Սև երեքշաբթի. Մեծ ճգնաժամ

Սև երեքշաբթի. Մեծ ճգնաժամ

Մարդիկ ամեն օր տեսնում էին, որ բաժնետոմսերի գինը բարձրանում է, բորսայական աճը խորտակում էր տնտեսագիտական ողջամտությունը:

Առաջին աշխարհամարտի բացած վերքերը սկսել էին սպիանալ: 1929 թվականն էր: Մարդիկ տևական արյունահեղությունից հետո կյանքի նոր փուլ էին մտել: Ամերիկացիների տնտեսական կյանքում ամենաշատ օգտագործվող բառը դարձել էր «արժեթուղթ»-ը: Բաժնետոմսերի առք ու վաճառքի տենդը բռնել էր բոլոր նահանգները: Համաճարակը հասել էր նաև ոչ ունևոր քաղաքացիներին: Նրանց փողը, իհարկե, չէր բավարարում բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Բայց գայթակղությանը չդիմանալով` դիմում էին դրամատների օգնությանը: Բանկերից միջոցներ էին փոխառում և համալրում արժեթղթային վարակակիրների ցանկը:

Փողը հեշտ ու արագ հոսում էր դեպի տնտեսություն: Գումարն էլ վերածվում էր արտադրանքի և նոր հզորությունների: Բոլորը վստահ էին, որ պահանջարկը կարդարացնի գերարտադրությունը: 1929-ի ամռանը շիկացած տնտեսությունն ամբողջ ուժով առաջ էր գնում: Շարունակում էին արտադրել շատ, վաճառել քիչ: Սկսվեցին առաջին ու հազվադեպ պատահող սնանկացումները: Սակայն ոչ ոք դրանց լուրջ չէր վերաբերվում: Ամերիկյան տնտեսության ռեցեսիոն ախտանշաններն արդեն նկատելի էին: Լավագույն ինդիկատորը շինարարական ոլորտն էր. տեմպը կտրուկ ընկավ:

Ծաղկուն 20-ականներն ու փայլուն տասնամյակն ավարտին էին մոտենում: Բայց բոլորը կարծում էին, թե խնջույքը շարունակվում է:

Ամերիկյան ընտանիքների վարկային պարտքերը 1925-ին 1 միլիարդ 300 միլիոն դոլար էին, 1929 թվականին` 3 մլրդ։

Բորսայական խաղը շարունակվում էր։ Չդադարող ցիկլերում միլիարդներ էին պտտվում: Միտումներն առավել քան հուսադրող էին: Մեծ ճգնաժամի նախօրեին լույս էր տեսել մի ամսագիր, որի շապիկին գրված էր. «Բորսայում կարող են հարստանալ բոլորը»: Մարդիկ, այսպիսով, ապրում էին սպասումով, առավել հարստանալու սպասումով:

newmag#47-131

Ուոլ սթրիթի ֆոնդային բորսա. կապիտալիզմի իսկական միջնաբերդ: Այնտեղ հնարավոր էր ակնթարթորեն շահել ու տանուլ տալ միլիոններ: Մի ամբողջ 7 տարի ոչ ոք ոչինչ չէր կորցրել: Վստահ էին, որ ակցիաների շուկան կհաղթահարի աներևակայելի բարձունքը: Մարդիկ ամեն օր տեսնում էին, որ բաժնետոմսերի գինը բարձրանում է: Բորսայական աճը խորտակում էր տնտեսագիտական ողջամտությունը: Այն թեթև դոզայով հաճելի թույնի պես դանդաղ մահ էր խոստանում: Բոլորը և հատկապես տնտեսագետները գոնե տեսականորեն գիտեին, որ ցանկացած վերելքի հաջորդում է կտրուկ անկումը: Այսինքն` բնականոն ցիկլից խուսափել հնարավոր չէ: Այդ պրոցեսը կարող էր ձգվել տարիներ, սակայն բորսայական անկումը վրա է հասնում հանկարածակի, երբ ոչ ոք չի սպասում:

Մոտենում էր 1929 թ. հոկտեմբերը: Մինչև այդ չարագույժ և սև օրը բանկերն ու բրոքերները սովորականի պես իրենց խոշոր բիզնեսն էին առաջ տանում: Եթե պայմանավորվում էին, հեշտորեն խաղում էին արժեթղթերի գների հետ:

Հոկտեմբերի 24. առաջին սև օրը: Իսկական քաոս` ֆոնդային բորսայում:

Աշխարհը չէր գիտակցում, որ դառնալու է համաշխարհային տնտեսական ամենախոշոր ճգնաժամի ականատեսը: 60-70 %-ով ընկավ արժեթղթերի գինը, համաշխարհային հիմնական արժույթների համար վերացավ ոսկու ստանդարտը:

newmag#47-132

1929 թվական, հոկտեմբերի 24. մի սովորական հինգշաբթի օր: Ամերիկան սթափվեց, և սկսվեց մղձավանջը: Վաճառված կուպոններն ամբողջությամբ ծածկեցին առևտրի սրահի հատակը: Ոչինչ չէր կարող կանխել խուճապը: Բոլոր բրոքերների նշանաբանն էր` վաճառել: Ֆոնդային բորսայի ճգնաժամի լուրն ակնթարթորեն ընդգրկեց երկիրը: Հազարավոր մարդիկ սլացան Ուոլ սթրիթ վախով, որ կկորցնեն իրենց բաժնետոմսերը: Ուոլ սթրիթը հայտնվեց առաջին էջերում: Թերթերը փորձում էին հուսադրել մարդկանց` հայտարարելով, թե բանկիրները կանխել են սարսափելին: Հանգստյան օրերին պարզ դարձավ, որ ճգնաժամն ավելի է խորանում և երկար է ձգվելու: Արժեթղթերը սկսեցին տարերայնորեն վաճառվել: Վաճառքի տենդը շարունակվեց երկուշաբթի և իր գագաթնակետին հասավ երեքշաբթի օրը` հոկտեմբերի 29-ին: Վաճառվեց 40 մլն բաժնետոմս` ավելի քան 30 մլրդ դոլար արժողությամբ: «Հեռացե՛ք, հեռացե՛ք, հեռացե՛ք այստեղից: Հեռացե՛ք շուկայից, քանի չեք կործանվել»,- բղավում էին բոլոր բրոքերները: Եկավ հաջորդ օրը: Ֆոնդային բորսայի հատակը ծածկված էր արժեզրկված բաժնետոմսերով:

Ոմանք զրկվեցին իրենց ամբողջ կարողությունից: Շատերը կորցրին շատ ավելին:

Ֆոնդային բորսայի կործանմանը հաջորդած մեկ շաբաթում Նյու Յորքի տասնյակ բանկիրներ ինքնասպանություն գործեցին: Միայն Նյու Յորքում 1931 թ. սովից մահացավ 2000 մարդ:

Ռեկորդային կորստին համընթաց փակվում էին արտադրական հսկաները, նաև փոքր ու միջին ձեռնարկությունները: Միայն ավտոարտադրանքը կրճատվեց 5 անգամ: Պարտքերը խեղդում էին երբեմնի ձեռներեցներին: Գործազուրկների շուկան համալրվեց միլիոնավոր մարդկանցով: Գնանկումը համատարած պարապուրդի պատճառ դարձավ: Գյուղացին դադարեց մշակել հողը, քանի որ բերքի վաճառքով չէր կարողանում անգամ ծախսերը հանել:

Ֆեդերալ ռեզերվային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն 2006 թվականին մասնակցում էր Մեծ ճգնաժամը ախտորոշած հայտնի տնտեսագետի` Միլտոն Ֆրիդմանի 90-ամյակի արարողությանը: Նա խոստովանեց, որ բորսայական մղձավանջը վրա հասավ նաև ֆեդերալ ռեզերվային համակարգի սխալների պատճառով: Սխալներ, որոնք չպետք է կրկնել չկրկնելու համար սև օրով սկսված և մոտ մեկ տասնամյակ ձգված Մեծ ճգնաժամը:

Հեղինակ՝ Արփի Հարությունյան

 

Գրել կարծիք