Օրացույց. Ինչպես էին հաշվում օրերն ու ամիսները Հայկական լեռնաշխարհում

Օրացույց. Ինչպես էին հաշվում օրերն ու ամիսները Հայկական լեռնաշխարհում

Մ.թ.ա. 46 թ. Հուլիոս Կեսարի նախաձեռնությամբ և եգիպտացի աստղագետի օգնությամբ ձևավորվեց Հուլյան կատարյալ տոմարը:

Ժամանակի մեջ կողմեորոշվելու համար մեր նախնիները պետք է ունենային վերլուծական միտք: Նրանք պետք է ստեղծեին ժամանակի հատվածներն ընկալելու և չափելու համակարգեր: Դրանց հիմքում էլ պետք է լինեին կենսական, երկրային, երկնային երևույթների ժամանակային բնութագրերը: Այսինքն` մարդն ուզեր-չուզեր, պետք է ստեղծեր օրացույց: Տարբեր երկրներում ու ժամանակներում ձևավորվել են օրացույցի հարյուրավոր տեսակներ: Դրանք ունեին մի հիմնական հատկանիշ, օրերը, շաբաթներն ու ամիսները հաշվելու որոշակի կարգ և հաշվանքի սկզբնակետ:

Ժամանակի տևողության պարզագույն գիտելիքները սաղմնավորվել են 20-30 հազարամյակ առաջ: Աստղագիտական հիմքով առաջին օրացույցները ծագում են VII-IV հազարամյակներում, երբ մարդիկ սկսում են գիտակցել, որ իրենց կյանքում կարևոր երևույթների մեծ մասը երկնային լուսատուների՝ արևի, լուսնի, մոլորակների ու աստղերի շարժման հետևանքն է:

Հռոմեական կայսրության շրջանում ձևավորվեց և ընդունելի դարձավ մեկ միասնական օրացույց՝ Հուլյան տոմարը (1582-ից՝ Գրիգորյանը): Որոշ երկրներ ու ժողովուրդներ էլ պահպանեցին իրենց ավանդական օրացույցները:

Բոլոր օրացույցների հիմքում ժամանակի չափումն է. երկնային մարմինների շարժումների օգնությամբ (տարի, ամիս, շաբաթ, օր) և մարդու տրամաբանությամբ (հազարամյակ, դար, ժամ, րոպե, վայրկյան): Կան նաև տիեզերագիտական, երկրաբանական, կենսաբանական, պատմական ու մշակութային պարբերաշրջաններ: Սակայն տոմարի աստղագիտական հիմնատարր՝ առաջնային միավոր կարող են ծառայել միայն երեքը՝ միջին արեգակնային օրը, լուսնամիսը (29,53 օր) և արևադարձային տարին (365,24 օր): Եթե Նկատեցիք, այս միավորները մեկը մյուսի մեջ չեն տեղավորվում ամբողջական անգամներով, և հենց սա էլ բարդացրել է օրացույց կազմելը (առավել ևս՝ միասնական օրացույց կազմելը):

4

Առաջին` լուսնային դասի օրացույցում առաջնային միավորը լուսնամիսն է (29 կամ 30 օր), ամսվա սկիզբը նորալուսինն է: 12 լուսնամիսը կոչում ենք «տարի», որը 11 օրով կարճ է իրական` արևադարձային տարուց: Ուստի տարեսկիզբը կամ տոներն ամեն տարի շեղվում են` ըստ տարվա եղանակների: Սա է լուսնայինի հիմնական թերությունը: Այս դասի օրացույցները տարածված էին բրիտանական կղզիներից մինչև Չինաստան, Հյուսիսային Եվրոպայից` Աֆրիկա: Լուսնային օրացույց ունեցել են շումերները, հայերը, բաբելացիք, չինացիները, հին հույներն ու հռոմեացիք, հրեաները, արաբները, հնդիկները, վրացիները և ըստ լեզվական տվյալների՝ կելտերը, գերմանները, սլավոնները, խեթերը, էտրուսկները: Հետագայում ժողովուրդների մեծ արտագաղթի հետևանքով ծագում են դրա բազմաթիվ տարբերակները, որոնցում արդեն զգալի են փոփոխումներն ու տեղական-ազգային առանձնահատկությունները: Այսպես ծնվեցին լուսնային օրացույցի զարգացման հաջորդ փուլերը՝ լուսնարեգակնային և լուսնարեգակնամոլորակային համակարգերը:

