Համաշխարհային երաժշտական ժամանակակից դասականները

Համաշխարհային երաժշտական ժամանակակից դասականները

newmag-ը ներկայացնում է ժամանակակից դասական կոմպոզիտորների, որոնց երաժշտությունն այսօր հնչում է հեղինակավոր համերգասրահներում ամենահեղինակավոր նվագախմբերի ու երաժիշտների կատարմամբ։

newmag-54-print-78Մարկ-Էնթոնի Թրնիջ (Mark Anthony Turnage)

1960 թ. ծնված կոմպոզիտորն անգլիացի է։ Խորապես ազդված է ջազից, հատկապես Մայլս Դևիսից։ Չխորշելով փորձարկումներից` ստեղծագործում է տարբեր ժանրերում` բալետից մինչև օպերա։

Անգլիացի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեյքոնի «3 գոռացող պապերը» կտավը նրա համար ոգեշնչման աղբյուր է դարձել երաժշտություն գրելու համար։ Սակայն նրա ամենահամարձակ քայլը թերևս կարելի է համար «Աննա Նիքոլ» (Anna Nicole) օպերան` նվիրված, ինչպես կռահեցիք, «Playboy» ամսագրի վաղամեռիկ աստղ Աննա Նիքոլ Սմիթին։

 

newmag-54-print-79ՋՈՆ ԼՅՈՒԹԵՐ ԱԴԱՄՍ (John Luther Adams)

Ջոն Լյութեր Ադամսի երաժշտությունը, ի տարբերություն Թրնիջի, հիմնականում ոգեշնչված է բնությունից, հատկապես Ալյասկայից, որտեղ նա ապրել է 1978-ից։ 2014 թ. «Դարձի՜ր Օվկիանոս» («Become Ocean») ստեղծագործության շնորհիվ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։

Նա նաև ստեղծել է մի թանգարան, որտեղ համակարգչի միջոցով էլեկտրամագնիսական դաշտերը վերածում է երաժշտության։ Եթե հիշում եք «Յություբի» «կանոնը», խորհուրդ եմ տալիս լսել նրա «Inuksuit»-ը։

 

newmag-54-print-81ԱՐՎՈ ՊՅԱՐՏ (Arvo Pärt)

Էստոնացի Արվո Պյարտն իր ստեղծագործական ուղու ընթացքում բազմաթիվ ոճեր ու տեխնիկաներ է փոխել։ 50-60-ականների սկզբին երաժշտություն է գրել ֆիլմերի համար։

1964 թ. Պյարտը ստեղծագործելիս սկսել է օգտագործել կոլաժի տեխնիկան, իսկ 70-ականների կեսին, երբ ընդունել է ուղղափառություն, քիչ է ստեղծագործել` իր ժամանակը տրամադրելով հոգևոր երաժշտության ուսումնասիրությանը։

Եվ այդպես՝ այնքան, մինչև գտել է սեփական ոճը, որն ինքը բնութագրում է որպես տինտինաբուլի (զանգակներ)։ Խոսքը եկեղեցական փոքրիկ զանգակների մասին է, որոնք այսօր նրա երաժշտության անբաժան մասնիկն են։

 

 

newmag-54-print-82ՈՒՆՍՈՒԿ ՉԻՆ (Unsuk Chin)

Հարավկորեացի կոմպոզիտորուհի Ունսուկ Չինը նույնպես Ժամանակակից դասական է։ Նրա գործերը շատ են կատարում աշխարհում։ Արժանացել է Առնոլդ Շյոնբերգի անվան մրցանակի։ Նրա երաժշտությունը հիմնականում էլեկտրո և ակուստիկ հնչյունների խառնուրդից է ծնվում։

Հատկապես ուշագրավ է նրա առաջին օպերան` «Ալիսը հրաշքների աշխարհում», որտեղ Չինը Լյուիս Քերոլի ստեղծագործության յուրաքանչյուր տառը կարծես վերածած լինի նոտայի։

 

newmag-54-print-83ՋՈՆ ՔՈՒԼԻՋ ԱԴԱՄՍ (John Coolidge Adams)

Եվս մեկ Ջոն ու ևս մեկ Ադամս, բայց այս անգամ` Ջոն Քուլիջ Ադամս ու մինիմալիստական ոճ։ 1972 թ. ավարտել է Հարվարդի համալսարանի արվեստների բաժինը, այնուհետև եղել է կլառնետահար։ Երկար ու բուռն երաժշտական ուղի անցնելուց հետո 2009-ից Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կրեատիվ տնօրենն է։

Ադամսը նույնպես իր ստեղծագործություններում հաճախ դիմում է էլեկտրոյի օգնությանը` պահպանելով իր երաժշտական մինիմալիզմը։ Նրա ամենահաճախ կատարվող գործը «Harmonielehre» սիմֆոնիան է։

