«Սև սաթ» կամ ո՞ւր է տանում անհետացած կտավների հայաստանյան հետքը

«Սև սաթ» կամ ո՞ւր է տանում անհետացած կտավների հայաստանյան հետքը

newmag-ը ներկայացնում է Սերգեյ Գալոյանի քրեական պատմությունը, այն մասին թե ո՞ւր է տանում անհետացած կտավների հայաստանյան հետքը և ո՞վ է ազատազրկվել այս հանցագործության համար:

Հանգիստ ու միալար անձրևն իջնում էր արդեն մեկ ժամից ավելի և, ինչպես թվում էր, ավարտվելու միտք չուներ։ Այն ոչ թե միայնակ հոգու հավերժական մորմոքն էր իր կորուստների համար (ինչպես կասեին լալկան բանաստեղծները), այլ սովորական, ամենօրյա մի իրողություն։ Ու եթե այդ ժամին ստիպված չես փախչել փողոցում, գլխավերևում ծածկ որոնել, այլ հարմարավետ մի սրճարանում նստած՝ սուրճ ես վայելում, ապա լուսամուտից երևացող ջրի անվերջ վայրէջքը պարզապես հաճելի է։

Առավել ևս, եթե քեզ սրճարան է հրավիրել գեղեցկատես մի կին, որը փորձում է ավելին իմանալ, քան դու ասացիր քիչ առաջ ավարտված ասուլիսին։ Դոն Կալոյի համար իսկապես հաճելի էր ընդունել հմայիչ կնոջ հրավերը։ Արդեն 27 տպագրված գրքի հեղինակ Կալոն հաճախ էր հրավիրվում ասուլիսների և հեռուստատեսային հարցազրույցների և, կարելի է ասել, ճանաչված դեմք էր դարձել հենց հեռուստատեսության շնորհիվ։

– Ես ուշադրությամբ լսեցի Ձեր ելույթը և Ձեր պատասխանները հարցերին։ Կարդացել եմ Ձեր գրքերը և ցանկանում եմ մի հարցազրույց վերցնել «ՍԱԿ» կայքի համար, որը ներկայացնում եմ,- ասաց խորհրդավոր հայացքով և վանիլի հոտ բուրող տիկինը: Նա ներկայացավ Սաթի անունով։

– Դուք իսկապե՞ս կարդացել եք իմ գրքերը,- հարցրեց Կալոն։

– Իհարկե, կարդացել եմ։ Ձեր գրքերից մեկում Դուք առանձին հատվածներ ունեք համաշխարհային մշակութային արժեքների կողոպուտների մասին։ Հետաքրքրությամբ եմ կարդացել դրանք։ Եթե չեմ սխալվում, համաշխարհային մշակութային արժեքների մասին Դուք գրել եք «Ինչպես դառնալ միլիարդատեր», իսկ Հայաստանից հափշտակված նկարների, քանդակների, գրքերի մասին` «Հայաստանում Լուվր, Ուֆիցի, Էրմիտաժ չկա, բայց…» հոդվածներում։

– Ուղղակի զարմանալի է, որ Դուք դրանք կարդացել եք,- ասաց Կալոն։- Այլապես շատ հաճախ ասուլիսներին գալիս են մեկ-երկու երիտասարդ տղա և պստլիկ աղջիկներ, որոնց նպատակը ոչ թե քո խոսքից նյութ քաղելն է, նոր տեղեկություններ ստանալը, այլ ավելի գիտակ երևալը, քան ասուլիսին հրավիրված բանախոսը։

– Լրատվական աշխատանքի երկար տարիների փորձ չունեմ, սակայն մշակել եմ մի գործելակերպ, որ հարցազրույցի չեմ գնում այն մարդու մոտ, որի գրքերը կամ հոդվածները չեմ կարդացել։ Ճիշտ է, տեղեկությունների այս ահռելի հեղեղի մեջ անհնար է հետևել տպագրված բոլոր գրքերին, համացանցով կամ հեռուստատեսությամբ տարածվող բոլոր նորություններին, սակայն եթե ընտրում ես մի թեմա, ապա դրա մասին խոսելու, առավել ևս գրելու համար պարտավոր ես շատ բան փնտրել ու գտնել։ Լուրջ, իրեն հարգող ժուռնալիստն այդպես կվարվեր։ Այլապես կհայտնվես ծիծաղելի վիճակում։

– Զարմանալի է, շատ զարմանալի և ուրախացնող,- ասաց Դոն Կալոն։- Ես այդպիսի մի ծիծաղելի և անհեթեթ իրավիճակի ակամա ականատեսն եմ եղել տարիներ առաջ։ Եթե ժամանակ ունեք, մեկ-երկու խոսքով ներկայացնեմ դա, թեև առաջին հայացքից դա կարող է չվերաբերել մեր զրույցին։

