Ամենասեքսուալ բասիստը կամ «Աֆրիկայի Սթինգը»

Ամենասեքսուալ բասիստը կամ «Աֆրիկայի Սթինգը»

Մեր օրերի ամենահեղինակավոր ջազային բաս-կիթառիստներից ու երգիչներից մեկը՝ Ռիչարդ Բոնան, «Jazz Fest»-ի շրջանակներում այցելեց Երևան, երգեց, թռվռաց բեմում ու խոստացավ կրկին վերադառնալ հյուրընկալ Հայաստան:

Պինդեր Յայումայալոլո: Ծանո՞թ անուն է: Ո՞չ: Իսկ Ռիչարդ Բոնա՞: Գիտեք, չէ՞, նաև լսել եք: Ուրեմն ջազի սիրահար եք, պաշտում եք էթնո ջազ, world ոճի երաժշտություն, աֆրո-բիտ և այլ էկզոտիկա: Իմացե՛ք ուրեմն. հրաշալի երաժիշտ և երգիչ, world music-ի, fusion-ի և ջազ-ռոքի վարպետ Ռիչարդ Բոնան մեր օրերի ամենահեղինակավոր ջազային բաս-կիթառիստներից ու երգիչներից մեկն է աշխարհում:

Բոնայի իրական անունն է Պինդեր Յայումայալոլո: Ծնվել է Կամերունում՝ Մինտա անունով փոքրիկ գյուղակում, ապրել և աշխատել է Գերմանիայում ու Ֆրանսիայում: Ազտորեն խոսում ու երգում է Կամերունի ժողովուրդների 4 լեզուներով, լավ գիտի ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և նույնիսկ ճապոներեն:

Այս անունն ու նրա դեբյուտային ալբոմը`«Scenes from My Life» (1980), առաջին անգամ լսել եմ 2000-ականներին: Այն ժամանակ Երևան էր եկել Ջազային լրագրողների ասոցիացիայի նախագահ, ջազաքննադատ և գրող Հովարդ Մենդելը: Նա բազմաթիվ դիսկեր նվիրեց ինձ, և դրանցից մեկն այս ալբոմն էր:

«Ուշադիր լսի՛ր և հիշի՛ր այս անունը,- ասաց Հովարդը:- Նրա մասին շուտով կխոսի ամբողջ երաժշտական աշխարհը»:

Richard_Bona_©Hertfelder_3

Ռիչարդի ընտանիքը երաժշտական էր: Տանը բոլորը երգում ու նվագում էին, և սա պատահական չէր, քանի որ նրա պապը գրիոտ էր` Արևմտյան Աֆրիկայի թափառական գուսան, հայրն էլ հայտնի թմբկահար էր ու երգիչ: Բնական է, որ տղան գնաց նրանց ճանապարհով, քանի որ շատ էր սիրում երաժշտությունը և ցանկանում էր երգել: Իսկական մասնագիտական գործիքների համար փող չկար, բայց երգելու ցանկությունը շատ մեծ էր: Եվ նա ելքը գտավ: Իր իսկ ձեռքով սարքեց կիթառի պես մի բան` հին մոտոցիկլի բենզաբաքի մի կեսի վրա ձգելով լարեր: Մինչև այդ` 4 տարեկանում, սովորել էր բալաֆոն նվագել, որը նույնպես ինքն էր սարքել, ինչպես կարողացել էր: Եվ արդեն 5 տարեկանում նա ելույթ էր ունենում իրենց գյուղի եկեղեցում մոր և 4 քույրերի հետ:

Ալբոմը միանգամից գրավեց ինձ: Ոչ թե պարզապես դուր եկավ, այլ հմայեց, կախարդեց և զարմացրեց. անծանոթ մեղեդալեզու, անսովոր հարմոնիաներ, ծփուն ռիթմեր և ցնդելու տեխնիկա: Այդպիսի երաժշտություն մինչև այդ լսել էինք միայն Ջո Զավինուլի բազմազգ խմբի, «Zap Mama» ու ևս 1-2 խմբերի կատարմամբ: Բայց նույնիսկ նրանք էլ նման չէին մեր հերոսին: Հետո միայն ի հայտ եկան բաս-կիթառի և վոկալի աֆրիկյան մյուս վիրտուոզները` Գի Սանգե, Էտիեն Մբաննե և այլք: Ռիչարդ Բոնան այդ ցուցակում առաջինն էր:

13 տարեկանում նա ստեղծեց իր առաջին ջազ անսամբլը: Նրա բնատուր տաղանդը նկատեցին և սկսեցին հրավիրել փառատոների ու համերգների: Ռիչարդն իր խմբով սկսեց նվագել Կամերունի տնտեսական մայրաքաղաք Դուալում գործող ֆրանսիական ջազ ակումբում: Հենց այդ ակումբի սեփականատերն էլ տղային տալիս է լսելու իր կուռք Ջակո Պաստորիուսի դիսկերը: Եվ Բոնան, առաջին իսկ հնչյուններից սիրահարվելով մեծագույն բասիստ-նորարարի կատարողական արվեստին, որոշում է լրջորեն զբաղվել բաս-կիթառով:

Համառ ինքնակատարելագործում, ելույթներ Գերմանիայում ու Ֆրանսիայում, և նա ի վերջո ձեռք է բերում մեծ ճանաչում` Եվրոպայի ջազային ակումբներում նվագելով երաժշտական աշխարհի կորիֆեյներ Մանու Դիբանգոյի, Դիդիե Լուկվուդի և Սալիֆ Քեյթի հետ:

Ռիչարդ Բոնան 1995-ին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ էլ ապրում ու աշխատում է մինչև այսօր: 1998-ին դառնում է լեգենդար երգիչ Հարի Բելաֆոնտեի եվրատուրի երաժշտական տնօրենը: Համերգների ժամանակ Բոնան նվագում էր լավագույնների հետ` Ջորջ Բենսոն, Բրենֆորդ Մարսալիս, Բոբի Մաքֆերին, Չակա Խան, Լարի Կորիելա, Ջո Զավինուլա, Մայք Ստերն, Սթիվ Գեդ: Բոնան նաև մասնակցում էր Ջակո Պաստորիուսի խմբի բազում ալբոմների ստեղծմանը և տուրերի ընթաքում նվագում էր Պատ Մետինիի խմբի հետ: Ազատ ժամանակ էլ որպես երաժշտության պրոֆեսոր դասավանդում էր Նյու Յորքի համալսարանում և գրում սեփական կոմպոզիցիաները:

Bona-Richard-Ten_Shades_session1

Երբ հնչում է Ռիչարդի կատարմամբ որևէ կոմպոզիցիա, անմիջապես հառնում է աֆրիկյան սավաննայի ծանոթ պատկերը` խարկված տափաստաններ, վեհաքայլ ճեմող առյուծներ, քառատրոփ արշավող անտիլոպներ, ջրի ափին կուտակված զեբրեր: Կամ, հակառակը, կանաչ ջունգլիներ` էկզոտիկ բույսերով, թաքնված կոկորդիլոսներ և լկստված կապիկներ: Այս ամենն այնքան անվրեպ է լսվում նրա երաժշտության մեջ, որ անընդհատ զարմանում ես, թե ինչու նա երաժշտություն չի գրում Աֆրիկային նվիրված փաստագրական ֆիլմերի համար:

Ռիչարդի երաժշտությունը սիրում են լսել ունկնդիրները, բարձր են գնահատում մասնագետներն ու գործընկերները: Պատահական չէ, որ նրա «Tiki» ալբոմը Ձայնագրման ամերիկյան ակադեմիայի 49-րդ մրցանակաբաշխությանը (2006) նոմինացվեց «Best Contemporary World Music Album» անվանակարգում: Եթե դեռ չեք լսել այդ ալբոմը, գտե՛ք ու լսե՛ք. իրոք լավն է: Այս երգիչ-երաժիշտն այսօր ունի 11 մենալբոմ:

Իր կարիերայի սկզբին Բոնան ջազ էր նվագում, մինչդեռ վերջին շրջանում, կարծես հետևելով Դյուկ Էլինգտոնի բնորոշմանը, «իր ժողովրդի երաժշտությունն է կատարում»: Նա հաճույքով իր կոմպոզիցիաներ է ներառում Սև մայրցամաքի ժողովուրդների ֆոլկլորային թեմաները` ստեղծելով զվարթ կամ տխուր, բայց պարտադիր փայլուն մեղեդաթեմա: Նրա մետաքսե ձայնը ունկնդիրներին, հատկապես կանանց, ռոմանտիկ տրամադրություն է պարգևում:

Քննադատները խոստովանում են, որ նա նույնքան հիասքանչ է և´ ֆյուժն կոմպոզիցիաներում, և´ դուալա լեզվով կատարումներում, և´ լիրիկական բլյուզների մեյնսթրիմներում: Նույնն է վկայում նաև ցուցակն այն երաժիշտների, որոնց հետ բասիստը բեմ է բարձրանում: Նրանց մեծ մասի հետ Բոնան ոչ միայն համերգ է տվել, այլ նաև ձայնագրվել է: Նրա մասնակցությամբ են ստեղծվել Դանիլո Պերեսի «Motherland» (2000), Պատ Մետինիի «Speaking օf Now» (2002), Բոբի Մակֆերինի «Beyond Words» (2002) ներկայանալի ու բազմապլան ալբոմները:

Նրա վիրտուոզությունը պրոֆեսիոնալների համար գաղտնիք է մնում, սակայն Բոնան նախ և առաջ երաժշտության մասին է մտածում և ոչ թե պարզապես տեխնիկա է ցուցադրում: Սա թույլ է տալիս նվաճել ցանկացած լսարան, լինի բազմահազարանոց ստադիոն թե կամերային դահլիճ, լինեն պարային ոճերի սիրահարներ թե ավանդական ջազի նվիրյալներ:

Նրա վիրտուոզ կատարումները, ձայնային տվյալները և անձնական հմայքն անտարբեր չթողեցին հռչակավոր Քուինսի Ջոնսին: Բոնան «Quincy Jones’ Global Gumbo All-Stars» խումբն էր ղեկավարում, որում Քուինսին ներկայացնում էր իր համոզմամբ լավագույն երաժիշտներին: Անվանի երաժշտաքննադատները Բոնային դասել են վերջին 15 տարում 5 հայտնությունների ցուցակում:

2009Hertfelder6«Billboard» ամսագիրը Բոնային հռչակել է «Ջակո Պաստորիուսի ժամանակներից ի վեր ամենասեքսուալ բաս-կիթառիստը»: «Newsweek» պարբերականն էլ, Բոնային նկարագրելով, իր ընթերցողներին առաջարկել է «պատկերացնել մի երաժշտի, որն ունի Ջակո Պաստորիուսի վիրտուոզությունը, Ջորջ Բենսոնի վոկալային տվյալները, Ժուան Ժիլբերտուի ռիթմազգացումն ու հարմոնիզմը, և այս ամենը` աֆրիկյան մշակույթի սրվակում միախառնված»:

«Ես եկել եմ այնտեղից, որտեղ երաժշտությունը ստեղծված է պատմություններ պատմելու համար,- ասում էր Բոնան:- Երբ ես երեխա էի, ուշադրության էր արժանի միայն այն երաժշտությունը, որը պատմություն էր կրում: Իսկ մարդկային կյանքերի պատմություններն ամբողջ աշխարհում նույնն են՝ սեր, աշխատանք ու պայքար՝ հանուն երջանկության»:

Վերջին տարիներին այս երաժշտին մեծարում են որպես «Աֆրիկայի Սթինգի»: Նա շարունակում է ցուցադրել իր ֆանտաստիկ տեխնիկան, հրաշալի ձայնը, օրիգինալ նվագաոճը և այս ամենը համեմում է անկեղծությամբ, հանդարտությամբ ու հումորով: Նա մշտապես ժպտում է և միշտ պատրաստ է շփվել ու գործակցել:

Պատրաստեց Արմեն Մանուկյանը

Գրել կարծիք