Երկրորդ՝ լուսնարեգակնային դասի օրացույցում առաջնային միավորները երկուսն են՝ լուսնամիսը և արևադարձային տարին, պահպանված է լուսնայինի առավելությունը, ամսաթիվը նշում է լուսնի տեսքը՝ փուլը, կա նաև շաբաթ (քառորդ) հասկացությունը: Ունի մի մեծ թերություն, տարբեր է տարվա տևողությունը (հրեականում 6 տեսակ տարի կա, հունականում, չինականում և բաբելականում՝ 2 տեսակ, ինչն ակնհայտորեն, հարմար չէ տնտեսական առումով): Շումերում լուսնարեգակնային տոմարի անցան մ.թ.ա. 24-րդ դարում, Նիպպուրում՝ 21-րդ դարում, Բաբելոնում՝ 18-րդ դարում, Ասորեստանում՝ 11-րդ դարում: Բայց այն դեռևս կատարյալ համակարգ չէր. աստղաբաշխ քրմերի ցուցումով արքան երբեմն հրամայում էր լրացուցիչ՝ 13-րդ ամիս մտցնել (որպեսզի հողագործության և կրոնական ծեսերի ժամկետները փոքր-ինչ կայունանան, տեղի ունենան միևնույն ամսին): Զարգացման ավելի բարձր աստիճանում էր մ.թ.ա. 17-րդ դարում Հայկական լեռնաշխարհից Եգիպտոս արշաված հիքսոսների լուսնարեգակնային օրացույցը և ուներ կանոնակարգված շտկումների համակարգ: Չինաստանում այսօրինակ ինքնաշխատ օրացույց ներդրվեց մ.թ.ա. 6-րդ դարում, Հին Հունաստանում՝ 6-5-րդ, Հրեաստանում՝ 4-3-րդ դարերում, Արաբիայում՝ մ.թ. 7-րդ դարում:

Լուսնային օրացույցն այժմ գործում է մահմեդական 40 երկրներում (մոտ մեկ միլիարդ բնակչությամբ), իսկ լուսնարեգակնայինն Իսրայելի պաշտոնական օրացույցն է, մասամբ էլ՝ Իրանի:

Հայերը մինչև մ.թ.ա. 10-րդ դարը նույնպես կիրառել են լուսնային հիմքով այս երկու օրացույցները: Դրա նյութեղեն վկայություններ են բազմաթիվ ժայռապատկերները՝ 14, 27 և 29 գծիկներով, ծիսական խեցանոթների (III հազ.) պատկերները, գոտի-օրացույցները և Վանի թագավորության արքայական վահանների նախշազարդման օրինաչափությունները: Դիցաբանական վկայություններ են հայասական աստվածների թիվը՝ 14 (կես լուսնամիս), Մեծամորի պաշտամունքային 7 սյուները և 7 դիտահարթակները՝ արևը, լուսինն ու անզեն աչքով տեսանելի 5 մոլորակները դիտելու համար:

2

Երրորդ՝ արեգակնային դասի օրացույցում առաջնային միավորներ են օրը և արևադարձային տարին: Սրանք կենսական նշանակություն ունեն մարդու կյանքում և ի տարբերություն լուսնային ամսվա` ունեն իրական ու վճռորոշ կենսաբանական ազդեցություն: Ուստի արեգակնային տոմարն առավել հարմար ու բնական է մարդու և հասարակության համար: Ամսվա գաղափարը պահպանված է սոսկ որպես տուրք անցյալին ու ավանդույթին, քանի որ ո’չ տևողությամբ, ո’չ էլ լուսնափուլին համապատասխանությամբ այլևս կապ չունի լուսնի ու շաբաթվա հետ: Այս դասի օրացույցն ունի տարեղանակ, որը նույնպես արևապարբերական-կենսաբանական կարևոր հիմք է: Ճիշտ է, այստեղ էլ դժվարություններ կան. անհավասար տևողությամբ ամիսներ, նահանջ տարի, 100 և 400 տարին մեկ շտկումներ մեկ օրով, բայց միայն այսքանը: Հնում արեգակնային օրացույց ստեղծել են եգիպտացիներն ու հայերը: Այն ունեցել են ևս չորս ազգ՝ մարերը, պարսիկները, վրացիները, աղվանները: Իսկ ղպտիներն այն ժառանգություն են ստացել:

