7 վերարկու՝ այս ձմռան համար

7 վերարկու՝ այս ձմռան համար

Իսկական էլեգանտության խորհրդանիշ, անհրաժեշտություն՝ տարվա ցուրտ եղանակին: Վերարկուն կարելի է ընկալել տարբեր կերպ, բայց ունենալ և կրել այն այս ձմեռ պարտադիր է: Վերարկուների ամենանորաձև տեսակների մասին՝ ստորև:

Բեժ վերարկու չունենալը համարյա նույնն է, ինչ կապույտ ջինս կամ սպիտակ շապիկ չունենալը: Եվ նույնիսկ եթե ունեք ուրիշ վերարկուներ, դասական բեժ տարբերակը նույնպես անհրաժեշտ է: Այս հագուստը ոչ միայն երբեք դուրս չի գալիս նորաձևությունից, այլև հեշտությամբ համադրվում է ցանկացած ոճի հագուստի հետ՝ սկսած դասական կոստյումից, վերջացրած ջինսով ու sweatshirt-ով:

Վերադառնալով ակունքներին… Զինվորական համազգեստից դեպի նորաձևություն և հակառակը: Այս սեզոն կրկին զինվորական ոճի վերարկուները նորաձևության կիզակետում են: Ոգեշնչման աղբյուրները կարող են լինել տարբեր՝ 40-ականներից մինչև հուսարական վերարկուներ և միլիտարի ֆուտուրիզմ:

Պաստելային գույների վերարկուները դեռ անցած տարի գրավեցին նորաձևության աշխարհը: Այս սեզոն թրենդը տարածվեց նաև տղամարդկանց նորաձևության վրա: Վարդագույն, նարդոսագույն, անանուխագույն կամ կիտրոնագույն վերարկուներն անսպասելի թարմություն կհաղորդեն ձմռան ամենաանգույն և մռայլ օրերին:

galyan-verarkuԷլ ավելի համոզիչ են վառ գույների վերարկուները, որոնք այս սեզոն ցուցադրում են հայտնի նորաձևության տները: Դեղին, մանուշակագույն, մորեգույն և էլեկտրիկ կապույտ վերնահագուստները համարձակ են, շատ երիտասարդական և կարող են հոյակապ հակադեպրեսանտ լինել Ձեզ ու Ձեր շրջապատի համար:

Երկփեղկ հագուստի փառահեղ վերադարձը անդրադարձավ նաև վերարկուների վրա: Ասեմ ավելին. հենց վերարկուների պարագայում է, որ երկու շարք կոճակները արդարացված են և տեղին: Այս ձևը ոչ միայն տաք կպահի ցրտաշունչ օրերին, այլև նկատելիորեն գեղեցիկ ցույց կտա մարմնի կառուցվածքը:

Շատ լինի, քիչ չլինի. այս կարգախոսով են առաջնորդվում դիզայներները՝ առաջարկելով կրել միաժամանակ երկու վերարկու: Թրենդը, իհարկե, տարօրինակ է, բայց հարմար՝ ամենացուրտ օրերի համար և հաստատ շատ նորաձև: Համադրման հիմնական սկզբունքը կոնտրաստն է. 2 վերարկուները պետք է տարբեր լինեն գույնով կամ գործվածքով:

verarku

Համատարած ոգևորությունը պրինտներով տարածում գտավ նաև վերարկուների նորաձևության վրա: Այն, ինչ մի քանի սեզոն առաջ դժվար կլիներ պատկերացնել, այժմ խիստ նորաձև է: Վերարկուները այս սեզոն ոչ միայն միագույն կամ վանդականախշ են, այլև կարվում են ամենաանսպասելի պրինտներով գործվածքներից:

Գրել կարծիք