– Պարո՛ն Կալո, ես հսկայական ժամանակ ունեմ և ուշադիր կլսեմ Ձեզ։ Առավել ևս, որ այս անձրևը կտրվելու միտք չունի։

– Դե՛, ահա տեսե՛ք,- ոգևորված շարունակեց ուսումնասիրողը։

– Մոտ 20 տարի առաջ էր, ավելի ճշգրիտ՝ 1995-ի օգոստոսը։ Ես հերթական անգամ հյուր գնացի մեր ժամանակների հայ գրականության «նահապետին», ինչպես նրան՝ Հրանտ Մաթևոսյանին, կոչում էին և հիմա էլ շարունակում են կոչել շատերը։ Հյուր ուներ. պստլիկ-մստլիկ մի աղջիկ էր։ Ձայնագրիչը միացրել էր, գրառումների տետրը բացել և որսում էր գրողի ամեն մի բառը։ Մի քանի րոպե այդ աղջկան լսելուց հետո զգացի, որ Հրանտ Մաթևոսյան չի կարդացել, Հրանտ Մաթևոսյան գիտե միայն «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի շնորհիվ։ Ոչ ավելին։ Ու անկապ, անիմաստ հարցեր է տալիս։ «Ինչի՞ վրա եք աշխատում»,- հարցրեց այդ աղջիկը։ Վարպետը սկսեց արագ-արագ շնչել, ավելի ճիշտ՝ քիթը վեր քաշեց: Զգացի, որ նա զայրանում է: Որպեսզի թաքցնի իր զայրույթը, նա միշտ այդպես էր անում. քիթը քաշում էր։ «Սեղանի վրա»,- արագ պատասխանեց Հրանտը և ներողություն խնդրեց սենյակից մի քանի րոպեով դուրս գալու համար։ Տեսա, որ այս աղջիկը իր գրառումների տետրում արագ-արագ նշում կատարեց։ «Ներողություն, հիմա կգամ,- ասաց Հրանտ Մաթևոսյանը։

– Իսկ մինչև այդ Ձեր հարցերին կարող է պատասխանել իմ բարեկամը: Նա լավ գիտե, թե ինչ եմ գրում, որտեղ եմ գրում և ինչու եմ գրում»։ Գրողի դուրս գալուց հետո այս պստիկ-մստիկ աղջիկը «իմաստնաբար» շարժեց գլուխը և ասաց. «Ունիկալ է, շատ ունիկալ… Վիպակ, որը կոչվում է «Սեղանի վրա»։ Ներողություն, իսկ Դուք որևէ բան կարդացե՞լ եք այդ վիպակից»,- հարցրեց ինձ: Ուշադրությամբ նայեցի նրան և ողբացի մեր գրականության համար։ Այսքան ծանր ու դաժան մայրամուտ չէի կարող պատկերացնել։ Որքան հնարավոր է, սիրալիր պատասխանեցի. «Վիպակ չէ, հրա՛շք աղջիկ, վեպ է՝ չորս մասից։ Դա մի պատմություն է Սևամազով եղբայրների մասին, որոնք կասկածվում են հայրասպանության համար»։ «Դուք գիտե՞ք, թե այդ վեպը երբ կհասնի ավարտին, և մենք երբ կկարողանանք այն կարդալ»,- հարցրեց աղջիկը։ «Ձեր հարցին կարող է պատասխանել միայն ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկին»։ «Ի՞նչ է, այն նաև միաժամանակ թարգմանվո՞ւմ է»։ «Չէ՛, ի՞նչ եք ասում, Հրանտ Մաթևոսյանը վեպը գրում է ռուսերեն»։ «Ահա թե ինչ»,- ուրախությունից վառվեց աղջիկը։

– Սա իսկական սենսացիա կլինի ընթերցողի համար…»: Հրանտ Մաթևոսյանը, իհարկե, չվերադարձավ սենյակ։ Բայց աղջկա հեռանալուց առաջ ես չհամբերեցի և խորհուրդ տվեցի, որ այս հարցազրույցը որևէ տեղ չտպագրի, որովհետև և՛ Հրանտ Մաթևոսյանը, և՛ ես կատակ էինք անում։ Աղջիկը խելոք էր. այս «հարցազրույցը» չտպագրեց:

– Դրանից հետո կրկին հանդիպե՞լ եք այդ աղջկան։

– Վերջին անգամ հանդիպել եմ կես տարի առաջ, երբ թերթերից մեկի գլխավոր խմբագրի տեղակալն ինձնից որևէ ցնցող նյութ պահանջեց` խոստանալով լավ հոնորար։ Մի հինգէջանոց նյութ տարա մեր լավագույն նկարիչներից մեկի՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 21 նկարի գողության մասին, որը կատարվել էր 10 տարի առաջ՝ 2003 թվականին։ Երբ մտա խմբագրություն, այս տեղակալը, որը ժամանակին իմ խորհրդով մեր թերթի՝ «Ազգի» համար նյութեր էր գրում, որոշեց ինձ ներկայացնել գլխավոր խմբագրին: Եվ երբ տեսա «գլխավոր խմբագրին», անմիջապես հիշեցի այն աղջկան, որը հարցազրույցի էր եկել Հրանտ Մաթևոսյանի տուն։ Չգիտեմ՝ նա ինձ չհիշե՞ց (գուցե չցանկացավ ցույց տալ)։ Մի փոքր զրուցեցինք։ Գլխավոր խմբագիրն ու նրա տեղակալն ինձ տեղեկացրին, որ իրենց թերթն ամենամեծ պահանջարկն ունի շուկայում (իսկ թե որ շուկայում, չասացին)։ Ես «հիացած ու ակնապիշ» լսեցի նրանց, ասացի, որ մոռացել եմ հոդվածը բերել, խոստացա հենց հաջորդ օրը բերել կամ ուղարկել էլեկտրոնային փոստով և դուրս եկա։

1– Եվ, իհարկե, ո՛չ տարաք, ո՛չ էլ ուղարկեցիք այդ հոդվածը,- համոզված ասաց Կալոյի զրուցակցուհին։

– Անշուշտ։

– Բայց որքան գիտեմ, այս թեմայով Դուք ասուլիսի մասնակցեցիք, ասուլիս, որը մեծ աղմուկ հանեց,- ժպտալով ասաց Սաթին։- Այդ աղմուկը գոնե երկու-երեք ամիս չէր դադարում։ Դա, իհարկե, նախանձելի իրավիճակ է Ձեզ համար։

– Օրիո՛րդ… Տիկի՛ն…

– Ինձ դիմեք «տիկին»-ով,- ծիծաղեց Սաթին,- որովհետև ես դժբախտ կլինեի, եթե այս տարիքում օրիորդ մնացած լինեի։

– Դե՛, լավ, թող լինի տիկին,- հանգստացած շունչ քաշեց դոն Կալոն։- Այդպես ավելի լավ է։

– Այդպես ավելի ճիշտ է,- ուղղեց Սաթին։

– Այդպես… Այո՛, մի քանի ամիս առաջ մամուլի ակումբներից մեկի ղեկավարը` իմ լավ բարեկամը, զանգահարեց և հարցրեց, թե ինչ նոր բաներ եմ գտել, ինչ եմ գրում։

Ասացի, որ ուսումնասիրում եմ 2003 թվականի օգոստոսի լույս 18-ի գիշերը նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տնից կատարված գողության փաստերը: Կողոպտվել էին Լավինիայի հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի նկարները։ Անժելան (մամուլի ակումբի վարիչ այս հրաշալի տիկնոջը հենց Անժելա են կոչում) ոգևորվեց և ասաց, որ հենց հաջորդ օրը կարող ենք ասուլիսն անցկացնել։ Մեկ շաբաթ ժամանակ խնդրեցի ձեռքիս տակ եղած փաստերը ստուգելու, դասդասելու համար, որովհետև շտապողականությունը միշտ էլ վտանգավոր է…

– Ասուլիսը եղավ, դրանից հետո հայտնվեց այն մարդը, որը մեղադրվել ու ազատազրկվել է այս հանցագործության համար, նա պատասխանեց Ձեզ…

– Այո՛, ոչ միայն ընդունեց թանկարժեք այս գործերի կողոպուտի հետ կապ ունենալու իր մեղքը, այլ նաև նշեց այն մարդկանց անունները, որոնց մոտ կարող են գտնվել գողացված նկարները։

– Նա տվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների այժմ արդեն նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի, նրա տեղակալներ Մաթևոսյան եղբայրների և պատգամավոր Գուրգեն Արսենյանի անունները։ Այս տղան՝ Վարուժան Գևորգյանը, պատգամավոր Գուրգեն Արսենյանին պարզապես Գուգո է անվանում (գուցե դրա իրավունքն ունի՞. չգիտեմ): Նա թերթով և էլեկտրոնային լրատվամիջոցներով հայտարարեց, որ մեր հրաշալի նկարչի գործերը հենց նրանց մոտ են։ Ինքն է տվել նրանց։

– Եվ ի՞նչ…

– Սամվել Հովհաննիսյանն այդ ժամանակ արդեն կալանքի տակ էր: Նա հրապարակավ պատասխանեց, որ ճանաչում է նախկին բանտարկյալ Վարուժան Գևորգյանին, բայց ինքը չունի և երբեք չի ունեցել Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որևէ նկար։

