընդհատ մտածել նրա մասին: Ու հետո՝ առավոտյան, հասկանում ես, թե ինչու է ֆիլմը «հանճարեղ» պիտակը կրում: Բարսելոնայից վերադառնալուց հետո Կասա Միլայի տանիքը տեսնում ես երազում: Բարսելոնայի տանիքը:

Գուել պարկում առաջին իսկ հանդիպած աղջկան ասացի, որ նա աննկարագրելի գեղեցիկ է: Բնական է՝ նրան դրսում սպասում էին ամուսինն ու երեխան: Դա ճիշտ է: Ըստ սցենարի:

 

Հեղինակ՝ Վահան Ղարիբյան

Լուսանկարները՝ Գոհար Ալեքսանյանի

Գրել կարծիք