 

newmag-54-print-84ՍԹԻՎ ՌԱՅԽ (Stephen Michael Reich)

Ժամանակակից դասականները հիմնականում մինիմալիստ են։ Հենց այդ ոճում առաջին ստեղծագործողներից էր Սթիվ Ռայխը (Stephen Michael Reich)։ Ամերիկյան ժամանակակից կոմպոզիտոր Ռայխը երևի թե ամենափորձարարներից է, հատկապես իր ստեղծագործական վաղ շրջանում։

Այն ժամանակ նա ձայնագրված կարճ հատվածները մագնիսական ժապավենի միջոցով կպցնում էր իրար` առաջացնելով դրանց կրկնողականություն (օրինակ՝ «It’s Gonna Rain» և «Come Out» ստեղծագործություններում)։ Անգլերեն կոչում են «Time loop»։ Ռայխի այս փորձը մեծ ազդեցություն թողեց ժամանակակից երաժշտության վրա։

 

newmag-54-print-85ՖԻԼԻՊ ԳԼԱՍ (Philip Glass)

Ազդեցիկ կոմպոզիտոր է նաև Ֆիլիպ Գլասը, որին նույնպես բնորոշում են որպես «մինիմալիստի», սակայն ինքն այդ բնորոշումից ամեն կերպ փորձում է խուսափել։ Երիտասարդ տարիներին Գլասը համագործակցել է հնդիկ կոմպոզիտոր Ռավի Շանքարի հետ, որը, ի դեպ, ջազ երգչուհի Նորա Ջոնսի հայրն է։

Շանքարը դարձավ Գլասի հոգևոր հայրն ու ուսուցիչը։ Եթե հիշում եք «Թրումենի շոուն» ֆիլմը` Ջիմ Քերիի մասնակցությամբ, կհիշեք նաև ֆիլմում հնչող հրաշալի երաժշտությունը, որի հեղինակը հենց Գլասն է։ Ստեղծագործում է հիմնականում դաշնամուրի և երգեհոնի համար։

newmag-54-print-86ՋՈՆ ՔԵՅՋ (John Cage)

Ամերիկացի փիլիսոփա, նկարիչ, երաժշտագետ և կոմպոզիտոր Ջոն Քեյջը մահացել է 1992-ին, բայց ժամանակակից դասական երաժշտության ազդեցիկ դեմք է։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունն է 3 մասից բաղկացած «4’33»-ը (1952 թ.)։ Այս ստեղծագործության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրա ընթացքում ոչ ոք ոչինչ չի նվագում։

Բովանդակությունը հենց շրջակա միջավայրի ձայներն են, որոնք ստեղծագործության պահին պետք է ընկալվեն ոչ թե որպես ուղղակի ձայներ կամ աղմուկ, այլ հենց ստեղծագործություն։

newmag-54-print-87ՖՐԵԴԵՐԻԿ ՌԺԵՎՍԿԻ (Frederic Rzewski)

Ֆրեդերիկ Ռժևսկին ամերիկյան ու եվրոպական ավանգարդի ներկայացուցիչ է։ 1960-ականներին ծանոթանում է մեզ արդեն ծանոթ Ջոն Քեյջի հետ, որը մեծ ազդեցություն է թողնում Ռժևսկու վրա։ 1966 թ. նա մի քանի երաժիշտների հետ ստեղծում է «Musica Elettronica Viva (MEV)» խումբը, որը համադրում էր ազատ իմպրովիզացիան և էլեկտրոնային երաժշտությունը։

Սոցիալիստական հայացքներ ունենալով` ունի նաև քաղաքական մոտիվներով ստեղծագործություններ։ Ուշագրավ է նաև Ռժևսկու «Մահվան տրիումֆ» երկժամանոց օրատորիան` նվիրված հոլոքոստին։

 

newmag-54-print-88ԿՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿԻ (Krzysztof Penderecki)

Լեհ կոմպոզիտոր Կշիշտոֆ Պենդերեցկին մասամբ հայ է։ Ստեղծագործական վաղ շրջանում Պենդերեցկին ավանգարդիստ էր («Դավթի սաղմոսները»)։ 1970-ականների կեսից նրա ոճը փոխվում է դեպի ավելի դասականն ու նեոռոմանտիզմը («Լեհական ռեքվիեմ», յոթերորդ սիմֆոնիա)։ Պենդերեցկու ստեղծագործությունները արծարծում են էկումենիզմի գաղափարախոսությունը` քրիստոնեական եկեղեցիների միավորումը։ Ուշագրավ է, որ ավելի ուշ շրջանի նրա ստեղծագործությունների մեծ մասը գրված է պատվերով։ Իր հայաստանյան այցի ժամանակ Պենդերեցկին նշել է. «Ուրախ եմ, որ վերադարձա տուն»։

 

Գրել կարծիք