– Մյուսները նույնպես հերքեցին։

– Ո՛չ։ Մաթևոսյան եղբայրները ոչինչ չպատասխանեցին։ Չպատասխանեց նաև Գուրգեն Արսենյանը։ Հստակ հիշում եմ. 2013-ի մայիսի 22-ին էր՝ ժամը 17-ն անց 47 րոպեին։ Նա նախ ասաց, որ իր մոտ անօրինական ճանապարհով ձեռք բերված որևէ նկար չկա, առավել ևս՝ Բաժբեուկ-Մելիքյանի գործերից, ապա հավաստիացրեց, որ մեկ-մեկուկես ամիս հետո հնարավոր կլինի հանդիպել։ Խոստացավ, որ ինքն էլ կզանգահարի, հենց հարմար պահ գտնի։ Հասկանալի է, որ այլևս չզանգեց։ Եվ Վարուժան Գևորգյանի հայտարարությունն այդպես էլ մնաց օդում կախված։ Իսկ եթե այս Վարուժանի մեղադրանքը լո՞ւրջ հիմք ունի…

– Եվ այդ լուրջ հիմքը պարզե՞լ եք։

– Իմ դիմում-խնդրանքից հետո հնարավոր եղավ ծանոթանալ դատական 1-104/2004 թ. գործին։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ ոմն Հրայր Վանյան և ոմն Վարուժան Գևորգյան ձերբակալվել են 2003 թվականի նոյեմբերի 2-ին։ Հիշե՛ք այս տարի-ամիս-ամսաթիվը։ 2004 թվականի մայիսի 4-ին Հրայր Վանյանը դատապարտվել է 7 տարի 6 ամիս, Վարուժան Գևորգյանը՝ 5 տարի ազատազրկման։ Դատարան ուղարկված քրեական գործում նշված են գողության մի քանի դրվագներ։ 2003 թ. օգոստոսի լույս 21-ի գիշերը կողոպտվել է Խանջյան 33-ի 15-րդ բնակարանը, որը պատկանում էր կուսակցական նախկին աշխատող Ռուդիկ Վարդանյանին։ Մանրամասն նշված է, թե ինչ են տարել այս բնակարանից։ Բայց ահա որևէ նկարի մասին խոսք չկա։ Դատարան ներկայացված քրեական գործում ոչ մի խոսք չկա օգոստոսի լույս 18-ի գիշերը Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տնից կատարված կողոպուտի մասին։ Ինչո՞ւ…

– Գուցե քննիչներն այս կողոպուտին տեղյակ չեն եղել կամ թերացել են։

– Սիրելի՜ տիկին, երկու դեպքում էլ իրավապահների աշխատանքը թերի է եղել այս ժամանակ։

– Լավ, պարո՛ն Կալո, այժմ՝ 2013-ին, արդեն հայտնի է, որ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տնից 21 նկար է տարվել, գողերը դատապարտվել են, կրել են իրենց պատիժը։ Արդարադատությունը հաղթել է։

– Աննմա՛ն տիկին, ինչպե՞ս է հաղթել արդարադատությունը, երբ նկարները չեն գտնվել արդեն տասը տարի։ Առավել ևս, որ Վարուժան Գևորգյանը հայտարարում է, որ գողացված 21 նկարներից երեքը վերցրել են իրավապահները. քննիչնե՞րը, ոստիկաննե՞րը։ Ո՞վ, ո՞վ։ Լավ, ո՞ւր են նկարները։ Գուցե հենց այս երեք նկարն է եղել պատճառը, որ դեռևս 2003 թվականին, երբ նոյեմբերի 2-ին ձերբակալվել են կողոպտիչները, միտումնավոր չի նշվել օգոստոսի 18-ի գիշերը կատարված գողության մասին։ Չէ՞ որ այսպիսի կասկած ունենալու իրավունք ունեմ ես։

– Չհավատալու իրավունք կարող է ունենալ ամեն մեկը։ Բայց գուցե տուժողներ չե՞ն եղել, բողոքներ չկա՞ն։

– Հիմա ես հետևում եմ մի դատավարության, որը նույն կերպ է «կարվում»։ Տներ կողոպտելու և հսկայական ունեցվածք թալանելու համար մեղադրվում են մարդիկ։ Հսկայածավալ քրեական գործ է կազմվել, ավելի քան մի տարի դատավարություն է գնում, լուրջ մեղադրանքներ են ներկայացված վեց մարդու։ Եվ միայն հիմա Էդուարդ Բեզոյանը կասկածում է, թե հենց այս մեղադրյալներն են իր տունը թալանել։
Եվ այս հայտարարությունն անում է ոչ թե դատարանում, այլ մամուլով։ Ի դեպ, քրեական այս գործում նույնպես խոսվում է թանկարժեք նկարների կողոպուտի մասին։ Գործում նշված է, որ տուժող Նապոլեոն Ազիզյանի տնից տարվել է 6 թանկարժեք նկար։ Սակայն չի նշված, թե ինչ գործեր են, ովքեր են այդ «6 թանկարժեք» նկարների հեղինակները։ Գուցե Վինսենթ վան Գոգի, Սեզանի, Մինասի կամ հենց Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գործերի՞ց են։

