Քաղաքական բոյկոտ. Հայ սպառողները գնալով հրաժարվում են գնել «Coca-Cola»

«Կոկա Կոլայի» պարագայում պարզվում է նաև, որ այս ընկերության հետ խնդիրներ ունեն նաև ոչ միայն հայերը:

«Ընդմիշտ Կոկա-Կոլա» գովազդային կոչը կարծես կորցնում է իր արդիականությունը` համենայն դեպս հայկական իրականության մեջ: Կոլայից հրաժարումը` գնալով ավելի ու ավելի է դառնում իրատեսական հայկական սպառողի համար: Որոշ հայ գործարարներ, անգամ, դադարել են իրենց պատկանող սննդի օբյեկտներում վաճառել ընկերության արտադրած ըմպելիքները: Պատճառը, սակայն, ամենևին էլ «Կոկա Կոլայի» արտադրանքի որակի կամ նման խնդրի մեջ չէ, այլ ընկերության գլխավոր տնօրեն Մուհթար Քենտի հակահայկական քարոզարշավին ակտիվ ներգրավվումը, հատկապես` Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին:

coccola

Մի շարք հրապարակումներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ գործող Թուրքամերիկյան ասոցիացիաների համագումարը պատրաստել է հակահայկական մի ծրագիր` Հայոց Ցեղասպանության ճանաչման քարոզարշավին հակազդելու համար, որը ներառում է ԱՄՆ-ում միջոցառումների, հանդիպումների ու դրամահավաքների շարքի կազմակերպում՝ թուրքական ժխտողական քաղաքականության քարոզման նպատակով: Իսկ «Կոկա Կոլա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենն այս քարոզարշավում ունի իր ուրույն տեղը:

Մուհթար Քենտի համագործակցությունը թուրքական կազմակերպությունների հետ նորություն չէ: Նա վերջին տարիներին թուրքական համագումարներում մշտական բանախոս է` այն էլ պատվավոր: Արդեն մի քանի տարի է` նա մասնակցում է այդ միջոցառումներին, իսկ հայկական կազմակերպությունները բողոք նամակ են հղում «Coca Cola» ընկերությանը` համագումարում ընկերության անունից Քենտի ներկայանալու և բիզնես էթիկայի կանոնները խախտելու մեջ:

«Կոկա Կոլայի» պարագայում պարզվում է նաև, որ այս ընկերության հետ խնդիրներ ունեն նաև ոչ միայն հայերը: ԱՄՆ-պաղեստինյան համայնքի ցանց կազմակերպությունն արդեն քանի տարի է կոչ է անում բոյկոտելու «Կոկա Կոլայի» արտադրանքը, քանի որ ընկերությունը սերտ համագործակցում է իսրաելական իշխանությունների հետ ու գործարան է կառուցել պաղեստինյան օկուպացված տարածքներում: Պաղեստինցի արաբներին ներկայացնող այս կազմակերպությունը ամերիկահայության դաշնակիցն է ու հանդես է գալիս Հայոց Ցեղասպանության դատապարտման և ճանաչման դիրքերից:

Ի դեպ, թուրքական կողմը ևս օգտագործում է հաճախ հայազգի գործարարների նկատմամբ բողոքի մարտավարությունը: Օրինակ՝ մի քանի տարի առաջ թուրք-ադրբեջանական կազմակերպությունները բողոքով դիմեցին «Hyatt Hotels» կորպորացիայի խորհրդին` ընդդեմ կորպորացիայի հայազգի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոպլամազյանի՝ կապված ամերիկահայ կազմակերպությունների միջոցառմանը վերջինիս մասնակցությանը` որպես կորպորացիայի տնօրեն: Սպառնացին անգամ Բաքվում և Ստամբուլում դադարեցնել «Hyatt» հյուրանոցների գործունեությունը: Բնական է, որ սպառնալիքներից այն կողմ հարցը չգնաց:

Ինչևէ, այս ամենը վկայում է, որ հայ-թուրքական գլոբալ լոբբիստական «պատերազմը» ոչ միայն ընթացքի մեջ է, այլ նաև գնալով թեժանում է: Եվ հարցը ամենևին էլ նման «մուհթարների» մեջ չէ, որոնց, իհարկե, անհրաժեշտ է հակազդել: Այդ առումով ամերիկահայ կազմակերպությունների պահանջը «Կոկա Կոլայից»՝ ստիպելու իր գործադիր տնօրենին հանդես գալ ոչ թե ընկերության, այլ սեփական անունից, շատ տեղին էր: Սակայն չմոռանանք նաև, որ «Կոկա Կոլա Հելլենիկ» ընկերությունը Հայաստանում խոշոր հարկատուներից է, որը աշխատատեղերով է ապահովում բազմաթիվ մեր հայրենակիցներին, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սպառվում է հենց այդ ընկերության արտադրանքը:

Իրականում խնդիրը մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ` մեր ուժերի համախմբման կարողության և սթափ մոտեցման մեջ է, քանի դեռ առկա է ժխտողականությունը, ագրեսիան, տնտեսական դժվարություններն ու ոչ միայն լոբբիստական պատերազմի վտանգը: Այս ապրիլին այդ միասնականության ծիլերը որոշակիորեն նկատվեցին, կարևորը դրանց պահպանումն է:

 

 

 

Գրել կարծիք