Բեթ Հարթ. Հայ բոյֆրենդների, ալկոհոլիզմի և 29-ում մեծ անկման մասին

Բեթ Հարթ. Հայ բոյֆրենդների, ալկոհոլիզմի և 29-ում մեծ անկման մասին

Ամերիկացի հայտնի ռոք, բլյուզ երգչուհին երևանյան այցի ժամանակ newmag-ի հետ բացառիկ զրույցում պատմել է իր հայ բոյֆրենդների, թմրադեղերից ազատվելու, կյանքի ու մահվան սահմանագծին հայտնվելու մասին:

texekanq-bet

Դաշնամուրի, հարվածային գործիքների ու կիթառի ձայնն ավելի էր նյարդայնացնում: Խռպոտ ձայնով ու համարձակ դաջվածքներով տիկինն ուշանում էր: Պատանիներն էլ սիրողական երաժիշտներ էին: Պատրաստվում էին դիմավորել հայտնի հյուրին: Շարունակում էին ոչ պրոֆեսիոնալ նոտաներով լարել առանց այն էլ չափից դուրս պիրկ սպասումը:

Վերջապես փոքրաթիվ երկրպագուների շրջանում իրարանցում սկսվեց: Բեթ Հարթը շենքում էր: Ոչ պրոֆեսիոնալ պատանիները սկսեցին 100 անգամ փորձած «Your Heart Is as Black as Night» երգը հնչեցնել: Բեթը ժպտաց ու ծափահարեց: Բայց նախ պատերին կախված նկարների մասին խոսեց. «Ո՞վ է այս կտավների հեղինակը»: Հյուրընկալող կազմակերպիչները գիտեին միայն, որ ժամանակակից հայ նկարիչ է: Բեթը խնդրեց ճշտել անունը և փոխանցել` Հայաստանի պես ջերմ են:

Սրճարանի անկյունը, որն առանձնացրել էինք զրույցի համար, գրքերով ու լուսամփոփով էր կահավորված, պատին` Հայաստանի և Արցախի քարտեզը: «Ո՞ր հատվածում ենք»,- հետաքրքրվեց Բեթը: Ցույց տվեցի Երևանը: Անպայման նշեցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը:

Ավանդական ցուցամոլություն ստացվեց, բայց Բեթ Հարթին հետաքրքիր էր Հայաստանին առնչվող ամեն ինչ. «Լոս Անջելեսում եմ մեծացել: Իմ դպրոցը կարծես հայկական լիներ: Բոլորը հայ էին: Բնականաբար, իմ ընկերներն էլ: Ավելին ասեմ. հայ բոյֆրենդներ եմ ունեցել: Ինձ դուր էին գալիս հայ տղաները, իսկ նրանց մայրերը՝ երբեք: Չափազանց շատ էին ջանում իրենց որդիներին պաշտպանել ինձնից: Զգուշանում էին»:

bet-4

***

Հրեշտակների քաղաքի ամենատխուր պատմությամբ երգչուհին 4 տարեկանում հանդիպեց երաժշտությանը: Աղջնակին կանխատեսեցին դասական ու օպերային կարիերա: Դաշնամուրին ավելի ուշ ավելացավ թավջութակը. «Ծիծաղելի է, իմ սիրելի տղամարդ երաժիշտները դասականներ են՝ Բեթհովեն ու Ռախմանինով: Նրանց երաժշտության մեջ շատ սեքս կա, բայց երգչուհիներն ավելի կարևոր մի բան ունեն՝ հոգի»:

Էթա Ջեյմս. մանկությունը հիշելիս այս անունն է միայն տալիս: Մայրը պաշտում էր ջազ բլյուզի թագուհուն: Բեթը վարակված էր Էթա Ջեյմսով նույնպես: Ընտանեկան ու երաժշտական իդիլիան ավարտվեց, երբ Բեթի հորը ձերբակալեցին թմրաբիզնեսի պատճառով: Ավագ քույրը թմրամոլ էր: Իր հերթն էլ եկավ.