Չորրորդ՝ աստղային դասի օրացույցը գերճշգրիտ է, թեպետ պահանջում է դիտողական բարդ սարքավորում: Բնականաբար հնում այն հիմնված էր առավելապես աստղախմբերի դիրքի փոփոխության (Բազումք, Մսուրք) կամ երբեմն էլ որոշ պայծառագույն աստղերի՝ Սիրիուս-Սոտիս-Շնաստղի (Եգիպտոս, Մեծամոր) և Արկտուրի (Հին Հռոմ, Ձորացքար) շարժումների դիտարկման վրա: Չինաստանում Մեծ Արջ (Սայլ) և Ջրհոս (Թռչուն Աստղեր) համաստեղությունների դիրքերով գուշակում էին Հուանհեի հորդացումը և կարգավորում հողը մշակելու ժամկետները:

3Հայաստանում այս դասի օրացույցի գոյության զորեղ կռվաններ կան: Աստղագիտական, աշխարհագրական և կենդանաբանական տվյալների օգնությամբ դեռևս 20-րդ դարասկզբին եվրոպական գիտնականները եզրակացրել են, որ մոտ 4.900 տարի առաջ Հայկական լեռնաշխարհի բնիկներն են երկինքը բաժանել համաստեղությունների: Դրանց անունները մտնում էին բառապաշար, դրանցով հյուսվում էին դիցապատումներ, իսկ տեսքերը փորագրվում էին քարերին: Ժայռապատկերներում համաստեղությունների խմբերի դասավորությունը համընկնում է երկնքում դրանց իրական, տեսանելի դիրքերին, այսինքն՝ այդ ժայռապատկերը ներկայացնում է աստղային երկնքի քարտեզը: Նման պատկերներ կան նաև կենցաղային ու ռազմի պարագաների վրա, մեհենագրերում:

Հինգերորդ՝ լուսնարեգակնամոլորակային դասի օրացույցում Յուպիտերի և/կամ Սատուրնի պտտման պարբերությունները (մոտ 12 և 30 տարի) համաձայնեցվում են Արևի ու Լուսնի պարբերաշրջանների հետ: Սրանք տարածված են հիմնականում Արևելյան Ասիայում: Լավագույն օրինակը չինականն է, ըստ որի՝ 2009-ը ցուլի տարին է:

Օրացույցները տարբերվում են նաև ըստ գործառույթի ու նպատակի:

Գյուղատնտեսական օրացույցի նմուշ է հին հռոմեականը, որի «տարին» ուներ 304 օր՝ ճիշտ այնքան, որքան տևում է բույսերի վեգետացիոն շրջանն այդ լայնություններում: Փաստորեն, հռոմեացիները մնացած 61 օրն ուղղակի չէին հաշվում, որովհետև այդ օրերին զբաղված չէին գյուղատնտեսությամբ: Միայն մ.թ.ա. 46 թ. Հուլիոս Կեսարի նախաձեռնությամբ և եգիպտացի աստղագետ Սոսիգենեսի օգնությամբ ձևավորվեց կատարյալ և ցայսօր ամբողջ աշխարհին ծառայող Հուլյան տոմարը: Դարավոր փնտրտուքներից հետո վերջապես ունենալով հուսալի օրացույց` Հին Հռոմում մոտ կես դար տոնում էին այդ իրադարձությունը, գրվում էին պոեմներ, որոնք փառաբանում էին Կեսարին և նրա կամքով ստեղծված օրացույցը:

Ծիսական օրացույցի դասական օրինակ է մայաների 260-օրյա «ցոլկինը»: Նրանք միաժամանակ կիրառում էին ևս երկուսը՝ 360-օրյա «տունը» և 365-օրյա «հաաբը»: Առաջին երկուսը պաշտամունքային էին, երրորդը՝ կենցաղային: Ցոլկինն ուներ նաև գյուղատնտեսական բնույթ՝ ցանքից մինչև բերքահավաք եղած օրերի թիվն է հուշում (260 օր), ինչպես հինհռոմեականը: Մայրցամաքի հակառակ կողմում՝ պերուական Անդերում, Տիախունակու քաղաքի (մ.թ. I հազ.) ավերակներում կա հսկայակերտ մի կառույց, որը 290-օրյա քարեղեն օրացույց է: Որոշ ուսումնասիրողներ այս կարճ տարիներով օրացույցների գոյությունը բացատրում են ուղղակիորեն. դրանք չափազանց հին են, առնվազն 13,5 հազար տարեկան, երբ, ըստ իրենց վարկածի, տարին կարճ էր՝ ուներ 260 կամ 290 օր (իբր Երկրագունդն էր Արևի շուրջ ավելի արագ կամ ավելի մոտ պտտվում կամ մոլորակի օրական-առանցքային շրջապտույտն էր դանդաղ): Ծիսական կողմ ու գործառույթ ունեն գրեթե բոլոր օրացույցները, նաև այժմյան Գրիգորյանը (վկա՝ Զատկի տոնի շարժականությունը):

