Ընթերցելիք՝ առաջին ձեռքից

Ընթերցելիք՝ առաջին ձեռքից

Պարտադիր կարդալու ցանկից առանձանցրել ենք հատուկ ընտրանի`պոպուլյար և ուսանելի:

newmag49ՊԱՈԼՈ ՋՈՐԴԱՆՈ/ ՊԱՐԶ ԹՎԵՐԻ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Դժվար է ասել` «Պարզ թվերի միայնությունը»-ում թվե՞րն են ավելի շատ, թե՞ հերոսների միայնությունն է այդքան խոր: Ալիչեն փոքրուց կաղում է, ատում է ինքն իրեն և աներեքսիայով սպանում է իր մարմինը: Մատիան փոքրուց սովորություն ունի կտրել ձեռքերը, երկվորյակ քրոջ մահվան համար չի ներում ինքն իրեն և ատում է ծնողներին: Դժվար է ասել` Մատիան ու Ալիչեն սիրո՞ւմ են իրար, թե՞ միմյանց չներկայությամբ են միայն կարողանում ապրելու իմաստ գտնել: Մատիան ու Ալիչեն միասին են ճիշտ այնպես, ինչպես պարզ թվերը, որոնք բաժանվում են միայն մեկի կամ միայն իրենց: Նրանք տեղ են զբաղեցնում բնական թվերի անսահմանությունում, այդ թվերը կանգնում են երկու հարևանների արանքում, բայց ոչ իրար կողքի: Պահարանում թաքնված մանկության հրեշներ, պատանեկության խնդիրներ շրջապատում, բաց թողած երիտասարդություն ու ի սկզբանե կործանված կյանքեր. կյանքի ու միմյանց հետ հերոսների հարաբերությունը Ջորդանոն ներկայացնում է պարզ և բարդ թվերի բացատրությամբ:

 

newmag49-2ԱՐՏՈՒՐՈ ՊԵՐԵՍ-ՌԵՎԵՐՏԵ/ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՏԱՆԳՈՆ

Արտուրո Պերես-Ռևերտեն իր նախավերջին գիրքը գրեց հրապարակային. այն յուրատիպ ինտերնետ փորձարկում էր հեղինակի համար: Պերես- Ռևերտեն, որ բավական ակտիվ է սոցցանցերում` «Twitter», «Facebook», ստեղծել էր հատուկ կայքէջ, որտեղ վեպի վրա աշխատելու ընթացքում տեղադրում էր տարբեր նշումներ՝ տանգոյի և շախմատի մասին հոդվածներ, հին լուսանկարներ և այն վայրերի բացիկները, որտեղ ծավալվում են գրքում նկարագրվող իրադարձությունները: Այդ կերպ ընթերցողը կարող էր տեսնել, թե ինչպես է «հում» տեքստը վերածվում գրական ստեղծագործության: «Հին գվարդիայի տանգոն» լույս տեսավ 2013-ի նոյեմբերին: Սա պատմություն է 40 տարի ձգված սիրո մասին, սեր-պայքարի, սեր-պարի մասին: «Ի՞նչ է տանգոն: Զույգե՞ր, որ էլեգանտ սահում են շքեղ հյուրանոցների փայլեցված հատակին: Մարտա- հրավե՞ր, որ հանդգնորեն նետվում է Բուենոս Այրեսի ծխապատ պանդոկում: Խոստովանությո՞ւն, որից սկսվում է 40 երկար տարի ձգված պատմությունը»:

 

newmag49-3ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ/ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՓԱՐԻԶԸ

«Մենք միշտ կունենանք Փարիզը» վերջին գիրքն էր, որ լույս տեսավ հեղինակի կենդանության օրոք` 2010-ին: 90-ամյա ֆանտաստը նախաբանում բացատրում է, թե ինչու այստեղ չկան Մարսի հայտնի բարեկամները, Գրինթաունի բնակիչները, և ինչու են պատմվածքներն այդքան երկրային-կենցաղային. «…պատմվածքները գրել են երկու հեղինակներ: Մեկն իրադարձություններին հետևողն է, մյուսը` գրողը: Իմ մեջ վաղուց են ապրում այդ երկուսը, նրանք առաջնորդվում են միևնույն սկզբունքով, որն արդեն 70 տարի փակցված է իմ գրամեքենայի վերևում` «Մի՛ վերլուծիր, գործի՛ր»: Եվ այսպես` ձեր առաջ իմ ուղեղում ապրող երկու գրողների համատեղ աշխատանքն է»: Հավաքածուում ընդգրկված պատմվածքները ծայրահեղ տարբեր են. որոշ պատմվածքներ զարմացնում են, մյուսները՝ հիացնում, մի քանիսն էլ կարող են անորոշության պատի առաջ կանգնեցնել: Բոլոր դեպքերում էլ դրանք ստիպում են նստել ու երկար մտածել՝ ինչ էր, ի վերջո, ուզում ասել ծերուկ Ռեյը:

 

newmag49-4Վահե Գոդել/ Գրականագետ, թարգմանիչ, պոետ

Հայրը՝ շվեյցարացի Ռոբերտ Գոդելը, լեզվաբան էր, մայրը՝ Մելինե Փափազյանը, Բուրսայից գաղթած հայ: Ֆրանսախոս գրական հանրությունը նրա թարգմանությունների շնորհիվ ճանաչեց հայ գրականությունը:

Ի՞նչ անել,

երբ հիշողությունը

սուզվում է,

իսկ հույսը՝ հեռանում:

Փակի՛ր աչքերդ,

քայլիր ինքդ քո առաջ՝

լուսաշող ջրերի վրա,

ընտելացի՛ր

թռչունների բացակայությանը.

դատարկությունը փորձում է ձև ստանա.

ի՞նչ անել անապատի մեջտեղում մենակ:

Չափի՛ր անչափելին,

Կրճատի՛ր տիեզերքի ավազը

մինչև վանկի մի տուն,

դարձրո՛ւ դատարկությունը ցանկալի:

Ես լուծում եմ փնտրում առածի մեջ:

Ի՞նչ անել այս ժամանակի նման ժամանակներում,

դանդաղել, դանդաղեցնել.

ամբոխները մեր կրունկներին են:

Կանգնի՛ր, թաքնվի՛ր, ճչա՛, լռի՛ր,

Հրաժարվի՛ր լռել,

Պահպանի՛ր,

Հավերժացրո՛ւ օգտագործումը

և ուժը բառի…

 

 

Գրել կարծիք