«11 տարեկանում քրոջս հետ ամբողջովին կորցրել էինք գլուխներս: Նա չարաշահեց թմրադեղերն ու մահացավ… Եթե չլինեին դպրոցում երաժշտության դասերը, ես հավանաբար չէի լինի կամ լավագույն դեպքում բանտում կլինեի»:

«Black Sabbath», «Rush», «Led Zeppelin»`մի կողմից, մյուսում` սոուլի և բլյուզի` մոր դասականները: Բեթը կատարողական արվեստը վերցրեց Էթա Ջեյմսից, տեմպերամենտը` Ջենիս Ջոպլինից. «Եթե նորահայտ երգչուհին ունի խռպոտ ձայն, Ջոպլինի հետ համեմատություններից խուսափել չի կարող»,- բարկացած նշում է Հարթը: Հենց Ջոպլինի պատճառով էր ժամանակին ձեռքից բաց թողել հաջողության տոմսը. հրաժարվել էր շահավետ առաջարկից` նկարահանվել Ջենիս Ջոպլինի կենսագրական ֆիլմում, որը Բեթին ճանապարհ կբացեր դեպի Հոլիվուդ. «Ես սիրում եմ Ջենիսին: Ինձ հարազատ է նրա անհատականությունը, բայց ոչ թե երաժշտությամբ, այլ անձնական առումով: Իհարկե, թմրադեղերը նկատի ունեմ: Եվ, ամենակարևորը, երկուսս էլ անձի երկատումով էինք տառապում: Մի կողմից` ամբարտավանության աստիճան ինքնավստահությունը, մյուս կողմից`սեփական անձի ոչնչության զգացումը»:

15-ամյա Բեթն ընդունվեց Լոս Անջելեսի կատարողական արվեստի դպրոց: Բայց վատ համբավով ու վարքով աղջիկը երկար չմնաց այնտեղ: Դասերը բաց թողնելու համար հեռացրեցին: Բեթ Հարթը դարձավ ակումբների ազատ բարձրախոսների տիրուհին. «Երբ ես բեմին եմ, ու հանրությունը կողքիս է, ինչպես մայրական կաթ լինի, կարծես աշխարհի ամենաբարի ու գեղեցիկ տղամարդու հայացքը լինի, նման է ամենաթունդ թմրադեղի, նման է Աստծո ձեռքին՝ ուսիս…»:

bet-3

1993-ին Բեթն ուներ թիմ, սեփական երգերի հավաքածու և, որ գլխավորն է, մենեջեր: Ջեֆրի Լեյ Թոզերն ուներ ձայնագրման իր ստուդիան և փողոցից գտած տաղանդավոր աղջկան օգնելու մեծ ցանկություն: Բեթ Հարթը նրա միջնորդությամբ հայտնվեց հեռուստատեսությունում: Մասնակցեց «Starsearch» նախագծին ու նվաճեց գլխավոր մրցանակը: Հաջորդիվ առաջին ձայնասկավառակի` «Beth Hart and The Ocean of Souls»-ի թողարկումն էր: Թվում էր` հեռուստատեսային հաջողության տրամաբանական շարունակությունն էր:

Բայց պարզվեց, որ Բեթը պատրաստ չէր ձայնագրման ստուդիայում աշխատանքին. «Այնտեղ սպանում էին երգը: Սարսափելի էր: Ես չէի կարողանում երգել»:

Բացի այդ՝ ամերիկյան շոու բիզնեսում անկոտրելի կարծրատիպ կար. կա՛մ դու լուրջ կարիերա ես անում, կա՛մ հաղթում ես հեռուստատեսային երաժշտական մրցույթներում: Հեռուստապիտակի պատճառով լեյբլները շրջանցում էին հզոր ձայնով աղջկան: Բեթը հեռացավ էկրանից ուղիղ հակառակ ուղղությամբ` փողոց: Նվագախմբի տղաների հետ գորգ էին փռում գետնին, ոտքերը խաչում, մոմերը վառում ու երգում երջանիկ անցորդների համար:

Հետո եղավ դեպրեսիան, որը նրան գյուղ շպրտեց: 5 ամիս Բիրմինգհեմում թմրադեղերի աշխարհում էլ ավելի խորը սուզվելուց հետո Հարթը ուշքի եկավ ու հասկացավ` չկայացած երաժշտական կարիերայի ցավը նույնն է թե´ մեգապոլիսում, թե´ գավառում: Եվ որ նոր հաղթանակների համար ավելի լավ է ապրել մեծ քաղաքում:

Բեթը վերադարձավ «L.A. Song (Out of this Town)» երգով: «Sreamin’ for My Supper» սկավառակն էլ խիստ անձնական էր ստացվել, որի երգերի անվանումները, օրինակ՝ «Get Your Shit Together Girl», հնչում էր ոչ որպես խորհուրդ լսարանին, այլ հուսահատ կոչ ինքն իրեն. «Ես երգեր էի գրում ոչ նրա համար, որ լսեն, այլ որ ինքնաբուժման ուղի գտնեմ: Ես պետք է արտահայտվեի, պատմեի ընտանիքիս, ընկերներիս, Աստծո, չարքերի, թմրադեղերի, ալկոհոլի մասին՝ ամենի, ինչ ինձ դարձնում էր երջանիկ կամ դժբախտ»: Բեթ Հարթն արդեն կոմերցիոն երգչուհի էր: Նրա համար որսի էին դուրս եկել այսպես կոչված «մեյջր լեյբլները»:

Այն պահին, երբ պետք է Բեթի կարիերան դեպի վեր սլանար, տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ ու ազատ անկում նորից թմրամոլության ու ալկոհոլի դժոխք. «27 տարեկան էի, երբ «L.A. Song»-ը հիթ դարձավ: 29-ում արդեն ամեն ինչ կործանված էր: 2 տարի անցկացրեցի վերականգնողական կլինիկայում: Նորից սովորեցի ապրել սովորական մարդկանց պես»:

Երկար շեկ մազերով բարձրահասակ տղամարդը մոտենում է ու ներողամիտ ընդհատում զրույցը: Ծխախոտ էր խնդրում: Երևի կանխազգացել էր, որ պատմություն է ներխուժում ինքը: Սքոթ Հեցկովը`Հարթի փրկիչը, հենց նա էր: Առաջին անգամ Բեթին ամուսնության առաջարկ արեց ալկոհոլի վերականգնողական կլինիկայում: Մերժվեց: Երկրորդ անգամ նույն խնդրանքով Հեցկովը Բեթին դիմեց բանտում:

«Բոլորն այն ժամանակ վախենում էին ինձնից, բոլորը երես էին թեքել: Սքոթին էլ եմ վախեցրել, մերժել, վատ վարվել: Բայց նա դիմադրեց: Մնաց կողքիս»:

Բեթ Հարթի երգացանկի գրեթե բոլոր երգերը ինքնակենսագրական են: Բայց դրանցից ամենահարազատը նրա համար «Mechanical Heart»-ն է. «Ամուսնուս է նվիրված: Սքոթը իմ հակապատկերն է. հոգատար է, բարի, ուշադիր: Այս երգով խոստացա փորձել հանուն նրա լինել նորմալ»:

bet-2

2000-ականների սկզբին Բեթ Հարթ երգչուհին հիթային չէր, բայց կայուն հաջողակ էր: Ջո Բոնամոսայի հետ գործակցությունը երկուստեք արդյունավետ էր: Ի դեպ, Հայաստանում Բեթ Հարթին հենց Բոնամոսայի հետ դուետով են ճանաչում`«Your Heart Is as Black as Night»:

2013-ին Բեթն անգամ «Գրեմիի» առաջադրվեց «Լավագույն բլյուզ ալբոմ» անվանակարգում. «Իմ կյանքը միշտ թռիչքների ու անկումների շղթա է եղել: Էլ չեմ թաքցնում, որ բժիշկներն ինձ մոտ ախտորոշել են մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ: Որպեսզի նորմալ լինեմ, պետք է հաբեր ընդունեմ ու որոշակի ժամանակահատված հիվանդանոցում մնամ: Սա է իմ իրականությունը դեռ մանկուց. փորձել նորմալ լինել»:

«Ալկոհոլ», «թմրադեղ» բառերը նրա համար պայքար են խորհրդանշում և հրաշքի հետ են ասոցիացվում: Բեթն ասում է` պայքարում է ամեն րոպե, ու իրեն օգնում է միայն հրաշքը, որը բարձրահասակ, երկարամազ, շիկահեր տղամարդու տեսք ունի: Հրաժեշտ է տալիս խորհրդով` երբեք չդադարել պայքարել ու գտնել սեփական հրաշքը:

Գրել կարծիք