 

1

Հայոց օրացույցը

Հայոց տոմարի պատմագրությունը սկսվում է պատմահայր Մովսես Խորենացուց: Նա հիշատակում է մ.թ.ա. II դարում Արտաշես Ա արքայի տոմարական բարեփոխումը (հավանաբար առավել վաղ կիրառված գրեթե երկհազարամյա Հայոց Բուն Թվականի մասին է խոսքը): Այս հնագույն օրացույցի սկիզբը՝ մերօրյա Գրիգորյան տոմարով մ.թ.ա. 2492 թվականը, մեծ հանրագիտակ Ղևոնդ Ալիշանն է պարզել՝ հետ հաշվարկելով 1460-ամյա «Հայկեա» շրջանների օգնությամբ. «Հայկայ շրջանին և մեր ազգութեան սկիզբը՝ Քրիստոսէ առաջ 2492 տարին և մեր ազգային գերագոյն տոնին համար օգոստոսի 11»:

Խորենացու պահպանած «Հայոց մեծաց» ծննդաբանության վկայությամբ՝ 4.500 տարի առաջ տեղի է ունենում Հայկ նահապետի և ասորի Բելի մենամարտը, ինչը նշանավորվեց որպես արդեն հայ անվանակիր ազգի անկախության սկիզբ: Այս փառահեղ հաղթանակից հետո «աշխարհս մեր կոչի յանուն նախնի մերոյ Հայկայ՝ Հայք»: Հերոս Հայկն աստվածացվում է և իր տեղը գտնում աստղազարդ երկնքում (բազմաթիվ ժողովուրդներ աստղերը նախնյաց հոգիներ են կարծել): Հետագա տասնամյակների կամ դարերի ընթացքում մեր նախնիները հենց այդ դարակազմիկ և շրջադարձային իրադարձությունն են ընդունում որպես օրն ու տարին հաշվելու սկիզբ: Իհարկե պետք չէ պարզամտորեն կարծել, թե Հայկի հաղթանակի հենց «հաջորդ օրից» հայերն անմիջապես ձևավորել ու ընդունել են օրացույց: Բայց մի բան պարզ է. Հայկի տոհմը կարող էր հենց այդ հիշարժան օրից սկսել օրերի ու տարիների հաշվարկը՝ պատմության ժամանակագրումը:

Մեծ Հայքի տարբեր մասերում, տարբեր ժամանակներում բազմիցս փոխվել է օրացուցային հիմքը՝ լուսնային կամ արեգակնային, փոխվել է տարեսկիզբը՝ Նավասարդ-Ամանորը, փոխվել են օրվա սկիզբը, ժամերի ու ամիսների քանակն ու անվանումները: Սակայն զարգացած քաղաքակրթության տեր ժողովուրդը չէր կարող ընդհատել կամ զգալիորեն խախտել ժամանակի հաշվարկը:

5

Դարեր անց՝ պետականության շրջանում, Արևի, Լույսի, Երկնքի աստված Հայկը համարվեց դիցարանի գերագույն՝ ժամանակի աստված Արամազդի հայրը: Վանի թագավորության դարերում կիրառված արեգակնային օրացույցի գրավոր վկայություն է Մհերի Դռան սեպագիր արձանագրությունը:

Վաղմիջնաղարյան առաջին տոմարը՝ Հայոց Մեծ Թվականն ընդունվում է 552 թվականին, որով առաջին հիշատակումը’ ՄԼԱ, փորագրված է Թալինի Մայր եկեղեցու ձախակողմյան սյան արձանագրության մեջ:

Հայոց Մեծ Թվականին տրված Հաբեթյան, Թորգոմյան, Ասքանազյան, Հայկազյան, Արամյան անվանումներում հին դարերի շունչն է զգացվում: Սա ևս վկայում է, որ հայկական օրացույցի ակունքները «հետջրհեղեղյան» շրջանում են՝ մարդկության լայնածավալ տարածման ժամանակներում:
Սեր ժողովրդի արարչության հանգուցային մասը՝ օրացույցը, եղել է առաջնային և վճռորոշ ազդեցություն է թողել շրջակա երկրների ու ազգերի համանման համակարգերի ծագման ու զարգացման տրամաբանության վրա:

Հեղինակ՝ Կարեն Թոխաթյան
newmag #14

Գրել կարծիք