We need your education. դպրոցական համազգեստ՝ ոճային թրենդ

We need your education. դպրոցական համազգեստ՝ ոճային թրենդ

Անմեղ աշակերտուհու կերպարը դուր է գալիս նաև տղամարդկանց՝ հիշեցնելով նրանց դպրոցական սերը:

Դպրոցական համազգեստ կամ «We need your education»: Սպիտակ վերնաշապիկներ՝ մուգ կիսաշրջազգեստների հետ, ճերմակ օձիքներով մուգ զգեստներ, վանդականախշ կամ գծավոր կոստյումներ՝ զարդարված քոլեջային զինանշաններով։ Ձեզ թվաց, թե ես թվարկում եմ էլիտար դպրոցներից մեկի համազգեստի տարբերակնե՞րը: Չարաչար սխալվեցիք: Այս կերպարներն առաջատար նորաձևության տների հավաքածուներից են։ Քոլեջի աշակերտի ոճը թրենդային էր վերջին մի քանի սեզոնների ընթացքում։ Անշուշտ, այս ոճի ամողջ հմայքը կարող են ընկալել և սիրել միայն այն մարդիկ, որոնք դպրոցական տարիների ընթացքում ստիպված չեն եղել տարիներ ի վեր ամեն օր դպրոցական համազգեստ կրել։ Համաձայնե՛ք, որ նույնիսկ ամենագեղեցիկ հագուստը դժվար է հաճույքով հագնել ամեն օր և չհոգնել դրանից։ Բայց ամենից սարսափելին այն էր, որ նույն հագուստը կրում են բոլոր նրանք, ումից դու այդքան ուզում ես տարբերվել, չէ՞ որ համատարած միանման հագուստը սպանում է անհատականության ցանկացած դրսևորում և դա անում է այն տարիներին, երբ այդ անհատականությունն իր ձևավորման ամենաակտիվ փուլում է։

la-college-street-Աշակերտները և ուսանողները, հետևելով առանձնանալու բնազդին, անում են ամեն ինչ, որպեսզի թույլատրելի սահմանում առանձնանան մյուսներից և ի ցույց դնեն սեփական ճաշակն ու անհատականությունը։ Դրա վառ և բոլորիս ծանոթ ապացույցը խորհրդային դպրոցականների՝ տարբեր եղանակներով զարդարված օձիքներն ու գոգնոցներն էին։ Հնարավոր է՝ մոռանալով այս ամենի մասին կամ, հակառակը, կարոտելով անհոգ դպրոցական տարիները՝ աշխարհի բոլոր նորաձև աղջիկները վերջին տարիներին մեկ մարդու պես գնում են դրոցական համազգեստ հիշեցնող հագուստներ։

Անմեղ աշակերտուհու կերպարը, անշուշտ, դուր է գալիս նաև տղամարդկանց՝ հիշեցնելով նրանց դպրոցական սերը կամ դրվագներ էրոտիկ ֆիլմերից։ College Style-ի հիմքում ընկած է անգլիական և ամերիկյան էլիտար դպրոցների համազգեստը։ Հարուստ ընտանիքների ժառանգները կրել և կրում են լավագույն թվիդներից կարված «ակումբային» պիջակներ, անթերի վերնաշապիկներ և էլեգանտ կոշիկներ։ Դարերի պատմություն ունեցող համալսարանական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել նորաձևության վրա. բավական է հիշել, որ ամենահայտնի դասական կոշիկները կրում են «Օxford» անունը։ Այս արիստոկրատ ոճը հրապուրում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ անկախ սոցիալական և կրթական աստիճանից՝ բոլոր նրանց, ովքեր թեկուզ միայն հագուստի միջոցով փորձում են իրենց Օքսֆորդի կամ Իթոնի ուսանող զգալ։

Հեղինակ՝ Արմեն Գալյան

newmag #45

 

Գրել կարծիք