– Պարո՛ն Կալո, Դուք հավանաբար ծանոթ եք արվեստի գործերի կողոպուտներին։ Բացահայտված կամ դեռևս չբացահայտված կողոպուտների ոչ միայն ցուցակը կա, այլև առանձին դեպքերում` մանրամասները։

– Ես, իհարկե, բավական նյութ ունեմ իմ ձեռքի տակ, բայց ամեն մի նոր տեղեկություն ինձ համար անչափ կարևոր կլինի։

– «Forbes» հանդեսը 2013 թվականին կազմել է անվերադարձ կորած արվեստի գործերի ցուցակը, որում ներկայացված են ամենաթանկ գործերը։
Դոն Կալոն հետաքրքրությամբ հետևում էր խորհրդավոր կնոջ շարժումներին, որն իր պայուսակից թղթի մի քանի փոքր թերթիկ հանեց:

– Ահա՛,- ասաց նա:- Ես նշումներ եմ արել այդ հրապարակումից: Անվերադարձ կորսված արվեստի բարձրարժեք գործերի թոփ տասնյակի առաջին տեղում Վերածննդի դարաշրջանի վարպետ Ռաֆայել Սանտիի «Երիտասարդ տղամարդու դիմանկար»-ն է, որը փորձագետները գնահատել են 100 միլիոն դոլար: Մինչև 1939 թվականը այն պատկանել է լեհական հայտնի Չարտորիսկիների տոհմին: Բայց հենց այդ ժամանակ նացիստները բռնագրավել են այն: Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից քիչ առաջ այն հայտնվել է զավթված Լեհաստանի գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկի մոտ: Նյուրնբերգյան դատավարությունից առաջ իրականացված հարցաքննությունների ժամանակ Ֆրանկը նշել է այն տեղերը, որտեղ գերմանացիները թաքցրել էին արվեստի թալանված արժեքները: Բայց Ռաֆայելի այս գլուխգործոցը նշված տեղերից ոչ մեկում չհայտնաբերվեց: Որոշ տեղեկություններ հրապարակվեցին միայն 2012 թվականին, երբ կասկածներ հայտնվեցին, թե այն հավանաբար կարող է գտնվել Միացյալ Նահանգների կամ եվրոպական բանկերից մեկի պահոցներում:

– Գրեթե մեկուկես տարի է անցել այդ ժամանակից: Որևէ նորություն չկա՞:

– Դժբախտաբար, ոչ մի նորություն,- ասաց Սաթին և շարունակեց:- Գումարային արժեքով երկրորդ գործը Վինսենթ վան Գոգի «Կակաչներ»-ն է, որը գնահատված է 50 միլիոն դոլար: Այն գողացել են 2010 թվականին Մուհամեդ Մահմուդ Խալիլի` Կահիրեի թանգարանից, որը պատրաստվում էր նորոգման համար ժամանակավորապես փակվել: Եգիպտոսի հատուկ ծառայություններն անչափ թանկ այս գողոնը գտնելու հույսով անմիջապես հսկողության տակ վերցրին օդանավակայանները, գնացքների կայարանները, նավահանգիստները: Սակայն բոլոր ջանքերն ապարդյուն եղան: Երկու տարի անց բրիտանացի փորձագետները սենսացիոն հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ «Կակաչներ»-ի բնօրինակը թանգարանից գողացվել է դեռևս 1977 թվականին, և կողոպտիչներն իրենց կյանքն ու ազատությունը վտանգի տակ են դրել հանուն կեղծված գործի: Իսկական նկարը, այսինքն՝ բնօրինակը, նախ գտնվել է եգիպտոսցի ինչ-որ պաշտոնյայի մոտ, իսկ հետո շահավետ վաճառվել է երկրի սահմաններից դուրս:

– Այս հայտարարությունը կարող է նաև ճշմարտացի չլինել այն պարզ պատճառով, որ թալանչիները ցանկացել են կորցնել հետքը,- ասաց Կալոն, – Միջազգային պրակտիկայում այսպիսի դեպքեր լինում են: Անգամ եթե հայտնաբերվի Վան Գոգի այս գործը, ապա արվեստի տեսաբանները և փորձագետները երկար կքննարկեն նկարի` բնօրինակ կամ կեղծված լինելը: Եվ ճշմարտությունը բացահայտել չի հաջողվի:

– Իհարկե,- ասաց Սաթին,- Լիովին համաձայն եմ: Հանցագործը կամ հանցագործները հետքերը կկորցնեն,- ապա շարունակեց. – գիտեք, որ բոլոր նկարիչներից առավել տուժել է Պաբլո Պիկասոն: 28 միլիոն դոլար գնահատված նրա աշխատանքներից մեկը` «Աղավնին կանաչ ոլոռի հետ» նկարը, կորավ 2010 թվականին՝ այսպես կոչված «դարի կողոպուտի» ժամանակ: Հափշտակիչը ժամանակակից արվեստի Փարիզի թանգարան մտել էր` ջարդելով պատուհանի վանդակաճաղը: Տեսագրությունից երևում է, որ նա, առանց շտապելու, շրջանակներից հանում է Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Ժորժ Բրուքի, Ամեդեո Մոդիլյանիի և Ֆերնան Լեժեի հինգ կտավները, փաթաթում և դուրս գալիս: Տեսախցիկների նկարահանումներից պարզ երևում է, որ կողոպտիչն իրեն հանգիստ է պահում, կարծես համոզված է, որ չի բռնվի: Սակայն մեկուկես տարի անց նրան, միևնույնն է, ձերբակալեցին: Հայտնաբերվեց նաև պատվիրատուն: Բայց նկարներն անհետ կորան: Պատվիրատուն ոստիկանությանը հայտնեց, որ ոչնչացրել է բոլոր նկարները, նաև Պիկասոյի գործը, որովհետև զգացել է, որ իրեն հետևում են:

– Որքան գիտեմ, ո՛չ հայտնի դարձավ այդ մարդու անունը, և ո՛չ էլ տեղեկություններ եղան, թե ինչ պատժի արժանացան առևանգիչները: Բայց ինձ համար սարսափելին այն է, որ արվեստի հրաշալի շատ գործեր կորան անհետ,- ասաց Դոնը:

– Անշուշտ: Ահա այդպիսի ողբերգական մի իրադարձություն էլ արձանագրվել է 1969 թվականին Իտալիայի Պալերմո քաղաքում, երբ Սան Լորենցո եկեղեցու զանգակատնից անհետացավ Կարավաջոյի «Ծնունդը Սուրբ Ֆրանցիսկոսի և Սուրբ Լավրենտիոսի ներկայությամբ» նկարը: Կողոպուտի հիմնական կասկածյալներ դարձան սիցիլիական մաֆիայի ներկայացուցիչները, սակայն հատուկ ծառայությունները երկար ժամանակ չէին կարողանում հայտնաբերել ո՛չ պատվիրատուներին, ո՛չ կատարողներին, ո՛չ էլ նկարը, որը փորձագետները գնահատել էին 20 միլիոն դոլար: 40 տարի անց (պատկերացնո՞ւմ եք, միայն 40 տարի անց) վարձու մարդասպան Գասպարե Սպատուցգան դատարանում պատմեց, որ նկարն այդքան ժամանակ պահվել է Պուլար ընտանիքին պատկանող ագարակի մառանում: Մաֆիոզները բնավ չէին մտահոգվել նկարի պահպանման հարցով, և «Ծնունդը» կրծել, հոշոտել էին առնետներն ու խոզերը: Իսկ երբ մաֆիայի ներկայացուցիչները հասկացել էին, որ կտավն այլևս հնարավոր չէ վաճառել, այրել էին այն:

Պոլ Սեզանի «Տեսարան Օվեր-սյուր-Ուազից» բնանկարը փորձագետները գնահատել են 5 միլիոն դոլար: Այս բացառիկ գործը առևանգվել է արվեստի և հնագիտության՝ Օքսֆոր-դի էշմոնլյան թանգարանից 20-րդ դարի վերջին Ամանորի գիշերը: Քանի դեռ ամբողջ երկիրը հրթիռներ էր բաց թողնում երկինք, շամպայն էր խմում և հաշվում էր երկրորդ հազարամյակի վերջին վայրկյանները, գողն աննկատելի մուտք է գործել այն սրահ, որտեղ ցուցադրվում էին իմպրեսիոնիստների գործերը, և տարել ամենաթանկարժեքներից մեկը:

2

– Դա բնական է,- ասաց Կալոն, – մեր ժամանակներում առավել մեծ պահանջարկ ունեն հենց իմպրեսիոնիստների ստեղծագործությունները:

– Անվերադարձ կորսված է համարվում Հենրի Մուրի «Պառկած ֆիգուր» քանդակը (գնահատված է 4 միլիոն 600 հազար դոլար), որը երեք անհայտ անձինք քանդակագործի կալվածքից հափշտակել էին 2005 թվականին: Հափշտակիչները լավ են իմացել, որ տարածքը վերահսկվում է տեսախցիկներով, սակայն դա նրանց բնավ չի խանգարել, որ քանդակը ամբարձիչ կռունկի օգնությամբ դնեն բեռնատար: Մի քանի տարվա անհաջող որոնումներից հետո ոստիկանությունը այն եզրակացությանը հանգեց, որ արվեստի այս գործը պարզապես վերաձուլվել է:

«Forbes»-ի այս հրապարակումը ավարտվում է ավստրիացի հանրահայտ ջութակահար Էրիկ Մորանիին պատկանող և 3 միլիոն դոլար արժողությամբ՝ Ստրադիվարիուսի ջութակի (այն կատարվել է 1995 թվականին), 1 միլիոն դոլար գնահատված, Ռենուարի վրձնին պատկանող «Մադլենը` մազերի մեջ ծաղիկներ, արմունկին հենված» անվանումով և Տեխաս նահանգի արևմուտքում գտնվող մի հարուստ տնից առևանգված նկարի, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի գեղարվեստի թանգարանից 2007 թվականին առևանգված և Ֆրանց վան Միրիս Ավագի վրձնին պատկանող «Կավալեր» դիմանկարի և Մեծ Բրիտանիայի Դալվիչ փարքից 2011 թվականին գողացված, 900 հազար դոլար արժողությամբ՝ Բարբարա Հեփուորտի «Երկու ֆորմա» նկարի թվարկումով… Ահա այսպիսի բաներ:

– Ես, իհարկե, այն հնարավորությունները չունեմ, ինչ հեղինակավոր «Forbes»-ը, սակայն մի ցուցակ էլ ես եմ կազմել:

– Ի՞նչ ցուցակ է: Կարելի՞ է ծանոթանալ:

-Իհարկե,- ժպտաց Կալոն:

– Գաղտնիք չէ: Առավել ևս, ես պատրաստվում եմ այն հրապարակել: Սակայն որպեսզի ամեն ինչ ճշգրիտ լինի, կիսատ-պռատ ոչինչ չասեմ, առաջարկում եմ հանդիպել բարեկամիս` Վալերի Մարգարյանի հետ: Նրա անմիջական օգնությամբ եմ պատրաստել այդ ցուցակը: Եվ ոչ միայն դա:

– Արվեստի՞ մարդ է Ձեր այդ բարեկամը:

– Հանրագիտարանային գիտելիքների տեր մի մարդ: Համակարգչային տեխնիկայի մասնագետ:

– Այդպիսիք հիմա շատ կան,- թերահավատորեն քմծիծաղեց Սաթին:

– Գուցե կան, չգիտեմ: Սակայն ի տարբերություն բացարձակ մեծամասնության՝ իմ բարեկամը շատ լավ գիտե, թե ինչ է պետք որոնել, ինչպես է պետք գտնել ցանկացած նյութ:

– Մի՞թե դրա համար պետք չէ համակարգչի առջև նստել և որոնում հանձնարարել սարքին:

– Ո՛չ, դա բավական չէ, սիրելի՛ տիկին: Պետք է տիրապետես նյութիդ,- ասաց Դոն Կալոն և շարունակեց:- Իմ թոռնիկները` Արթուրը, Սոնան, Մանեն, Ոսկեհատը, նույնպես նստում են համակարգչի առջև, ինձ համար նյութեր են գտնում, սակայն նրանց օգնությունն այն արդյունքը չի տալիս: Ամեն դեպքում կուզեի, որ մեր զրույցը շարունակվեր Վալերայի ներկայությամբ, եթե Դուք դեմ չեք և ժամանակ ունեք:

– Անշուշտ:

Դոն Կալոն զանգահարեց իր բարեկամին, հայտնեց, որ Միացյալ Նահանգներից հյուր ունի, ցանկանում է խոսել նրա հետ: Վալերին համաձայնեց: Տաքսի պատվիրեցին և գնացին Ավան թաղամաս: Վալերին սիրով դիմավորեց հյուրերին: Ամեն ինչով սարքավորված համակարգչի մոտ սկսեցին խոսակցությունը:

– Իմ բարեկամը կարծում է, որ արվեստի գործերի և մշակութային արժեքների առաջին կողոպուտները սկսվել են 3 հազար տարի առաջ՝ փարավոնների ժամանակներում, սակայն այսպես ասած առաջին կողոպուտը կարելի է համարել 1473 թվականին իրականացված թալանը,- ասաց Կալոն:- Հանս Մեմլինգի «Ահեղ դատաստան» նկարը, որը պատվիրվել էր Մեդիչիների գերդաստանին պատկանող՝ Ֆլորենցիայի եկեղեցին զարդարելու համար, նավով ուղարկվում էր դեպի նշանակման վայր: Բայց ճանապարհին նավի վրա հարձակվեցին ծովահենները և թալանեցին նավը: Զարմանալի է, բայց հափշտակիչներից մեկը այս նկարը հետագայում նվիրեց Գդանսկի Մայր տաճարին, որտեղ մինչև օրս էլ այն գտնվում է:

– Որքան ես գիտեմ, այս ոլորտի հանցագործությունները շատ հազվադեպ են բացահայտվում: Ոստիկանությունը հայտնաբերում է արվեստի տասը առևանգված գործերից միայն մեկը: Բայց սակավաթիվ հայտնաբերումներն էլ հիմնականում ոչ թե ոստիկանության աշխատակիցների ջանքերի արդյունք են, այլ երջանիկ պատահականություն կամ պարզապես հանգամանքների զուգադիպություն:

– Ինտերպոլի տվյալների բազայում արձանագրված են մոտ 30 հազար գործեր, որոնք տարբեր տարիների առևանգվել են թանգարաններից, պատկերասրահներից, եկեղեցիներից, մասնավոր հավաքածուներից,- ասաց Վալերան:- Հաճախակի դարձած այս գողությունները և առևանգումները դարձել են մեր ժամանակի մեծագույն խայտառակություններից մեկը: Հապա պատկերացրե՛ք: Այսօր հետախուզման մեջ են Պաբլո Պիկասոյի մոտ 500, Մարկ Շագալի գրեթե 250, Օգյուստ Ռենուարի 200-ի հասնող, Սալվադոր Դալիի 100-ից ավելի և Վինսենթ վան Գոգի 50-ից ավելի գործեր: Արվեստի գործերի սև շուկան իր եկամտաբերությամբ այսօր զիջում է միայն զենքի և թմրանյութերի ապօրինի վաճառքին:

– Ամերիկյան մի ամսագրում կարդացել եմ, որ հետաքննությունների դաշնային բյուրոյում 2005 թվականից հատուկ մի ստորաբաժանում է գործում, որը պայքարում է արվեստի ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ,- ասաց Սաթին:- ACT` Art Crime Team կոչվող այս ստորաբաժանումը բյուրոյի սայթում տեղադրել է աշխարհի թանգարաններից կատարված գողությունների մի հսկա ցուցակ: Արվեստի գործերի ապօրինի վաճառքից ստացված տարեկան եկամուտը հասնում է 6 միլիարդ դոլարի: ՀԴԲ-ի` CIA-ի այս բաժինը, սակայն, ոչ միայն կողոպուտներով է զբաղվում: Նույնքան վտանգավոր են համարվում նկարների կեղծումները: Եվ պատկերացրե՛ք, որ ցուցակում հայ կա՝ Ռոբերտ Մարտիրոսյանը՝ Ռոմարը: Մասնագիտությամբ իրավաբան, քրեական գործերի ոլորտի փաստաբան մեր հայրենակիցը մեղադրվում է Սեզանին կեղծելու և կեղծված նկարը վաճառելու համար: Այս մասին 2000 թվականին գրել է ամերիկյան «Town and Country» ամսագիրը:

Սեզանը դժբախտություն պատճառեց Ռոմարին արվեստի գործերի կողոպուտներն այժմ` 21-րդ դարում, համաշխարհային հանցագործունեության «ամենահարգի» հանցագործությունների մեջ են, եթե ոչ ամենահարգին: Դա այսպես ասած անչափ շահավետ բիզնես է, որտեղ մեծ, շատ մեծ գումարներ են գործի դրվում: Այսպիսի մի կողոպուտի մասին է գրել Գրետչեն Վոսը ամերիկյան «Town and Country» պարբերականում: Այս հրապարակումը մեզ հետաքրքրեց նաև այն իմաստով, որ նկարագրված իրադարձություններում գլխավոր գործող անձը մեր հայրենակիցն է` Ռոբերտ Մարտիրոսյանը:

Բայց սկսենք սկզբից…

44-ամյա Մայքլ Բեքուինը 1978 թվականի մայիսի 28-ին դուրս եկավ Սթոքբրիջի (Մասաչուսեթս, ԱՄՆ) Հոթուոն փողոցում գտնվող իր բնակարանից և իր երկրորդ կնոջ և դուստրերի հետ ուղևորվեց Օսթենինգ` կարճատև այցելության: Հետո նա չի հիշելու՝ տնից դուրս գալիս դուռը փակե՞լ էր, թե՞ ոչ: Բայց եթե նույնիսկ Շատ հոգեկան անդորրի և արվեստի մեծ գործերի պարգևած զմայլանքի մեջ էր ապրել, այն վայրից, որտեղ իր ծնողներից՝ Հարի և Ռութ Բեքուիններից ժառանգություն ստացած այլ մեծարժեք գործերի հետ Սեզանի այս հրաշքի հայացքի տակ ապրել էր 5 տարի: Այս եզակի աշխատանքը Մայքլի ծնողները գնել էին 1963 թվականին 500 հազար դոլարով: Ումի՞ց: Դժվար է ասել, որովհետև Մայքլին ոչինչ չէին ասել: Ամեն դեպքում արվեստի գործերի հեղինակավոր փորձագետները հաստատել էին, որ նկարն իսկական է, կրիմինալ որևէ պատմության մեջ չի հայտնվել և առանց որևէ կասկածի այն կարելի է ցուցադրել ամենաբարձր կարգի ցուցահանդեսներում: Սակայն Մայքլ Բեքուինը պարզապես սիրահարված էր այս նկարին այնքան, որ չէր ցանկանում ոչ միայն ցուցադրել, այլև ապահովագրել: Նա վախենում էր օտար աչքից:

Հեղինակ` Սերգեյ Գալոյան

 

Գրել կարծիք